Միայն Մինսկի խումբը մանդատ ունի Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու. դեսպան Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն ավարտում է իր առաքելությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրաժեշտից առաջ «Հետքը» զրուցել է դեսպանի հետ Արցախի հարցի, հայ-ֆրանսիական հարաբերությունների, Հայաստանում նրա փորձառության մասին։
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պրն դեսպան, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 30-ամյակն էր: Երեք տասնամյակ Արցախի ժողովուրդը պայքարում է ինքնորոշման, այդ տարածքում բնակվելու իր իրավունքի համար: Ձեր վերջին հարցազրույցում Դուք ասացիք, որ Ֆրանսիան մի երկիր է, որը պայքարում է բնակիչների՝ իրենց տարածքներում մնալու իրավունքի համար: Արցախի հարցում ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշումը:
-Պետք է արձանագրենք, որ 44-օրյա պատերազմից ամիսներ անց Ղարաբաղի հարցը բաց է, պատերազմը որեւէ լուծում չբերեց։ Պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղում ապրող հայերի համար գոյաբանական սպառնալիք կա։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ 21-րդ դարում մենք չենք կարող ընդունել, որ մարդիկ չկարողանան ապրել իրենց տանը։ Չենք կարող ընդունել, որ նրանք առճակատվեն այնպիսի խնդիրների, ինչպիսիք են պատերազմը կամ արտաքսումը։ Նպատակը պետք է լինի՝ վերսկսել բանակցությունները եւ ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեծ առաջընթաց է, քանի որ հրադադարի հնարավորություն է ընձեռել, սակայն կարգավիճակի հարցը բաց է։ Ֆրանսիայի առաջնահերթությունն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի հնարավոր լինի վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մինսկի խմբի դերակատարումն այսօր ավելի կարեւոր է, քան անցյալում էր։ Մեր առաքելությունը Ղարաբաղի բնակչության պաշտպանությունն է։
– Ադրբեջանը Ղարաբաղի հարցը համարում է լուծված եւ ընդգծում, որ Մինսկի խումբը 30 տարի անարդյունավետ է եղել: Համանախագահներն ազդեցության լծակ ունե՞ն Ադրբեջանի վրա: Հնարավո՞ր է վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը։
– Իրականությունն այն է, որ միայն Մինսկի խումբը մանդատ ունի Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու։ Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այդտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից բացի ոչ մի այլ միջազգային կազմակերպություն ներկայացված չէ։ Միայն Լաչինի միջանցքն է հնարավորություն տալիս կապ հաստատել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։ Այդ տարածքում մենք ունենք շրջափակման մեջ գտնվող բնակչություն։ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։ Համանախագահ պետությունները մի քանի անգամ առիթ ունեցել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այդ մասին խոսելու՝ ընդգծելով, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակով, այլեւ այդ հայտարարությանը հետեւած մի շարք իրադարձություններով։
– Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Զուգահեռաբար ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը խոսում են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին: Դուք ինչպե՞ս եք դա պատկերացնում նման պայմաններում:
– Որոշ հարցերի շուրջ փակուղում ենք։ Փակուղում ենք գերիների հարցում, հաղորդակցության ուղիների հարցում, ոչ մի քննարկում, բանակցություն չի ընթանում Ղարաբաղի հարցով։ Տեսնում ենք, որ այս ստատուս-քվոն վտանգավոր է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այլ խնդիրների ենք բախվել, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Առաջնահերթությունը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսումն է Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հակամարտող կողմերն իրենք պետք է որոշեն այն առաջնահերթ հարցերը, որ իրենք կքննարկեն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)