Ինչ այլընտրանք է առաջարկում ԱՄՆ-ն ռուս-թուրքական տանդեմին, 09.08.2021 

18:00 09.08.2021, Lragir.am

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և USAID-ի երևանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալեոն անցյալ շաբաթն անցկացրել են ՀՀ Սյունիքի մարզում: Դեսպանը նկարվել է սյունեցիների հետ, այցելել Տաթև, նստեկ ճոպանուղին (որը ինչ-որ պատճառով հաջորդ օրը խափանվեց) և աջակցություն հայտնել մարզին:

Ամերիկացի դիվանագետների ցուցադրական այցը Սյունիքի մարզ, որտեղ հատվում են համաշխարհային տերությունների շահերը, հարցերի նոր ալիք բարձրացրեց. ի՞նչ կարող է ԱՄՆ -ն առաջարկել Հայաստանին ՝ որպես ռուս-թուրքական «եռակողմ ձեւաչափի» այլընտրանք:

Դեռևս 2014 թ. ամերիկյան Կոնտուր գլոբալ ընկերությունը ձեռք բերեց Որոտանի հիդրոկասկադը Սյունիքի մարզում ՝ մեծ դժվարությամբ հասնելով գործարքի ավարտին: Ընդ որում, խոսվում էր Հայաստանի էներգահամակարգի ապամենաշնորհման հնարավորության մասին, սակայն դա մինչ օրս չի արվել: Դեռ դեսպան Միլսը ասում էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է 8 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի էներգետիկ համակարգում, սակայն պաշտոնական Երևանը չարձագանքեց այս առաջարկին: «Էլեկտրիկ Երևանից» հետո ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ը հայկական էլեկտրացանցերը վաճառեց «Տաշիր» ընկերությանը `«սառեցնելով» խնդիրը: Բայց խնդիրը մնաց:

Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում ժամանակին բարձրացվել է հայկական նոր ատոմակայանի կառուցման հարցը, սակայն այն շրջանցվել է հատկապես Հայաստանի կողմից, «Ազատության» հետ զրույցում ասել է 1997-1998թթ. Հայաստանի արտգործնախարարության Ռազմաքաղաքական վարչության պետ, իսկ 1999-2001թթ. ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան Արմեն Խարազյանը :

«Ես կխոսեի Հայաստանի միջուկային անվտանգության, էներգետիկ անվտանգության, հատկապես նոր ատոմակայանի կառուցման մասին։ Շատ կցանկանայի տեսնել հայ-ամերիկյան գործընթաց նոր ատոմակայանի կառուցման շուրջ։ Այս խոսակցությունը սին խոսակցություն չէ, նման հարցադրումներ եղել են հայ-ամերիկյան երկկողմ պետական հարաբերություններում և դրանք կենսունակ հարցադրումներ են։ Կա նաև տիեզերական հաղորդակցությունների ոլորտը, որտեղ կցանկանայի տեսնել հայ-ամերիկյան համագործակցություն, կա ռազմավարական հաղորդակցությունների ոլորտը, օդային պաշտպանության ոլորտը, թվային կենսունակության ոլորտը։ Սրանք խնդիրներ են, ճանապարհների կառուցում, կամուրջների կառուցում, էներգետիկ անվտանգություն, հաղորդակցային անվտանգություն, թերևս տարածաշրջանային ծրագրեր հայ-վրացական` Հայաստանի արտաքին հաղորդակցությունների հնարավորություններն ընդլայնելու առումով, ընդհանուր շուկայական միտումներ ձևավորելու առումով, որոնք թույլ կտան Հայաստանին իր տնտեսությունը բերել և վերստին դարձնել շահութաբեր, որը թույլ կտա Հայաստանին վճարել իր ռազմական ու զարգացման այլ ծրագրերի համար», ասել է նա:

Օրերս USAID-ը հայտարարել է Հայաստանում էներգետիկ շուկայի բարեփոխման նախագծերի մրցույթ: Ինչի՞ մասին է խոսքը և արդյոք ամերիկացի պաշտոնյաների այցը Սյունիքի մարզ առնչություն ունի այս նախագծի հետ:

Սյունիք մարզը միայն Հայաստանի էներգետիկ հանգույցը չէ ՝ ատոմակայանի հետ միասին: Եվրամիությունը մեծ գումարներ է հատկացրել Սյունիքում ճանապարհների կառուցման և բիզնեսի աջակցության համար: Միաժամանակ, Իրան կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Սիսիան-Մեղրի հատվածի միջազգային մրցույթին իրանական շինարարական ընկերությունների մասնակցությունը: Համացանցում հայտնվել էր տեղեկություն, որ Չինաստանը շահագրգռված է միանալ Սյունիքի մարզում հայ-իրանական համագործակցությանը:

Սյունիքի մարզի խնդիրը շատ շերտեր է պարունակում, և պատահական չէ, որ 100 տարի առաջ և այժմ ռուս-թուրքական դաշինքը դեմ է առել պատին:

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)