Տիգրան Փաշաբեզյան․ «Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր․ պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն», 20․01․2023

Արցախյան ազատագրական պայքարի սկզբնավորումից, այսինքն՝ 1988 թ․ փետրվարից ի վեր, հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու ուղին համազգային պաշտպանության եւ իրավունքների պաշտպանության ուղին է։

Ադրբեջա՞նն է առաջարկում Հայաստանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործողություններ իրականացնել։

Բայց Ադրբեջանի ու Հայաստանի սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ․ փետրվարի 24-ի «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթն է, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները:

Թուրքիա՞ն է առաջարկում Հայաստանին ճանաչել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող առկա սահմանը։

Բայց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ․ նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճիռն է, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։

Միջազգային դերակատարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնե՞րն են առաջարկում Արցախյան հիմնախնդրին քաղաքական լուծում գտնել։

Բայց իրավական – քաղաքական վերոնշյալ լուծումները 1920 թ․ կայացվել են Հայկական Հարցը կարգավորելու համար եւ եթե դրանք անտեսվում են, ապա տարածաշրջանի ժողովուրդներն ու պետությունները ենթակա են դառնում նորանոր մարտահրավերների ու սպառնալիքների, ինչին ականատես եղանք 2020 թ․ սեպտեմբերին որպես Արցախի դեմ ուղղված ագրեսիայի, պատերազմի եւ ցեղասպանության հանցագործություններ, որոնք իրականացրին թուրքեր – ադրբեջանցիներ – ահաբեկիչ վարձկաններ․․․ ու շատ ավելի լայն կոալիցիան։

Համառոտ ներկայացնենք այն որոշումները, որոնք Փարիզի խաղաղության վեհաժողովի կողմից կայացվել են 1919-1920 թթ․-ին, սակայն մինչ այդ նշենք, թե ինչու կայացվեցին դրանք։ Առաջին, որովհետեւ հաղթող պետությունների շարքում էր նաեւ հայ ժողովուրդը, եւ ամենեւին պատահական չէ, որ Սեւրի պայմանագիրը կնքվել է մի կողմից հաղթող պետությունների, որոնց շարքում էր Հայաստանը, մյուս կողմից` Օսմանյան կայսրության միջեւ։ Եվ երկրորդ, որպես հատուցում հայ ժողովրդի կրած վնասների՝ Առաջին համաշխարհային պատերազմի եւ Հայերի ցեղասպանության ժամանակ։

Ահա սրանք են այդ որոշումները։

  1. 19 հունվար 1920 թ., Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը։ Հայկական միացյալ պատվիրակության համանախագահներ Պողոս Նուբարին եւ Ավետիս Ահարոնյանին հրավիրեցին Փարիզի խաղաղության վեհաժողով եւ պաշտոնապես տեղեկացրին Հայկական պետության ճանաչման մասին։ Հայկական միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը կայացրեց հետեւյալ որոշումը. ա) Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն, բ) այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը։
  2. 11 մայիս 1920 թ., Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե յուրե (de jure) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը։ Սեւրի խաղաղության պայմանագրի կնքմանը նախորդել է հետեւյալ գործողությունը․ 1920 թ. մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվել է Փարիզի խաղաղության վեհաժողով, որտեղ նրան ներկայացվել է «Խաղաղության պայմանները»: Դաշնակից Ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձել է Սեւրի խաղաղության պայմանագրի նախաբանը, Հայաստանը նշված է Դաշնակից պետությունների շարքում: Այսպիսով «դե յուրե» ճանաչվել է Հայաստանի անկախությունը։
  3. 24 փետրվար 1920 թ․, Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովը ներկայացրեց «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի»։ Ըստ էության, դա միակ օրինական որոշումն է Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ։ Սեւրի պայմանագրի 92-րդ հոդվածը վերաբերում Հայաստանի սահմաններին հարեւաների հետ․ «Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»:
  4. 29 մայիս – 1 հունիս 1920 թ., ԱՄՆ Սենատում քննարկվեց Հայաստանի մանդատն ընդունելու հարցը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակոտ (de facto) ճանաչեց Հայաստանի (Հայաստան պետության) տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ։ Հայաստանի մանդատի քննարկումների իրավական – քաղաքական իմաստն ու նշանակությունը պետք չէ շփոթել Իրավարար վճռի նշանակության հետ։ Դրանք իրավական քաղաքական տեսակից միմյանցից տարբեր որոշումներ են։
  5. 10 օգոստոս 1920 թ․, կնքվեց Սեւրի խաղաղության պայմանագիրը մի կողմից հաղթող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, եւ մյուս կողմից՝ պարտված Օսմանյան կայսրության միջեւ։ Սեւրի խաղաղության պայմանագիրը Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի պայմանագրերից մեկն է, որոնք կնքվել են մի կողմից հաղթող պետությունների, մյուս կողմից՝ Գերմանիայի (Վերսալ, 1919), Ավստրիայի (Սեն-Ժերմեն, 1919), Բուլղարիայի (Նյոյ, 1919), Հունգարիայի (Տրիանոն, 1920) եւ Օսմանյան կայսրության (Սեւր, 1920) միջեւ։
  6. 22 նոյեմբեր 1920 թ., ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց Իրավարար Վճիռ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։ Իրավարար Վճիռը անբեկանելի, անժամանցելի եւ կատարման համար պարտադիր վճիռ է։ Հավելյալ նշենք, որ այսպիսով, եթե 1920 թ․ փետրվարի 24-ի Զեկույց առաջարկի համաձայն կարգավորվում էր Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետություն միջեւ սահմանը, ապա ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով Հայաստան պետության – Թուրքիայի միջեւ սահմանը, սահմանազատումը։
  7. 14 ապրիլ 1919 թ․, 1919 թ. հունվարի 18-ին Փարիզում իր աշխատանքներն սկսեց Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի կազմում գործում էր Հատուկ հանձնաժողով փոխհատուցումների հարցով։ 1919 թ․ մարտի 7-ին նշյալ հանձնաժողովը ձեւավորեց առանձին մարմին՝ Հատուկ հանձնախումբ, որի նպատակն էր ի մի բերել հանձնաժողովում չներկայացված երկրների եւ ժողովուրդների նյութական կորուստները եւ դրանց հատուցմանը տալ պաշտոնական ընթացք: Հատուկ հանձնախումբն ուներ հետեւյալ կազմը՝ անդամներ. գեներալ Մըք Քինսթրի-ԱՄՆ, գնդապետ Փիլ (Peel)-Մեծ Բրիտանիա, պրն. Ժուասե-Ֆրանսիա, քարտուղարներ. Հ. Ջեյմս-ԱՄՆ, պրն. Փ. Լոր-Ֆրանսիա: Հատուկ հանձնախումբը 1919 թ. ապրիլի 14-ին ներկայացրեց իր նախնական զեկույցը, որի համաձայն՝ հայության ամբողջական նյութական կորուստը 1914-1919 թթ.-ին 1919 թ.-ի գներով կազմել է 19.130.982.000 միլիարդ ֆրանկ ոսկով։ Նյութական փոխհատուցման պարտավորություններ էին դրված պարտված բոլոր պետությունների վրա՝ Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի եւ Օսմանյան կայսրության։ Գերմանիան օրինակ իր վրա դրված նյութական փոխհատուցման պարտքը ամբողջովին մարեց 2010 թվականի հունիս ամսին միայն։ Օսմանյան կայսրությունը, ինչպես նաեւ նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը մինչեւ օրս խուսափել են նաեւ այս պարտավորությունից։

Կարող ենք տեսնել ու համոզվել, որ ծանրակշիռ է հայ ժողովրդին տրված իրավունքների փաթեթը։ Դրանց շարքում որոշումներ են եւ Իրավարար վճիռ, որոնք մինչեւ այսօր չեղյալ չեն համարվել եւ չեն են կարող չեղյալ համարվել։ Ուստի, թե հայ, թե միջազգային պետական – քաղաքական շրջանակների կողմից դրանց անտեսման քաղաքականությունը ոչ մի տեսակի քննություն չի բռնում ու չի կարող արդարացվել։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) վաղուց որդեգրեց պաշտպանություն – իրավունքների պաշտպանություն իրավական – քաղաքական օրակարգն ու ռազմավարությունը եւ հավատարիմ է դրանց։

Ըստ այդմ, 2018 թ․ հունվարին որոշում կայացվեց ստեղծել Արեւմտյան Հայաստանի Պաշտպանության Ուժերը տարածաշրջանային սկզբունքով, Մշտական Զինված Չեզոքության Կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա։

Ըստ այդմ, 2018 թ․ որոշում կայացվեց հայ ժողովրդին տրված իրավունքների կյանքի կոչման եւ իրականացման խնդրանքով դիմումներ ուղարկել ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ եւ Եվրախորհրդարան․

  1. «Միավորված Ազգերի Կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ», 25 մայիս 2018 թ.:
  2. «ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման մասին, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»», 29 մայիս 2018 թ., որը նշանակում է կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա, 29 մայիս 2018 թ․։
  3. «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ», 20 նոյեմբեր 2018 թ.։
  4. «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ», 7 օգոստոս 2019 թ.:
  5. Եվրոպական Խորհրդարանին ուղղված 2020 թվականի դեկտեմբերի 5-ի Դիմումնագիր. «Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ»։

Ցավոք սրտի, Հայաստանի համար մարտահրավերներն ու սպառնալիքները նույնն են, ավելին, Արցախյան վերջին պատերազմի բեմադրությունն ու պարտադրված արդյունքները հուշում են, որ դա արվել է բանակցություններում Հայաստանի դիրքերը թուլացնելու համար։

Այսինքն, Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր ոչ միայն նույնն է, այլեւ բարդացված, հետեւաբար նույնն է նաեւ պահանջը, որը երեկ չի իրագործվել, սակայն այսօր արդեն չի կարող չիրագործվել, եւ եթե համառոտ, ապա պետք է արագորեն ու գրագետ պատրաստվել համապարփակ համազգային պաշտպանության եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության։ Պաշտպանությունը նախընտրելի է կազմակերպել Շվեյցարիայի Զինված Ուժերի կազմակերպման օրինակով։

Ժամանակակից աշխարհում դա է միակ միջոցը ապահովելու համար հայ ժողովրդի գոյություն ունենալու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

20․01․2023

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)