Մոսկվան Բաքվի միջոցով պատրաստվում է գնալ վա-բանկ. Բաց պատերազմ ողջ հայ ազգի դեմ

Lragir.am, 13.04.2021

Բաքվի մոսկովյան դրածոն լուսանկարվում է սպանված հայ տանկիստի ֆիգուրի կողքին, Բաքվի կենտրոն, 2021 թ․ | Լուսանկարը «Ադրբեջանի» նախագահի կայքից

 

Սպանված հայերի ֆիգուրների հրապարակային ցուցադրությունը վայրագ ամբոխին վկայում է, որ Հարավային Կովկասից իր անխուսափելի հեռանալուց առաջ Մոսկվան հայկական պետականությունը վերացնելու հարցում կանգ չի առնելու ոչ մի հանցագործության առաջ։ Նրա Բաքվի ձեռնասունները կազմ-պատրաստ են ու բազմապատկում են հայերի հանդեպ իրենց վայրենի կրքերը:

Ղարաբաղում Հայաստանի դեմ ռուսական պրոքսի-ագրեսիան ռուս բարձրաստիճան պաշտոնատարների կողմից արդեն գովերգվել է որպես «Թուրքիայի հետ համատեղ բարդ օպերացիա»։ Միեւնույն ժամանակ, այս արտահայտությունը լրացվում է «անկախ Հայաստանի ու ռուսական պետության միաժամանակյա գոյության անհնարինության» թեզով։

Այլ կերպ ասած, մեզ ասում են, որ իրական անկախության պարագայում մենք մահացու սպառնալիք ենք Ռուսաստանի համար: Առանց թեզի ճշմարտացիությունը վիճարկելու եւ առանց հետեւությունների վերլուծության, միայն փաստենք այս դրույթի բազմակի կրկնությունը ռուսական մեդիադաշտում:

Մոսկվայի ու Բաքվի հստակ արտահայտած միասնական դիրքորոշումները հայերին անկախ պետականության ու կյանքի պաշտպանության իրավունք են տալիս՝ իր դեմ կիրառված ուժին համարժեք միջոցներով։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի վերացման պահանջով սենատոր Կարասինի ու նրա սազանդար Ալիեւի ելույթներից, Հայաստանի տարածքի հանդեպ վերջինիս վախկոտ նկրտումներից հետո ուրվագծվում է Հայաստանի դեմ ոչ կանոնավոր պատերազմի հատուկ միջոցների կիրառման բավականին մանրամասն պատկերը։ Առաջինն այստեղ հոգեբանական ոչնչացման «փսի» տարրն է: ՄԽ դեմ Մոսկվա-Բաքու համատեղ դեմարշին է հարմարեցված նողկալի «ավարների զբոսայգու» բացման պահը:

Հատուկ միջոցների կիրառման նպատակը պետական ինստիտուտների ապամոնտաժումն է ազդեցության գործակալական մեթոդներով, ինչպես նաեւ նախնյաց հողում հայերի անկախ գոյության հեռանկարի ոչնչացումը մտավոր մակարդակի վրա։ Բաքվի ձեռնասունների միջոցով Հայաստանի ու Արցախի բնակչության դեմ կիրառվում է հոգեբանական ահռելի ազդեցություն, փորձելով չեզոքացնել օկուպացիային դիմադրելու, հայրենի հողերը վերադարձնելու եւ մարդկանց իրենց բնակավայրերը տնօրինելու սրբազան իրավունքը՝ զոհերի համար վրեժ լուծելու բնական ձգտումը։

Դիակների ֆիգուրների ցուցադրություն, գերեզմանների եւ Երկրորդ աշխարհամարտի հերոսների հուշարձանների պղծում, հազարամյա եկեղեցիների ավերում, պատանդառություն եւ նրանց մահվամբ շանտաժ՝ սա հենց հայ ժողովրդի դեմ ոչ կանոնավոր պատերազմն է որպես Լավրովի ընդլայնված ծրագրի մաս։ Անհրաժեշտ է ժողովրդական հզոր դիմադրություն այս ծրագրին։

Իրենց խոսքը պետք է ասեն պետության առաջին դեմքերը՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը։ Նրանց պահվածքը, որը հաճախ նույնացվում է դավաճանություն հեղհեղուկ հասկացության հետ, ավելի ու ավելի հաճախ է տեղավորվում «ազդեցության գործակալ» միանգամայն հստակ ձեւակերպման մեջ։ Այդպիսին է իրականությունը, եւ նման տպավորության լուրջ հերքումը կարող է արտահայտվել միայն խոսքով ու գործով։ Նրանց անգործության դեմ ժողովրդական ընդդիմացումը տարբերվելու է դեսպան Կոպիրկինի «պետրուշկաների» բոցավառ եւ փուչ ելույթներից։

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)