Արցախի դեմ պատերազմի հարցով Հայաստանը պետք է միջազգային տրիբունալ դիմի՝ բարձրացնելով կիրառված ագրեսիայի հարցը․ իրավաբան Նազելի Վարդանյան, 30.03.2021

Ըստ նրա՝ առանձին դրվագներով միջազգային ատյաններ հայցեր ներկայացնելն այնքան էլ արդյունավետ չէ։ «Ագրեսիա է տեղի ունեցել, ագրեսիայի հիմքով պետք է միջազգային տրիբունալի առաջ կանգնի Ադրբեջանը, այդ երկրի ղեկավարը։ Բայց դրան պետք է ընթացք տալ, երկարատև գործընթաց է։ Ամենալուրջ հանցագործությունը դա ագրեսիան է, և մենք այդ ճանապարհով պետք է գնանք։ Ես կարծում եմ, որ հանցագործությունը ագրեսիան է, մնացածը դրա բաղադրիչներն են»,- ասաց Նազելի Վարդանյանը։

Ըստ մասնագետի՝ առանձին դրվագներով միջազգային ատյաններին դիմելը կարող է արդյունք տալ, բայց չպետք է կարևորը հարցը թողած՝ մանր լուծումներ փորձել գտնել։

«Միջազգային տրիբունալը ենթադրում է հետևյալը՝ ամեն գործի համար հատուկ դատարաններ են ստեղծում։ Միջազգային տրիբունալները ՄԱԿ-ն է ստեղծում, դրանք կոչվում են հատուկ դատարաններ։ Հարավսլավիայի, Լիբանանի գործերը այդ նույն նախադեպով են եղել։ Դրան պետք է հասնենք, որպեսզի հատուկ տրիբունալ ստեղծվի հենց այս գործի համար, որովհետև մենք Հաագայի հետ Հռոմի ստատուսը ստորագրել ենք, բայց չենք վավերացրել։ Դա հեշտ գործ չէ, բայց մենք դրան պետք է գնանք, որ դատապարտվի ագրեսիան, և դրանից մեր երկիրն ինչ-որ ձևով շահի»,- հավելեց նա։

Ըստ մասնագետի՝ պետք է ներկայացնել, որ այդ ագրեսիայի ընթացում օգտագործվել են արգելված զենք, քիմիական զենք՝ նաև խաղաղ բնակչության, երեխաների դեմ։

Անդրադառնալով հարցին, թե միջազգային տրիբունալի միջոցով հնարավո՞ր է նաև Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցերը բարձրացնել, Նազելի Վարդանյանը նշեց, որ եթե ագրեսիան հաստատվի, հետևանքները կիրառվում են։

«Կոնկրետ դա արդեն դատապարտվում է, և դրա հետևանքները կկիրառվեն։ Իսկ այս տարբերակով առանձին գործերով արդյունավետությունը մեծ չէ»,- հավելեց նա։

Վարդանյանի խոսքով՝ բացի Արցախից, պետք է բարձրացնել նաև այն հարցը, որ կոնկրետ Հայաստանի տարածքի վրա ևս ագրեսիա է կիրառվել պատերազմի օրերին։ Մասնավորապես, խոսքը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի մասին է։

«Այնպես որ, միայն Արցախի հարցը չէ։ Դրա համար պետք է խումբ ստեղծվի, աշխատեն, դրսից մասնագետներ պետք է ներգրավենք, որովհետև դրա փորձը շատ քիչ մասնագետներ ունեն աշխարհում, քանի որ մի քանի այդպիսի գործեր են եղել ընդամենը»,- ընդգծեց նա։

Նշենք, որ այս տարվա փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)