Այսօր ի՞նչ ուժեր են հետամուտ Արցախի Պաշտպանական Բանակի վերացմանը։ Կարծես թե արմենոցիդի տաք փուլը նոյեմբերի 9-ից հետո մտավ սառը փուլ:

lragir.am, 15.02.2021 

Կարծես թե արմենոցիդի տաք փուլը նոյեմբերի 9-ից հետո մտավ սառը փուլ:

Խաթարելով անգամ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը` հայկական բնակավայրերից պոկվեցին տարածքներ, այսօր հայ ռազմագերիները դարձել են Իլհամ Ալիևի համար հայության դեմ հաշվեհարդարի ու Ռուսաստանի Դաշնության հետ սակարկման միջոց, 1915 թվականի ցեղասպանությունը ժխտող, պատմությունը կեղծող ու հայատյացություն քարոզող Էրդողանը մխրճվել է Արցախի ռազմակալված տարածքներ և այնտեղ անցկացնում է «մշտադիտարկում»:

Հաջորդ հուժկու հարվածը` դա այսօր Արցախի Պաշտպանական Բանակի ոչնչացումն է, վերացումը:

Տպավորություն կա, որ խրախուսվում ու հովանավորվում է ալիև-էրդողան մարդատյաց տանդեմի գործունեությունը :

Արցախի Պաշտպանական Բանակը ստեղծվեց, երբ 1987-1992 թվականներին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Նախիջևանի, Հյուսիսային Արցախի, Շաքի-Շիրվանի ցեղասպանությունից փրկված հայերը և 1915-1923 թվականներին ցեղասպանությունից փրկված հայերի աշխարհասփյուռ  ժառանգները միաբանվեցին Արցախի հայության հետ ու կանգնեցրին Բաքվի ռեժիմի ԼՂԻՄ-ի դեմ սկսած ագրեսիան` արդեն 1991 թվականից:

Այդ հզոր ինքնապաշտպանությունը` 1991 թվականից 1994 թվական, հայության համար ցեղասպանությունից փրկության ռազմական եզակի միջոց էր:

Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 30 հազար հայ փախստականներ իրենց փրկությունը գտան Արցախի Պաշտպանական Բանակի հովանու ներքո Արցախի սահմանադրական տարածքներում :

Արցախի Պաշտպանական Բանակը ցեղասպանությունը զսպեց նաև 2016-ին, ապա 2020 թվականին:

2020 թվականի ադրբեջանաթրքական ահաբեկչական ագրեսիան արմենոցիդի շարունակականության ապահովումն էր. բազում առևանգված ու նսեմացված հայեր, գլխատված ու մասնատված  խաղաղ հայերի դիակներ, հայ զինվորների գլխատման համար ահաբեկիչներին տրված գլխագներ, խաղաղ բնակավայրերի ավերում, խանձում, այսինքն ցեղասպան գործողություններ ուղղված հայի, հայության ու հայկականության դեմ:

Արցախի Պաշտպանական Բանակը հազարավոր զոհեր տալով` փրկեց Արցախի հայության գոյությունը իր կենսատարածքի մի վերջին բեկորի վրա:

Երբեմնի 17000 քառ.կմ տարածքով Արցախը 1921 թվականից բորենիների երախում մաշվեց, կրճատվեց ու այսօր այն ընդամենը 2300 քառ.կմ է. ահա 1921 թվականից Արցախի դեմ հետևողական տարված արմենոցիդի արդյունքը:

Այսօր ի՞նչ ուժեր են հետամուտ Արցախի Պաշտպանական Բանակի վերացմանը: Ո՞վքեր են որոշել Արցախի հայությանը զրկել ինքնապաշտպանության իրավունքից, մի՞թե նոյեմբերի 9-ի այդ դժնդակ համաձայնագրում է ամրագրված «հայերին զրկել ինքնապաշտպանությունից ու տալ թուրքի երախը վերջնական հոշոտման», թե դա՞ էլ բանավոր, ծանր սպառնալիքի տակ հայկական կառավարվող իշխանությունների կողմից ստացված համաձայնություն է:

Աշխարհին վաղուց է հայտնի, որ ի պաշտպանություն Արցախի հայության Հայաստանի Հանրապետության ամեն մի ընտանիք իր պարտքն է համարել որդուն ուղարկել այդ սրբազան  գործին, քանի որ Հայաստանի Հանրապետության ամեն մի ընտանիք շատ լավ գիտակցում է, որ Արցախի ոչնչացման ծրագիրը միտցված է Հայաստանի վերջնական բնաջնջմանն իր բնօրրանից:

Այո, հայությունը իր գոյությունը իր բնօրրանում ապահովելու համար է հիմնել ու պահպանել Արցախի Պաշտպանական Բանակը:

Պարոնա՛յք ցեղասպաններ և դրանց հովանավորներ, կանգ առե՛ք: Հեռո՛ւ ձեր արյունոտ ճանկերը Արցախի Պաշտպանական Բանակից: Վերջինս ստեղծվել է կանխելու համար այն, ինչ կատարվեց 1920 թվականի մարտի 21-ին Շուշի քաղաքում, երբ թուրքական կանոնավոր բանակը քոչվոր թաթարների (1936-ին վերանվանեցին ադրբեջանցի) ավազակային խմբավորումների հետ կոտորեցին քաղաքի 20 000 հայ բնակիչներին օգտվելով այն առիթից, որ հայ տղամարդկանց զորակոչել էին 1914 թվականի պատերազմին մասնակցելու, իսկ թաթարներին ռուսական բանակ չէին վերցնում` անվստահելի էին:

Այսօր ակնհայտ է, որ Արցախի պաշտպանության չեզոքացումը միտված է Արցախի հայությանը անպաշտպան թողնելուն` հերթական ցեղասպանության սպառնալիքի տակ:

Դո՛ւք` Մինսկի խմբի եռանախագահ երկրներ, որ անընդհատ հաստատում էիք, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, արհամարհում էիք հայ փախստականների խնդիրը և 1987-1992 թվականների ցեղասպանությունը ու թույլ չէիք տալիս դրանք մտցնել Մադրիդյան սկզբունքներ, որքա՞ն երկար եք լռելու  ու դիտարկելու հայության բնաջնջման փաստը, ե՞րբ եք հանձն առնելու դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանությունը` համաձայն ՄԱԿ-ի  կոնվենցիայի:

Դու՛ք Ռուսաստանի Դաշնության նախագահ, այդ ինչպե՞ս եք կանգնեցրել արմենոցիդը, որ այսօր այն ծորալով հոսում է արդեն Արցախի բզկտված հողերի վրայով: Ո՞վ է ապահովելու Արցախի հայության անվտանգությունը այն պահից, երբ խաղաղապահ ուժերը մի օր դուրս գան այդ տարածքներից: Պարոն Նախագահ, չէ՞ որ Դուք էիք աշխարհին հիշեցնում, որ խորհրդային որևէ ուժ չի պաշտպանել հային ո՛չ Սումգայիթում, ո՛չ էլ Ղարաբաղում: Այո՛, Սումգայիթում դրանք 4 օր ուշացան ու մորթվեցին շուրջ 3000 հայեր, իսկ Բաքվում դրանք չկային ոչ 1988-ի, ոչ 1989-ի ընթացքում ու միայն հայտնվեցին 1990 թվականի հունվարի 20-ին, երբ արդեն ջարդված էր վերջին բաքվեցի հայը: Հիմա էլ կարող է՞, որ խաղաղապահ ուժը ուշանա, կամ էլ լուռ մի գիշեր հեռանա այնպես, որ հեռացողների ոտքերի ձայնն անգամ Արցախի հայը չլսի ու չհասցնի պաշտպանվել վրահաս թրքական հարձակումից. հայը նման մի պատմություն Կիլիկիայից է հիշում:

Պարո՛ն ՀՀ վարչապետ, պատմությունը հիշեցնում է, որ հայկական կառավարությունը Կարսի ամրոցի հետ Թուրքիային զիջեց տարածքներ այն նույն օրը, երբ հայ ժողովուրդը զինված եղաններով ու կացիններով ջախջախեց դրա լավագույն բանակին: Ե՞րբ ու ո՞ր պահից և ինչո՞ւ եք հանձն առել Արցախի Պաշտպանության Բանակի չեզոքացման ընթացքը, ու՞մ եք հայտարարել Արցախի հայության անվտանգության երաշխավոր, ո՞ր մի իրավունքով եք հայությանը զրկել Արցախի հային ցեղասպանությունից պաշտպանելու իրավունքից, ինչը կնշանակի  ամբողջացնել մեր  կենսատարածքը հայությունից մաքրելու ծրագիրը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)