Լոնդոնը «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդներին հունիսին հանդիպման է հրավիրում

Հունվար 17, 2021 

Պաշտոնական Լոնդոնը «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդներին հանդիպման է հրավիրում առաջիկա հունիսի 11-13-ը։ Այսպիսով, վերջին մոտ երկու տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհի առաջատար տնտեսությունների առաջնորդները կհանդիպեն առկա ձևաչափով։ Մինչ այդ խոչընդոտը համաճարակն էր։

Հավաքին պետք է մասնակցի նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը։ Հանդիպումը կդառնա վերջինը Անգելա Մերկելի համար Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ Պաշտոնական հայտարարությունում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ մտադիր է օգտագործել Լոնդոնի նախագահությունը` նպաստելու հետհամաճարակային վերականգնողական համաշխարհային գործընթացներին։

«Կորոնավիրուսը, անկասկած, ամենաավերիչ ուժն է, որ տեսել են վերջին սերունդները, և ամենամեծ փորձությունը ժամանակակից աշխարհակարգի համար»,- հայտարարությունում շեշտել է բրիտանական կառավարության ղեկավարը։ «Մեծ յոթնյակին» Մեծ Բրիտանիայից բացի, անդամակցում են Գերմանիան, Իտալիան, Կանադան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ճապոնիան։ Այս տարի հյուրի կարգավիճակում կհրավիրվեն նաև Ավստրալիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի առաջնորդները։

 

error

Enjoy this blog? Please spread the word :)