Հայաստանը մեծ խաղի շեմին․ Սահմանները փոխվելու հատկություն ունեն, 11.09.2020

Ադրբեջանի արտաքին քաղաքականության «գորշ կարդինալ» Հիքմեթ Հաջիեւը Կոստանդնուպոլսում հանդիպել է թուրքական մեդիայի ներկայացուցիչներին ու համագործակցության հարցեր քննարկել։ Բաքուն եւ Անկարան փորձում են համատեղ դիմագրավել համաշխարհային աշխարհքաղաքական միտումներին, որոնք անշեղորեն սեղմում են օղակն Էրդողանի նեոօսմանյան հավակնությունների շուրջ։

Բաքուն դարձել է Անկարայի միակ «ակամա դաշնակիցը»։ Էրդողանը սրընթաց վերածվում է աշխարհի ամենաթունավոր առաջնորդի, որին թիկունքով են շրջվում անգամ նախկին դաշնակիցները։ Հարցականի տակ է Թուրքիայի անդամությունը ՆԱՏՕ-ին։

Թուրքիան միակ երկիրն է, որն ամենուր պատերազմի ճակատներ է բացում եւ սպառնում իր հարեւաններին, եթե նրանք ցանկանան օգտվել օրինական իրավունքներից, ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ «Մենք պետք է ստեղծենք Pax Mediterranea (Միջերկրածովյան հաշտություն), որովհետեւ տեսնում ենք, որ կայսերական տարածաշրջանային տերությունը վերադառնում է սեփական պատմության մասին որոշ ֆանտազիաներով, եւ ես նկատի ունեմ Թուրքիան», – ասել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։

«Գերմանիան եւ մյուս գործընկերներն սկսում են համաձայնել մեզ հետ, որ Թուրքիայի ներկայիս օրակարգը խնդրահարույց է։ Եթե վեց ամիս առաջ ոմանք ասում էին, որ միայն Ֆրանսիան է մեղադրում Թուրքիային տարբեր բաներում, ապա հիմա բոլորն են տեսնում խնդիրը», – ասել է Մակրոնը։

Թուրքիայի վիճակը մեծապես կախված է լինելու ԱՄՆ քաղաքականությունից։ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց դրանից հետո Էրդողանին կարծես մտածելու ժամանակ տվեց։ Նա օգտագործեց այդ ժամանակը Միջերկրական ծովում էքսպանսիայի համար, իսկ Վաշինգտոնը հետեւում է, թե ինչպես են Ֆրանսիան ու Հունաստանը դիմագրավում այդ էքսպանսիային։

Անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է, որ 21-րդ դարում Արեւմուտքը հերթական անգամ «թուրքական հարցը» դնում է որպես Մեծ խաղի մաս։

Արզումանյանը նշում է, որ Հայաստանը պարտավոր է զբաղեցնել իր տեղը եւ հստակ ու պարզ ձեւակերպել հայկական պատասխանը Միջերկրական ծովում գործընթացների շուրջ ձեւավորվող պետությունների կոալիցիայի կազմում։ Պետք է թողնել խորհրդային նարատիվը եւ վերադառնալ սեփականին՝ հազարամյա հայկականին, հիշել, որ քաղաքակրթություն ես եւ հերթական անգամ հնարավորություն ունես սեփական տեղը գրավել հին քաղաքակրթությունների սեղանի շուրջ։ Հայաստանը 21-րդ դարում կարող է միայն քաղաքակրթական պետություն լինել, կարծում է նա։

Արզումանյանի կարծիքով, 20-րդ դարում բոլշեւիկյան եւ քեմալական նախագծերի դաշինքը թույլ տվեց հետաձգել ընտրությունը Ռուսաստանի գնով, որը դադարեցրեց գոյությունը։ Մեկ անգամ եւս նույն խաղը խաղալը չի ստացվի, վստահ է փորձագետը։

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ, ՇՀԿ, ԱՊՀ պաշտպանության նախարարների Մոսկվայի նիստում ելույթի ժամանակ ուղիղ մատնացույց է արել Թուրքիայի ծավալապաշտական հավակնությունները՝ որպես միջազգային անվտանգության հիմնական սպառնալիք։

Այդ սպառնալիքի կանխման համար Հայաստանը պատրաստ է համագործակցել տարբեր ձեւաչափերով։ Դա եւ ՀԱՊԿ-ն է, եւ ՇՀԿ-ը, եւ Հունաստան-Կիպրոս-Հայաստան ձեւաչափը, եւ ֆրանս-հայկական համագործակցությունը։ Թուրքիայի կողմից սպառնալիքի վերաբերյալ Հայաստանը պետք է երկպոսություն սկսի նաեւ Վրաստանի հետ, որի նկատմամբ Թուրքիան եւս հավակնություններ ունի։ Հայաստանն արդեն բազմիցս ցույց է տվել տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելու եւ նոր աշխարհակարգում ներդրում ունենալու ունակությունը։ Բայց ժամանակն է, որ Երեւանը դուրս գա «պաշտպանական» դիրքերից ու մտածի ապագա կարգում իր տեղի մասին, որտեղ Թուրքիան ու տարածաշրջանն արդեն ուրիշ են լինելու։ Սահմանները փոխվելու հատկություն ունեն։

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)