Հայաստանը աշխարհի միակենտրոն ղեկավարման նոր ուժային մեխանիզմի կիզակետում (Խմբագրական ներդիր «Ուխտ Արարատի», թիվ 2 (13), մայիս – հունիս, 2007, էջ 15-22)

 

(Նյութին կից քարտեզի համառոտ բացատրությունը տե՛ս այս էջում, հոդվածի վերջում)

Ինչպես Առաջին աշխարհամարտին եւ նրան հաջորդած տարիներին, այնպես էլ 1985-ից՝ ԽՍՀՄ-ի ինքնափլուզմամբ առաջացած աշխարհաքաղաքական նոր առճակատումների պայմաններում, այդ թվում, Արցախյան հիմնախնդրի վերարծարծման թեժ ժամակներում, Հայաստանը կրկին հայտնվել է գերտերությունների գլոբալ հակամարտությունների կիզակետում: 1988-90-ական թթ. ամիսների հարց էր ԼՂՀ-ն հայաթափելը: Ապրելու եւ հարատեւելու վճռական ինքնակազմակերպումով ոտքի ելած ու ինքնապաշտպանության դիմած հայությունը շտկեց դրությունը: Այնուհետեւ ստեղծվեց Մինսկի խումբը, եւ Ֆրանսիան, որպես հայության կողմից վստահելի երկիր, նշանակվեց Հայաստանին քաղաքական հոգաբարձու:

Ժամանակին՝ 1918-22թթ., պատրաստ չէինք եւ ճիշտ չհասկացանք Եւրոպային ու եւրո-ծնունդ բոլշեւիզմին: 1994-ից առ այսօր, կարծես, կրկնվում է անցյալը. ՀՀ պետական քաղաքական մակարդակով կրկին ճիշտ չենք հասկանում իրերի բնույթն ու դրությունը եւ հայտնվել ենք գլոբալ հակամարտությունների կիզակետում: Խաբվելու, առավել եւս պարտվելու իրավունք չունենք: Իրատեսորեն գնահատելու համար հայությանն ու իր երկու անկախ պետություններին, նաեւ Ջավախքին սպառնացող բոլոր առկա վտանգները, ինչպես եւ ինքնապաշտպանության եւ ինքնակազմակերպման ազգային եւ պետական որոշումներ կայացնելուց առաջ, կարեւոր ենք համարում հայացք գցել ներկայիս աշխարհի վերափոխվող քարտեզին, նրա տրամաբանությանը, առաջիկա եւ հեռահար ծրագրերին:

Կայսերապաշտական հազարամյա խաբկանքներով տարված ուժերը, կամայականորեն չընդունելով աշխարհի ինքնակարգավորման ու ինքնակառավարման բնական էությունը՝ անմերժելի իսկությունը, այդուհանդերձ, չեն ուզում հրաժարվել աշխարհին տիրելու իրենց վաղեմի մարմաջից: Ըստ էության, փոխվել են ժամանակները, փոխվել են հնարավորությունները, սակայն դրանց համեմատ փոխվել են նաեւ աշխարհին տիրելու մեխանիզմները:

Տարաբնույթ շահերով կառուցված աշխարհաքաղաքական այս խճանկարը դյուրին ընկալելի է, երբ ուշադրության առաջին պլան ենք բերում եւրասիական քարտեզը, որտեղ հստակ երեւում է աշխարհի վերաբաժանման ուղղությամբ տարվող վերջին 20 տարիների աշխատանքը: Աշխարհի միակենտրոն, անմիջական, աներեւույթ ղեկավարման նոր ուժային մեխանիզմի հիմքում դրված է Եւրասիական ամբողջ ցամաքը` աներեւույթ ղեկավարման կենտրոնից ծովային տոտալ շրջափակման միջոցով ծուղակը գցելու սկզբունքը: Որպես շրջափակման մեխանիզմներ, ըստ ներկայացված քարտեզի, ծրագրվել է եւ փորձ է արվում ստեղծել պայմանականորեն այսպես կոչված՝ I. Սեւծովյան, II. Միջերկրածովյան, III. Կասպիական, IV. Պարսից ծոցի, V. Կարմիրծովյան, VI. Հեռավոր Արեւելյան միացյալ պետություններ, իբրեւ թե` լրիվ անկախ, սակայն, իրականում` վերազգային, վերպետական, միակենտրոն ընդհանուր ղեկավարման պետական նորատիպ կառույցներ: Որոնք, փաստորեն, շրջափակման մեջ կպահեն ներկայիս Եւրոմիությունը, ըստ Ռալֆի քարտեզի` ձեւավորվող Նոր Միջին Արեւելքը, Աֆրիկան, Ռուսաստանն ամբողջությամբ (բաց թողնելով առայժմ երկրի հյուսիսային սառուցյալ ափը), Չինաստանը, Հնդկաստանը: Պարզ է, դեպքերի հաջող ընթացքի դեպքում այն կծավալվի` իր մեջ ներառելով Ինդոնեզիան, Ավստրալիան, Ամերիկյան երկու մայրցամաքները:

Աշխարհի միակենտրոն ղեկավարման ծովային համակարգի ներկայիս ծրագրերը. Ըստ աշխարհին տիրելու ժամանակակից քաղաքական նկրտումների` Եւրասիա մայրցամաքը բաժանվելու է տարածքային ղեկավարման երկու առանձին՝ ցամաքային եւ ծովային, միջազգային կառույցների միջեւ: Որտեղ ցամաքային ռեգիոնալ նշանակության միություններ ասվածը ներառելու է ցամաքային երկրները` որպես նահանգներ: Իսկ ծովային միությունները ներառելու են տվյալ ծովի առափնյա տարածքները գրեթե ամբողջական շրջագծով՝ բաց ծով – օվկիանոս մուտքերն ու ելքերը վերահսկելու համար:

Համագործակցության ծովային կառույցներն են (իբրեւ միություններ)՝ Սեւծովյան, Միջերկրածովյան, Կասպիական, Կարմիր ծովի եւ Պարսից ծոցի նոր տիպի ընդհանուր պետությունները: Այս հենքի վրա ամենեւին տարօրինակ չէ անցյալ դարասկզբին որպես համաշխարհային կառավարման իշխանության մոդել հանդիսացող Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության՝ ծովային կայսրության, ներկայիս տխուր վիճակը, երբ շուրջ երկու տասնամյակ է կասկածի տակ է առնվում թագավորական ընտանիքի բարոյական դիմագիծը եւ այլեւս այն պահելու կարեւորությունը: Ակնհայտ է` առաջիկայում աշխարհի քարտեզի վրա չի լինելու բրիտանական մեծ թագավորությունը, նա անկախություն ձեռք բերած Իռլանդիայի ու Շոտլանդիայի հետ կդասվի Եւրոմիության երկրների շարքում: Սա էր Թոնի Բլեերի վերջին նվերը անգլիացիներին: Արդյունքում՝ մեջտեղից դուրս կգա այն երկիրը, որն առաջնահերթորեն պատասխանատու է Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի հրահրման եւ աշխարհում վերջին երեք հարյուր տարիներին տեղի ունեցած աղետների համար, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության:

Ծովային տարածքներում (բաց ծով – օվկիանոս) բոլոր մուտքերն ու ելքերը վերահսկելու՝ աշխարհին տիրելու, ժամանակակից տրամաբանությունը, եթե ուշադիր նայենք, կառուցվում է Մեծ Բրիտանիայի կայսրության աշխարհատիրակալական մոդելի ձեռագրի հենքով: Եկեք հիշենք՝ ո՞վ էր Անգլիան եւ ինչպե՞ս էր իշխում: Մեծ Բրիտանիան, որպես ծովային կայսրություն, իշխում էր աշխարհի կեսից ավելիին, հենց միայն ծովածոցերում, ծովերում եւ օվկիանոսներում, գրեթե միանձնյա, իր դոմինյոնների կողմից հսկողություն սահմանելու միջոցով: Անցել են ժամանակները: Նախկինն այլեւս կիրառելի չէ: Ծովային տարածքների վերահսկողության միջոցով ցամաքային տարածքների, երկրների միակենտրոն կառավարման համար նոր մոտեցում եւ նոր մեխանիզմներ են անհրաժեշտ: Որդեգրվել է նահանգային ղեկավարման՝ ամերիկանացման մոդելը: Նախատեսվում է ծովային միություն – կառույցների միջոցով ծուղակի մեջ առնել ցամաքային տարածքները: Արդյունքում՝ առանձին ինքնիշխան երկրներ, ստիպված են լինելու, որպես նահանգներ, ենթակա լինել վերազգային ընդհանուր կառավարմանը` կամովին զիջելով իրենց ազատությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը:

ԿՈՍՈՎՈ. մայցամաքների «Ծովային շրջափակումով ցամաքային ծուղակի» եւրո-ամերիկյան քաղաքականության իրագործման բանալի. Այն, որ բռնազավթված ժողովուրդների ու երկրների ազգային ազատագրական պայքարը, ինչպես եւ ազգերի ինքնորոշումն, ինքնին, որպես ժողովրդի ազատ, անկախ եւ ինքնիշխան ապրելու իրավունք, երբեւէ չէր հակասել տարածքային ամբողջականությունը հարգելու միջազգային նորմին, հայտնի է անգամ քաղաքականությամբ չզբաղվողներին: Իսկ որ միջազգային հանրությունը ՄԱԿ-ի Հոգաբարձուների Խորհրդի անմիջական աջակցությամբ 1945-75թթ. հովանավորվում էր գաղութացված երկրների ու ժողովուրդների ազատագրական պայքարի ձեռքբերումները, ճանաչելով նրանց որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, հայտնի է յուրաքանչյուր քաղաքական գործչի: Այլ խնդիր է, թե այդ ինչպես եղավ, եւ ինչու սկսած 1985-ից միջազգային հանրությունը, հանձինս Արեւմուտքի, սկսեց «մոռանալ» այդ ամենը եւ առ այսօր տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը, ինչպես եւ ազգային ազատագրականը, իբրեւ պատմական՝ վիճահարույց, ուստի եւ քաղաքականորեն անլուծելի, իրար հակասող է համարում: Արդյունքում՝ տասնամյակներ շարունակ, Կոսովոյից սկսած, մեծանում է, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» ցանկը:

Սակայն, վերջերս, կրկին օրինական եւ իրական են համարվում նույն Արեւմուտքի կողմից նախկինում ծրագրված հետեւողականությամբ տասնամյակներ շարունակ որեւէ երկրում էթնիկ էքսպանսիայի իրագործումից հետո այդ երկիրը մասնատելու եւ տվյալ տարածքներին անկախություն շնորհելու խնդիրը:

Չենք կարծում, ավելի քան համոզված ենք, որ Արեւմուտքին ամենեւին էլ չի անհանգստացնում Կոսովոն եւ այնտեղ ինչ-ինչ պատճառներով ի հայտ եկած «ալբանացի» բնակչությունը: Խնդիրը բոլորովին այլ է: Ինչպես 1921-ին Բոլշեւիկյան Ռուսաստանը, ըստ Լենին-Տրոցկու «ինքնազոհաբերման» տարբերակի, պետք է համոզել բոլոր այն երկրներին, որոնց նկատմամբ արդեն իսկ նախապատրաստված է ներմուծվող տարածքային անկախացումների կոնվեերային գործընթացը, ինչպես Կոսովոն, հետեւել իր՝ Եւրոմիության օրինակին: Այդ երկրների ցանկը, ի դեպ, պարզ երեւում է ինչպես վերջին մի քան տասնամյակների քաղաքական գործընթացների, այնպես էլ հոդվածում ներկայացվող քարտեզում նշված «Ծովային առափնյա միացյալ պետությունների» նոր անկախություն ստացող տարածքների պատկերից:

Տարածքային ամբողջության, ինքնորոշման եւ անկախության արեւմտյան ճանաչողությունը. Կոսովոյին ամեն գնով անկախություն տալու վերջին ամիսների արեւմտյան համառությունը պարզեց, որ նախկին՝ տարիներ եւ տասնամյակներ սառեցված, նաեւ առաջիկայում ակնկալվող նոր՝ տաք, հակամարտությունները խաղաղ կարգավորման տանելու այդ տրամաբանությունը կառուցված է բազմաստանդարտ հենքով: Այն էլ ամեն դեպքի համար ստանդարտներից մեկը ընտրելու խիստ յուրօրինակ, մարդկության բոլոր բնական օրենքները գլխիվայր շրջող մենաշնորհային իրավունքով:

Հյուսիսային եւ Հարավային Կովկասի, Թուրքիայի եւ Միջինասիական երկրների հակամարտությունների խառնաշփոթ իրողությունում, Արցախյան պատերազմի Հայոց հաղթական բեկումից՝ Շուշիի ազատագրումից 2 ամիս անց, ստեղծվեց Սեւծովյան տնտեսական համագործակցությունը: Արեւմուտքի համար պատերազմի ելքը կարեւոր էր նրանով, որ մեր պարտության դեպքում նրանց կողմից ոչ միայն մոռացության էր մատնվելու Արցախն ամբողջությամբ, այլեւ Հայաստանը ստիպված չէին լինելու ընդգրկել Սեւծովյան Տնտեսական Համագործակցության մեջ:

Ինչեւէ, դա ստեղծվեց, հետապնդելով Սեւ ծովը օղակող նախկին խորհրդային երկրներին եւ Թուրքիային վարժեցնելու նոր տիպի (ծովային առափնյա տարածքների խմբավորման միջոցով) ընդհանուր պետություն ստեղծելու մտքին: Տարօրինակ է, որ «համագործակցող» երկրների կազմում, չգիտես` ինչո՞ւ ի հայտ էին եկել մի շարք երկրներ, որոնք ոչ մի կապ չունեն Սեւ ծովի հետ: Վերջին ամիսների արեւմտյան քաղաքական բացահայտումների լույսի ներքո, սակայն, այլեւս ավելի քան հասկանալի դարձավ ոչ միայն կովկասյան հակամարտությունները սառեցված պահելու տրամաբանությունը, այլեւ ամեն գնով Կոսովոյին անկախություն տալու վճռականությունը: Ներկայիս Կոսովոն հենց այն բանալին է, որով ստեղծվելու են ոչ միայն Սեւծովյան, այլեւ Միջերկրածովյան եւ Կասպիի համագործակցություններ կոչվող, ծովեզրյա վերազգային կառավարման, պետությունները: Բանալի է, քանզի առաջիկայում Սեւծովյան համագործակցություն կոչվող տարածքների մեջ ներառվելու են Ուկրաինայից, Կոսովոյի օրինակով, անջատվող անկախություն ստացող Ղրիմն ու Օդեսայի մարզը: Նույն խնդրի համար նախատեսել են տարածքային հատվածներ անկախացնել նաեւ Ռուսաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից: Թուրքիայի առաջիկա մասնատումը նշվեց 2006-ին՝ Ռալֆի քարտեզում:

Հիմա հասկանալի է դառնում Ուկրաինայում նախագահի կողմից հրահրված իշխանական ճգնաժամը: Ուկրաինան պետք է բաժանվի չորս մասի. հարավայինը՝ Ղրիմը, որպես Ղրիմի թաթարների միջոցով անկախացող, Օդեսայի մարզը, արեւմտյանը` «ուկրաինական», արեւելյանը` «ռուսական» երկրների:

Ինչ վերաբերում է սեւծովյան ռուսական խարիսներին, ըստ տարածքի ազգամիջյան անհանգստությունների պատկերի, դա նույնպես պետք է անջատվի Ռուսաստանից, ամբողջ Հյուսիսային Կովկասի հետ միասին, որով ցամաքային եւ ծովային (ջրանցքով) կապ կստեղծվի եւ կասպիական ավազանի հետ:

Հիմա, հասկանալի կլինի շատերին, թե ինչո՞ւ Սեւծովյան համագործակցության երկրները, բացի Ռուսաստանից, չեն դատապարտել Հայոց ցեղասպանության իրողությունը: Այն չեն դատապարտել նաեւ Մեծ ութնյակի երկրներից ԱՄՆ-ը, Անգլիան, Ճապոնիան: Ինչո՞ւ…

Իսկ Եւրոմիությունը շտապում է օր առաջ լուծել Հայաստան – Ադրբեջան հակամարտությունը (իրականում պետք է լուծում տրվեր ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի խնդրին), որպեսզի խուսափի հետագայում ԼՂՀ-ին բոլոր առափնյա այլ երկրների հետ միասին անկախություն տալուց:

Շտապում են: Նախատեսված ժամականացույցը մի շարք հանգամանքներով հետ է ընկել: Ուստի, ստիպված գրոհում են ընդհանուր ճակատով: Միջին Արեւելքի ընդհանուր պետության քարտեզի ձեւավորմանը զուգընթաց ձեւավորվել է սկսում (ըստ Ֆրանսիայի նորընտիր նախագահի հայտարարության) Միջերկրածովյան միացյալ պետությանը: Եւրոմիությունը մեկ օր հետո շտապով հայտարարում է Սեւծովյան եւ Կասպիի միացյալ պետությունների ստեղծման մասին: Պարզվում է, որ աշխարհի քարտեզի վերաձեւավորման վերջնաժամկետին՝ 2015-ին մնացել է 8 տարի, իսկ ժամանակագրական առումով կորած է համարվում շուրջ 10 տարի: Հասկանալի է եւ շտապողականությունը, եւ խուճապը, որոնք կարտահայտվեն տարակենտրոն եւ ընդհանուր հակամարտությունների ու ցնցումների միասնական մի խճանկարով:

Սեւծովյան տնտեսական համագործակցություն. Եւրասիա մայրցամաքի ծովային ծուղակը դարբնող կառույց. Այն ստեղծվեց որպես Եւրասիական մայրցամաքը ծովային ընդհանուր ծուղակի մեջ ներառելու ծրագրի առաջին փուլն իրագործող, երեք՝ Միջերկրական, Սեւ, Կասպիի առափնյա տարածքներով միացյալ պետությունների ստեղծումը նախապատրաստող միջազգային քաղաքական անցումային կառույց: Ինչպես երեւում է համագործակցության մշտական անդամների եւ դիտորդների ցանկից, ներկայացված 23 երկրներից միայն վեցն են, որ սահմանակից են Սեւ ծովին: Այդ իսկ պատճառով սկզբում տարօրինակ էր թվում, թե ինչո՞ւ է դա կոչվում Սեւծովյան համագործակցություն, բայց Սարկոզիի եւ Եւրոմիության համապատասխան հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ այդ բոլոր երկրները, իրենցից անջատվող տարածքներով հանդերձ, առնչվում են Միջերկրածովյան, Սեւծովյան եւ Կասպիի առափնյա միացյալ երեք առանձին պետությունների ստեղծմանը:

Սեւծովյան Տնտեսական Համագործակցության երկրների կազմը. (երկրների անուններն ու թվարկման հաջորդականությունը տրվում է ՍԾՏՀ (BSEC) կազմակերպության կողմից ներկայացվող տեսքով):

Մշտական ԱՆԴԱՄ երկրներ (1992թ. հուիսի 25-ից)` Ալբանիայի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հելենական Հանրապետություն (Հունաստան), Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիա եւ Չեռնոգորիա (2004թ-ի ապրիլից):

ԴԻՏՈՐԴ երկրներ` Բելոռուսի Հանրապետություն, Խորվաթիայի Հանրապետություն, Չեխիայի Հանրապետություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Իսրայել Պետություն (State of Israel), Իտալիայի Հանրապետություն, Լեհաստանի Հանրապետություն, Սլովակիայի Հանրապետություն, Թունիսի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հետեւելով աղյուսակում նշված երկրներին` ակնհայտ է, որ.

Միջերկրածովյանում ներառվելու են՝ Խորվաթիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Հունաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մարոկկոն, Ալժիրը, Թունիսը, Լիբիան, Եգիպտոսը, Իսրայելը (առանց Պաղեստինի ծովափնյա մասի), ընդարձակվող Լիբանանը (սիրիական ծովափի հետ միասին), Թուրքիան:

Սեւծովյանում` Ուկրաինան, Մոլդովան, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան (մասնատումներով), Քուրդիստանը (ըստ Ռալֆի քարտեզի), Վրաստանը (մասնատումներով), Ռուսաստանը:

Կասպիում` Ադրբեջանը (ըստ Ռալֆի ընդլայնված), Ռուսաստանը՝ Դաղստանի մասով եւ հյուսիս ընկած տարածքով, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը (ըստ Ռալֆի փոքրացած ծովային սահմաններով):

Ինչ վերաբերում է ՍՏԾՀ-ի դիտորդ երկրների ցանկում տեղ գտած Չեխիային ու Լեհաստանին, ապա կարծում ենք` շատերին հասկանալի դարձավ, որ դա պայմանավորված է այդ երկրներում հռթիռային եւ հակահռթիռային համակարգերի տեղադրումով, որով վերահսկվելու են այս երեք ծովային միացյալ պետությունները: Գերմանիան (I եւ II աշխարհամարտերի փորձից ելնելով), բացի Բալթիկ ծովի նկատմամբ ունեցած իր դերի, որպես ԵՄ-ի առաջատար, ինչպես նաեւ բարձր կազմակերպվածության երկիր, գուցե թե պատասխանատու կկարգվի սույն քաղաքականության ռազմական սպասարկմանը:

Բելոռուսի պարագայում պետք է հիշել, որ այնտեղ է գտնվում ԽՍՀՄ-ի՝ 1991-ից հետո Ռուսաստանի Դաշնության, հակահռթիռային պաշտպանության ամենահզոր կայանը, որը ոչ միայն հսկում է ամբողջ եւրոպական տարածքը, այլեւ (ի տարբերություն Ադրբեջանում տեղակայված Գաբալայի կայանի) կարող է ուղղորդել պատասխան հարված տանող ռուսական հրթիռներ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես նշել ենք, նա ժամանակավոր է ներառվել. դա պայմանավորված էր Արցախի զինյալ ազատագրական ուժերի անշրջելի հաղթանակներով: Այդ չեն թաքցնում նաեւ իրենք. եւ Ռալֆի քարտեզից, եւ արեւմտյան գլոբալ քաղաքական բացահայտումներից հստակ երեւում է, որ Սեւծովյան միացյալ պետության մեջ Հայաստանին փոխարինելու են բերում նոր ստեղծվող Քուրդիստան պետությունը:

———————–

Այսպիսով, առաջիկայում ի՞նչ է պատրաստվում կառուցել եւրո-ամերիկյան ալյանսը:

  1. Սեւծովյան համագործակցություն (Սեւծովյան միացյալ պետություն):

Ըստ 1996-97թթ. մեր ունեցած տեղեկությունների, որպես նոր որակ եւ բովանդակություն, ասել է թե` գլոբալ քաղաքական որոշակի խնդիրներ իրականացնող Սեւծովյան ընդհանուր պետություն, այն ստեղծվելու է առափնյա երկրներից տարածքներ անջատելու (անկախացնելու) միջոցով: Ըստ երկրների ընթանալու են հետեւյալ գործընթացները.

Ուկրաինա. եւրո-ամերիկյան միջամտության եւ թուրքական աջակցության ու Ղրիմի թաթարների անմիջական՝ անջատողական գործուն ջանքերի շնորհիվ Ուկրաինայից անջատվելու են Օդեսայի մարզի հարավային կեսի, Նիկոլաեւսկի մարզի հարավային լեզվակի, Խերսոնի եւ Ղրիմի մարզերի տարածքները` ստեղծելով երկու առանձին՝ Օդեսայի անկախ պետություն եւ Ղրիմի թաթարների հանրապետություն: Տարանջատումից հետո միայն, իբրեւ թե նորանկախ տարածքների զարգացմանն ու կառավարմանը նպաստող նոր ուժեր, Ղրիմի եւ Օդեսայի մարզեր են տեղափոխվելու Ռուսաստանի հրեական ինքնավար մարզի հրեաները, ինչպես եւ տարիներ առաջ «ճանապարհային քարտեզով» Գազայի հատվածից դուրս բերված, այսպես կոչված Իսրայելից «խռոված» հրեաների մի մասը:

Հիշեցնենք, որ Ղրիմը հրեաներով բնակեցնելու առաջին լուրջ փորձը արվեց 1949-ին, երբ նորաստեղծ (դեռ մեկ տարին չբոլորած) Իսրայել պետության վարչապետը մեծ վստահությամբ ժամանեց ԽՍՀՄ, Ղրիմը՝ որպես հրեական ինքնավարություն, հրեաներին տալու առաջարկով: Այն ժամանակներում միջազգային քաղաքականության համար Ստալինի մերժումը, նաեւ մերժման հիմնավորումը ավելի քան անսպասելի էր: Պատահական չէ, անշուշտ, որ Ստալինի մահից անմիջապես հետո՝ 1954-ին (ի դեպ, 1955-ի Կորեական ճգնաժամով ԱՄՆ-ԽՍՀՄ ատոմային պատերազմի հրահրման հերթական փորձից մեկ տարի առաջ), Ղրիմը անջատվում է Ռուսաստանից եւ միացվում է Ուկրաինային: Հուսալով, որ, ի տարբերություն Ռուսաստանի, հետագայում Ուկրաինայից այն վերցնելը (անկախացնելը) ոչ մի բարդություն չի առաջացնի: Օդեսան Ուկրաինայից անջատելու ամենադյուրին ճանապարհը (դեռ 1918-21թթ. փորձարկված) երկփուլ տարբերակն է. երբ Ուկրաինան նախ սկսվում է կիսվել Արեւմտյան ու Արեւելյան մասերի, որի ընթացքում էլ, հաջորդող քայլով Օդեսան բարձրացնում է Ուկրաինայից իր անկախանալու հարցը: Ի դեպ, ակնկալվում է, որ Օդեսայի ներկայիս «խաղաղ» անկախացմանը մեծապես պետք է նպաստի (ամբողջ ուշադրությունը իր վրա սեւեռելով) Ղրիմի թաթարների կողմից զինված հակամարտության ձեռագրով Ղրիմի «անկախացման» գործընթացը: Խնդիր, որը դրվել էր դեռ անցյալ դարասկզբին, որի առաջին փուլն իրագործվեց 1921-ի մարտի 18-ին, մի կողմից` ՌՍՖՍՌ-ի ու Ուկրաինայի եւ մյուս կողմից` Լեհաստանի միջեւ կնքված «Ռիգայի Խաղաղության Պայմանագրի» միջոցով: Ըստ որի, ինչպես նշում է Տրոցկին իր «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» (1) հոդվածում, Ռուսաստանը հանուն նոր բոցավառվող կոմունիզմի գնաց ինքնազոհաբերման՝ Լեհաստանին զիջելով Բելոռուսի եւ Ուկրաինայի արեւմտյան տարածքները (ԽՍՀՄ-ին վերադարձան 1939թ.): Երկրորդ փուլը տապալվեց, Օդեսայի անկախացումը չիրականացավ հենց միայն այն պատճառով, որ սովետական դարձած երկրներին 1922-ից տարան ոչ թե հետագա մասնատման, այլ ընդհանուր պետություն ստեղծելու ճանապարհով:

Ըստ այս ծրագրի է, որ լիովին հասկանալի է դառնում ոչ միայն 1986թ. Չեռնոբիլի վթարն ու Դոմբասի ածխահորերի «վերակառուցումային» պայթյունները, ոչ միայն Ուկրաինայի գունավոր հեղափոխության ինքնակործան ամբողջ աբսուրդը, այլեւ վերջին ամիսներին Յուշչենկոյի եւ Տիմոշենկոյի սարքած Ուկրաինայի կառավարման «ճգնաժամը»: Երբ երկրի նախագահը, ոտնահարելով Սահմանադրությունը, ոչ համոզիչ պատճառներից ելնելով, լուծարելով Ռադան, շտապ կարգով պահանջում է նոր (վստահաբար գունավոր-հեղափոխական) ընտրություն: Չի բացառվում, որ Յուշչենկոն անգամ չիմանա պատվիրված քայլերի բուն հեռանկարը, սակայն փաստ է Արեւմուտքի թելադրանքը կատարելու նրա պատրաստակամությունն ու համառությունը: Հարկ է ուշադրություն դարձնել, որ Յուշչենկոյի շտապողականության վրա նորընտիր Ռադան պետք է կազմվեր հուլիս ամսին արդեն: Հիշենք, որ հուլիսին ավարտված պետք է լինեին Ֆրանսիայի, Հայաստանի ընտրությունները, Ռումինիայի նախագահական ճգնաժամի հանրաքվեային լուծումը, ինչպես եւ Թուրքիայի նախագահական ընտրությունները, Կոսովոյին անկախություն շնորհելու շտապողականությունը: Ասել է թե՝ արդեն օգոստոսից պետք է սկսվեին ընդհանուր տարածաշրջանային մեծ գործընթացներ, որոնց համար խիստ կարեւոր էր, որ Ուկրաինայի Ռադան լինի գունավոր, որպեսզի հնարավոր լինի իրականացնել Ուկրաինայի մասնատման խնդիրը՝ հենց Ռադայի ընտրությունների տարաբաժան բախումների ընթացքում:

Հիմա հասկանալի է այն տարօրինակ երեւույթը, որ անգամ Ուկրաինայի վարչապետի եւ Ռադայի կողմից դեկտեմբերին վերընտրության գնալու համաձայնությունը կրկին անընդունելի եղավ Յուշչենկոյի համար, քանի որ նա պահանջում էր ընտրություն գոնե հուլիս ամսին: Օգոստոսի ֆենոմենի բացատրությունը հասկանալի դարձավ նրանից հետո, երբ Յուշչենկոն համաձայնվեց սեպտեմբերին ընտրությունների գնալու հարցում, որն անմիջապես ճշտորոշեց Կոսովոյին անկախություն տալու նոր ժամանակացույցը, հանձին ՄԱԿ-ում կայացած այն որոշման, որը 120 օր է տրամադրում Սերբիային ու Կոսովոյին եւ համաձայնության չգալու պարագայում, անգամ հոկտեմբեր ամսին, ասել է թե` Ռադայի վերընտրությունից հետո, ՄԱԿ-ը ավտոմատ կերպով ճանաչելու է Կոսովոյի անկախությունը` անկախ Ռուսաստանի ու Սերբիայի վետոների: Բուշն էլ իր հերթին ամրագրեց, որ ԱՄՆ-ը կը ճանաչի Կոսովոյի անկախությունը: Փաստորեն, Կոսովոյի անկախությունով սկսվելու է Սեւծովյան համագործակցության երկրներում անջատողական անկախացումների գործընթացները: Այն տեսանելի կլինի Սեւծովյան միացյալ պետության ձեւավորումն իրականացնող հակամարտությունների քայլերից. Ռումինիայում, Մոլդովայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Վրաստանում, չի բացառվում եւ Ռուսաստանում, հանձինս՝ Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի Սեւծովյան եւ Կասպիի առափնյա տարածքների:

Տարօրինակ, բայց ոչ պատահական է հունիսի 29-ին՝ Յալթայում, Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի գլխավորությամբ ԵՄ-ն մի շարք երկրների եւ ԱՄՆ-ի նախկին նախագահների աննախադեպ հանդիպումը: Ըստ լրատվության՝ ելույթ ունեցողները ասելիք առանձնապես չունեին, մնում է գուշակել, թե ինչո՞ւ էին հավաքվել: Ո՞րն էր հավաքի բուն նպատակը: Կարծում ենք, ակնհայտ է պատասխանը: Այս հավաքը կազմակերպված է հենց միայն Ուկրաինան մասնատելու եւ դրա հետ կապված միջազգային քաղաքական պայմանավորվածությունների, երաշխիքների ձեռքբերման համար: Պետք է ենթադրել, որ արդեն մեկնարկել է Ուկրաինայի մասնատման ծրագիրը, որտեղ, ըստ էության, փորձում են անել այն, ինչ չհաջողվեց 1918-21թթ.:

Մոլդովա. Կոտովս-Տիրասպոլ գծից հարավ ընկած տարածքը անջատվելու է Մոլդովայից, նրան է միացվում Տիրասպոլ-Թաթարբունարի գծով մոլդովական սահմանից դուրս մինչեւ Սեւ ծով ընկած ներկայիս ուկրանիական տարածքը` որպես անկախացող տարածք: Սրանով է պայմանավորված մինչ օրս գոյություն ունեցող չկարգավորված մոլդովական հակամարտությունը:

Ռումինիա. Սեւծովյան միացյալ պետության ստեղծման համար Ռումինիայից անջատվելու է Խուշի-Վասլույ գծից՝ Սիրատ գետով հարավ, մինչեւ Գալաց, այնտեղից Դունայ գետի ամբողջ արեւելյան մասի տարածքը` մինչեւ Բուլղարիայի հետ հատման կետը, Կոնստանցիա կենտրոնով: Կարծում ենք Ռումինիայում առաջացած նախագահական ճգնաժամը պայմանավորված էր նրանով, որ Ռումինիայի իշխանությունները չխոչընդոտեն մասնատման գործընթացին: Ամեն դեպքում, ըստ Ռումինիայում անցկացված հանրաքվեի, Ռումինիայի նախագահը ստացավ կրկնակի հավաստիացում, որ կրողն է ժողովրդի հավաքական կամքի: Կարելի է ենթադրել, թե Ռումինիայի մասնատումը վստահված է նախագահին:

Հարավսլավիա. Մասնատվեց, իրականում, Սեւծովյան նեղուցներով Եւրոպա-Ասիա ճանապարհը մեկ պետության հսկողությունից հանելու եւ, ըստ էության, մի քանի փոքր խամաճիկ երկրների ստեղծման միջոցով՝ ԵՄ-ի կողմից անմիջականորեն վերահսկելու համար: Ներկա դրությամբ Հարավսլավիան, արդեն իսկ, մասնատված եւ նախապատրաստական առումով լիովին ավարտուն վիճակում է:

Բուլղարիա. Առաջիկայում սպասվում է ներքին՝ թուրք-մահմեդական սեպարատ ցնցումներ, որի արդյունքում` Բուլղարիայից կանջատվեն Ռումինիա-Բուլղարիա սահմանի Սելիստրա քաղաքից դեպի հարավ մինչեւ Թուրքիա-Բուլղարիա-Հունաստան երեք սահմանների հատման կետը ներառող Սեւծովյան առափնյա տարածքը: Նշենք, որ սույն խնդիրը լուծելու համար էր, որ դեռ 1985-90-ական թթ. Բուլղարիայում նկատվեց թուրքական տարրի զանգվածային ներհոսք` որպես նախապատրաստական քայլ առաջիկա ծրագրերի:

Թուրքիա. Թուրքիայի մասնատման նախնական տարբերակը` առաջին քայլը, ներկայացված է Ռալֆ Պիտերսի քարտեզում, սակայն դա վերջնականը չէ: Քանզի դրան շարունակող երկրորդ եւ երրորդ փուլերը պայմանավորված են Թուրքիայի Սեւծովյան եւ Միջերկրածովյան մասնակցության տարածքային մասերով: Ուշագրավ է, որ Եւրոմիությունը, գուցե թե անհանգստանալով ժամանակից շուտ արված բացահայտումներով եւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ դեռեւս պահելու միտումով, իր ճշգրտումներն է մտցրել Ռալֆի քարտեզում, ըստ որի, Արեւմտյան Հայաստանի տարածքի մեծ մասի վրա ստեղծվող եւ Սեւ ծովի հետ սահման ունեցող ապագա Քուրդիստան պետության հյուսիսային սահմանը իջեցրել է մինչեւ Նախիջեւանի հատվածը, արեւմուտքից եւ հարավից նույնպես փոքրացրել է այն, բավարարվելով ընդամենը ՔԲԿ-ի անկախություն պահանջող զինյալների տեղաբաշխման տարածքով, որպեսզի անհարկի ԵՄ-ի դեմ չլարի Իրաքին եւ Սիրիային նույնպես:

Հավանաբար Թուրքիայից անջատվելու են նեղուցներից դեպի արեւմուտք եւրոպական մայրցամաքում եղած տարածքը` լեզվակը, որը կիսվելու է երկու հյուսիսային եւ հարավային մասերի` կամ որպես Բուլղարիային եւ Հունաստանին ենթակա ինքնավարություններ եւ կամ որպես ինքնուրույն տարածքներ: Դրանց հիմնական դերը լինելու է Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների անմիջական հսկողությունը:

Սեւծովյան միացյալ պետության հաջորդ երկիրը նորաստեղծ Քուրդիստանն է՝ ըստ Ռալֆի քարտեզի: Մյուսը լինելու էր Կովկասյան միացյալ (Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը ներառող) պետությունը, որն, ըստ էության, 1995-ից առ այսօր հնարավոր չեղավ իրականացնել: Ուստի, 2003-ից սկսած ԵՄ-ը հրաժարվեց այն ստեղծելու քայլերից, քանզի այն ընդամենը միջանկյալ փուլ էր լինելու եւ ավարտվելու էր Սեւծովյան եւ Կասպիի ընդհանուր պետությունների ստեղծման ժամանակ: Այդ պարագայում Վրաստանը եւ նրանից անջատված Աջարիայի եւ Աբխազիայի անկախ տարածքները ներառվելու էին Սեւծովյան միացյալ պետության կազմի մեջ հավասարի իրավունքով, իսկ Ադրբեջանը (Կովկասյան միացյալ պետության տրոհումից հետո) տեղափոխվելու էր Կասպիի միացյալ պետություն:

Ռուսաստանը Սեւծովյան միացյալ պետության հետ կապվելու է ընդամենը Ազովի ծովի միջոցով: Եւրո-ամերիկյան ալյանսը դեռ հույս ունի Աբխազիայից վերեւ ընկած հատվածը հյուսիս-կովկասյան ինքնավարությունների անջատողական անկախացման գործընթացով կտրել Ռուսաստանից: Որքանով դա կհաջողվի` ցույց կտա ժամանակը:

  1. Միջերկրածովյան համագործակցություն (Միջերկրածովյան Միացյալ Նահանգներ)

Թե ինչպիսի՞ն կլինի Միջերկրածովյան համագործակցության ստեղծման, ասել է թե՝ որոշ երկրներից անկախացող որոշ տարածքների անջատման ընթացքը, ցույց կտա ապագան: Այդ դերում անկարեւոր չէ Կիպրոսը իր քսանհինգամյա սառեցված հակամարտությամբ:

Համագործակցության կազմում, ի տարբերություն Սեւծովյանի, առկա են երկու տեսակի՝ աշխարհաքաղաքական գործընթացները առաջնորդող եւ աշխարհաքաղաքական գործընթացներին ենթակա նորանկախ տարածքներ կամ երկրներ: Առաջնորդողներից են լինելու՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսրայելը: Ենթականերից՝ Իսպանիան եւ Մարոկկոն իրականացնում են Ջիբլարթարի նեղուցի եւրոմիութենական հսկողությունը: Ալժիրը: Թունիսը՝ երեւի թե ենթակաների կառավարման կենտրոն: Լիբիան: Խորվաթիան, Չեռնոգորիան եւ Ալբանիան: Հունաստանը եւ նրան շարունակող, դեռեւս Թուրքիային պատկանող եւրոպական լեզվակի մասը, որպես ԵՄ պատկանելիության տարածք, հսկելու է Դարդանելի նեղուցը, իսկ հյուսիսայինը, ինչպես նշեցինք, իր տեղում հսկելու է Բոսֆորի նեղուցը: Թուրքիան՝ իր հարավային մասով, հսկելու ծովը եւ երեւի թե նաեւ նեղուցների արեւելյան հատվածը: Եգիպտոսը վճռորոշ դեր ունի, քանի որ Սուեզի ջրանցքով է իրականացվում Սեւ ծովից Կարմիր ծով անցումը (պատահական չէ այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի մեծ ազդեցությունը): Եգիպտոսից հետո, ըստ Ռալֆի քարտեզի տրամաբանության, Միջերկրական ծովի արեւելյան ամբողջ ափեզրը դրվելու է Իսրայելի եւ Լիբանանի հսկողության տակ:

Կասպիական համագործակցություն (Կասպիի Միացյալ Նահանգներ)

Հարավային մասով, ըստ Ռալֆի նորացված քարտեզի, Իրանն է՝ փոքրացված մասով: Հարավ-արեւմուտքից ընդարձակված նոր Ադրբեջանը, որը ներառել է հին Ադրբեջանը, հայկական Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես այլեւս գոյություն չունեցող իրողություններ: Այժմ բացատրելի է Արցախյան հիմնախնդրի արեւմտյան ՙսառեցված հակամարտություն՚ հասկացողության 12-ամյա այս քաղաքական խաղերը: Բացատրելի է նաեւ առ այսօր Դաղստանում չդադարող գործընթացները, քանզի այն պետք է անջատվի Ռուսաստանից եւ, որպես անկախություն ձեռք բերած տարածք, ներառվի Կասպիի միացյալ պետության մեջ: Այս գործընթացին լրջորեն խանգարեց այն, որ Չեչնիան չհաջողվեց կտրել Ռուսաստանից: Հյուսիսային մասով մասնակից պետություն կլինի Ռուսաստանը, հյուսիսարեւելյան մասով՝ Ղազախստանը, իսկ հարավարեւելյան մասով` Թուրքմենստանը: Ենթադրվում է, որ Կասպիին հարող տարածք կտրամադրվի նաեւ Ուզբեկստանին:

Պարսից ծոցի երկրների համագործակցություն (Պարսից Ծոցի Միացյալ Նահանգներ)

Ըստ Ռալֆի քարտեզի, Կարմիր ծովի եւ Պարսից ծոցի հսկողությունը իրականացնելու են Կարմիրծովյան (V) եւ Պարսից ծոցի (IV) Միջինարեւելյան ընդհանուր պետության հսկողության տակ դրվող կառույցների երկրների միջոցով: Պարսից ծոցի հսկողությունը մի մասով իրականացվում է Միջինարեւելյան երկրների (Արաբ շիա նահանգի), մյուս կողմից` Միջերկրածովյանի մաս կազմող եւրո-ամերիկյան հսկողության Քուվեյթի, Քատարի, ՄԱԷ-ի եւ Օմանի կառույցի կողմից:

Պարսից ծոցի արտաքին հսկողությունը դրվում է Քուվեյթի, Քատարի, ԱՄԷ-ի եւ Օմանի վրա: Իսկ Կարմիր ծովի արեւմտյան եւ հյուսիսային մասերի հսկողությունը կկատարի այսպես կոչված Կարմիրծովյան համագործակցությունը՝ Եգիպտոսի, Սուդանի, Էրիտրայի եւ Եթովպիայի միջոցով:

Կարմիր ծովի երկրների համագործակցություն (Կարմիր Ծովյան Միացյալ Նահանգներ)

Կարմիրծովյանը հսկողություն է սահմանելու արեւելյան ափով Միջին արեւելյան նահանգներին պատկանող ընդարձակված Հորդանանի, Իսլամական Սուրբ Նահանգի, Սաուդյան Հայրենիքի եւ Եմենի կողմից: Արեւմտյան ափեզրով՝ Եգիպտոսի, Էրիտրայի կողմից, ինչպես եւ Սուդանից անջատվող ափամերձ եւ Սոմալիից անջատվող տարածքով: Կարծում ենք հարկ չկա բացատրել Սուդանում եւ Սոմալիում տեղի ունեցող արյունալի դեպքերի բուն պատճառները, սովը, համաճարակը, Դարֆուրի ցեղասպանության գործընթացն ու միջազգային խաղարարների միջնորդական ու բարեգործական առաքելություններն ու գործողությունները:

Աշխարհի ցամաքային միաբեւեռ ղեկավարման համակարգի ներկայիս ծրագրերը.

Ցամաքային ռեգիոնալ նահանգներից են 1. Եւրոմիությունը (Եւրոպայի միացյալ նահանգներ, վարչական կենտրոնը` Բրյուսել), 2. Նոր Միջին Արեւելքը (վարչական կենտրոնը` Բաղդադ` որպես քաղաք պետություն), 3. Միջին Ասիայի միացյալ նահանգները (վարչական կենտրոնի հարցը դեռ ճշտված չէ), 4. Աֆրիկյան Երկրամասը՝ որպես Մեծ ութնյակի շահերին համապատասխան բաժանվածության ամբողջական տարածք (վարչական տարածքներն ու կառավարման կենտրոնները կճշտվեն Մեծ ութնյակի կողմից՝ հետագա գագաթաժողովների ընթացքում), 5. Ճապոնական, Կորեական եւ Կամչատկայի կղզիների միությունը, 6+7. Հեռավոր Արեւելյան միացյալ պետությունը իր մեջ ներառնում է՝ 6. Կամչատկայի երկրամասն ու Չուկոտկայի տարածքը, 7. Ալյասկան:

Եւրոպական Միություն (Եւրոպայի Միացյալ Նահանգներ)

Առաջին շրջանակում Եւրոմիությունն է. սկիզբ է առնում է 1957-ից, ընդամենը որպես միջպետական եւրոպական հարաբերություններ: Բուն ծրագրային խնդիրը երեւաց 2005-ին, վերազգային կառավարման նոր պետության, գերտերության ստեղծման ջանքերով: Ասել է թե՝ 1985-ով ինքնալուծարման գնացած ԽՍՀՄ-ին փոխարինելու է գալիս Եւրոմիությունը: Մոսկվային` Բրյուսելը: Սոցիալիզմին` կապիտալիզմը, իսկ կոմունիզմին` գլոբալիզմը, առանց փոխելու իրենց բուն նշանակությունները:

Մասամբ արդեն իրագործվել է Եւրոպական Միություն (ԵՄ): Որպես նահանգներ` հետագայում պետք է ներառի չորս մասի բաժանվող Ռուսաստանի արեւմտյան՝ (եւրոպական կոչվող) մասը, եւ Ռուսաստանի ու Եւրոպայի միջեւ գտնվող բոլոր երկրները: Ընդ որում, Ուկրաինան ԵՄ-ին կմիանա մասնատվելուց՝ հարավը՝ Ղրիմի, Խերսոնի, Նիկոլաեւսկի եւ Օդեսայի մարզը Ուկրաինայից անջատելուց եւ ԵՄ-ին միացնելուց հետո միայն, նույնաբար Մոլդովան եւ Ռումինիան:

Միջին Արեւելքի Երկրների Միություն (Միջին Արեւելքի Միացյալ Նահանգներ)

Որպես Արեւմուտքի կողմից Միջին Արեւելքի նկատմամբ ծրագրված եւ հետեւողականորեն իրականացվող, այսպես կոչված աշխարհի գլոբալացման ընդհանուր ծրագրի բաղկացուցիչ մաս կից տրվող քարտեզների հետ միասին հանգամանորեն ներկայացրել ենք «Ուխտ Արարատի» թիվ 4 (10), 2006 թ. համարում «Մերձավոր Արեւելքի «դեմոկրատացման» նախագիծը միջազգային մեծ դավադրության ծրագիր» հոդվածում:

Միջին Ասիական Երկրների Միություն (Միջին Ասիական Միացյալ Նահանգներ)

Կարծում ենք ավելացնելու հարկ չկա, եթե ընդամենը հիշենք` 1986-ից առ այսօր այդ երկրներում դրսից եւ ներսից թելադրվող եւ իրականացվող հասարակական, քաղաքական եւ ռազմա-քաղաքական բոլոր գործընթացները` ըստ իրենց ժամանակային հաջորդականության եւ վերը ներկայացված տրամաբանության:

Աֆրիկյան Երկրամաս (Աֆրիկայի Միացյալ Նահանգներ)

Վերջերս Գերմանիայում Մեծ ութնյակի գագաթաժողովի օրակարգի աննախադեպ իրողությունը ութնյակի տերությունների հոգածությունն էր Աֆրիկայի նկատմամբ: Ակնհայտ էր, որ քննարկվել եւ համաձայնության է բերվել Աֆրիկա մայրցամաքը` իր բնական եւ մարդկային ռեսուրսներով, Մեծ ութնյակի երկրների միջեւ բաշխելու խնդիրը: Սա կմնար ընդամենը վերլուծություն – ենթադրություն, եթե շաբաթը ուրբաթից շուտ չգար. հուլիսի 1-ին Աֆրիկյան երկրների 9-րդ գագաթաժողովը առաջարկեց, Եւրոմիության օրինակով, Աֆրիկայի Միացյալ Նահանգներ՝ համաաֆրիկյան պետություն կառուցել: Առաջարկվեց նաեւ ստեղծել Աֆրիկայի Միացյալ Նահանգների զինուժ՝ 2 միլիոն թվակազմով: Սրանով ամեն ինչ ասված է:

Ճապոնական, Կորեական եւ Կամչատկայի կղզիների միություն

1950-ականների երկբեւեռության շրջանից ԱՄՆ-ի մշտառկա դիրքորոշմամբ Կորեան, որպես ՙչարության առանցքի երկիր՚, թիրախ է Արեւմուտքի համար, որ նպատակ ունի Ճապոնիայի հսկողության տակ դնել երկու՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեաները, ինչպես եւ դեռեւս հույսով` Ռուսաստանից անջատելիք Կուրիլյան կղզիները, որով, ըստ էության, փորձում են ստեղծել Ճապոնական եւ Ախոտի ծովերը հսկող ցամաքային ընդհանուր պետություն:

6+7. Հեռավոր Արեւելյան միացյալ պետությունը իր մեջ ներառնում է՝ 6. Կամչատկայի երկրամասն ու Չուկոտկայի տարածքը, 7. Ալյասկան:

Թարմացնելով անցյալ դարասկզբի մեր հիշողությունը, երբ 1919-22թթ. Սովետական Ռուսաստանի հեռավոր արեւելյան մի մեծ հատված անկախացել էր Ռուսաստանից, որպես Հեռավոր Արեւելյան Հանրապետություն, նաեւ հիշելով գորչաբով-ելցինյան շրջանում Հեռավոր Արեւելքում տեղի ունեցած սոցիալական, հասարակական հայտնի իրողությունների տրամաբանությունն ու ընթացքը, հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ Աշխարհի Միացյալ Նահանգների ծրագրային մոտեցման մեջ առանձնակի դեր պետք է ունենա Հեռավոր Արեւելյան Միացյալ Նահանգներ անվանումով պետության ստեղծումը Չուկոտկան եւ Կամչատկայի երկրամասը Ռուսաստանից անկախացնելու եւ ԱՄՆ-ից անկախացած Ալյասկային միանալու միջոցով: Այն բացարձակ հսկողություն կսահմանի Բերինգի նեղուցի եւ Չուկոտյան ու Բերինգյան ծովերի վրա, դառնալով կապող եւ անջատող օղակ եւրասիական եւ ամերիկյան մայրցամաքների միջեւ: Այս կերպ Ռուսաստանին դեռեւս, եթե դա իրոք այդպես է նախատեսված, թողնվելու է միայն հյուսիսային սառուցյալ ափերը:

Եզրակացություն

Աշխարհին տիրելու 2000-ամյա պատմության մեջ նախադեպը չունեցող այս ծրագիրը, որն ինչպես հայտնի է շուրջ վաթսուն տարի է ինչ դրվել է գործողության մեջ, ակնհայտ է, որ բերելու է համաշխարհային նոր աղետների: Հարց է ծագում, Երկրորդ աշխարհամարտի աղետի փորձից ելնելով ծնունդ առած Միավորված Ազգերի Կազմակերպությունը, որը ստեղծվել էր ոչ միայն աշխարհի հետպատերազմյան խնդիրները կարգավորելու, այլեւ համաշխարհային նոր տարատեսակ եւ տարաբնույթ ցնցումները կանխարգելելու, ինչո՞ւ չկարողացավ, համաձայն իր կանոնադրության եւ պատերազմներն ու ցեղասպանությունները կանխարգելող կոնվենցիաների, իր նշանակության բարձրակետում լինել: Ի՞նչ է, թերություննե՞ր կային կանոնադրության մեջ, թե՞ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, կամ միգուցե բավարար միջազգային իրավական հի՞մք չկար պատերազմի, ազգամիջյան հրահրումների, հակամարտությունների ու ցեղասպանությունների (էթնիկ զտումների) գործընթացները դեռեւս իրենց ծրագրման եւ քարոզչության շրջանում միջազգայնորեն արգելափակելու, իսկ մարդատյաց հանցագործներին, քարոզիչներին ու նրանց հովանավորներին մինչ աղետը պատասխանատվության կանչելու համար:

Սարսափելին ու աններելին միջազգային քաղաքական կյանքում այն է, որ նախկին ու ներկայիս որոշ տոտալիտար, հանցագործ երկրների դատարանների նման ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանը վերածվել է աշխարհին տիրելու գործընթացներին ընդդիմացող մարդկանց պատժող գործիքի: Ի՞նչ է, սա էլ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային դատարանի ստատուսին համապատասխա՞ն մի բան է: Ակնհայտ է, աշխարհին տիրելու վերջին այս փորձն արվում է գերտերությունների թելադրանքային միջնորդությամբ մարդկության եւ ազգերի առջեւ բարոյազրկելու ՄԱԿ-ը` այդ կերպ իմաստազրկելով նրա գործունեությունն ու գոյությունը: Չէ՞ որ Միացյալ Ազգերի Կազմակերպության սթափվելու պարագայում, երբ այն վերագտնի իր բուն առաքելությունը, ոչ միայն վերջ կդրվի Աշխարհի Միացյալ Նահանգներ ստեղծողների սին երազներին, այլեւ պատասխանատվության կկանչվեն 1940-ականների վերջերից Երկիր մոլորակի վրա առ այսօր բոլոր լոկալ եւ ոչ լոկալ պատերազմների, հակամարտությունների հրահրողները, կազմակերպողները, հովանավորներն ու իրագործողները:

Ո՞ւմ են պետք միջազգային, բազմազան, իբրեւ թե տնտեսական, ռազմա-քաղաքական նպատակներով կազմվող տարածքային պատկանելիության նորահայտ պետությունները, որոնք ներկայացվում են, որպես աշխարհի խաղաղ համակեցությունը մեկ կենտրոնից ղեկավարելու անհրաժեշտությունից մղված քայլեր, երբ հազարամյակների փորձից հայտնի է, որ մարդկությունը, որպես գլոբալ քաղաքակրթական մեկ ընդհանրություն, բնականից իսկ ինքնակարգավորվող եւ ինքնակառավարվող կառույց է:

Մարդկության խաղաղ համակեցության, քաղաքակրթական ընդհանուր անվտանգության միակ կառույցը, ըստ իր կանոնադրության, Միջազգային Ազգերի Կազմակերպությունն է:

Հայաստան

Ինչպես երեւում է ներկայացված քարտեզում նորաստեղծ եւ ստեղծվելիք ծովային եւ ցամաքային այս պետությունների բախումների կիզակետում գտնվող Հայաստանի տեղից ու դիրքից, նաեւ Ռալֆի քարտեզում եւ տեքստում էթնիկ զտումներով ներկայացվող մեր ներկա ու ապագա հեռանկարից, այսօրվա Արեւմուտքը բավարարված չէ անցյալ դարասկզբի իր կողմից հրահրված եւ իր հանցագործ գործիք հանդիսացող Թուրքիայի միջոցով իրականացված Հայերի ցեղասպանության արդյունքից: Եթե մեկ – երկու տասնամյակ առաջ դեռ քաղաքագիտական առումով վիճահարույց էր անցյալի 1918-23թթ. Արեւելյան Հայաստանում հայերի ցեղասպանությունը ավարտին բերելու հարցադրումը, ինչպես եւ ԽՍՀՄ ինքնափլուզման ծրագրում այն մաս դարձնելու խնդիրը, ապա առնվազն 2003-ից (չհիշատակելով անգամ 1988-2000թթ. ընկած բոլոր արեւմտյան եւ այլոց Հայաստանին եւ Արցախին ծնկի բերելու ջանքերը), ապա դրանից հետո Եւրոմիության, նրա տարբեր կառույցների ընդհանուր դեսանտի կողմից սահմանադրական – օրենսդրական ներխուժումների փաստացի իրողությունից կարելի է անվարան պնդել, որ այսօր եւս ծրագրում են ծնկի բերել Հայաստանն ու հայությունը: Հետո ինչ, որ սա թուրքի յաթաղան չէ, այլ իբրեւ թե ադրբեջանա-թուրքական ազգատյացության ու հայերի կողմից, իբրեւ թե՝ համաձայն երկրի սահմանադրության եւ օրենքների, իրենց երկրից հրաժարվելու միջազգայնորեն իրավական, հենց հայի ձեռքով հայի տունը ոչնչացնելու իրողություն: Ճչացող փաստ է, որ եւրո-դեսանտի՝ Վենետիկի, Ագոյի եւ մնացած խմբերը ամեն ինչ անում են, որ իրենք եւ իրենց կառույցները պատասխանատու չլինեն հայության հանդեպ սանձազերծված նոր հանցագործությունների համար:

Սակայն, սույն վերլուծականով տրվեց համաշխարհային մեծ վայրիվերումների ուրվագծվող պատկերը: Անհրաժեշտ նվազագույն վերլուծությունը կատարված է: Առանցքային ասելիքն` ասված: Բոլոր կասկածամիտներին, միջազգային առկա իրողությունը կեղծ արժեքներով ու ծուռ հայելիների միջոցով տեսնողներին մի խորհուրդ ունենք տալու. ժամանակագրական մեկ առանցքի վրա տեղադրել բոլոր նշված երկրների ու տարածաշրջանների առնվազն 1900-ից առ այսօր տեսած ու ապրած քաղաքական մեծ ու փոքր դեպքերն ու գործընթացները, իսկ դրանց տրամաբանությունը, կատարման հետեւողականությունը նայել` ըստ նշված ծրագրային ուղղվածության: Ինչպես մարդկության, այնպես էլ յուրաքանչյուր երկրի, ժողովրդի անցած եւ ապրած կյանքը, որպես կատարված փաստացի իրողություն, մեկն է: Ուստի, եւ մեկն է իսկությունը նկարագրող, պատմականորեն ամրագրված ճշմարտությունը, մնացյալը իմաստազուրկ է:

Մնում է ճշտել, թե որո՞նք են լինելու ավելի քան վտանգավոր այս իրողությունից՝ Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի լոկալ հակամարտություններն ու մարտահրավերները դիմագրավելու, լինելուն ու հարատեւելուն գնալու, աշխարհի բոլոր մեծ ու փոքր ժողովուրդների հետ խաղաղ ստեղծագործ ապրելու, Աստծո կողմից համայն մարդկությանն ու յուրաքանչյուր ազգին տրված քաղաքակրթական զարգացման ճանապարհն անցնելու, աշխարհի գլոբալ քաղաքակրթական զարգացման մեջ ուրույն հայեցի ներդրում կատարելու հարցադրումների պատասխանները:

———————–

 Ծանոթագրություն

  1. Տրոցկու հոդվածը տե՛ս «Ժիզն նացիոնալնոստեյ», 4 մարտի 1921թ., Մոսկվա, կամ «Ուխտ Արարատի», թիվ 2 (8), 2006թ.:

———————–

 

 

Աշխարհի միակենտրոն ընդհանուր ուժային ղեկավարման նոր կառույցի ծովային եւ ցամաքային մեխանիզմները

Քարտեզում ներկայացված է աշխարհի միակենտրոն ղեկավարման ռազմա-քաղաքական գլոբալ կառավարման համակարգի ստեղծման սկզբունքային պատկերը (միակենտրոնությունը պետք չէ շփոթել միաբեւեռության հետ, քանզի միաբեւեռ ասվածը ենթադրում է որոշակի գերտերություն` իր պետական համակարգով եւ պատասխանատու ղեկավար անձերով): Ըստ քարտեզի տրամաբանության, Եվրոպա, Ասիա եւ Աֆրիկա մայրցամաքների երկրներին ծնկի բերելու, դրսից միակենտրոն ղեկավարման թելադրանքին ենթակա պահելու համար, արդեն իսկ, անթաքույց փորձ է արվում ստեղծել միջազգային ղեկավարման (միեւնույն նպատակն իրագործող) ցամաքային եւ ծովային լիովին նոր տիպի կառույցներ: Ծովային յուրաքանչյուր առանձին կառույց, որպես առափնյա նոր ընդհանուր պետություն, ֆունկցիոնալ առումով, հսկում է բոլոր (ծովային եւ ցամաքային) երկրների ծովային մուտքերի եւ ելքերի վրա. ընդհուպ՝ թույլ տալու կամ արգելելու, միջնորդված իրավասության սկզբունքով: Ակնհայտ է, որ ծովային բոլոր կառույցները միասին, որպես միեւնույն տրամաբանության եւ մեկ ընդհանուր խնդիր իրագործող միակենտրոն ղեկավարման կառույց, փաստորեն, ծուղակն է գցելու այդ երեք երկրամասերի յուրաքանչյուր երկրի, հարկադրելով նրան, մասամբ կամ ամբողջապես, հրաժարվել ժողովրդավարության կառուցման եւ իրականացման չորս բնական հիմնասյուներից՝ ազատությունից, անկախությունից, ինքնիշխանությունից եւ մարդու իրավունքներից:

Ծովային մեխանիզմներ. I. Սեւծովյան առափնյա միացյալ պետություն (միաժամանակյա հսկողություն է իրականացնում եվրոպական ու Նոր Միջին Արեւելքի տարածքների երկրների եւ Ռուսաստանի նկատմամբ), II. Միջերկրածովյան առափնյա միացյալ պետություն (հսկողություն է իրականացնում Եվրոպա – Նոր Միջին Արեւելք – Աֆրիկա տարածքների երկրների նկատմամբ), III. Կասպիական առափնյա միացյալ պետություն (Կովկասի ու Միջինասիական երկրների եւ Ռուսաստանի նկատմամբ), IV. Պարսից ծոցի առափնյա միացյալ պետություն (ներառված լինելով Նոր Միջին Արեւելքի տարածքում, կրկնակի հսկողություն է իրականացնում Պարսից ծոցում), V. Կարմիրծովյան առափնյա միացյալ պետություն (նույն կերպ՝ կրկնակի հսկողություն է իրականացնում Կարմիր ծովում), VI. Հեռավոր Արեւելյան միացյալ պետություն (ներառելու է՝ Ռուսաստանից անկախացող Կամչատկայի երկրամասն ու Չուկոտկայի տարածքը, Արեւելքից՝ Ալյասկան: Հսկելու է Բերինգի նեղուցը, Բերինգի ու Չուկատկայի ծովերը):

Ցամաքային մեխանիզմներ. 1. Եվրոպական տարածաշրջանում Եվրոմիությունը (միությունը վերազգային կառավարման ընդհանուր պետության վերածելու առաջին անհաջող փորձը կատարվեց 2005-ին, 2007-ից սկսվել է «անհաջողությունը» հաղթահարելու, սահմանադրությունը` իբրեւ պայմանագիր պարտադրելու գործընթացը), 2. Ասիականում՝ Նոր Միջին Արեւելքը՝ ըստ Ռալֆի քարտեզի (եվրո-ամերիկյան ծրագիր), 3. նախկին ԽՍՀՄ-ի Միջին Ասիական երկրների տարածքը (ամերիկյան ծրագիր), 4. Աֆրիկյան տարածքն ամբողջությամբ (Մեծ ութնյակի ենթակայության եւ փոխադարձ համաձայնության ղեկավարման ծրագիր), 5. Ճապոնիան, Կորեան եւ Կամչատկայի կղզիները ներառող տարածքը (եվրո-ամերիկյան ծրագիր), 6+7. Հեռավոր Արեւելյան միացյալ պետություն. իր մեջ ներառում է՝ 6. Կամչատկայի երկրամասն ու Չուկոտկայի տարածքը, 7. Ալյասկան:

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)