Միացյալ Հայաստան. Ընտրություններն Արցախում արագացրել են գործընթացները

Արցախում ընտրությունների առաջին ու առավել կարեւոր եզրակացությունը, որը պետք է անել արդեն այսօր:

Մեկ նախադասությամբ՝ ներկա պայմաններում Միացյալ Հայաստանի ստեղծումը եւ փոքր Միացումի գործընթացն ավարտելն անայլընտրանք է դառնում հայկական պետականության համար: Մենք՝ որպես ժողովուրդ, երկընտրանքի առաջ ենք՝ կամ «Արցախի/Կարսի անկում» կամ էլ Միացյալ Հայաստան:

Կարճ ներկայացնենք այս թեզը. կառուցելով «Միացյալ Հայաստանի» շրջանակը որպես դաշնային պետություն եւ հայտարարելով հայկական պետականության անցումային շրջանի մասին, որի շրջանակում տեղի է ունենալու Միացումի ավարտին հասցնելը եւ արդեն Դաշնային Հայաստանի ստեղծումը, որն այս փուլում կունենա երկու սուբյեկտ՝ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ, ես ելնում եմ հայկական պետականության աճող հզորությունից: Միացյալ Հայաստանի ստեղծումը դիտարկվում է որպես հայկական պետականության ուժի եւ աճող հզորության գործողություն:

Սակայն ինձ համար տխուր եւ առեղծվածային կերպով, երկու հայկական պետությունների դե-յուրե միավորման գաղափարը՝ որպես ուժեղ հայկական պետականության առավել գրավիչ մոդել, դառնում է անայլընտրանք թույլի համար: Արցախում ոչ լեգիտիմի իշխանության պայմաններում հայկական պետականությունն ու ժողովուրդը պետք է մշակեն ու սկսեն անմիջապես ծավալել գաղափարական, ինքնիշխան, քաղաքական ու իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան ամրապնդել հայկական իշխանությունն Արցախում, լրացնել այն կառույցներով ու գործառույթներով, որոնք կբացառեն արտաքին ուժի կենտրոնների մուտքն Արցախ: Այդպիսի շրջանակ ու լուծում է դառնում Միացյալ Հայաստանը: Միացյալ Հայաստանը՝ որպես դաշնային պետություն, հայ ժողովրդի պատասխանն է ոչ միայն ուժին, այլ նաեւ թուլությանը, հայկական պետականության թուլացմանը:

Ամենայն պատասխանատվությամբ կարելի է պնդել, որ արցախահայության 90%-ը շատ թեթեւացած է ընդունելու Միացյալ Հայաստանի ստեղծումն ու փոքր Միացումի ավարտը: Այս պայմաններով Միացյալ Հայաստան ստեղծելու ջանքերի կենտրոնացման գլխավոր խնդիրն ու ֆոկուսը դառնում է Երեւանը, որն իր ձեռքում է կենտրոնացրել քաղաքական ողջ իշխանությունը եւ հայկական պետականության ճակատագրի համար պատասխանատվությունը: Միացյալ Հայաստան ստեղծելու Երեւանի որոշումը դեռ չի հանդիպի Արցախի իշխանության դիմադրությանը դրա թուլությունից ելնելով ու հնարավորություն կտա Երեւանի իշխանությանն ամրացնել իր խարխլված դիրքերը հայ ժողովրդի մոտ:

Երեւանում հայկական իշխանությունը հազվագյուտ հնարավորություն ունի սանձել վերահսկողությունից դուրս եկող գործընթացները եւ Արցախում իրադարձությունները մատուցել որպես «խորամանկ ծրագիր» Միացյալ Հայաստան կառուցելու համար: Ցույց տալով ադապտացիայի ու ճարպկության իր ունակությունը, նախաձեռնելով երկու հայկական պետությունների միավորման գործընթաց՝ Երեւանում իշխանությունը կարող է Արցախում բեսպրեդելից հետո հայ ժողովրդի մեջ կուտակվող բացասական էներգիան ուղղել կառուցողական հուն՝ հայկական պետականությունը բարձրացնելով նոր մակարդակ եւ առաջիկա բարդ ու տուրբուլետ ժամանակներում հասնելով որակական առավելության:

Կայունության կորստի ու քաոսի սահմանագծին իշխանությունն ու անգամ համազգային քաղաքական առաջնորդը հնարավորություն ունեն կամային որոշումով հայկական պետականության համակարգային զարգացման այլ ուղի ընտրել: Ընտրել Միացյալ Հայաստանը: Ինչպես համակարգային տեսությունը, այնպես էլ հայ ժողովրդի նորագույն քաղաքական պատմության պրակտիկան վկայում են նման լուծումների հնարավորության մասին: Հայոց պատմությունում հերոսի ու փրկչի տեղից մինչեւ ազգային շահերի դավաճանի տեղը բաժանում է ընդամենը մեկ որոշում՝ կամային:

Այսպիսով, ստեղծված իրավիճակում Երեւանում իշխանությունը պետք է դնի ոչ թե ՀՀ սահմանադրությունում փոփոխություն անելու, այլ արդեն Միացյալ Հայաստանի սահմանադրության մշակման հարցը, որը կընդունվի հանրաքվեով ոչ միայն ՀՀ, այլեւ Արցախի տարածքում: Եթե ես ելնում էի այն բանից, որ անհրաժեշտ է Արցախում ավարտել իշխանության փոխանցումը ու դնել Միացյալ Հայաստանի կառուցման հարցը 5-10 տարվա ընթացքում, ապա ստեղծված պայմաններում, ելնելով հայ ժողովրդի ու պետականության անվտանգության սպառնալիքներից, Արցախում իշխանության փոխանցման գործընթացն ու Միացյալ Հայաստանի կառուցումը կարելի է ու պետք է համատեղել, իրականացնել զուգահեռ եւ պատրաստվել իրագործմանը համավարակի ավարտից հետո: Մենք սպասելու ոչ ժամանակ, ոչ էլ հնարավորություն ունենք՝ հաշվի առնելով Արցախում թույլ ու ոչ լեգիտիմ իշխանությունը, որն անխուսափելիորեն ու շատ արագ կվերցվի ուժի արտաքին կենտրոնների կողմից:

Սկսվում է մրցարշավը: Ով ավելի արագ կյանքի կկոչի իր նպատակները՝ հայ ժողովուրդն ու պետականությունը՝ ստեղծելով Միացյալ Հայաստանը, թե ուժի արտաքին կենտրոնները, որոնք իրականություն են դարձնում Արցախի ու ՀՀ միջեւ անջրպետը՝ հայկական պետականության ու ժողովրդի համար աղետալի հետեւանքներով:

Մենք հնարավորություն ունենք մեկ ցատկով հաղթահարել անջրպետը եւ ստեղծել Միացյալ Հայաստան, կամ էլ այս օրերին տեղի ունեցողի հեղինակներն Արցախի անջատումը հայկական պետականությունից կհասցնեն տրամաբանական ավարտի՝ Արցախի ոչնչացմանը՝ դրանով իսկ փակելով հայոց պատմության վերջին էջը: 20-րդ դարի Մեծ Եղեռնը կարող է ավարտվել 21-րդ դարում՝ 2021-2023 թվականներին, Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի ու պետականության վերացման մասին ուժի կենտրոնների վերջնական որոշման մեկդարյա տարելիցին:

Արցախում ընտրություններն արագացրել են գործընթացները: Հայ ժողովրդի ու պետականության ներքին ժամանակը նորից սրընթաց գնում է, եւ պետք է որոշում կայացնել՝ մնում ենք պատմության մեջ, պատրաստ ենք հերթական քայլն ու թռիչքն անել անդունդների վրայով, կամ էլ ընտրում ենք պարտությունն ու հեռանում պատմությունից: Ընտրությունը Երեւանում հայկական իշխանությանն է, որը պետք է Միացյալ Հայաստանի իշխանության կերպափոխվի կամ էլ հրաժարվի Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի՝ պետականություն ունենալու սուվերեն իրավունքից:

Անկախ այն բանից, թե Երեւանում ով է իշխանության, 2020 թվականի ապրիլից մեկին կանգնած է այդ ընտրության առաջ: Դեռ հնարավորություն ունենք մի լավ ծիծաղել նրանց վրա, որոնք հայ ժողովրդին այդ ընտրությունն առաջարկել են հենց ապրիլի 1-ին: Ցույց տալ, որ հայ ժողովուրդը հումորի զգացում ունի, եւ մենք պատրաստ ենք ծիծաղել:

ՀՐԱՉՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

error

Enjoy this blog? Please spread the word :)