21-րդ դարը իրավունքի եւ օրինականության հաստատման դարաշրջան (Խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 1 (15), փետրվար – մարտ, 2008, էջ 1-7)

«Առաջավոր Ասիայի հետագա քաղաքակրթական հետադիմության համար ամենամեծ պատասխանատվությունը ընկնում է պարզապես Հռոմի վրա», Հակոբ Մանանդյան, «Տիգրան Բ. եւ Հռոմը», Արմֆանի հրտ., Երեւան, 1940, էջ 11:

«Եթե դուք Գերմանիայում որեւէ տեղ հարցնեք Հայաստանի մասին, ապա հիմնականում կտեսնեք շփոթված դեմքեր ու հազվադեպ կլսեք պատասխան. «Հայաստա՞նը, որը զանգ է հնչեցնում…», Վոլֆգանգ Կաշուբա, Ինքնության քաղաքականություն. Հայկական դեպք, Հայաստանը Եվրոպայի ճանապարհին, «Անտարես», Երեւան, 2005, էջ 104:

Վերապրելով 20-րդ դարի Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներն ու Հայոց եւ այլոց նկատմամբ իրականացված ցեղասպանությունը՝ դժվար չէ կռահել, թե ի¯նչ մեծ աղետի առաջ է կանգնած մարդկությունը նոր՝ աշխարհակործան պատերազմի նախաշեմին: Իրադարձությունների ծավալման ներկա բուռն ընթացքը լավատեսության իրական երաշխիքներ չի տալիս:

Պարզ է, որ բոլոր մեծ եւ փոքր պատերազմներից, ցեղասպանություններից եւ մարդկության դեմ գործած այլ հանցանքներից խուսափելու միակ ճանապարհը մնում է միջազգային իրավական նորմերով առաջնորդվելը, որոնք հստակ ձեւակերպված են ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներում, եւ ամրագրված են հռչակագրերով, կոնվենցիաներով: Այդ նորմերի կոպիտ խախտման եւ շահարկման պարագայում հայությունն իր գոյատեւման կենսունակությունը փաստագրել է բազմիցս, բայց խնդիրն այսօր արդեն վերաբերում է կործանման տարվող մարդկության ճակատագրին: Կկարողանա, արդյո՞ք, միջազգային հանրությունը վերակազմակերպվել, դիմակայել եւ վերջ դնել արդեն իսկ համայն մարդկության գոյությանը սպառնացող այս մեծ արհավիրքին, որը հետեւողականորեն գործադրվող դավադրության տպավորություն է թողնում:

-Երրորդ աշխարհամարտ. Դեռ 1990-95թթ. քաղաքագիտական վեճի առարկա էր համարվում հիվանդագին մտածողությամբ ձեւավորվող աշխարհի գլոբալ վերափոխման նպատակային գործընթացը, որին իր բարձրակետի փուլում պետք է նախորդի ՄԱԿ-ի չեզոքացմանը հաջորդող երրորդ աշխարհամարտը: 1990-ից առ այսօր գերտերությունների ու մի շարք երկրների վարած ներպետական ու արտաքին քաղաքականության բոլոր վերլուծությունները, սակայն արժեզրկվում են ԱՄՆ նախագահի թեկնածու ՄաքՔեյնի առաջարկների դիմաց, ըստ որի ՄԱԿ-ը պետք է փոխարինել Դեմոկրատիայի Լիգա կոչվող միջազգային նոր կառույցով, իսկ ՆԱՏՕ-ի մեջ պետք է ներառել Վրաստանը, Ուկրաինան, Կոսովոն: Ասել է թե կրկնվում է Երկրորդ աշխարհամարտի սցենարը: Պարզապես Բալկանների լարվածության թեժացմանը զուգահեռ, գործի են դրվում նաեւ Սեւծովյան, Կովկասի եւ Միջին Արեւելքի հակամարտությունները եւս բորբոքելու ծրագիրը: Դա կսկսվի ապրիլից ոչ շուտ, քանզի համաձայն Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հայտարարության՝ մարտ ամսին նախատեսվում է ավարտել Եվրոմիությունը գերտերության վերածելու գործընթացը: Այսինքն, բացահայտվում է 50 տարի շարունակ Ալան Դալեսի նախագծով իրականացված եվրոպական խաբված ժողովուրդների դանդաղեցված հեղափոխության բուն նպատակը` Եվրոպա տարածաշրջանը մեկ ընդհանուր գերտերության վերածելու խնդիրը, ծրագրողներին էլ հենց առաջնահերթորեն պետք է Երրորդ աշխարհամարտ հրահրելը, որպեսզի Կոսովոյում տեղակայված զինուժով զսպեն եվրոպական բոլոր այն ազգերին ու պետություններին, որոնք կփորձեն խոչընդոտել ծրագիրը եւ ընդդիմանալ եվրո-գերտերության վերազգային վարչակարգի կամքին:

Ինչ վերաբերում է Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի Միացյալ Նահանգներին եւ դրանք ստեղծելու համար հրահրվող հակամարտություններին, ռազմա-քաղաքական ու ահաբեկչական այլ գործընթացներին, ապա դրանց կարող եք ծանոթանալ մեր պարբերականի նախորդ համարներում (Տե՛ս, թիվ 10, 11, 12, 13):

Տվյալ իրադրությունում վտանգավոր ենք համարում այն, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո կարող է փոխվել ռուսական արտաքին քաղաքականությունը, որպես Արեւմուտքին շահեկան ինքնամեկուսացման տարբերակ (իբրեւ թե՝ «Մենք չենք խանգարում Ռուսաստանին, Ռուսաստանն էլ թող մեզ չխանգարի»): Սակայն ակնհայտ է, որ հակամարտությունների ծավալմանը զուգընթաց Ռուսաստանին, այդուհանդերձ, ներքաշելու են քաոսի մեջ: Այս անգամ Գերմանիայի փոխարեն վայրի գործիքի դերակատարությունը դրված է ԱՄՆ-ի վրա, որի քաղաքական վերնախավի վարած արտաքին քաղաքականությունը, ինչպես ակնհայտ է, ամենեւին էլ չի համապատասխանում ԱՄՆ պետության եւ ժողովրդի շահերին: Իսկ թե ինչպե՞ս է պատահում, որ այդքան հզոր պետությունը հեշտությամբ կառավարելի է դառնում այլոց կողմից, հասկանալի կլինի, եթե նայեք ԱՄՆ Սահմանադրությունը՝ նախագահին վերաբերող հոդվածները, բիլերը…

Աշխարհի շատ երկրներ, ակամայից իսկ, հակամարտությունների մեջ ներքաշելու հիմնական տեխնոլոգիան կրկին արհեստականորեն ստեղծվող համաշխարհային տնտեսական մեծ ճգնաժամն է, որը, փաստորեն, ընթացքի մեջ է դրվել 2008-ի հունվարի 17-18-ից: Դա նախ կհանգեցնի համաշխարհային տնտեսական մեծ քաոսի, իսկ հետո աշխարհամարտի, որի հետեւանքով առաջացած կորուստները հնարավորություն կտան, որպես փրկություն, արդեն իսկ բացահայտ ներկայացնելու համաշխարհային կառավարություն ստեղծելու մոլագար գաղափարը: Այսպես է ծրագրված, իսկ թե դրանից ի՞նչ դուրս կգա, ցույց կտա կյանքը…

-ՄԱԿ-ի լուծարման հարցադրումը նախորդ փորձի՝ Ազգերի Լիգայի օրինակով. Պատահական չէ, որ 1992-93թթ. առ այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը ընդամենը լրատվական դեր է կատարում, այն դեպքում, երբ առնվազն ավելի բարձր կարգավիճակ եւ լիազորություններ են պահանջվում՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմա-քաղաքական ակտիվությունը: Ըստ այդմ, կարելի է պնդել, որ ՄԱԿ-ը Հայաստանում իր իսկական առաքելությամբ հանդես չի գալիս. զբաղված է ծխել-չծխելու, ընտանիքի պլանավորման, կանանց ու երեխաների, կրոնական աղանդների ու մարդու եվրո-իրավունքների հարցերով: Իսկ ՄԱԿ-ի կառույցներից Համաշխարհային Բանկն էլ զբաղված է Հայաստանի կրթական համակարգը պլանավորված չարափոխելու խնդիրներով: Ասել է թե, ՀՀ քաղաքացիները, իրենց անմիջական փորձից ելնելով, չեն ընկալում ՄԱԿ-ը, որպես իրավական միջազգային լրջագույն կառույց: Փոխարենը` ՀՀ-ում շատ ակտիվ են Եվրոմիության եւ ԱՄՆ-ի պետական ու ոչ պետական մեծաքանակ կառույցներն ու գրասենյակները: Կրկին, ինչպես 1930-ական թթ. դրված է բոլոր` առաջադեմ, առողջ մտածողության ու միջազգային իրավական նորմերի վերացման հարցը: ՄԱԿ-ի միջազգային դատարանը կամակատար կառույցի վերածելու, դա իրավական առումով իմաստազրկելու խնդիրը: Ազգերի Լիգան չեզոքացնելու միջոցով հնարավոր եղավ սանձազերծել Երկրորդ աշխարհամարտը: Ուստի, Երրորդ աշխարհամարտի նախաշեմին լիովին հասկանալի են դառնում տրամաբանությունը այն քայլերի, որոնք 1995-ից ուղղված է ՄԱԿ-ի դերն ու նշանակությունը արժեզրկելու նպատակին: Օրինակ` ՄԱԿ-ի մերժումին հակառակ` ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ներխուժում են Իրաք: ՄԱԿ-ի ներկայացուցիչը հրաժարվում է Աֆղանստանում պաշտոնավարել: Այս ու այնտեղ պայթում են ՄԱԿ-ի առաքելություններն ու գրասենյակները: Եվ վերջապես, ավելի քան մտահոգիչ վերջին քայլերից մեկը՝ Կոսովոյի հարցում, կանոնադրությանը հակառակ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը փորձում է իր լիազորությունները զիջել Եվրոմիությանը:

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Կոսովո. Կոսովոյի անկախության ճանաչումը, իրոք որ, չի կարող օրինակ լինել Արցախի անկախության ճանաչման համար, քանզի դրանք հակոտնյա իրողություններ են (Տե՛ս, Ю.Г.Барсегов, Обязателъная сила права народов на самоопределение и средства его обеспечения, Москва, 1993, МГФА, 34 стр.): Արցախի խնդիրը միջազգային իրավունքի նորմերով կարգավորվող` բռնազավթումից ազատագրվելու օրինական խնդիր է: Կոսովոյում հակառակ պատկերն է. օտարերկրացիները՝ այսպես կոչված ալբանացիները, դեռ 1945-ից, կանխավ ծրագրված, խաղաղ էքսպանսիայի` ներխուժման միջոցով, տեղավորվել են Կոսովոյում, իսկ Հարավսլավիայի ուժային մասնատման հայտնի դեպքերի հոլովույթում՝ սերբերին բռնի դուրս քշել երկրամասից, դարձել այնտեղ մեծամասնություն. ի դեպ, հար ու նման 1921 թ․ Մոսկվայի պայմանագրի ձեռագրի, որն իրականացվեց հայկական Նախիջեւանի նկատմամբ եւ որը, սակայն, չհաջողվեց նույնությամբ իրականացնել Արցախի դեպքում: Այսինքն` Կոսովոյում դրված է միջազգային իրավունքը ոտնահարելու, տարածքներ զավթելու ու մասնատելու, այլ ոչ թե ազատագրելու խնդիր: Զուգահեռ ստիպում են ազգերին մոռանալ հայրենիք հասկացողությունը, փորձում են մարդկության հիշողությունից վերացնել ազգ, ընտանիք, հայրենիք սրբությունները: Բայց քանի որ հենց բնության օրենքների համաձայն ազգերը չեն կարող մոռանալ իրենց ինքնությունն ու լքել իրենց հայրենիքը, ուստի, միջոց են համարում բոլոր հին ազգերի ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյահոգեւոր ու քաղաքակրթական արժեքների ոչնչացումը:

-Բարոյական ցեղասպանություն. Մեջբերենք երկու օրինակ. 1. Եվրոպական երկրներում մի քանի տասնյակ քրիստոնեական եկեղեցիների աճուրդով վաճառքը, որն ավելի կործանարար է քան մարտնչող անաստվածությունը՝ աթեիզմը: 2. Եվրո-ծաղրանկարիչների ոտնձգությունները իսլամի սրբերի ու սրբությունների նկատմամբ, որով բացի ատելություն սերմանելուց, նաեւ բարոյազրկման են տանում քրիստոնյա եվրոպացիներին:

-Մշակութային ցեղասպանություն. Սա է մարդկության դեմ ուղղված 20-րդ դարի առաջին հանցագործության` 1915-23թթ. Հայոց ցեղասպանության քաղաքականության որդեգրման բուն նպատակը: Իրականացվում է մշակութային ցեղասպանություն բոլոր հին քաղաքակրթությունների, հին ազգերի մշակույթների նկատմամբ: Օրինակները շատ են եւ ամենուր: Հիշենք Աֆղանստանը, Բուդդայի արձանների ոչնչացումը եւ չգիտես ինչո՞ւ թալիբների ձեռքով, Բաղդադի ամբողջ հնագիտական հավաքածուների թալանն ու կողոպուտը, Նախիջեւանի հայկական խաչքարերի ոչնչացումը հենց Ադրբեջանի ռազմական կառույցների ներգրավմամբ, հայկական հուշարձանների ռմբակոծություններն ու ավերումները թուրքական բանակի կողմից, Կոսովոյում սերբական հուշարձանների ավերումն ու ոչնչացումը, Հարավային Կորեայի հոգեւոր կենտրոնատեղիի՝ Հարավային դարպասների, անհեթեթության հասնող հրկիզումը, չգիտես ինչո՞ւ եւ ո՞ւմ պատվերով: Նման դեպքերը շատ-շատ են, մանավանդ, վերջին 50 տարիների ընթացքում: Ծրագրված այս վանդալիզմի սկիզբը կա, նպատակն էլ է պարզ, որ որոշակիորեն արտահայտել է անգլիական հետախույզ Լոուրենս Արաբացին. «…ինչպես հայերն են, ինչպես բոլոր այն հին ազգերը, որոնց պետք է ոչնչացնել», սակայն վերջը չի երեւում: Այս ծրագրի մաս են կազմում նաեւ հին քաղաքակրթությունների, հին ազգերի պատմության նենգափոխումն ու խեղաթյուրումը:

-Միջազգային նոր վտանգներ եւ հանցագործ գործիքներ. Մարդկության վերջին երեք հազարամյա պատմության մեջ «Միջազգային ահաբեկչություն» կոչվածը իր ձեւով եւ ծավալով աննախադեպ հանցագործ երեւույթ է: Առանձնապես չի քննարկվում դրա առաջացման պատճառը: Իսկ կատարված գործողությունների բովանդակությունն ու նպատակներն էլ համոզիչ չեն: Այլ խնդիր է, թե ինչու են լռում երկրների ղեկավարները, քաղաքական գործիչները, քաղաքագետները, երբ հայտնի է այդ հանցագործ գործիքի ստեղծման բուն պատճառը: Պատճառն այն է, որ անգամ ամենաագրեսիվ արեւմտյան երկրների ժողովուրդները դեմ են բռնությանը ու չեն ուզում պատերազմել: Դա հստակ երեւաց Առաջին աշխարհամարտից հետո, երբ համաշխարհային արյան ու մահվան այդ խառնարանում ներառված երկրների ժողովուրդները այդպես էլ չհասկացան, թե ո՞վ, ո՞ւմ դեմ եւ ինչո՞ւ էր կռվում… եւ ինչի՞ համար էին այդ բոլոր կորուստներն ու ողբերգությունները: Երկրորդ աշխարհամարտը սանձազերծելիս, նախապես քաջատեղյակ, որ ժողովուրդները իրապես դեմ են նոր պատերազմին, ծնեցին ֆաշիզմը՝ այսպես կոչված նացիոնալ – սոցիալիզմը, որը, փաստորեն, հակադրեցին ինտերնացիոնալ – սոցիալիզմին. եւ համաշխարհային ստրկացումից խուսափելու համար էր, որ ժողովուրդները կռվեցին եւ հաղթեցին: Ինչ վերաբերում է ֆաշիզմի` եվրոպական երկրները զավթելուն եւ ստրկացնելուն, ապա դա էլ ծառայեցվեց ընդամենը եվրոպական ժողովուրդներին համոզելու, որ անհրաժեշտ է ստեղծել համաեվրոպական պետություն, գաղափար, որը հաջողվեց զարգացնել վերջին 40 տարիներին:

Այսօր իրողությունը այլ է: Նույն ճանապարհով ժողովուրդներին խաբել հնարավոր չէ: Ուստի, բանակների ու հատուկ ծառայությունների ողջ ներուժը, «Միջազգային ահաբեկչություն» անվան տակ, ուղղորդվեց հենց միայն բնակչության, ժողովրդային զանգվածների վրա, գրեթե բոլոր երկրներում: Ասել է թե, խաղաղ եւ ինքնուրույն ապրել կամեցող ժողովուրդներին պետք էր ցույց տալ, որ չնայած երկրի իրավապահ եւ ուժային կառույցների առկայության, նրանք լիովին անպաշտպան են անգամ իրենց տան մեջ, քանզի դա կարող է պայթել գազից կամ հրդեհվել, տրանսպորտում, որը նույնպես կարող է պայթել, կամ դրսում՝ հասարակական վայրերում, ծննդատանը, մանկապարտեզում եւ դպրոցում: Նման մարդատյաց դաժանություն իրավամբ մարդկությունը չէր տեսել: «Միջազգային ահաբեկչությունը» կազմակերպվում է աշխարհում «եղանակ ստեղծող» եւ մեծ միջոցներ տնօրինող որոշ հատուկ ծառայությունների միջոցով: Ցավոք, դրա իրագործմանը նպաստում են նաեւ մի շարք երկրների ինչ-ինչ իշխանավորներ ու հանցագործ տարրեր: Պատահական չէ, որ ելցինյան Ռուսաստանում բնակչության դեմ մոլեգնող ահաբեկչությունը կտրուկ նվազեց Պուտինի ղեկավարման շրջանում: Իսկ Եվրոպայում նա ի հայտ է գալիս այն երկրում, որի ղեկավարը կամ ժողովուրդը ինչ-որ հարցերում դեմ է Եվրոմիություն կոչվող ընդհանուր պետության ստեղծման գործընթացին: Ինչ վերաբերում է սեպտեմբեր 11-ին, ապա հենց ամերիկյան աղբյուրներից է հայտնի, որ բուն կազմակերպիչներին պետք է փնտրել երկրի հատուկ ծառայություններում: Հազարամյակներից եկող հայտնի ճշմարտություն է. ոչ մի հայրենասեր ու ազգային անհատ, ազգային – ազատագրական պայքարի կամ այլ խնդիրներից մեկնած չի կարող սպանել խաղաղ, անպաշտպան մարդկանց, առավել եւս կանանց ու երեխաների: Սրանք նոր տիպի՝ վարձու մարդասպաններ են, ոճրագործներ, որոնց նկատմամբ, ի դեպ, եվրոպական մարդու իրավունքները պահանջում են ներողամիտ լինել եւ մահապատիժ չկիրառել:

-Կլիմայական փոփոխություններ. Իհարկե այստեղ բնական գործընթաց էլ կա, կա նաեւ ջերմոցային էֆեկտ, ինչպես նաեւ բնության եւ մարդկության հրատապ խնդիրների նկատմամբ անհոգի ու անպատասխանատու վերաբերմունք: Սակայն կա նաեւ քաղաքական գործոնով պայմանավորված օդերեւութաբանական զենքի կիրառման հարց: Տարօրինակ չէ՞, որ աշխարհի ոչ մի վերլուծաբան չի անդրադառնում այդ զենքի կիրառման փաստերին, երբ դա ԱՄՆ-ն գործածել է դեռեւս Վիետնամի պատերազմում: Հիշենք նաեւ 1968թ. ԱՄՆ – ԽՍՀՄ պայմանագիրը օդերեւութաբանական եւ երկրաֆիզիկական զենքեր (արհեստածին եղանակներ, ցունամիներ, երկրաշարժներ) չկիրառելու մասին: Պարզ է, որ վերջին 40 տարիների ընթացքում դրանք ավելի են կատարելագործվել: Ինչո՞ւ է դա օգտագործվում նաեւ Եվրոպայում: Որովհետեւ Եվրոպան պետք է դառնա ընդհանուր պետություն՝ գերտերություն: Այդ զենքն է, որ օգնելու է եվրոպացիներին օրինակ՝ իսպանացիներին, պորտուգալացիներին, հույներին, գերմանացներին, նաեւ անգլիացիներին համոզելու, որ «բնական» աղետներին հնարավոր չէ միայնակ դիմակայել: Ստեղծվում է երաշտի շրջան, ապա հրդեհվում են անտառները կամ էլ գալիս է անձրեւների շրջանը, եւ բերքն է կորստի մատնվում, եւ կամ առաջանում են տվյալ տարածաշրջանին ոչ համապատասխան ձնաբքեր, սառնամանիքներ. արդյունքում, Եվրոմիությունը, որպես «բարի քեռի», օգնության է հասնում եւ համապատասխան քարոզչություն իրականացնում, թե միայն ընդհանուր պետության կազմում կարող ենք պաշտպանվել այդ ամենից: Մի բան ակնհայտ է, որ եթե մինչեւ ԽՍՀՄ փլուզումը այդ զենքին տիրապետում էին ԽՍՀՄ-ն ու ՆԱՏՕ-ն, ապա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դրա «մենաշնորհը» ՆԱՏՕ-ինն է: Ամենեւին տարօրինակ չէ, որ լրատվամիջոցները այնպիսի թյուր կարծիք են ստեղծում, թե նման զենքերի գոյությունը անհավանական է:

-Գլոբալացո՞ւմ, թե՞ համաշխարհային իշխանություն. Դեմոկրատական Լիգայի եւ համաշխարհային տիրապետման արդի այլ տեխնոլոգիաների, բաց սահմանների, համայնքներին ինքնիշխանություն տալու ծրագրերի միջոցով իրականացվելու է բնական ռեսուրսների շահագործումը: Ըստ 2007-ի սեպտեմբերի 17-ի ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի որոշ դրույթների, մոլորակի բնական հարստությունները փորձելու են կուտակել վերազգային, վերպետական կորպորացիաների ու կապիտալի ձեռքում: Այդ է հաստատում մեր ժողովրդի կողմից երկու անգամ մերժված ՀՀ Սահմանադրության եվրոնախագիծը, որտեղ ներկայացված է առաջիկայում կիրառվելիք քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ. սեփականության եւ ինքնիշխանության մեծ իրավունքներ են տրված համայնքներին` վերածելով նրանց պետական իշխանություններից տարանջատ, ինքնուրույն իշխանությունների:

Ի դեպ, պարոն Բուկիգոն՝ ԵՄ Վենետիկի հանձնաժողովի նախագահը, ոգեւորված, որ հաջողվեց անցկացնել ՀՀ Սահմանադրության նոր տարբերակը, այժմ էլ իր ծառայություններն է առաջարկում ԼՂՀ-ի հիմնահարցի «իրավական» կարգավորմանը…

-ԱՄՆ-ի անփառունակ վախճանը, որպես գերտերություն. Առաջին փորձը կա. 1929թ. տնտեսական լավ մշակված արհեստական ճգնաժամը: Նույն գործընթացը ընթացքի մեջ է դրված: Չնայած Ֆրանկլին Ռուզվելտի ԱՄՆ-ն փրկելու պատմական հաջողված փորձին, ենթադրում են, որ ԱՄՆ-ի համար հետքայլի հնարավորություն այլեւս չկա: Մինչ այդ նրանք պետք է հրահրեն պատերազմել Իրանի հետ, ակնկալելով, որ դա շղթայական հակամարտություններ կծավալի ամբողջ Մերձավոր Արեւելքում, ըստ Ռալֆ Պիտերսի քարտեզի, որտեղ ԱՄՆ-ին մեծապես պետք է աջակցի Թուրքիան, որից հետո ակնհայտ է, որ Թուրքիան կմնա անօգնական, երբ Ամերիկան գերտերություն չի լինի, ուստի, ուզի թե չուզի, ենթարկվելու է Եվրոմիություն կոչվող գերտերության թելադրանքներին: Ուշագրավ է, որ անցյալ տարի, երբ Սարկոզին հայտարարեց Միջերկրածովյան ընդհանուր պետության ստեղծման մասին՝ Գերմանիան իր նախկին դիրքորոշումը փոխեց եւ համաձայնեց, որ Թուրքիան չանդամակցի Եվրոմիությանը, այլ, որպես ասիական երկիր, ներգրավվի Միջերկրածովյան ընդհանուր պետության կազմում: Եվրոմիության բուն իշխանությունը հիմա տանում է Գերմանիան տնտեսապես կախվածության մեջ գցելու քաղաքականություն, հիշելով նախկին փորձը, որպեսզի նա լինի դյուրին կառավարելի, առանց սեփական նախաձեռնությունների եւ հավակնությունների: Այնպես որ ֆիննական «Նոկիայի» Ռումինիա տեղափոխելը երկու խնդիր է լուծում. մի կողմից` ճնշել գերմանական հավակնությունները, մյուս կողմից` ցույց տալ Ռումինիային, որ նա պետք է ապավինի միայն Եվրոմիությանը եւ չըմբոստանա իր սեւծովյան առափնյա մասը անջատելու խնդրում: Բուլղարիային հատուկ շահագրգռելու կարիք չկա, քանի որ այդ երկրի խորհրդարանի 30 տոկոսը թուրքեր են, եւ իրենք այդ խնդիրը հաճույքով կլուծեն առանց ավելորդ ծախսերի ու խոստումների: Օրեր առաջ պարզվեց, որ Հունաստանի թեթեւ արդյունաբերությունը տեղափոխվում է Բուլղարիա, ըստ երեւույթին, Հունաստանը թուլացնելու, ծնկի բերելու համար:

Առաջին հայացքից է միայն տարօրինակ, որ Եվրոմիության բոլոր երկրները դարձան Շենգենյան գոտու անդամներ՝ բացառությամբ Բուլղարիայի եւ Ռումինիայի: Իրականում դա նշանակում է, որ առաջիկայում այդ երկրներում պետք է սպասել ներքին անջատողական գործընթացներ, որոնց հետեւանքում դրանց ծովափնյա մասերը կանջատվեն այդ երկրներից եւ կմիանան Սեւծովյան ընդհանուր պետությանը: Դա նախատեսել են իրականացնել Ղրիմի եւ Օդեսայի մարզերը Ուկրաինայից անջատելուց հետո միայն, գուցե զուգընթաց (դրանով է բացատրելի վերջին տարիներին Յուլիա Տիմոշենկոյի անտրամաբանական թվացող վարքագիծը): Դրա համար է կարեւոր, որ Վրաստանն ու Ուկրաինան, Կոսովոյի հետ միասին, դառնան ՆԱՏՕ-ի անդամ, որպեսզի Սեւծովյան ընդհանուր պետության ստեղծումը լրիվ ուղղորդվի, հսկվի ՆԱՏՕ-ի կողմից:

-Քաղաքակա՞ն, թե՞ իրավական լուծումներ ներպետական եւ միջազգային խնդիրներին. Իրավունքը մշտապես խաթարվել է քաղաքական լուծումներ հանդիսացող այլանդակությունների կիրառման հետեւանքով. թե՛ միջազգային, թե՛ ներպետական խնդիրներում: 20-րդ դարը դարձավ մարդկության պատմության ամենադաժան ու արյունալի դարը, քանզի թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ աշխարհամարտերից հետո Ազգերի Լիգայի եւ ՄԱԿ-ի ամրագրած միջազգային իրավական լուծումները արհամարհվեցին. նախապատվությունը տրվեց, այսպես կոչված, քաղաքական լուծումներին: Իսկ քաղաքական լուծում ասվածը, ըստ էության, գերտերության կամ գերտերությունների ուժի դիրքերից այլ երկրներին իրենց կամքը թելադրելու, պարտադրելու իրողություններ էին: Եթե Առաջին աշխարհամարտից առաջ միջազգային հանրությունը արգելում էր քիմիական զենքի գործածումը, ապա պարզվեց, որ նա այնուամենայնիվ գործածվեց այդ պատերազմում: Կանխարգելելու համար հետագա պատերազմները, ստեղծվեցին մի շարք միջազգային իրավական նոր նորմեր, օրենքներ, սկզբունքներ, որոնք բնականաբար իրագործվելու էին հենց Ազգերի Լիգայի գործունեության միջոցով: Դրանք գործեցին այնքան, քանի դեռ վերականգվում էին հաղթած եւ պարտված երկրները: 1930-ականներին արդեն, երբ խնդիր դրվեց նոր աշխարհամարտի հրահրման, դրան կողմնակից գերտերություններն ու իրենց ազդեցության տակ գտնվող փոքր երկրները անգործության մատնեցին թե՛ Ազգերի Լիգան, թե՛ միջազգային իրավունքը: Նույնը կատարվեց եւ Երկրորդ աշխարհամարտից առնվազն մի հինգ-տասը տարի հետո: Այդ գործընթացը մեծ թափ ստացավ 1995 թ. ԽՍՀՄ-ի եւ Խորհրդային ճամբարի ինքնափլուզման փաստով, որի ընթացքում, առաջին հերթին, ոտնահարվեցին բոլոր այդ երկրների ժողովուրդների իրավունքները, խախտվեցին նրանց նկատմամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի բոլոր դրույթները, իսկ միջազգային քաղաքականություն ասվածը իրավականից տեղափոխվեց, այսպես կոչված, կամային – քաղաքական լուծումների դաշտ: Վերջին տասը տարիներին ՄԱԿ-ի շարունակական հեղինակազրկման հետեւանքոում, այսօր արդեն, անամոթաբար դրվում է ՄԱԿ-ը լուծարելու խնդիրը: Հարց է ծագում. այդ տերությունների, այսպես կոչված, քաղաքական կամք ցուցաբերող գործիչների համար ի՞նչ է, քի՞չ է թվում մեկ հարյուրամյակ ձգվող համամարդկային ողբերգությունը, երբ արդեն նորովի, օրեցօր հրահրում են երրորդ աշխարհամարտ:

Ասել, թե դա անշրջելի գործընթաց է եւ կանգնեցնել չարիքը անհնար է, սխալ է: Դեռ ուշ չէ, հնարավոր է կանխարգելել, միայն թե պետք է, որ առնվազն առաջադեմ երկրների մեծ մասը, հենվելով իրենց ժողովուրդների համահավաք կամքի վրա, պաշտպան կանգնի ՄԱԿ-ին եւ կանխի նրա հեղինակազրկման ու լուծարման նկրտումները: Նաեւ ՄԱԿ-ը առաջնորդվի իրավամբ համամարդկային բնական գործընթացները կարգավորելու ունակ ու հզոր կառույց դարձնելու ճանապարհով: Ինչպես նաեւ, անկախ պետության ռազմաքաղաքական հզորությունից եւ ագրեսիվությունից, հենց ՄԱԿ-ում պատասխանատվության կանչվի պատերազմի քարոզչությամբ ու պատրաստությամբ զբաղված քաղաքական, պետական, հասարակական յուրաքանչյուր գործիչ: Որ հետո Երկրորդ աշխարհամարտի օրինակով չլինի պատերազմի հանցագործներին ողբերգությունից հետո ուշացած պատասխանատվության ենթարկելու ու դատապարտելու նոր Նյուրնբերգ: (Տե՛ս, էջ 15, «Սերբիան դատի կտա Կոսովոն ճանաչած երկրներին»)

Վստահաբար ոչ մի երկրի ժողովուրդ, առավել եւս ԱՄՆ-ի, ինքը չի ուզում պատերազմել, չի ուզում անգամ, որ ուրիշ երկրներ պատերազմեն: Չասելու համար, որ Երկիր մոլորակի վեց միլիարդանոց բնակչության մեջ պատերազմի քարոզիչների ու հրձիգների թիվը անգամ մեկ հազարերորդական տոկոս չի կազմում: Հարց է ծագում՝ այս անգամ էլ միջազգային հանրությունը, իր միջազգային կառույցով հանդերձ, թույլ է տալու մի քանի հանցագործների մարդկությանը նետել համաշխարհային քաոսի, աղետի, ողբերգության մեջ…

-Եվրոմիություն գերտերության եւ ԱՄՆ-ի հնարավոր հակամարտությունը. 1947 թվականից Ալան Դալեսի հայտնի ծրագրով՝ եվրոպական երկրների ժողովուրդներին խաբելուց, ապակողմնորոշելուց եւ մի լավ մշակելուց հետո, այսօր արդեն բացահայտ դրվում է Եվրոմիությունը տարածաշրջանային համագործակցության միջազգային կառույցից գերտերության վերածելու խնդիրը: Ասել է թե նախկին ԽՍՀՄ – ԱՄՆ երկու բեւեռների վերադասավորման միջոցով ստեղծվում է մի նոր բեւեռ՝ գերտերություն, առանց իսկ հարցնելու Եվրոպայի ժողովուրդների կամքը, իսկ նրանք ուզո՞ւմ են, թե՞ ոչ… Չեն հարցնում, քանզի գիտեն, որ առնվազն ֆրանսիացիներն ու հոլանդացիները հանրաքվեով արդեն իսկ մերժել են դա: Ճիշտ են ասում, որ այս ամենը կոչվում է ժողովրդավարության «եվրոչափանիշներ», քանզի նրանք ոչ մի աղերս չունեն իրական, բնական ժողովրդավարության հետ:

Միթե Ժողովրդավարության «եվրոչափանիշների» կամ գերտերության ղեկավարի առաջիկա դիրքերից չէ՞ր, որ Թերի Դեւիսը ամիսներ առաջ ՀՀ իշխանությունների ու ժողովրդի նկատմամբ ակնհայտ վերամբարձ տոնով, մի կողմ շպրտելով դիվանագիտական վարքը, անտեղի ու անհարգալից համեմատություն անելով, քաղաքական ու իրավական ոչ ճշգրիտ ձեւակերպումներ թույլ տվեց Արցախի պետության ու ժողովրդի հանդեպ: Մեծ հարց է ծագում, արդյո՞ք Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյան լավ ծանոթ չէ միջազգային իրավունքին, եթե այո, ուրեմն, չի՛ համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին: Իսկ եթե ծանոթ է, բայց արհամարհում է միջազգային իրավական նորմերը, ուրեմն, չի՛ համապատասխանում ժողովրդավարության եվրոպական իրական չափանիշներին, եթե այդպիսիք կան: Ի դեպ, ՀՀ իշխանությունները փորձեցին չնկատելու տալ փաստը, սակայն, չենք կարծում, թե մեր ժողովուրդը կամ անողոք սլացող ժամանակը մոռացության կմատնի Թերի Դեւիսի խոսքը (Տե՛ս, էջ 16, «ԵԽԽՎ Գլխավոր Քարտուղար Թերի Դեւիսի այցը Հայաստան»):

Սակայն, վերադառնանք մեր նյութին: Ակնկալվում էր եվրո-գերտերության հիմնադիր փաստաթուղթն ունենալ սույն թվականի մարտ ամսին: Դրանով պայմանավորված Եվրոպան աշխատում էր Կոսովոյի անկախության հռչակումը հետաձգել մինչեւ մայիս ամիսը: Այդ հարցում շտապեց ԱՄՆ-ն եւ, փաստորեն, երկու մասի բաժանեց ԵՄ-ն՝ վտանգելով նաեւ ԵՄ Սահմանադրության ընդունումն ու վերազգային իշխանությունների ձեւավորումը: Այս փաստը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն այլեւս հրաժարվում է ԵՄ-ին զիջել համաշխարհային գերտերության իր դիրքերը:

-Կոնգո, Կոսովո, Կովկաս. Կոսովոյի վերջին ամիսների զարգացումները իրական լույս սփռեցին Ռալֆ Պիտերսի հոդվածի առեղծվածային թվացող մի հատվածի վրա. «Իսկ բոլոր նրանք, ովքեր մերժում են պատկերացնել աներեւակայելին՝ հայտարարելով, թե սահմանները վերջնական են եւ անփոփոխ, արժե հիշեցնել, որ սահմանները երբեք էլ ստատիկ, կայուն չեն եղել: Դարերի ընթացքում փոխվել են եւ հիմա էլ են փոխվում (Կոնգոյից սկսած մինչեւ Կոսովո եւ Կովկաս)»: Առաջին հայացքից անհասկանալի է այս երեք տարածքների միասին հիշատակումը: Սակայն եկեք հիշենք, որ վերջերս արդեն բաց տեքստով է ասվում, որ Կոսովոն լինելու է Եվրոպայի Միացյալ Նահանգներ ընդհանուր պետության ռազմական – ոստիկանական ուժերի կուտակման կենտրոնակայանը, կախվածություն չունենալով եվրոպական երկրներից, որի հիմնական դերը լինելու է ոստիկանական ուժային գործողությունների իրականացումը ԵՄ-ի վերազգային իշխանություններին հակադրվող եվրոպական որեւէ երկրի նկատմամբ: Ստացվում է, որ նմանատիպ խնդիրների իրականացման դեր ու նշանակություն է տրված Կոնգոյին՝ Կենտրոնական Աֆրիկայում, Աֆրիկայի Միացյալ Նահանգների երկրների նկատմամբ: Ինչ վերաբերում է Կովկասին, ապա նա հսկողություն է սահմանելու քաղաքակրթությունների հայկական խաչմերուկում եւ հսկողություն է սահմանելու միջերկածովյան, սեւծովյան, կասպիական միությունների նկատմամբ, նաեւ համակարգելու է ԱՄՆ-ի, ԵՄ-ի քաղաքականությունը այս տարածաշրջանների նկատմամբ: Հենց դրանով են պայմանավորված տարածաշրջանի երկրներից, հատկապես Հայաստանից ու Վրաստանից, հայերի ու վրացիների արտագաղթի ուժգնացման գործընթացները: Քանզի բնիկ ժողովուրդները կխանգարեն իրենց երկրներում ռազմական – ոստիկանական կայանների տեղակայմանը: Իսկ արտագաղթի ուժգնացմանը նպաստում են արդյունաբերության ոչնչացումը, գիտության ու կրթության փոշիացումը: Ինչ վերաբերում ՆԱՏՕ-ի ռազմակայանը սպասարկողներին, ապա այստեղ այդ դերը հավանաբար վերապահվելու է քրդերին:

-Պաղեստինա -իսրայելյան հակամարտության բուն պատճառը. Արդեն մի քանի տասնամյակ է ինչ պաղեստինցիների եւ իսրայելցիների համար իրար սպանելը դարձել է առօրյա իրողություն: Հարց է ծագում, արդյո՞ք չհոգնեցին, ո՞րն է այս ոչ բնական կենսաձեւով ապրելու բուն պատճառը: Պաղեստինա – իսրայելյան հակամարտությունը պայմանավորված է մեկ հանգամանքով. չեն ուզում, որ Պաղեստինը ելք ունենա դեպի ծով, քանզի դա չի համապատասխանում Միջերկրածովյան ընդհանուր պետության ստեղծման ծրագրին, որտեղ Իսրայելը պետք է լինի առանց Պաղեստինի: Կասկած չկա, որ Իսրայելը հաճույքով կհամաձայնի նույնիսկ Պաղեստինի անկախ պետության ստեղծմանը, եթե Գազայի հատվածի բոլոր պաղեստինցիները տեղափոխվեն երկրի խորքը: Ըստ վերջերս Կիպրոսի հունական մասի ընտրություններին մասնակցած եվրո-դեսանտի տվյալների՝ առաջիկա ամիսների ընթացքում, Սարկոզին նախաձեռնելու է Միջերկրածովյան ընդհանուր պետության ստեղծման գործընթացը, որին մաս կկազմի Եվրոմիությունից դուրս մնացած, այսպես կոչված, Կիպրոսի Հյուսիսային Թուրքական Հանրապետությունը: Նույն տրամաբանությամբ էր, որ Լիբանանի հյուսիսում ծովին մոտ գտնվող պաղեստինյան ճամբարը քարուքանդ արվեց, քանզի նա նույնպես, ըստ Ռալֆ Պիտերսի քարտեզի, պետք է միանա Միջերկրածովյան ընդհանուր պետությանը:

-Ժողովրդավարությո՞ւն, թե՞ նեոստրկատիրություն. Արդեն 20 տարի է առօրյա շրջանառությունից դուրս չեն գալիս «եվրոպական արժեքներ», «արեւմտյան ժողովրդավարություն» բառակապակցությունները: Ոչ պակաս հաճախակի հեռուստաֆիլմերով ցույց են տալիս Հռոմեական կայսրությունը, իբրեւ քաղաքակրթության տարածման ժողովրդավարության օրրան: Շրջանցվում է այն, որ անտիկ շրջանի Հռոմեական կայսրության ժողովրդավարություն ասվածը ստրկատիրական պետության իշխանությունը ընտրություններով ձեւավորելու միջոց էր, որը ոչ մի կապ չունի բնականոն ժողովրդավարության հետ: Որպես արեւմտյան ժողովրդավարության օրինակներ նշվում են ԱՄՆ-ի եւ ՄԵծ Բրիտանիայի սահմանադրությունները, բայց արժե հիշել, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Մեծ Բրիտանիան պաշտոնապես ստրկատիրությունից հրաժարվեցին 1860-65թթ. միայն: Անգամ դպրոցականի քաղաքագիտական մակարդակով կարելի է բացահայտել, որ ժողովրդավարության արեւմտյան մոդելները, ըստ էության, ստրկատիրական ժողովրդավարական պետությունների մոդելներ են՝ համապատասխան հեռահար նպատակներով, ձգտումներով, ակնկալիքներով:

-Եվրոինտեգրո՞ւմ, թե՞ Եվրոպա նոր տերության գերիշխանություն. 2001 թվականից ՀՀ-ն պաշտոնապես ստանձնել է պարտավորություններ, այսպես կոչված, եվրոինտեգրման քաղաքական կուրս անվան տակ: 2005-ի անհաջող փորձից հետո արդեն վիճահարույց չէր, որ Եվրոպական Երկրների Միություն կոչված տարածաշրջանային միջազգային կառույցը բացահայտել է իր բուն խնդիրը եւ, ըստ վերջին հավաստիացումների, առաջիկա մեկ-երկու ամսում, անգամ եվրոպական երկրների ժողովուրդների կամքին հակառակ, վերածվելու է վերազգային կառավարման գերտերության: Հարց է ծագում, հիմա ինչպես վարվել. շարունակե՞լ ինքնախաբեությունը եւ շարունակե՞լ ենթարկվել գերտերության գերիշխանությանը, թե՞ վերադառնալ միջազգային հանրություն, որպես ինքնուրույն արտաքին ու ներքին քաղաքականություն վարող ազատ, անկախ եւ ինքնիշխան երկիր…

-Ինչո՞ւ միջազգային դատարանը դեռեւս չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը. Այն որ 1921-ից մինչեւ 1988-ի գարունը Սովետական Հայաստանի ժողովուրդը իրավունք չուներ պետական մակարդակով միջազգային դատարանում բարձրացնելու ցեղասպանությունը դատապարտելու հարցը` բացատրելի է հայտնի պատճառներով, ցավոք, սակայն անուշադրության է մատնվել այն, որ 1986-ից սկսած արեւմտյան քաղաքականությունը նույնպես ամեն ինչ արեց, որ պաշտոնական Հայաստանը ցեղասպանության հարցով ՄԱԿ եւ Հաագայի դատարան չդիմի: Մոռացության է մատնված եւ այն, որ դեռ 1986-ին ԽՄԿԿ Կենտկոմի պատվերով Հայաստանի գրողների միության նախագահը գիրք գրեց ցեղասպանությունը ներելու, անցյալով չապրելու մասին, որը, ի դեպ, զուգահեռ թարգմանվեց հենց սերբերեն: Ինչո՞ւ գրվեց, հայտնի եղավ 1988-ի փետրվարից հետո, իսկ թե ինչո՞ւ սերբերեն թարգմանվեց, հայտնի դարձավ Հարավսլավիայի կազմալուծման եւ Կոսովոյի ողբերգական դեպքերից հետո: Ակնկալվում էր, որ սերբերին էլ պետք է բացատրել, որ եթե հայերը այդօրինակ ցեղասպանություն են ապրել եւ բարեկամանում են թուրքերի հետ, ապա սերբերը պետք է, որ հանդուրժեն իրենց տարածքների զիջումը թուրքերին: Այնուհանդերձ, Մոսկվան ու Արեւմուտքը, ինչպես նաեւ հայաստանյան շարժման ղեկավարությունը չկարողացան 1988-ի նոյեմբերի 22-ին կասեցնել Սովետական Հայաստանի Գերագույն Խորհրդի` ցեղասպանությունը դատապարտող օրենքի ընդունման համաժողովրդական պահանջը: Այլ խնդիր է, որ նրանց հաջողվեց հարցի ՄԱԿ ու Հաագայի դատարան տանելը կասեցնել մինչեւ ԽՍՀՄ փլուզումը: Դրանից հետո կանխարգելողի դերը ստանձնեց Արեւմուտքը:

Քանի դեռ ՀՀ իշխանությունները, լսելով այլոց, մեղմ ասած, հորդորները, չեն դիմել միջազգային դատարան, դրանով իսկ ճանապարհ են հարթում առաջիկայում ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի մի շարք այլ երկրներում ցեղասպանությունը նույն վայրագությամբ կրկնելու փորձերին: Ստացվում է, որ դրանով նպաստում են մարդատյաց, ռազմատենչ ուժերին, որոնց համար խիստ կարեւոր է լինելու երրորդ աշխարհամարտի անվան տակ անպատիժ իրականացնելու մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործություններ: Պատահական չէ, որ եվրո-կոմիսարները թելադրական հորդորներով ՀՀ իշխանություններից պահանջում են բացել Թուրքիայի հետ սահմանը ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել, առանց հաշվի առնելու, թե ի՞նչ սահման է բացվում եւ ի՞նչ երկրների միջեւ: Ի դեպ, ՀՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները բարձրաձայնում են այդ հրահանգը կատարելու իրենց պատրաստակամությունը, առանց դույզն իսկ խորհելու, որ իրենց դրդում են մարդկության դեմ հանցագործության մեղսակից դառնալ: Քանի դեռ հանցագործը պատժված չէ, նրա հետ «բարիդրացիական հարաբերությունների» ստեղծումը, ըստ էության, ցեղասպանության բացահայտ քարոզչություն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավական նորմերի (Տե՛ս, էջ 7 եւ էջ 32, «Անկարայում դատավարություն է սկսվել թուրք գրողի նկատմամբ» եւ «Հրեա ցեղասպանագետների վրդովմունքը…»):

-Հայ-թուրքական հարաբերություններին քաղաքական լուծումներ տալու խնդրի շուրջ. Վերջին տարիներին բարձր ակտիվությամբ, Աստծո ամեն օր, տարին 365 օր, Հայաստան մուտք ու ելք անող եվրո-կոմիսարներն ու էմիսարները` մեր իշխանավորների շնչին նստած, բոլոր միջազգային իրավական լուծում պահանջող խնդիրներին առաջարկում ու պարտադրում են հենց միայն քաղաքական լուծումներ: ՀՀ ԱԺ-ում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված քննարկումներին մասնակից Պիտեր Սեմնեբին, անշուշտ, շատ լավ գիտի, որ հարցն ամբողջությամբ գտնվում է միջազգային իրավական դաշտում, առնվազն՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին>> (1948), «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» (1968), «Միջոցներ, որոնք պետք է ընդունվեն նոր պատերազմի քարոզչության եւ հրահրողների դեմ» (1947) ՄԱԿ-ի կոնվենցիաներով: Այսինքն, միջազգային իրավական տեսանկյունից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ենթադրում է.

  1. Համաձայն ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին» կոնվենցիայի՝ 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը իրականացրած երկրի ու նրա իրավահաջորդի՝ Թուրքիայի, դատապարտում ՄԱԿ-ի Հաագայի դատարանում: Այստեղ տեղին է հիշեցնել Գարեգին Նժդեհի խոսքը. «Թուրքին մեկ հանցանք ներել՝ նշանակում է եւս երկուսը արտոնել»:

  2. Համաձայն նույն կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի կանոնադրության՝ ցեղասպանության հետեւանքների վերացում, որ նշանակում է. բռնազավթված տարածքների ազատում, հայության անվտանգ հայրենադարձի ապահովում, վնասների հատուցում:

  3. Երբ Հայաստանի Հանրապետությունը լրիվ կարգավորված ռիթմով ապրող երկիր կդառնա, հնարավոր կլինի դիվանագիտական հարաբերությունների հաստատում ՀՀ-ի եւ ԹՀ-ի միջեւ:

Ասել, թե Պիտեր Սեմնեբին այս ամենը չգիտի, մեղմ ասած, սուտ կլինի, սակայն նա իր ելույթներում հորդորում էր ՀՀ իշխանություններին հարաբերություններ հաստատել, սահմանները բացել, ներկայացնելով դա որպես քաղաքական լուծում եւ քաղաքական կամք պահանջող հարց: Դրան ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահն ասում է, որ ՀՀ իշխանությունները ի զորու են քաղաքական կամք դրսեւորել, ինչպես հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, այնպես էլ սահմանները բացել: Մտահոգիչն այստեղ այն է, որ երկու հռետորներն էլ շատ լավ գիտեն, թե ո՞վ է ժողովրդավարական երկրում որոշում քաղաքականությունը, ո՞վ է դրսեւորում քաղաքական կամք, եւ ո՞վ է դա իրագործում: Երկուսն էլ լավ գիտեն, որ ժողովրդավարական ՀՀ-ում քաղաքականությունը, հանձին ժողովրդի համահավաք կամքի դրսեւորման, որոշում է ժողովուրդը: Լավ գիտեն եւ այն, որ համաժողովրդական որոշումով դեռեւս 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված եւ 1991 թ. սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեով վավերացված Հայաստանի Անկախության Հռչակագրով տրված են հայ-թուրքական հարաբերություների կարգավորման թե՛ ձեւը, թե՛ բովանդակությունը՝ ըստ միջազգային իրավական նորմերի:

-Ապօրինի զենքի առգրավո՞ւմ, թե՞ աշխարհազորի զինաթափում. 1988-ին` Սումգայիթից հետո, սովետական իշխանությունը մեր տարածաշրջանում ապրող ամբողջ հայությանը զինաթափեց: Դրան հաջորդեցին ադրբեջանական վայրենաբարո հորդաների ոճրածին հարձակումները անպաշտպան մնացած Արցախի եւ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի վրա: Արժե արդյո՞ք հիմա հիշեցնել, թե ի¯նչ իրական արժեք (եւ ո՛չ թե գին) ուներ մեկ որսորդական հրացանը կամ մեկ ժանգոտած ատրճանակը այդ օրերին… 1908-ին երիտթուրքական հեղափոխական ու սահմանադրական կոչերով զինաթափեցին արեւմտահայությունը, 1915-ին տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնը: 1918-ին Բաթումում կնքված Հայ-թուրքական բարեկամության պայմանագրով զինաթափվեցին մայիսյան հաղթանակներ ձեռք բերած արեւմտահայ կամավորականներն ու ազատագրական պայքարի ելած արեւելահայությունը, 1920-ին թուրքական բանակները նոր հարձակում ձեռնարկեցին Հայաստանի նկատմամբ: Բաթումի պայմանագրի 6-րդ կետում, մասնավորապես, ասված էր. «Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի եւ չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես եւ զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ»: Այսօր հաշտության կամ խաղաղության պայմանագիր դեռեւս կնքված չէ Ադրբեջանի հետ, ավելին՝ վերջինս ամեն օր սպառնում է նոր պատերազմով ու ագրեսիայով Արցախի եւ ՀՀ-ի նկատմամբ: Հարց է ծագում՝ ո՞ւմ խորհրդով կամ քաղաքական կամքով է, որ ՀՀ նախագահական ընտրություններում բացահայտ, թե շղարշված, իրականացվեց Հայոց աշխարհազորի զինաթափման քարոզչություն: Եվ այդ ինչպե՞ս է իրականացվելու Հայոց համապարփակ ինքնապաշտպանությունը, նո՛ր հնարավոր ներխուժման պարագայում…

-Հայաստան եւ հայություն. Փաստացի իրողություն է, որ ՀՀ-ի տնտեսությունը, ի տարբերություն 1988-ի, հասցված է մի այնպիսի վիճակի, որ նույնիսկ մի քանի ամիս, գուցե մի քանի շաբաթ չի կարող դիմակայել համաշխարհային քաոսի այս սպառնալիքին: Սա պատահական չէ արված. դա թելադրված է դրսի պատվերով ու հորդորներով: Սակայն վիճակն ամենեւին էլ անհուսալի չէ, եւ ցանկության դեպքում, ազգային պետական քաղաքականություն իրականացնելու պարագայում հնարավոր է մեծ արագությամբ վերակազմավորել տնտեսությունը եւ դիմանալ սոցիալական, տնտեսական ճնշումներին: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների ու հակամարտությունների սցենարներին, ապա այդ դեպքում շատ ավելի հեշտ է կազմակերպվել, եւ վստահ ենք, որ նախապատրաստած բոլոր դժվարություններն ի չիք կդառնան, քանզի հայությունը նահանջելու տեղ չունի եւ ինքնակազմակերպման փորձ կուտակել է դարեր շարունակ: Եկել է պահը, որ դեռ անցյալ դարասկզբից Արեւմուտքի որոշ շրջանակների կողմից ոչնչացման դատապարտված հնագույն ազգերը, հին քաղաքակրթություններն իրենց խոսքը ասեն, իրենց անելիքը անեն (Տե՛ս, էջ 6, «Արդի աշխարհում ոչնչացնում են նրանց, ովքեր ծնկի են գալիս»):

1988-ին հայությունն ու Հայաստանը ահազանգը հնչեցրին, որի ղողանջներն առ այսօր չեն մարել: Սա այն իրողությունն է, երբ համայն մարդկության առաջ դրված է լինել – չլինելու հարցը, որով ընթացավ ամբողջ արյունալի 20-րդ դարը, ուստի, առկա է մի բնականոն իրողություն. մարդկությունը, ի վերջո, պետք է ձերբազատվի ինքնաոչնչացման տանող այս այլանդակությունից, իսկ հայությունը վերականգնի իր ամբողջ կորցրածը:

Հայաստանը, ելնելով իր հազարամյակների քաղաքական ավանդույթից, չպետք է մասնակցի ընթացք տրված համաշխարհային այս նոր քաոսին: Պետք է կոչ անի մարդկության առաջադեմ երկրներին՝ անցնել համապարփակ, գործուն ինքնապաշտպանության, եւ որեւէ կերպ չմասնակցել երրորդ աշխարհամարտին. թո՛ղ Արեւմուտքն ինքն իր մեջ պատերազմի, եթե իր ժողովուրդները դա թույլ կտան:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)