Հայաստան-Թուրքիա Արձանագրություններ. նախադեպերը, հետապնդած նպատակները եւ վավերացումից բխող սպառնալիքները (Յուսուֆ Քեմալ – Գեորգի Չիչերին, Ռիբենտրոպ – Մոլոտով պակտերի մերօրյա տարբերակը) (Խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 2 (18), հոկտեմբեր – դեկտեմբեր, 2009, էջ 1-5)

1.

ՀայաստանԹուրքիա Արձանագրությունների նախադեպերը, հետապնդած նպատակները: Այս արձանագրությունների ի հայտ գալը նորամուծություն չէ: Այն ունի նախապատմություն: Նման սցենար իրականացվել է առնվազն երկու պատմական դրվագներում: Առաջինը` 1921 թ. մարտի 16-ին, երբ քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը կնքեցին Մոսկվայի պայմանագիրը, երկրորդը` 1939 թ. օգոստոսի 23-ին, երբ ֆաշիստական Գերմանիան եւ Խորհրդային Միությունը կնքեցին, այսպես կոչված, Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը` պայմանագիրը: Երկու դեպքում էլ կողմերը պայմանագիր էին կնքում երրորդ պետությունների համար` չունենալով դրա համար ոչ մի լիազորություն կամ իրավասություն, ավելին` իրավունք: Յուսուֆ Քեմալ-Գեորգի Չիչերին 1921 թ. մարտի 16-ին կնքված պայմանագիրը, անտեսելով ու շրջանցելով հայության եւ Հայաստանի շահերն ու բոլոր իրավունքները, ըստ Տրոցկու հայտնի ծրագրի` հանուն համաշխարհային հեղափոխության՝ պատճառաբանությամբ, նպատակ ուներ կազմել Թուրքիա-Հայաստան-Վրաստան ֆեդերատիվ պետություն, որպես Միջին Արեւելքում եւ Ասիայում համաշխարհային հեղափոխություն տարածելու բոլշեւիկյան «գործիք»: Նույն ծրագիրը իրականացվում է այժմ, միայն թե այն տարբերությամբ, որ, անկախ կովկասյան պլատֆորմի թուրքական առաջարկի ծրագրերից, վաղվա ստեղծվելիք Թուրքիա-Հայաստան-Վրաստան ընդհանուր պետությունը ենթակա է լինելու Նոր Եվրոպա պետությանը: Մինչդեռ Ադրբեջանը դեռեւս մնալու է որպես Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտի:

Ըստ էության, Ռուս-թուրքական 1921թ. ապօրինի պայմանագիրը` պակտը, հենց այս գիծն էր առաջ տանում, եւ դրա նպատակներից մեկն էլ Հայոց ցեղասպանությունը Արեւելյան Հայաստանում ավարտին հասցնելն էր: Ինչպես այն ժամանակ, հիմա եւս այդ նպատակը մնում է նույնը: Դա ի հայտ է գալիս, այսպես կոչված, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իբր կարգավորելու միտված չորս փաստաթղթերից, որոնք ինքնին կազմում են մեկ ամբողջական իրավական նորմատիվ փաթեթ: Արձանագրությունները ողջունողների խոսքերից կարելի է եզրակացնել, որ սա քաղաքական գործիք է` իրականացնելու վերը նշված, հեռուն գնացող, ծրագիրն ու ծրագրերը:

Այստեղ պարզապես հիշենք, որ 1921-ի մարտի 4-ին, Յուսուֆ Քեմալ-Գեորգի Չիչերին պակտի ստորագրումից մի քանի օր առաջ Տրոցկին հայերին խորհուրդ էր տալիս զոհաբերել ոչ միայն իրենց տարածքները, այլեւ իրենց ցեղակիցների խմբերին, որոնց շարունակում էին ոչնչացնել` ամբողջացնելով Օսմանյան կայսրության մեջ սկիզբ առած հայերի ցեղասպանությունը (1): Հատկանշական է, որ 1939-ի օգոստոսի 22-ին, Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի ստորագրումից ընդամենը մեկ օր առաջ, Վերմախտի սպայակազմի առաջ իր ելույթում Հիտլերը նշում էր ֆաշիստական Գերմանիայի նոր ծրագրերը, որոնց նպատակը օկուպացվող երկրների տարածքներում տեղի բնակչության, իրենց բնորոշմամբ` ցածր ռասսանների, ոչնչացումն էր, նրանց` ցեղասպանության ենթարկելը (2), իսկ մնացորդածի` ստրկացումը:

Դավութօղլու-Նալբանդյան պայմանագիրը` պակտը իր նախորդներից տարբերվում է նրանով, որ փաստաթղթի տակ այլեւս չի դրվում քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի ներկայացուցիչների ստորագրությունը: Բայց այդ փաստաթղթի պարունակած անօրինական դրույթները վերավավերացվում են, որովհետեւ փաստաթղթերի բովանդակությունը, ըստ էության, նույնն է` անտեսել հայության եւ Հայաստանի բոլոր իրավունքները, այժմ արդեն` հանուն գլոբալացման եւ եվրոպական ինտեգրման նոր հեքիաթների ու նոր կեղծ գաղափարների, սակայն նույն սարսափելի հետեւանքներով, որոնք նախորդել կամ հետեւել էին վերոհիշյալ երկու պայմանագրերին` պակտերին:

Նորամուծությունն այն է, որ այժմ, ի տարբերություն նախորդի, երկու կողմերը` Հայաստանն ու Թուրքիան են պարտավորություններ ստանձնում Նոր Եվրոպա պետության հանդեպ: Հասկանալի է, այս պարտավորությունն ու պարտադրանքը բխում է այն բանից, որ գերտերությունների պաշտոնյաներն այլեւս չեն ցանկանում ռիսկի դիմել եւ չեն ցանկանում բացահայտ երրորդ երկրների համար պայմանագրեր կնքել` լավ հասկանալով, որ դա միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է, ըստ այդմ, պատժի ենթակա հանցագործություն: Հիմա դա արվում է կողմերին պարտադրելու կամ հարկադրելու, նույնիսկ ստիպելու միջոցով, որտեղ իրենք, իբր թե դերակատար չեն եւ հետեւաբար, իբր թե պատասխանատու չեն…

Սա է Դավութօղլու-Նալբանդյան պայմանագրի` պակտի իրողությունը, եւ հաշվի առնելով նախորդ փորձը, երբ ո’չ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը եւ ո’չ էլ Յուսուֆ Քեմալ-Գեորգի Չիչերին պակտը խաղաղություն չբերեցին այդ փաստաթղթերին առնչվող ժողովուրդներին ու երկրներին, վստահորեն կարելի է ասել, որ այս նորօրյա պակտը ռազմա-քաղաքական նոր ցնցումների է ենթարկելու տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին ու պետություններին: Որքան էլ թուրքական եւ թուրքամետ ուժերն ու կողմերը ոգեւորված լինեն դրանից, միեւնույնն է, գոյություն ունի նաեւ դրա նախադեպը, երբ երիտթուրքերն էին ստանձնում Օսմանյան կայսրությունը «նոր ուղիով» առաջնորդելու խնդիրը: Թե ինչ եղավ կայսրության եւ երիտթուրքերի հետ` հայտնի է բոլորին. կայսրությունը փլուզվեց, իսկ երիտթուրքերը կանգնեցին ոչ միայն Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի, այլեւ պատմության դատաստանի առջեւ… (3):

Այս դեպքում էլ պատմությունը կարող է կրկնվել, սակայն վերջին մասով միայն, որովհետեւ հայությունը` պատմական դաժան փորձից բխած զգուշավորության ու անվստահության պատճառով եւ ռազմա-քաղաքական նոր իրողություններից մեկնած, ինքնապաշտպանության դիմելու իրավական բոլոր հիմքերն ունի, եւ դա անելու է վստահաբար:

Դավութօղլու-Նալբանդյան պակտի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ սրանով արեւմուտքը փորձում է շրջանառությունից հանել ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես, «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» կոնվենցիան: Դա արվում է կոնվենցիան մոռացության մատնելու, հայության հայրենիքը ուրիշին որպես կաշառք «նվիրաբերելու» (4), պատերազմի նոր ձեւերի եւ տեխնոլոգիաների մեջ ցեղասպանություն իրականացնելու ձեւերը (5) պահպանելու, դրանց տխրահռչակ փորձը շատ մոտ ապագայում զարգացնելու նպատակով:

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսը նշում է. «Հիշենք նաեւ 5 հազար տարվա վաղեմության մի փոքրիկ կեղտոտ գաղտնիք: Էթնիկական զտումն իր գործն անում է» (6): Այլ կերպ ասած` «Կանաչ լույս» է վառվում նոր էթնիկական զտումների, իմա` նոր ցեղասպանություն իրականացնելու…

Հեռահար նպատակներից մեկն էլ ՆԱՏՕ-ի բանակի վերակազմավորումն ու համալրումն է նոր … «զինվորներով»: Նախնական հաշվարկներով ՆԱՏՕ-ն ակնկալում է հավաքագրել առաջիկա պատերազմներում շահագրգռություն եւ ակնկալիք ունեցող մի քանի միլիոն թուրք, քուրդ, ալբանացի, աֆղան եւ այլ ազգերի «զինվորներ»: ՆԱՏՕ-ի սպայակազմը լիովին բավարար է` ղեկավարելու եւ կազմակերպչական խնդիրները հոգալու համար:

2.

Արձանագրությունների եւ Մադրիդյան սկզբունքների հետապնդած մեկ այլ թաքուն նպատակ էլ կովկասյան եռակողմ՝ ԱդրբեջանՀայաստանՎրաստան, պատերազմ հրահրելու հետեւանքում ՆԱՏՕի զորքերի տեղակայումն է Կովկասում (7): Փաստորեն, առաջին քայլն արված է. պատրաստվում են Նախիջեւանը հռչակել անկախ պետություն, հնարավոր է` քրդական (ինչպես նախատեսել էին Քեմալն ու Լենինը դեռեւս 1919-1920 թթ.), իբր հակակշիռ ԼՂՀ-ին, իրականում, սակայն, դա այն երաշխիքն է, որը որպես կաշառք տրվելու է քրդերին, այսինքն` Արեւմտյան Հայաստանի տարածքում ստեղծվելիք, սկզբում` ինքնավար, հետագայում անկախ` պետությունը քրդերը կստանան, եթե ՆԱՏՕ-ի բանակներում համաձայնեն պատերազմելու Իրանի, Սիրիայի, Աֆղանստանի ու Պակիստանի (8), հնարավոր է նաեւ` Հնդկաստանի ու Չինաստանի (9) տարածքներում, ձեւավորելու համար Պենտագոնի կողմից գծված քարտեզը (10), ինչը համաձայնեցված է ՆԱՏՕ-ի եւ Նոր Եվրոպայի հետ: Երբ Ի. Ալիեւը թուրքալեզու պետությունների ղեկավարների հետ Նախիջեւանում հանդիպման ժամանակ հարցը բարձրացրեց, դա Ադրբեջանի շտապողականության հետեւանք չէր, քանի որ Նոր Եվրոպայի կառավարման կաբինետը վստահ էր, թե վավերացումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Վավերացումը խանգարվեց Եվրոմիության կազմավորման ներքին խնդիրների պատճառով, որը մեկ ամիս ետ ընկավ ժամանակացույցից: Այժմ Եվրոմիություն-Իսրայել-ԱՄՆ ալյանսը, պարզապես, անհամբերությամբ սպասում է Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների վավերացմանը:

3.

Եվրոմիությունը արդեն ունի նախագահ, արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի նախարար: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ են լիազորությունները ստանձնում ոչ թե դեկտեմբերի 1-ից, այլ հունվարի 1-ից: Կարծում ենք, որ ակնկալում են Կովկասում եռակողմ պատերազմը հրահրել դեկտեմբեր-հունվար շրջանում, եթե ստացվի Թուրքիային պարտադրել Արձանագրությունները վավերացնել, հետո Հայաստանին եւս պարտադրել դրանք վավերացնել եւ վավերագրերը փոխանակել, որից հետո արդեն Նախիջեւանը կարող է հռչակել իր անկախությունը եւ ռազմական գործողություններով փորձել Զանգեզուրի հարավից միջանցք բացել` Ադրբեջանի հետ կապվելու համար:

Հայտնի է, որ դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 20-ը աշխարհի բոլոր երկրների դիվանագիտական կորպուսները տոնական հանգստի մեջ են, նույն վիճակում է նաեւ գրեթե բոլոր երկրների մամուլը: Ինչպես հայտնի է փորձից, սովորաբար արեւմտյան նմանատիպ բոլոր գործողությունները սկսվում են հենց այդ ժամանակահատվածում, երբ աշխարհը ի վիճակի չէ իմանալ, թե ինչ է կատարվում եւ հետեւաբար միջոցներ չի կարող ձեռնարկել իրավիճակը վերահսկելու համար: Այնպես որ, արդեն հունվարի սկզբին, երբ լրիվ ընթացքի մեջ կլինի կովկասյան եռակողմ պատերազմը՝ Նոր եվրոպա գերտերության նախագահը, ՆԱՏՕ-ի հետ միասին, կփորձի քայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ի զորքերը, առաջնահերթորեն դրանցում ներգրավված թուրքական արագ արձագանքման ուժերը, համաձայն՝ Վրաստանի ու Ադրբեջանի խնդրանքի եւ Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների պահանջի, տեղակայել կովկասյան երեք հանրապետություններում, միաժամանակ դնելով նաեւ այդ երեք հանրապետությունների բանակների զինաթափման հարցը, որպես թե պատերազմը կանխելու «միակ» միջոց:

Պարզվում է, այս գործողություններն իրականացնելու եւ այդ քայլերի «իրավականությունը» ապահովելու նպատակով՝ ՀՀ օրենքում արդեն իսկ ներառված է համապատասխան դրույթ, որպեսզի ոչ Սահմանադրական դատարանը եւ ոչ էլ Ազգային ժողովը չփորձեն արգելակել՝ պատճաբանելով, թե հայկական բանակը զինաթափելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Սահմանադրական արգելքի կարիքը չի լինի, որովհետեւ գործող օրենքը թույլատրում է: Օրենքը ընդունվել է 2007-ի փետրվարին (11) ինչը նշանակում է, թե գործողությունը նախատեսված էր սկսել դեռեւս 2008-ի վրաց-օսական հակամարտության եւ կովկասյան ընդհանուր պատերազմի սցենարով: Բայց քանի որ այդ փորձը ձախողվեց, իսկ վրացական սցենարը կրկին գործարկելը գրեթե անհնար է, ապա առաջին պլան է մղվում Նախիջեւանի անկախության ինքնահռչակման նոր տարբերակը: Հիշենք, որ 1990 թ. Գորբաչովի իշխանության ժամանակ եւ նրա թողտվությամբ ադրբեջանցիները քարուքանդ արեցին դեռեւս գոյություն ունեցող ԽՍՀՄ պետական սահմանի նախիջեւանյան հատվածը, իսկ ԽՍՀՄ սահմանապահ ուժերը լքեցին իրենց վերապահված դիրքերը:

4.

Այս ամենը արվում է նույն Կոսովոյի փորձված տարբերակով: Համաշխարհային զինուժի վերածված ՆԱՏՕի ռազմաբազաները ծրագրում են տեղակայել Կոնգոյում, Կոսովոյում, Կովկասում (12): Կովկասը Կոսովոյի օրինակով 2010-ի հունվարի 1-ից ծրագրում են վերածել ՆԱՏՕ-ի տեղակայման բազաների, որոնք մտադիր են տեղակայել հայկական տարածքներում, որովհետեւ տեղի բնիկ ժողովուրդը հայերն են: Ադրբեջանական մասը, ըստ ծրագրի մեջ կատարված փոփոխության, դեռեւս մնում է ռուսական ազդեցության տակ: Այս ամենը գալիս է հաստատելու, որ ծրագրերը համաձայնեցված են ռուսական քաղաքական գծի հետ: Կոսովոն ամբողջությամբ տրվում է ՆԱՏՕ-ին, իր ժողովրդով, ենթակառուցվածքներով, ամեն ինչով, որի դերը եվրոպական երկրների վրա հսկողություն սահմանելն է: Այդ բանակում չեն կարող ներառվել եվրոպական երկրների զինվորներ, իսկ ալբանական թուրքերն ու եվրոպական քրդերը, ինչպես նաեւ եվրոպական երկրների միգրատների ճամբարներում գտնվող աֆղան եւ այլ ազգերի փախստականները եվրոպական զինված ուժերում հանգիստ կարող են գործածվել եվրոպական երկրների խաղաղ բնաչության դեմ, եթե վերջիններս փորձեն ինչ-ինչ հարցերում ընդվզել վերազգային, վերպետական իշխանությունների դեմ: Կոնգոյում եւ հարակից տարածքներում ռազմա-քաղաքական զարգացումները արդեն երկու-երեք տարի է ինչ ընթացքի մեջ են:

Տեղի է ունենում ՆԱՏՕ-ի ձեւափոխումը արեւմտյան համաշխարհային զինուժի, որի վրա ոչ մի պետություն ազդեցություն չի կարող ունենալ: Սա է համամարդկային նշանակության ամենամեծ վտանգը: Փաստորեն, համաշխարհային զինուժ ՆԱՏՕ-ն առանձին-առանձին ճնշելու է նաեւ եվրոպական երկրներին:

5.

Պետք է հատուկ ընդգծել, որ ներկայում էականորեն փոփոխված են նաեւ պատերազմելու ձեւերն ու տեխնոլոգիաները: Պատերազմական իրադարձություններին նախորդում են օրենսդրական-սահմանադրական ագրեսիաները: Թիրախ պետությունների օրենսդրությունը համապատասխանեցվում է երկրի պաշտպանական ներուժի անկման, տնտեսության փլուզման, սոցիալական արդարության եւ ժողովրդավարության վերացման, իրավական ճգնաժամի հաստատման, տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքների ուռճացման հաշվին՝ պետության ամբողջության տրոհման, պետության ինքնալուծարման, բանակի զինաթափման ծրագրերին: Դրանց իրականացման նպատակով, մեր աչքի առաջ, իբր թե՝ խորհրդատվական, իրականում` քայքայիչ, դանդաղ, բայց ամենօրյա հետեւողական աշխատանքներ ու գործողություններ են իրականացվում:

Այնուհետեւ կարող են գործի դրվել միջազգային ահաբեկչության հայտնի դրսեւորումները, երբ բանակներն արդեն պատերազմում են խաղաղ բնակչության դեմ: Դրա ներմուծման պատճառն այն է, որ մարդկությունը հոգնել է պատերազմներից, իսկ արեւմուտքը պատերազմելու համար զինվորներ չունի: Վարձու զինվորներն են կռվում անզեն բնակչության դեմ:

Առաջին աշխարհամարտից սկսած գործի դրված պատերազմելու դասական ձեւերը լրացվել են ներառելով նոր տեխնոլոգիաներ, այդ թվում` միջազգային տուրիզմի, արհեստական միգրացիաների միջոցով երկրի ու տարածաշրջանի ազգագրական պատկերը փոխելու ձեւը, երբ բնիկ ժողովուրդը, իր երկրում, իր համար անսպասելի հայտնվում է փոքրամասնության կարգավիճակում:

6.

Ի՞նչ անել: Ճշմարիտն ասած, նախօրոք` 1994-ի հրադադարից հետո, պետք էր անել. հետապնդել մեր խնդիրները իրավունքի ոլորտում եւ հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում, եւ, առաջին հերթին, պետական բոլոր լծակներով: Դա չի արվել, իսկ այսօր ժամանակ քիչ է մնացել, ինչը նշանակում է, որ արդեն պետք է մտածել պաշտպանության այլ միջոցների ու ձեւերի մասին: Պետք է պատրաստվել դիմակայության բոլոր ճակատներում եւ, ի տարբերություն 1988-94 թթ., դիմակայելու պատերազմի դասական եւ ժամանակակից բոլոր ագրեսիաներին, այդ թվում` օրենսդրական-սահմանադրական նոր ագրեսիաների, միջազգային տեռորիզմի ներթափանցման, համաճարակային տարատեսակ թռչնի եւ խոզի գրիպների, խմելու եւ ոռոգման ջրի զանգվածային թունավորումների, տնտեսական արհեստական ճգնաժամի ու սովի, շրջափակման խստացման, նաեւ, այսպես կոչված, «օրինական» եւ ոչ օրինական կրոնական փոքրամասնությունների միջոցով հրահրվելիք արհեստական խժդժությունների սցենարներին…

Ամենակարեւորը, պետք է իմանալ, որ հիմնական թշնամին, եթե նախկինում հանուն համաշխարհային հեղափոխության եզրն էր ու հորինված պատճառաբանությունը, ապա այսօր` հանուն գլոբալացման, եվրո-ինտեգրման նոր կեղծ հեղափոխական թեզերն ու տրամաբանությունը: Դա չի նշանակում արդյո՞ք, որ գործ ունենք նեոբոլշեւիզմի այլ կատարման եւ նոր նեոբոլշեւիկ կոմիսարների հետ: Թուրքերը, քրդերը, ալբանացիները… ընդամենը գործիք են: Իսկ գործիքը ինքը չի որոշում, չի էլ կարող որոշել իր անելիքը: Պարզապես, դա նրան շահեկան է թվում, ավելին նրան թվում է, թե ունի անպատիժ սպանելու, թալանելու, կողոպտելու «իրավունք», նաեւ անպատիժ մնալու հնարավորություն: Սա ամենեւին չի նշանակում, թե գործիքի դեմ նույնպես չպետք է պայքարել, քանզի, եթե չհաղթես գործիքին, պարտվում ես գործիքն օգտագործողին: Այլ հարց է, որ թե մենք, թե աշխարհի շատ հին ժողովուրդներ ու երկրներ, որոնք նույնպես հարվածի տակ են համաշխարհային այս մեծ աղետի հրահրման պահից սկսած, պետք է սովորեն դիմակայել չարիքը նշված բոլոր մակարդակներում, դիմագրավելու ու հակագրոհի անցնելու համապատասխան ձեւերով ու ծրագրերով: Դրա փորձը, ի տարբերություն թիրախ մյուս ժողովուրդների ու երկրների, հայությունը 1988-ից սկսած դաժան փորձի միջոցով բավականին տիրապետել է:

Ավելին, հայ հասարա-քաղաքական, իրավական միտքը հիմա նույնը չէ, ինչ դարասկզբին էր: Նա ուսանելի ու բովանդակային մեծ ճանապարհ է անցել: Ուստի, մեր առաջնային պարտքն է վերականգնել նրա պատասխանատվություն ստանձնելու եւ արագ գործելու մեծ ունակությունը: Եթե խաղաղ պայմաններում դա իրոք դժվարին գործ է, ինչպես եւ հաշվել են արեւմուտքի տեսաբանները, ապա վտանգի ու սպառնալիքի առկայության դեպքում նա ինքնակազմակերպման մեծ ներուժ ունի: Դա հայության ընդհանրական մտածողության բնական մեխանիզմն է, որը ենթակա չէ ծրագրավորման, անգամ ՀՀ իշխանությունների կողմից, ուր մնաց` արեւմուտքի:

Փաստորեն, «Չկա չարիք, առանց բարիքի»: Ամբողջովին մենակ ենք. անգամ իշխանությունները ժողովրդի հետ չեն: Իսկ մենք հաղթում ենք, երբ մենակ ենք, նույնն էր 1918-ին, նույնն էր 1988-ին: Չկա ռուսական հույսը, չկա ամերիկյանը (13), իսկ բարի դրացի Եվրոպան շուտով իսկ պատռելու է իր դիմակը: Մեծ հարձակումը իրականացվելու է ողջ հայության նկատմամբ. հարվածներ կարող են լինել Ջավախքում, ԼՂՀ-ում, ՀՀ-ում, մոտակա եւ հեռավոր սփյուռքում, Միջին Արեւելքում, Եվրոպայում, ԱՄՆ-ում: Հիշենք, թե ինչպես ԱՄՆ-ում, ցեղասպանությունից հետո, ուզում էին հայերին երկրից վտարել ու սովի մատնել: Իսկ հեռավոր արեւելքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, չգիտես ինչո՞ւ, նույնիսկ ճապոնացիներն էին հետապնդում տեղի սակավաթիվ հայերին (14):

Այնպես որ, հենց այստեղ էլ պետք է մարտն ընդունել եւ հաղթել: Կհաղթենք, քանզի պարտվելու իրավունք չունենք: Հազարամյակներ ժառանգած մեր ազգային հարստությունը, այդ թվում՝ ազգային տարածքները, պարտավոր ենք պաշտպանել, պահպանել ու ժառանգել մեր սերունդներին: Եթե հայոց ներուժը 10 միլիոն հայության 10 տոկոսն է, որը նշանակում է 1 միլիոն աշխարհազորային, ուրեմն, առաջիկա սպառնալիքներին մենք պարտավոր ենք ապահովել ու հակադրել հենց այդքան ինքնակազմակերպվող ու ինքնակառավարվող զինուժ: Եթե ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի պահանջը, այն է՝ «քանզի անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ», անտեսվում է, ուրեմն, գործում է բռության եւ ճնշման դեմ ընդվզելու հայության իրավունքը:

 

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

Հոկտեմբեր, 2009 թ․

————————–

Ծանոթագրություն

  1. «Եթե Թուրքիայում մնացած հայությունը կառավարության կողմից այժմ հետապնդվի ու ճնշվի, միեւնույնն է, Հայաստանին, մի որոշ ժամանակ, ոչինչ չի մնում անել, քան հաշտվել ստեղծված դրության հետ եւ հանուն համաշխարհային հեղափոխության շահերի զոհաբերել, թե’ իր նախկին տերիտորիաները եւ թե’ Թուրքիայում մնացած սեփական ժողովրդի մի մասը»,-Լեւ Տրոցկի, ստորագրել է Ա. Սկաչկո կեղծանվամբ, «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» հոդվածը լույս է տեսել Ազգային գործերի ժողովրդական կոմիսարիատի «Ժիզն նացիոնալնոստեյ» պարբերականում` 4 մարտի, 1921թ., Մոսկվա, Ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից ընդամենը 12 օր առաջ:

  2. Հիտլերը իր նախկին խորհրդատուի (Շոյբների), որը 1915-ին Էրզրումի գերմանական հյուպատոսն էր, միջոցով լավ տեղյակ լինելով հայերին ոչնչացնելու երիտթուրքերի գործողություններին, 1939-ի օգոստոսի 22-ին Վերմախտի բարձր հրամանատարության առջեւ իր ելույթում հեգնաբար ակնարկեց պետական հանցագործությունների հարցում մարդկային խղճի մոռացկոտության մասին. «Ես հրաման եմ տվել… այն, որ պատերազմի նպատակը որոշակի բնագծերի ձեռքբերումը չէ, այլ հակառակորդի ֆիզիկական ոչնչացումը… Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: (Akten zur deutschen auswartigen Politik 1919-1945, Serie D, VII, Nr. 193. S. 171, Anm. 1): Թեսսա Հոֆման (Գերմանիա), Հայկական հարց հանրագիտարան, Երեւան 1996, էջ 103:

  3. «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի», Առաջաբանը, թարգմանությունը եւ ծանոթագրությունները Ա. Հ. Փափազյանի, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրտ., 1989:

  4. ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի նախասիրած արտահայտությունն է, իր հոդվածում գրել է այսպես. «Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ»: Խոսքը, անշուշտ, Հայոց հայրենիքը հայերին չնվիրաբերելու մասին է, որպեսզի հիմքեր ապահովի այդ հայրենիքը ուրիշներին նվիրաբերելու եւ կամ գոնե որպես կաշառք առաջարկելու:

  5. «ՀՈԴՎԱԾ Պայմանավորվող կողմերը հաuտատում են, որ ցեղաuպանությունը, անկախ նրանից, կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըuտ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել եւ պատժել այն կատարելու համար: ՀՈԴՎԱԾ 2. Uույն Կոնվենցիայում ցեղաuպանություն նշանակում է հետեւյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի, որպեu այդպիuին, լրիվ կամ մաuնակի ոչնչացման մտադրությամբ. (ա) այդ խմբի անդամների uպանությունը, (բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնաuվածքներ կամ մտավոր վնաu պատճառելը, (գ) որեւէ խմբի համար կյանքի այնպիuի պայմանների միտումնավոր uտեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մաuնակի ֆիզիկական ոչնչացմանը, (դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, (ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուuին»:

  6. Տե’ս, Ռալֆ Պիտերս, «Միջին արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», “Armed Forces Journal“ կայքէջ, 20.08.2006: Տե’ս, «Ազգ» օրաթերթ, 25.08.2006:

  7. 2007-2008 թթ. «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագրականներում եւ հայտարարություններում, բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին:

  8. 2009-ի ապրիլին 7-ին Թուրքիայի Ազգային ժողովում ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման հատուկ ընդգծեց, որ Թուրքիան այսուհետ պետք է պայքարի ոչ միայն Քրդական Բանվորական Կուսակցության, այլեւ Ալ Քաիդայի դեմ, ինչը նշանակում էր, որ թուրքական զինված ուժերը ՆԱՏՕ-ի կազմում պետք է մասնակցեն Աֆղանստանում ընթացող խաղաղապահ գործողություններին: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության ծրագրավորման՝ Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները նպաստելու են հենց այդ ծրագրի իրականացմանը: Եվ ահա ճշմարտության ժամը հնչել է. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հերթական` 21-րդ տարելիցի օրը՝ 2009-ի դեկտեմբերի 7-ին, Վաշինգտոնի Սպիտակ տանը, հանդիպում են Բարաք Օբաման ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հնարավոր է՝ այդ ընդարձակ ծրագրի վերջին մանրամասները պայմանավորվելու համար:

  9. Տե’ս, «Հայաստանն ընդգրկվել է «ստրկացված ժողովուրդների» ամերիկյան ցուցակում» նյութը, որտեղ, մասնավորապես, ասված է. «Որպես «ազատագրման» օբյեկտներ «86-90 օրենքի» տեքստում թվարկված են Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան, Բուլղարիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան (այս երկրներն արդեն իսկ ընգրկված են ՆԱՏՕ-ի ընդլայնման առաջին եւ երկրորդ ալիքներում), «Հյուսիսային Վիետնամը, Հյուսիսային Կորեան, Ալբանիան եւ մյուսները», Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը (որն անվանված է «Բելայա Ռուտենիա»), «Թուրքեստանը (այսինքն «Արեւմտյան Թուրքեստանը», որ ներառում է ներկայիս Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը եւ «Արեւելյան Թուրքեստանը»՝ Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզը), Տիբեթը, վերջապես, «Իդել-Ուրալն» ու «Կազակիան»: Վերջին անվանումով նշված է Հյուսիսային Կովկասն ու Կովկասի նախալեռները, իսկ Իդել-Ուրալը (Իդելը Վոլգայի թաթարական անվանումն է) ՌԴ-ի Վոլգա-ուրալյան տարածաշրջանն է»: /PanARMENIAN.Net/ 18.07.2008,

  10. Խոսքը Ռալֆ Պիտերսի «Միջին Արեւելքի նոր քարտեզը…» հոդվածին կից քարտեզի մասին է:

  11. Միջազգային պայմանագրերի մասին (22. 02. 2007թ.) ՀՀ Օրենքում Միջազգային պայմանագրերի սուբյեկտների եւ այդ պայմանագրով կարգավորվող հարաբերությունների Գլուխ 2-ի հոդված 7-ի 2-ում գրված է. « Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական բազաներ ստեղծելու, 2. օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների զինված ուժեր Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունելու, տեղակայելու, 3. միջազգային վեճեր լուծելու, 4. զինաթափման, 5. ռազմական պարտավորություններ ստանձնելու»:

  12. Մանրամասն տե’ս, «Ուխտ Արարատի», թիվ 2 / 13, 2007, էջ 15-22:

  13. Բեռլինի պատի փլուզման 20-ամյակի հանդիսություններին ներկա ԽՍՀՄ պերեստրոյկայի մեծ վարպետ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց, որ ամերիկացի ժողովուրդը ընտրելով բարեփոխումների ճանապարհը եւ քվեարկելով Բարաք Օբամայի թեկնածության օգտին, փաստորեն, սկիզբ է դրել ԱՄՆ-ի պերեստրոյկայի գործընթացներին: Իսկ թե դա ինչպե՞ս է ընթանում եւ ինչո՞վ ավարտվում, հայտնի է բոլորիս:

  14. Հեռավոր արեւելքի` Սինգապուրի, Ինդոնեզիայի, Մալլակայի, Պենանգի, Հոնկոնգի եւ Մակաոյի փոքրիկ հայկական գաղթավայրերի ճակատագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որոշեցին ճապոնական միլիտարիստները. «Ինդոնեզիայի հայ բնակչությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չկարողացավ հեռանալ: Կռահելով սպասվող աղետը, հայերը նախօրոք թաքցրին հայոց եկեղեցու թանկարժեք գույքը, սպասքները, դիվանը, գրադարանը եւ այլն: Զավթողական իշխանությունների հատուկ հրամանով այստեղ էլ հայերը դիտվեցին որպես ճապոնական կայսրության թշնամիներ եւ 1943 թ. դեկտեմբերի 20-ին բոլոր հայ ընտանիքները` մեծով ու փոքրով, նետվեցին արգելափակոցների մեջ: Արգելափակոցներում շատերը զոհ դառան սովին ու համաճարակին: Արգելափակոցի սարսափներից ազատված հայերը վերադարձին իրենց բնակարանները մինչեւ վերջին ասեղը կողոպտված գտան: Գրեթե իսպառ վերջացավ Բանդունգի համայնքը: Արգելափակոցներից ազատվեց միայն մեկ ընտանիք: Դադարեց հայկական կյանքը նաեւ Մակասարում: Ծանր հարված ստացավ Ինդոնեզիայի երբեմնի ամենից ծաղկուն գաղութը` Բաթավիան (Ջակարտա): Բանը հասավ այնտեղ, որ ազգային իշխանության կենտրոնը տեղափոխվեց Սուրաբա: Հայկական կյանքը խամրեց նաեւ երկրի մյուս մեծ ու փոքր քաղաքներում»: Ա. Գ. Աբրահամյան, «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության», Բ հատոր, «Հայաստան» հրտ., Երեւան, 1967, էջ 311-312:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)