Պէտք է օգտագործենք բոլոր միջոցները` օգնելու համշենահայերին` վերադառնալու իրենց հայկական արմատներին. Սաիդայ Օհանեան

saida-ohanyanՀՀ Սփիւռքի նախարարութեան կազմակերպած «Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում երեւանեան օրերի նիստերի ընթացքում հնչեցին հետաքրքիր ելոյթներ, եղան գործնական ուշագրաւ առաջարկութիւններ:

Համշենահայութեան խնդիրների եւ համագործակցութեան մասին է պատմում ՌԴ-ում «Հայկական տեղեկատուական կ’ենտրոն» կայքի թղթակից, «Համշենուհի» կանանց միջազգային միութեան նախագահ Սաիդայ Օհանեանը:

Համշենահայերի ամենաստուար սփիւռքեան համայնքները գտնւում են Աբխազիայում եւ Ռուսաստանի սեւծովեան ափամերձ շրջաններում: Անշուշտ, համշենցիները դեռեւս կուռ բնակչութեամբ ապրում են իրենց պատմական հայրենիքում` Համշենում:

Ռուսաստանի հարաւային դաշնայն մարզում` Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան (ք. Դոնի Ռոստով) եւ Սոչիում հիւպատոսութեան մասնաճիւղի գործունէութիւնը, ինչպէս նաեւ ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը նպաստել են Հայաստանի հետ ռուսաստանաբնակ համշենահայութեան բազմակողմանի կապերի ամրապնդմանը: Իրավիճակը, յայտնի իրադարձութիւնների պատճառով, մի փոքր այլ է Աբխազիայում:

Եթէ Ռուսաստանում եւ Աբխազիայում համշենահայերը քրիստոնեաներ են, եւ իրենց համարում են համշենահայութեան չիսլամացուած մասի ժառանգները, ապա բոլորովին այլ պատկեր է բուն Համշենում, որտեղ համշենահայութիւնը բռնի կերպով իսլամացուել է, շատերը կորցրել են իրենց արմատներն ու ազգային ինքնութիւնը…

Հետեւաբար, մենք պէտք է օգտագործենք բոլոր հնարաւոր միջոցները, որպէսզի օգնենք համշենահայ մեր քոյրերին ու եղբայրներին` վերադառնալու իրենց հայկական արմատներին:

Այստեղ շատ ու շատ կարեւոր է զանգուածային լրատուութեան միջոցների դերը:

Ցաւօք սրտի, համշենեան ԶԼՄ-ները, ինչպէս տպագիր, այնպէս էլ էլեկտրօնային, Աբխազիայում, Ռուսաստանում, Հայաստանում եւ բուն Համշենում փոքրաքանակ են, մասնաւորապէս, հայերեն լեզուով, որի հետեւանքով համշենահայերը քիչ տեղեկատուութիւն են ստանում իրենց խնդիրների եւ անելիքների վերաբերեալ: Այս իրավիճակի շտկումը պէտք է դառնա օրուայ գլխաւոր հրամայականը, ինչպէս համշենահայութեան սփիւռքեան կառոյցների, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութեան  համար:

Շատ կարեւոր ենք համարում ժողովրդական դիւանագիտութիւնը, Աբխազիայում եւ Սոչիում բնակուող համշենահայերի եւ պատմական հայրենիքում բնակուող համշենցիների ուղղակի շփումները: Վերջին տարիներին բարի աւանդոյթ է դարձել ճանաչողական փոխադարձ այցելութիւնները, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը եւ այլն:

Անկասկած, մեծ եւ անփոխարինելի է յատկապէս հայ կնոջ դերը` խաղաղութեան պահպանման, լեզուի, մշակոյթի, ազգային աւանդոյթների, կենցաղի եւ ընտանիքի վերականգնման հարցում: Հայ կինը մշտապէս եղել է ոչ միայն օջախի պահապանը, այլեւ Հայրենիքի պաշտպանը, Ազատարար-զինուորի Մայրը:

Այս իմաստով մեծ դեր է ստանձնել 2012 թուականին ստեղծուած «Համշենահայուհի» կանանց միջազգային միութիւնը:

Այս կարճ` 4-ամեայ գործունէութեան ընթացքում միութեան կողմից իրականացուել են բազմաթիւ միջոցառումներ, որոնք նպաստել են համշենահայութեան միջազգային համագործակցութեանը: Եւ մենք երախտապարտ ենք ՀՀ սփիւռքի նախարարոյթանը, անձամբ նախարար տիկին Հրանուշ Յակոբեանին` մեր կազմակերպութեան հանդէպ մշտական ուշադրութեան, աջակցութեան եւ բարի խորհուրդների համար:

Համշենահայութեան կեանքում նշանակալի իրադարձութիւն կը լինի 2017 թուականին Սոչիում եւ Աբխազիայում անցկացուելիք համշենահայութեան միջազգային համաժողովը` «Համշենեանաշխարհ–մենք միասնական ենք» խորագրով, որի շրջանակում տեղի կ’ունենան կ’ոնֆերանսնէր եւ մշակութային տարբեր փառատօներ: Նախատեսւում է, որ միջոցառմանը կը մասնակցեն ստեղծագործական խմբեր, մշակութեան եւ կրթական ոլորտի նշանաւոր գործիչներ, պատմաբաններ, քաղաքագէտներ, միջազգային ճանաչուած լրատուամիջոցների ներկայացուցիչներ:

Աբողջութեամբ պատրաստ է ֆորումի ծրագիրը եւ արդէն իսկ համաձայնեցուած` Աբխազիայի եւ Ռուսաստանի համապատասխան կառոյցների հետ:

Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը կաջակցի մեր նախաձեռնութեանը եւ ֆորումն իրական տոն եւ ինքնութեան ճանաչման հարթակ կը դառնայ համշենահայութեան համար:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)