ՀՀ-ի և Արցախի պատգամավորները հայտարարություն ընդունեցին Բաքվում հայերի ջարդերի դատապարտման մասին

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորները համատեղ հայտարարություն ընդունեցին, որով դատապարտեցին 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 18-ին հայտարարությունը միաձայն ընդունվեց ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ավարտին:

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«1990թ. հունվարի 13-19 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ և թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր: Թալանի և բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի ավելի քան քառորդ միլիոն տեղահանված հայությունը, որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Հայերի զանգվածային կոտորածը Բաքվում, արդյունք է դեռևս 20-րդ դարասկզբին կովկասյան թաթարական ծայրահեղական ուժերի, և հետագայում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված, և ցայսօր շարունակվող հայերի նկատմամբ ռասայական խտրականության լայնածավալ քաղաքականության, որը հանգեցրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայ ազգաբնակչության կտրուկ նվազմանը, իսկ 1980-ական թվականների ավարտին նոր թափ առնելով, կենսական վտանգի արդյունքում Բաքվի և Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի հայ բնակչության վերացմանը:

Արձանագրելով, որ հակառակ միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի, Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործունեությունները, նենգափոխում իրողությունները և խուսափում պատասխանատվությունից:

Ընգծելով, որ Ադրբեջանում մինչ օրս շարունակվող պաշտոնական հայատյաց քաղաքականությունը և դրա համատեքստում իրականացված այս և այլ հանցագործությունները, Սումգայիթի և Կիրովաբադի ջարդեր, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Մարաղա գյուղի հայ բնակչության կոտորած, 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական Զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողություններ Արցախի քաղաքացիական բնակչության և գերեվարված զինծառայողների նկատմամբ, հայկական մշակութային ժառանգության հետևողական վերացումը, ինչպես նաև Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքների հայաթափումը վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների մոտ առկա է իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերին և նրանց գոյության բոլոր հետքերը բնաջնջելու մտադրություն:

Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայում, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Ռասակայան խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը վերաբերող միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքները, որոնք նաև ամրագրված են բոլոր ժողովրդավարական պետությունների ներպետական օրենսդրություններում, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը սույն թվականի հունվարի 18-ի համատեղ նիստի արդյունքներով ոգեկոչում է 30 տարի առաջ Բաքվում զոհված մեր հայրենակիցների հիշատակը, և բարձրաձայնում հայ բնակչության կորուստների արդարացի հատուցման իրավաչափությունը և արդիականությունը: Դատապարտում է ադրբեջանական հանրապետությունում շարունակվող պետական հայատյաց քաղաքականությունը: Անընդունելի է համարում այլատյացության, ծայրահեղականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում: Վերահաստատում է, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, և ընդգծում է, որ անցյալում կատարված հանցագործությունների դատապարտումը նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն գրավականն է: Կոչ է անում խորհրդարաններին և խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ դատապարտել Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքվի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները, և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման համար, գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղությամբ:

Վերահաստատում է, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, հանդիսանալով իր հայրենիքում հայ ժողովրդի խաղաղ կենսագործունեության երաշխավորները, պահանջատեր են հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման և դրանց զոհերին ու իրավահաջորդներին արդարացի հատուցում տրամադրելու համար»,- նշված է հայտարարությունում:

https://www.lragir.am/2020/01/18/509438/

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)