Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում

Նախաբան

2020 սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ագրեսիան ու պատերազմական հանցագործությունը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ), Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, միջազգային ահաբեկչական խմբերի եւ իսրայելա-թուրքական ԱԹՍ-ների կիրառմամբ, եւս մեկ անգամ փաստեց, որ սա բարբարոսության հերթական պատերազմն է քաղաքակրթության դեմ, եւ որ Հայկական լեռնաշխարհի՝ քաղաքակրթությունների բնօրրանի ու խաչմերուկի ազատագրումը պատմական ու կենսական անհրաժեշտություն է մարդկության ու քաղաքակրթության հետագա զարգացման գոյատեւման տեսանկյունից։

Որպեսզի պատկերացում կազմենք Հայերի ցեղասպանության հետեւանքով հայերին հասցված ամբողջական վնասի վերաբերյալ, հարկավոր է պարզապես հիշել թուրքական իրար հաջորդող կառավարությունների՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, կողմից իրականացված բոլոր հանցագործությունները մարդկայնության եւ հայության նկատմամբ:

 

Պարզապես թվարկենք դրանք։

  1. Այլատյացության, հայատյացության, ազգային գերազանցության ու սնապարծության, ռասիզմի գաղափարախոսության` պանթուրքիզմի ձեւավորում, տարածում եւ քարոզչություն:
  2. Հայերի տեղահանության եւ Ցեղասպանության ծրագրերի ու գաղափարների մշակում, տարածում, քարոզչություն:
  3. 1894-1896, 1909, 1915-1918, 1919-1923 թթ. ընթացքում հայության բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, եւ Օսմանյան կայսրության մեջ` Հայերի Ցեղասպանության ծրագրում, քարոզչություն, նախապատրաստում, հրահրում եւ իրականացում, հայերի բռնագաղթի իրականացում Բնօրրան Հայրենիքի տարածքներից, հայ ժողովրդի ունեցվածքի հափշտակում եւ յուրացում:
  4. 1915-ին եւ դրան հաջորդող տարիներին՝ հույների, ասորիների, արաբների (հետագայում, 1920-ական թթ. կեսերից սկսած, նաեւ քրդերի) կոտորածների ու Ցեղասպանության իրականացում, նրանց ունեցվածքի հափշտակում եւ յուրացում:
  5. 1918 թ., ագրեսիայի ձեռնարկում Արեւելյան Հայաստանի հայության նկատմամբ, Բաթումի ապօրինի պայմանագրի (4 հունիս 1918 թ․) պարտադրում նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը:
  6. 1918 թ․, Բաքվի հայերի կոտորած, Ցեղասպանություն, հայերի ունեցվածքի կողոպուտ եւ բռնագաղթի իրականացում։
  7. 1920 թ․, Շուշիի հայերի կոտորած, քաղաքի հրդեհում, հայերի ունեցվածքի կողոպուտ։
  8. Հայ ժողովրդի իրավունքների հաշվին, 3 մարտ 1918 թ․-ին, մի կողմից Ռուսաստանի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության եւ մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի եւ Օսմանյան կայսերական կառավարության միջեւ ստորագրվեց Բրեստի լրացուցիչ պայմանագիրը։ Այդ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Արեւմտյան Հայաստանը եւ Արեւելյան Հայաստանի մի զգալի մասը։ Պայմանագրով ստանձնած հանձնառության համաձայն՝ Ռուսաստանը զորացրեց Հայկական կամավորական գնդերը եւ զորքերը դուրս բերեց Հայաստանից։ 16 մարտ 1921 թ․-ին ստորագրված, այսպես կոչված, Մոսկվայի անօրինական պայմանագիրը՝ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ, ըստ էության, Բրեստի լրացուցիչ պայմանագրի շարունակություն էր եւ դրա «վավերացումը»։
  9. 1920 թ., ագրեսիայի ձեռնարկում անկախ եւ ինքնիշխան պետության` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնուհետեւ անօրինական եւ ապօրինի պայմանագրերի (2 դեկտեմբեր 1920 թ., Ալեքսանդրապոլ եւ 13 հոկտեմբեր 1921 թ․, Կարս) պարտադրում ագրեսիայի ենթարկված կողմին` Հայաստանի Հանրապետությանը:
  10. 1937 թ., Դերսիմի հայերի ու ալեւիների կոտորածների ու Ցեղասպանության իրականացում:
  11. 1955 թ, սեպտեմբեր, Կոստանդնուպոլսի հույների ու հայերի կոտորածներ, Ցեղասպանություն, հույների ու հայերի ունեցվածքի թալան, հափշտակում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սեպտեմբերի 6-7-ին մահացել է 11 մարդ, մինչդեռ հայկական ու հունական համայնքների մոտ եղած տեղեկություններն այլ են. 37 սպանված, 300-ից ավելի բռնաբարված կին, ավերված 71 եկեղեցի, 3 թերթի խմբագրություն, 4.500 արհեստանոց ու խանութ, 26 դպրոց, 2.100 տուն ու բնակարան:
  12. 1974 թ, Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքների բռնազավթում, տեղի հույն եւ հայ բնակչության կոտորածներ, Ցեղասպանություն, բռնագաղթ, ունեցվածքի հափշտակում։
  13. 1894-1923 թթ եւ մինչեւ այսօր Հայոց քաղաքակրթական արժեքների, այդ թվում` պատմաճարտարապետական հուշարձանների եւ եկեղեցիների ու խաչքարերի ոչնչացում ու ավերում:
  14. Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549 (այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները): Դրանց մեծ մասը թալանվել, հրկիզվել եւ ավերվել է Ցեղասպանության ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմա-ճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել են, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիայի Հանրապետության կառավարությունները դրանք բոլորը ծրագրավորված կերպով ոչնչացրել են:
  15. Հայերի եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի եւ քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարություն, յուրացում:
  16. Հայերի Ցեղասպանության ժխտողականություն: Այս հարցով ժամանակ շահելու եւ հատուցումը հետաձգելու ակնկալիքներով՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկներ:
  17. ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճռով Հայաստանին պատկանող տարածքի բռնազավթում:
  18. 1993 թ․-ից Հայաստանի Հանրապետության շրջափակում:
  19. 27 սեպտեմբեր 2020 թ․, ռազմաքաղաքական ակտիվ մասնակցություն Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկած ագրեսիային ու հանցագործություններին։

 

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների մարդկայնության դեմ իրականացրած հանցագործությունները տարածաշրջանում ապրող հայերի, Հայաստանի ու Արցախի հայերի եւ այլ ժողովուրդների նկատմամբ՝ Թուրքիայի Հանրապետության իշխանությունների հանցագործ ձեռագրերի ու ծրագրերի կրկնությունն են, որի ամբողջական պատկերը կներկայացնենք հաջորդ պարագրաֆում, ստորեւ։

 

Ամփոփիչ խոսք։

Սա է ոչ ամբողջական ցանկը Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունների հայ ժողովրդի, մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում։

Այս ամենին հավելենք, ոչ մինչեւ այսօր չի կատարվել հայ ժողովրդին հասցված ողջ վնասի գնահատումն ու հաշվարկը, ինչպես նաեւ 1923-ից հետո ընկած ժամանակահատվածում այլ հանցագործությունների միջոցով հայությանն ու Հայաստանին հասցված ողջ վնասի չափի գնահատումն ու հաշվարկը:

Սակայն այստեղ թվարկված հանցագործություններն ուղիղ մատնանշում են այն վնասները, որոնք կարելի է եւ պետք է հաշվարկել ու այդպես պատրաստել Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասված ամբողջ վնասի իրական չափը, վնասների հատուցման ամբողջական փաթեթը:

Մեկ կարեւոր նկատառում եւս, որպես եզրափակիչ խոսք:

Հայերի նկատմամբ 1894 — 1923 թթ․ ընթացքում իրականացված կոտորածն ու բռնագաղթը հանդիսանում է ցեղասպանություն, համաձայն՝

— ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․։

— Հայերի ցեղասպանությունը ենթակա է դատապարտման, համաձայն՝ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ․։

Կարող ենք փաստել, որ Հայերի ցեղասպանությունը մինչեւ այսօր շարունակվում է եւ շարունակվելու է, քանի դեռ չի իրականացվել հանցագործության դատապարտումը եւ պատճառված վնասի ամբողջական հատուցումը: Եվ քանի դեռ հայությունը չի վերագտել՝ ապրելու, զարգանալու եւ առաջընթացի իրավական – քաղաքական, ազգային – պետական ամուր եւ անսասան հիմքերը:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

22.09.2022

 

—————

Թաներ Աքչամի նոր գիրքը թուրքական ժխտողական պատմագիտությունը դարձնում է «ֆեյք նյուզ» — https://armenpress.am/arm/news/972237.html

error

Enjoy this blog? Please spread the word :)