22:59 31.08.2019 | Մեկնաբանություն
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը հետմահու «Արցախի հերոսի» կոչում է շնորհել Լեոնիդ Ազգալդյանին ու Վլադիմիր Բալայանին պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար:
Երկու լեգենդար հրամանատարները զոհվել են 1992 թվականին, եւ նրանց մահվան հանգամանքներն առ այսօր տհաճ կասկածներ են հարուցում: Բայց այն, որ Բակո Սահակյանն իր նախագահության ավարտին, նրանց մահվանից 27 տարի անց ճանաչել է Ազգալդյանի ու Բալայանի ծառայությունները, խոսում է կարգավորման պարադիգմի, տրամաբանության փոփոխության մասին:
Լեոնիդ Ազգալդյանը «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության հեղինակն է: Այս արտահայտությունը դարձել է հայկական կողմի նոր կուրսը կարգավորման գործընթացում, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին կայացած հանրահավաքի ժամանակ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է այս կուրսը, հղում անելով այդ ելույթին:
Ստեփանակերտում օգոստոսի 5-ի հանահավաքը գլխավոր գաղափարի շուրջ համախմբվելու կոչ էր, եւ Լեոնիդ Ազգալդյանի բառերը դարձել են այն գաղափարը, որին հայկական աշխարհում ոչ ոք չի առարկում: Բակո Սահակյանի այսօրվա քայլը նախկին սխալների ուղղում է, համաձայնություն է Լեոնիդի ասածին:
Լեոնիդ Ազգալդյանի, Վլադիմիր Բալայանի, Աշոտ Բեկոր Ղուլյանի, Վիգենի եւ Արմենչոյի, ավելի վաղ Արթուր Մկրտչյանի, ավելի ուշ Մոնթե Մելքոնյանի մահը լավատեղյակ մարդիկ կապում էին ղարաբաղյան շարժման կուրսի փոփոխության հետ, երբ պարզ դարձավ, որ հայկական ուժերն ունակ են հող նվաճել ու կոտրել ռուս-թուրքական պայմանագրերով հաստատված ստատուս-քվոն: Նրանք, ովքեր լավ հասկանում էին այդ օրերի նշանակությունը, հեռացել են՝ ոմանք մեջքին կրակոցով, ոմանք հետ չնայելով: Մնացողները ամոթխած կախել են աչքերը:
Եվ մինչ օրս շարունակվում է պայքարը նրանց միջեւ, ովքեր համարում են, որ հայերն ընդունակ չեն նվաճումների, հետեւաբար՝ միշտ տիրոջ կարիք ունեն, ու ովքեր համարում են, որ հաղթանակն իրենց ամենաթողության իրավունք է տվել:
Մարտական գործողությունների դեռ ամենասկզբում Ազգալդյանն ասել էր. «Պատերազմը վաղը կավարտվի, իսկ մենք շրջափակման մեջ ենք լինելու դեռ երկար: Այսօրվանից պետք է մտածել, թե ինչպես ենք ապրելու: Այսօր մենք հաղթում ենք, բայց վաղը կարող է կրկին ինքնապաշտպանության խնդիր ծագել և խրամատներ փորելու հարց առաջանալ, պաշտպանական ամրություններ կառուցելու խնդիրներ ունենանք, տեխնիկա անհրաժեշտ լինի: Հայաստանում պետք է զարգացնել հատկապե՛ս ռազմական արդյունաբերությունը: Այդ պատճառով անհրաժեշտ է, եր երկրի վաղվա մեկուսացումը չսահմանափակի ազգի բարոյական, ինտելեկտուալ եւ կազմակերպական ընդունակությունները: Հենց դրան է նախեւառաջ ուղղված լինելու շրջափակումը…»:
https://www.lragir.am/2019/08/31/471351/