ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Քաղաքականություն — 02 Ապրիլի 2018, 23:30
Թուրքիայի կառավարությունը ցույց է տալիս, որ միշտ պատրաստ է առճակատման՝ ԱՄՆ, Իսրայելի, Եվրոպայի հետ: Թուրքիան ներխուժում է Սիրիա եւ Իրաք, Ֆրանսիայի նախագահին հարցնում է՝ ով ես դու եւ հավակնում է պահպանել իր տարածքային ամբողջականությունը:
Միեւնույն ժամանակ, Թուրքիայում տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում: Թուրքիան ամենաշատ ներգաղթյալներ ընդունած երկիրն է դարձել: Մյուս կողմից, անցյալ տարի երկիրը 6000 միլիոնատեր է լքել: Թուրքիայի միլիոնատերերը գերադասում են ԱՄԷ-ն ու Հունաստանը: Պորտուգալիայում 3.5 միլիարդ դոլարի անշարժ գույք է ձեռքբերվել:
Միլիոնատերերը ոչ միայն իրենք են տեղափոխվում, այլեւ իրենց կապիտալն են դուրս բերում: Կապիտալը, որպես կանոն, ամենազգայունն է «նավաբեկության» հարցում:
Թուրքիայի ՆԳՆ բնակչության եւ քաղաքացիության հարցերով գլխավոր վարչությունը տվյալներ է հրապարակել, ըստ որի 2016 թվականին 24545 մարդ հրաժարվել է Թուրքիայի քաղաքացիությունից, ընդ որում, 20692 հոգի Գերմանիայի քաղաքացիություն է ընդունել:
Անգլիայի ու Թուրքիայի միջեւ ստգորագրված Անկարայի պայմանագիրը թույլ էր տալիս Անգլիայում բնակության թույլտվություն ստանալ: Լոնդոնը, սակայն, սառեցրել է այն, որովհետեւ 2017 թվականին Թուրքիայի 1190 քաղաքացի բնակության իրավունքի համար փաստաթղթեր է ներկայացրել:
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/173253