Սաիդա Օհանեան. «Պէտք է օգտագործենք բոլոր միջոցները` օգնելու համշենահայերին` վերադառնալու իրենց հայկական արմատներին»

(Ելոյթ լրագրողների համահայկական 8-րդ համաժողովում)

Համշենահայերի ամենաստուար սփիւռքեան համայնքները գտնւում են Աբխազիայում եւ Ռուսաստանի սեւծովեան ափամերձ շրջաններում: Անշուշտ, համշենցիները դեռեւս կուռ բնակչութեամբ ապրում են իրենց պատմական հայրենիքում` Համշենում:

Ռուսաստանի հարաւային դաշնային մարզում` Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան (ք. Դոնի Ռոստով) եւ Սոչիում հիւպատոսութեան մասնաճիւղի գործունէութիւնը, ինչպէս նաեւ ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը նպաստել են Հայաստանի հետ ռուսաստանաբնակ համշենահայութեան բազմակողմանի կապերի ամրապնդմանը: Իրավիճակը, յայտնի իրադարձութիւնների պատճառով, մի փոքր այլ է Աբխազիայում:

Եթէ Ռուսաստանում եւ Աբխազիայում համշենահայերը քրիստոնեաներ են, եւ իրենց համարում են համշենահայութեան չիսլամացուած մասի ժառանգները, ապա բոլորովին այլ պատկեր է բուն Համշենում, որտեղ համշենահայութիւնը բռնի կերպով իսլամացուել է, շատերը կորցրել են իրենց արմատներն ու ազգային ինքնութիւնը…

Հետեւաբար, մենք պէտք է օգտագործենք բոլոր հնարաւոր միջոցները, որպէսզի օգնենք համշենահայ մեր քոյրերին ու եղբայրներին` վերադառնալու իրենց հայկական արմատներին:

Այստեղ շատ ու շատ կարեւոր է զանգուածային լրատուութեան միջոցների դերը:

Ցաւօք սրտի, համշենական ԶԼՄ-ներ, ինչպէս տպագիր, այնպէս էլ էլեկտրօնային, Աբխազիայում, Ռուսաստանում եւ բուն Համշենում չկան, բացի «Ձայն Համշենական» ամսաթերթից ու «Համշենական զրուցարան» հաղորդաշարից (խմբագիր եւ հեղինակ՝ Սերգեյ Վարդանեան), որի հետեւանքով համշենահայերը լիարժէք տեղեկատուութիւն չեն ստանում իրենց խնդիրների եւ անելիքների վերաբերեալ: Այս իրավիճակի շտկումը պէտք է դառնա օրուայ գլխաւոր հրամայականը, ինչպէս համշենահայութեան սփիւռքեան կառոյցների, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութեան համար:

Շատ կարեւոր ենք համարում ժողովրդական դիւանագիտութիւնը, Աբխազիայում եւ Սոչիում բնակուող համշենահայերի եւ պատմական հայրենիքում բնակուող համշենցիների ուղղակի շփումները: Վերջին տարիներին բարի աւանդոյթ է դարձել ճանաչողական փոխադարձ այցելութիւնները, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը եւ այլն:

Անկասկած, մեծ եւ անփոխարինելի է յատկապէս հայ կնոջ դերը` խաղաղութեան պահպանման, լեզուի, մշակոյթի, ազգային աւանդոյթների, կենցաղի եւ ընտանիքի վերականգնման հարցում: Հայ կինը մշտապէս եղել է ոչ միայն օջախի պահապանը, այլեւ Հայրենիքի պաշտպանը, Ազատարար-զինուորի Մայրը:

Այս իմաստով մեծ դեր է ստանձնել 2012 թուականին ստեղծուած «Համշենահայուհի» Կանանց միջազգային միութիւնը: Այս կարճ` 4-ամեայ գործունէութեան ընթացքում միութեան կողմից իրականացուել են բազմաթիւ միջոցառումներ, որոնք նպաստել են համշենահայութեան միջազգային համագործակցութեանը: Եւ մենք երախտապարտ ենք ՀՀ Սփիւռքի նախարարութեանը, անձամբ նախարար տիկին Հրանուշ Յակոբեանին` մեր կազմակերպութեան հանդէպ մշտական ուշադրութեան, աջակցութեան եւ բարի խորհուրդների համար:

Համշենահայութեան կեանքում նշանակալի իրադարձութիւն կը լինի 2017 թուականին Սոչիում եւ Աբխազիայում անցկացուելիք համշենահայութեան միջազգային համաժողովը` «Համշենեան աշխարհ – մենք միասնական ենք» խորագրով, որի շրջանակում տեղի կ’ունենան կ’ոնֆերանսնէր եւ մշակութային տարբեր փառատօներ: Նախատեսւում է, որ միջոցառմանը կը մասնակցեն ստեղծագործական խմբեր, մշակութեան եւ կրթական ոլորտի նշանաւոր գործիչներ, պատմաբաններ, քաղաքագէտներ, միջազգային ճանաչուած լրատուամիջոցների ներկայացուցիչներ:

Աբողջութեամբ պատրաստ է ֆորումի ծրագիրը եւ արդէն իսկ համաձայնեցուած` Աբխազիայի եւ Ռուսաստանի համապատասխան կառոյցների հետ:

Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը կաջակցի մեր նախաձեռնութեանը եւ ֆորումն իրական տոն եւ ինքնութեան ճանաչման հարթակ կը դառնայ համշենահայութեան համար:

Սաիդա Օհանեան

«Համշենուհի», Համշենահայերի կանանց միջազգային միություն

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր

20.10.2016 թ.

error

Enjoy this blog? Please spread the word :)