Ռուս-թուրքական յարաբերութիւնները կարող են լաւանալ, երբ Հայաստանի Հանրապետութեանը սահմանակից դառնա Հայաստան պետութիւնը

—————————

Ուստի, տարածաշրջանային խնդիրների կարգաւորումը կարող է իրականութիւն դառնալ այն բանից յետոյ միայն, երբ Հայաստանի Հանրապետութեանը սահմանակից դառնա Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան պետութիւն):

—————————

Վերջին տասնամեակներին, մերձաւորարեւելեան իրադարձութիւնների զարգացմանը զուգընթաց, յաճախի են դարձել մեկնաբանութիւնները անկախ Քրդստան պետութեան ձեւաւորման վերաբերեալ: Ընդ որում, ամէն անգամ, հիմնականում լռութեան են մատնւում Հայկական Հարցի վերջնական կարգաւորման եւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների իրականացման խնդիրները Արեւմտեան Հայաստանի նկատմամբ:

Tert.am- ի հետ զրոյցում հարցին, թէ արդեօ՞ք կայ դեռ հնարաւորութիւն վերադարձնելու Թուրքիայի հետ բարիդրացիական յարաբերութիւնները, թէ ամէն ինչ կորսուած է, Մոդեստ Կոլերովն ընդգծել է. «Կարծում եմ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լաւ յարաբերութիւնները կարող են վերադառնալ այն ժամանակ, երբ ներկայիս Թուրքիան այլեւս չլինի, լինի անկախ Քրդստան, որ օրինակ` Հայաստանի եւ Թուրքիայի սահմանն այլեւս լինի Հայաստանի եւ անկախ Քրդստանի սահման» (1):

Պէտք է նշել, որ այս մօտեցումը նոր չէ եւ նոյնիսկ ռուսական չէ, այն այլ աւելի շուտ արեւմտեան է: Յիշեցնենք, որ դեռեւս 2006 թ. ԱՄՆ Զինուած ուժերի բարձրաստիճան պաշտօնաթող սպայ Ռալֆ Պիտերսը մի յօդուածում գրում էր անկախ Քրդստանի ստեղծման ծրագրերի մասին (2):

Այս հարցերի հետ կապուած գոյութիւն ունի երկու հիմնական խնդիր.

այ) Միջազգային ընտանիքի հիմնական դերակատարները մինչեւ ե՞րբ են շարունակելու շրջանցել Հայկական Հարցը եւ, ըստ այդըմ, մինչեւ ե՞րբ են անտեսելու հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ու իրականացման խնդիրները:

բ) Եւ ի՞նչ է փոխուելու, երբ Թուրքիայի Հանրապետութեանը փոխարինելու գա անկախ Քրդստանը, սահմանակից դառնալով Հայաստանի Հանրապետութեանը:

Նախապէս զգուշացնենք, որ երկու հարցադրումներն էլ զուտ տարածաշրջանային (ռեգիոնալ) նշանակութիւն չունեն, այլ աւելի մեծ ընդգրկում, տարածաշրջանայինից ընդհուպ մինչեւ համաշխարհային քաղաքակրթական նշանակութեան:

Ներկայացնենք, թէ ինչու:

Ժամանակակից վերլուծաբաններն ու փորձագէտները, միջազգային վերլուծական ու փորձագիտական կենտրոնները, յաճախ շարունակում են շրջանցել ու անտեսել խնդիրների իրական լուծումները, պարբերաբար որպէս դեղամիջոց առաջարկելով տարբերակներ, որոնք յիշեցնում են բրիտանական դիւանագիտական դպրոցի անցած ճանապարհը, որի բնորոշիչ գնահատականը ժամանակին տուել է Լորդ Շերբրուկը` նկատելով, որ անգլիական քաղաքականութիւնը Թուրքիայի քրիստոնեաների համար «փակում էր դժոխքից դուրս գալու ելքը» (3):

Ներկայումս օրինակ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում են եզդիների կոտորածների ու բռնագաղթի խնդիրները (4): Աւելի քան 130 տարի առաջ նրանք շրջանառութեան մէջ դրեցին «Քրդական հարց» հասկացողութիւնը (5): Վաղը վստահաբար խօսելու են տարածաշրջանում ապրող մէկ այլ ժողովրդի կենսական խնդիրներից, յամառօրէն անտեսելով այն ակնառու իրողութիւնը, որ տարածաշրջանի ու այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների խնդիրների կարգաւորումը սկսւում է Հայկական Հարցի լուծումից, որից միշտ փորձում են խոյս տալ մարդու իրաւունքների հին ու նոր պաշտպանները:

Պատասխանելով մեր հնչեցրած առաջին հարցադրմանը նշենք, որ Մերձաւոր Արեւելքի խնդիրների կարգաւորման բանալին Հայկական Հարցի վերջնական լուծումն է, հայ ժողովրդին եւ Հայաստանին տրուած այն բոլոր իրաւունքների իրականացմամբ, որոնց վերաբերեալ որոշումներ են ընդունուել ու պայմանագիր ստորագրուել 1918-1920 թթ., այդ թւում եւ Արեւմտեան Հայաստանի մասով, որի չորս մարզերը ուղղակի նշուած են Սեւրի Խաղաղութեան պայմանագրում:

Չգիտեն ի՞նչ անել Արեւմտեան Հայաստանի հետ. Եւրոպառլամենտի ոչ իրաւաչափ եւ ապօրինի որոշում են կայացնում 1987-ին` որպէս «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւ, պատուերով յօդուածներ են իջեցնում` ինչպէս Ռալֆ Պիտերսի վերոյիշեալ հրապարակումն է, մեր յիշողութիւնը խաթարելու համար պատմութեան կեղծարարների միջոցով Արեւմտեան Հայաստանը ներկայացնում են` որպէս Արեւելեան Անատոլիայ, մեր իրաւունքներից մեր «կամաւոր հրաժարումը» ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ նախաստորագրուած Արձանագրութիւններ են հրապարակ բերում…

Սակայն, Արեւելեան Անատոլիայ գոյութիւն չունի, դա Արեւմտեան Հայաստանն է, որի իրաւատէրը շուրջ 30-ամեայ (1894-1923) կոտորածների, ցեղասպանութեան ու բռնագաղթի ենթարկուելու հետեւանքով սփռուած է աշխարհով մէկ, թէեւ ներկայիս որպէս Արեւմտեան Հայաստանի հայ, վերադառնում է իր ինքնութեանը: Դրա տրամաբանական շարունակութիւնն է 2011 փետրուարի 4-ին Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան ձեւաւորման գործընթացի հռչակումը այժմ` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն, վարչապետ` Տիգրան Փաշաբեզեան, իսկ պետականաստեղծ գործընթացի ամփոփումը` 2014 թ. յունուարի 18-21-ը Փարիզում Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորումը, նախագահ` Արմէն Տէր-Սարգսեան եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի ընտրութիւնը, նախագահ` Արմէնակ Աբրահամեան:

Ուստի, տարածաշրջանային խնդիրների կարգաւորումը կարող է իրականութիւն դառնալ այն բանից յետոյ միայն, երբ Հայաստանի Հանրապետութեանը սահմանակից դառնա Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան պետութիւն):

Այդ ամէնը մանրամասն ներկայացուած է «Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթ»ում, որը, ի դէպ, վերջերս թարգմանուեց եւ հրատարակվեց նաեւ ռուսերէն ու անգլերէն, ընթացքի մէջ է ժողովածուի ֆրանսերէն ու թուրքերէն օրինակների թարգմանութիւնն ու տպագրութիւնը (6):

Աւազի վրայ տուն չեն կառուցում, աւելին` խաղաղութիւն չեն կառուցում: Եւ վաղուց ժամանակն է հրաժարուել հայ ժողովրդի իրաւունքները շրջանցելու եւ անտեսելու անհեռանկար գործելաոճից: Պատմութիւնը փաստագրում ու ցոյց է տալիս, որ բրիտանական հետախոյզ Լոուրենս Արաբացու 1919-ին առաջադրած մարտավարութեամբ առաջնորդուելը ոչ մի լաւ բանի չի յանգեցնում, առաջին հերթին, դրա իրականացնողների եւ ապա նաեւ մասնակիցների ու այլ ժողովուրդների համար նոյնպէս (7):

Պատասխանելով մեր հնչեցրած երկրորդ հարցադրմանը նշենք, որ տարածաշրջանի քաղաքակրթական խանգարումը` խցանումը, ընդհանրապէս, իսկ Հայկական լեռնաշխարհինը, մասնաւորապէս, սկսուել է տարածաշրջանում թուրքական պետութեան գոյացմամբ եւ դա մէկ այլ պետութեամբ փոխարինելը, այդ թւում` քրդական կամ այլ…, հայկականից զատ, չի յանգեցնելու տարածաշրջանի քաղաքակրթական առողջացմանն զարգացմանը, այդ թւում` համաշխարհային քաղաքակրթական առաջընթացի ու ապագայի իմաստով նաեւ:

Հաստատագրենք, որ Լոուրենս Արաբացու առաջարկած ռազմավարութիւնը, այն է` «…Հայաստանը պէտք է բաժանման ենթարկուի: Բուն երկիրը, ուր բնական հարստութիւններն են, պէտք է անջատուի առաջամասից, ուր ոչինչ չկայ բացի հայերից: Ամերիկեան մանդատը պէտք է լոկ հայերի վրայ լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թէ բրիտանացիք, այլ մի ուրիշ` հաւասարաչափ գործնական տէրութիւն պէտք է ստանայ Հայաստանը», խիստ բացասական ազդեցութիւն է գործել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համաշխարհային քաղաքակրթական ընթացքի վրայ, անընդմէջ խոչընդոտելով ու արգելափակելով դրանց զարգացումը:

Այստեղ եւս լուծումը մէկն է, դա հայ ժողովրդի իրաւունքների իրականացման ու հաստատման ուղին է, որի արդիւնքում Հայաստանի Հանրապետութեանը սահմանակից կը դառնայ այն Հայաստանը, որի վերաբերեալ կարեւոր որոշումներ կայացրին եւ Ռուսաստանի Կառավարութիւնը` 1918-ին, եւ Փարիզի Խաղաղութեան վեհաժողովի մասնակից պետութիւնները` 1919-1920 թթ., եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնը` 1920-ին (8):

Դրանից յետոյ միայն կլուծուէն շատ ու շատ խնդիրներ, շատ կողմերի համար, այդ թւում եւ ռուս-թուրքական յարաբերութիւնների բարելաւման իմաստով:

Սրանք էին, որ ցանկանում էինք նշել որպէս իրաւական-քաղաքական հիմնարար փաստարկներ Մոդեստ Կոլերովի դիտարկմանը, փորձելով օգնել նրան եւ այլ յայտնի փորձագէտների ու վերլուծաբանների, ինչպէս նաեւ մի շարք վստահելի վերլուծական ու փորձագիտական կենտրոնների, զգոյշ մնալու հին սխալների կրկնութիւնից, որոնց հետեւանքով է առաջացել ու զարգացել ներկայի ռազմաքաղական ճգնաժամը Մերձաւոր Արեւելքում, ըստ էութեան, համաշխարհային քաղաքակրթական ճգնաժամը, որը կարելի բնութագրել նաեւ որպէս քաղաքակրթական ազատ անկում:

Բարեբախտաբար, անկումից խուսափելու բոլոր հնարաւորութիւններն ու նախադրեալները կան եւ դրանք ամփոփուած են Հայաստանի նկատմամբ հայերի իրաւունքների իրականացման որոշումներում ու պայմանագրերում: Պէտք է պարզապէս միասնական կամքով ու համաձայնութեամբ կեանքի կոչել եւ իրականացնել դրանք:

Տիգրան Փաշաբեզեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ

 

16.02.2016 թ.

 

———————

Ծանօթագրութիւն

  1. «Ռուս-թուրքական յարաբերութիւնները կարող են լաւանալ, երբ Հայաստանին սահմանակից դառնա անկախ Քրդստանը». Մոդեստ Կոլերով, Tert.am, 15.02.2016, http://www.tert.am/am/news/2016/02/15/kolerov/1931154/
  2. Ռալֆ Պիտերս, «Մերձաւոր Արեւելքի նոր քարտէզը` ըստ արիւնակցական կապերի եւ հաւատի նմանութիւնների», (թարգմանութիւնը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006:
  3. Լորդ Շերբրուկի պատկերաւոր արտայայտութեամբ, անգլիական քաղաքականութիւնը Թուրքիայի քրիստոնեաների համար «փակում էր դժոխքից դուրս գալու ելքը»: (Հայկական Սովետական Հանրագիտարան, Երեւան, 1976, հ. 2, էջ 401-402)
  4. Եզդիների հարցը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, «Նոյեան Տապան» Lրատուական գործակալութիւն, 15.02.2016:
  5. Րաֆֆի, Քրդական միութիւն: Առաջին անգամ տպագրուել Է «Մշակ»ում Մելիքզադէ ստորագրութեամբ (Թիֆլիս, 1880), այնուհետեւ տեղ Է գտել Աննա Րաֆֆու կազմած «Տաճկահայք»ում (Թիֆլիս, 1895 եւ Վիեննայ, 1913): Յետագայում դուրս է մնացել Րաֆֆու երկերի ժողովածուի հրատարակութիւններից: Արտատպւում է «Մշակ»ից, 1880, N- 167, 168:
  6. «Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթ», «Նոյեան Տապան» հրտ., հայերեն եւ ռուսերեն օրինակներ` 2015, անգլերեն օրինակ` 2016, http://nt.am/am/ourpublication/9/:
  7. Լոուրենս Արաբացի, «Այդ անտանելի հայերը», ամերիկացի լրագրող Լինքոլն Ստեֆընսի հարցազրոյցը բրիտանացի հետախոյզ Լոուրենս Արաբացու հետ: Նիւթը պատրաստուել է խաղաղութեան կոնֆերանսի ժամանակ Փարիզում 1919 թ., առաջին անգամ հրապարակուել է «Аутлук энд индепендентէ ամսագրում 1931 թ. եւ չի կորցրել արդիականութիւնը մինչ օրս:
  8. Տես, Ռուսաստանի Կառավարութեան Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին», 11 յունուար 1918 թ.), Սեւրի Խաղաղութեան պայմանագրի Հայաստանին վերաբերող յօդուածները (10 օգոստոս 1920 թ.), ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.), Կոստանդնուպոլսի Ռազմական ատեանի նիւթերը Երիտթուրքերի դատավարութեան վերաբերեալ (1919-1920 թթ.) եւ… այլ փաստաթղթեր:
error

Enjoy this blog? Please spread the word :)