Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պարզաբանումը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում տեղի ունեցած պաշտոնանկությունների դրդապատճառների մասին

ԱՀՎ Կառավարության մեջ վեցամսյա կառավարման ճգնաժամի (փետրվար, 2014 – հուլիս 21, 2014) եւ պաշտոնանկությունների պատճառների մասին

Կառավարման ճգնաժամի պատճառները եւ ԱՀՎ Կառավարությունում կադրային փոփոխությունների հարկադրանքը.

2014-ի հունվարին Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության աշխատանքները թեւակոխեցին նոր փուլ, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդին (ստեղծվել եւ գործում է 2004-ից) զուգահեռ ձեւավորվեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցի բոլոր թեւերը. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը (ստեղծվել եւ գործում է 2011-ից), Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) (ընտրությունները ավարտվել են՝ 2013-ի դեկտեմբերի 1-ին, իսկ պատգամավորների լիազորությունները հաստատվել 2014-ի հունվարի 18-ին՝ առաջին նստաշրջանի ժամանակ), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը (ընտրվել է 2014-ի հունվարի 20-ին):

Թվում էր, թե ոչինչ այլեւս չի կարող խանգարել առաջ ընթանալու, երբ ի հայտ եկան առաջին խանգարումները, առաջին խոչընդոտները:

  1. 2014-ի հունվարի վերջին, փետրվարի սկզբին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձաժողովի հերթական նիստում քննարկման ներկայացվեց հերթական փաստաթուղթը, որի ժամանակ դեռ այդ խորհրդի անդամ Արամ Մկրտչյանը հայտարարեց, որ խորհրդի անդամների գիտելիքները բավարար չեն իրավական – քաղաքական համապատասխան փաստաթղթեր քննարկելու եւ որոշումներ կայացնելու: Սա այն դեպքում, երբ վերջին երեք տարիների ընթացքում հենց այդ խորհրդի անդամների մանրակրկիտ ու տքնաջան աշխատանքների արդյունքում է ձեւավորվել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների միասնական իրավական – քաղաքական փաթեթը եւ դրան մաս կազմող շատ փաստաթղթեր՝ հռչակագրեր, որոշումներ, հրամանագրեր… Առաջին հայացքից անննշան թվացող այդ գործողությունը հետագա վեց ամիսների ընթացքում առաջացրեց հետեւյալ խնդիրները.

ա) Քննարկումների ու որոշումների կայացման միասնական հարթակի՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձաժողովի, աշխատանքները խաթարվեցին:

բ) Քննարկումների ու որոշումների կայացման միասնական հարթակի աշխատանքների խաթարումը առաջացրեց համատեղ աշխատանքները նախկինի նման ներդաշնակ իրականացնելու դժվարություններ:

  1. Հետագայում ի հայտ եկավ առաջին կետից բխող մարտահրավերի ողջ ծավալը, երբ Արամ Մկրտչյանը ԱՀՀ համակարգում ենթադրաբար սպասվող պետական համակարգային աշխատանքը փոխարինեց խմբակային աշխատանքով: ԱՀՀ համակարգի մասերը՝ նախագահական, խորհրդարանական եւ կառավարություն, հայտնվեցին անընդունելի մի իրավիճակում, երբ Արամ Մկրտչյանի գլխավորությամբ իրականացվում էր, ոչ թե պետական համակարգին մաս կազմող կառույցների իրավասություններին ու պարտականություններին համահունչ աշխատանք, այլ խմբակային, մասնավորապես, ԱՀՎ Կառավարության մեջ:
  2. Որպեսզի համակարգում ապահովված լիներ նյարդային ու լարված մթնոլորտը, ըստ երեւույթին նախնական ինչ որ մի պայմանավորվածության համաձայն, ԱՀՎ Կառավարության փոխվարչապետի պաշտոնից ու պատասխանատվությունից բազմիցս հրաժարած ու խուսափած Ֆիլիպ Սասունը ԱՀՀ նորընտիր նախագահի հասցեին քննադատական մի նյութ հրապարակեց: Այդ նյութը զայրույթի բնական ալիք առաջացրեց, որի պատճառը հասկանալի էր, որովհետեւ Ֆիլիպ Սասունի նյութը «յուրայինի» կողմից անսպասելի հարված էր (թե՞ ոմանց կողմից սպասելի ու նախօրոք ծրագրված) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորաստեղ պետական կառույցի ողջ համակարգի թիկունքին հասցված: Այս քայլը խորհրդանշական խնդիր ուներ երեւի սասանելու նորաստեղծ պետական համակարգը, փոխարենը սակայն սասանվեց անջատողականների խումբը՝ այն աստիճան, որ գնաց համակարգից դուրս մնալու փորձությունների ճանապարհով:
  3. Խմբակային աշխատանքի գործարկման արդյունքում փորձ արվեց մեկուսացնել ԱՀՎ Կառավարության վարչապետին՝ սահմանափակելով նրա լիազորությունները՝ ԱՀՎ Կառավարության նիստերից մեկի ժամանակ հրապարակ բերելով՝ «Կանոնակարգ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վարչապետի մասին» օրենսդրական նախաձեռնություն նյութը: Անջատողականների խումբը հետագայում իր բոլոր գործողությունները արդարացնելու է օրենսդրական նախաձեռնություն կոչված այդ նյութի հոդվածների հիման վրա: Սակայն բոլորին է հայտնի, նույնիսկ օրենքից ու իրավունքից հեռու մարդկանց. որպեսզի օրենսդրական նախաձեռնությունը օրենք դառնա, օրենիք ուժ ստանա այն պետք է քննարկվի ու հաստատվի խորհրդարանում: Այդ օրենսդարական նախաձեռնությունը քննարկել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) եւ 2014-ի հուլիսի 30-ին հետեւյալ որոշումը կայացրել. «Մերժել ներկայացված օրենքի նախագիծը, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի իրավական–քաղաքական տրամաբանությանը լիովին հակասող փաստաթուղթ»:
  4. Վարչապետի նշանակման հարցը: Արամ Մկրտչյանը, միշտ հետամուտ խմբակային աշխատանքի տրամաբանությանը, 2014-ի հուլիս 21-ին հրավիրեց Կառավարության ապօրինի նիստ եւ կայացրեց ապօրին որոշում՝ ինքն իրեն վարչապետ նշանակեց: Սակայն, համաձայն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի մասին 2004 թվականից ընդունված եւ 2014-ին ամբողջացած՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Արեւմտյան Հայաստանի Օրենքի (07.03.2014թ.), վարչապետի թեկնածությունը առաջարկում է նախագահը, թեկնածությունը քննարկում եւ հաստատում է խորհրդարանը, որից հետո հրամանագրով հաստատում է նախագահը:
  5. Որպես լրացում վերը ասվածի, ԱՀՎ Կառավարության նախարարների նշանակումը եւ պաշտոնից ազատումը կատարվում է ԱՀՎ Կառավարության վարչապետի որոշումով՝ ԱՀՀ նախագահի հրամանագրով:
  6. ԱՀՎ Կառավարության նիստին ներկայացված վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության միջոցով փորձ է արվել սահմանափակել ԱՀՎ Կառավարության վարչապետի, ԱՀՀ նախագահի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) լիազորություններն ու իրավասությունները: Այդ օրենսդրական անընդունելի նախաձեռնության վերաբերյալ, ինչպես արդեն նշեցինք, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) 2014-ի հուլիսի 30-ին կայացրեց սույն որոշումը. «Մերժել ներկայացված օրենքի նախագիծը, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի իրավական – քաղաքական տրամաբանությանը լիովին հակասող փաստաթուղթ>:
  7. Արամ Մկրտչյանի կողմից բազմիցս հանդես է բերվել ինքնագործունեություն, որոնք ԱՀՀ նախագահի գործողություններին զուգահեռ գործողություններ էին միջազգային հարաբերությունների ոլորտում, առաջացնելով եւ անընդունելի կրկնություններ, եւ խաչաձեւումներ, եւ անհամապատասխանություններ, որովհետեւ գործողությունների բնույթի եւ ռազմավարության մեջ դրվում էր մեկ այլ բնույթ եւ ռազմավարություն, քան ենթադրում էր ԱՀՀ գործունեության բնույթն ու ռազմավարությունը:

ԱՀՀ պետական համակարգը եւ պատասխանատուները վեց ամիս համբերատար աշխատել են թույլ չտալու համար խզում, ապահովելու հիմքեր միասնական ներդաշնակ աշխատանքի, բայց ի զուր: Որովհետեւ իրավիճակը ոչ մի կերպ չէր շտկվում, այն ավելի ու ավելի էր խորանում ու բարդանում: Իրադարձությունների եւ իրողությունների այս համատեքստում է, որ նախ՝ ԱՀՎ Կառավարության վարչապետը որոշում կայացրեց ժամանակավորապես դադարեցնել ու սառեցնել Արամ Մկրտչյանի պաշտոնավարումը, որպես՝ ԱՀՎԿ Արտաքին գործերի նախարարի, որին սակայն հաջորդեց նաեւ ԱՀՀ նախագահի հրամանագիրը՝ Արամ Մկրտչյանի պաշտոնանկության մասին: Այս ամենը դեռ չէր նշանակում խզում նաեւ խմբի այլ անդամների ու պաշտոնյաների մասով, բայց քանի որ խմբակային աշխատանքի գործառույթը այլեւս գործարկված էր, ապա դա ունեցավ հետեւանքներ: Արամ Մկրտչյանը, առանց ունենալու այդ լիազորությունը, 2014-ի հուլիսի 21-ին հրավիրեց Կառավարության ապօրինի նիստ, կայացրեց ապօրինի որոշումներ, դրանով հարվածի տակ դնելով նաեւ պետական համակարգին մաս կազմող այլ անդամների, որոնց ի սկզբանէ չէր վերաբերում ԱՀՀ Նախագահի 2014-ի հուլիսի 3-ի հրամանագիրը:

Խմբակային աշխատանքի հետեւանքները:

2014 թ. հուլիսի 21-ին, առանց ստանալու ԱՀՎ Կառավարության վարչապետի համաձայնությունը, ԱՀՎ Կառավարության Արտաքին գործերի նախարարի պաշտոնից ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագրով (03.07.2014) ազատված Արամ Մկրտչյանը հրավիրեց Կառավարության ապօրինի նիստ, որտեղ կայացվեցին ապօրինի որոշումներ:

ԱՀՎ Կառավարության վարչապետը հարկադրված էր գնալու կադրային փոփոխությունների, որոնց արդյունքում վարչապետի թիվ 7 որոշման համաձայն՝ Կառավարության ապօրինի նիստին մասնակցելու ու ապօրինի որոշումներ կայացնելու համար ԱՀՎԿ Արդարադատության նախարար Հրայր Սուրիկ Ղազարյանը ազատվում էր իր զբաղեցրած պաշտոնից եւ ԱՀՎԿ Կրթության եւ գիտության նախարար Կարինե Հայրապետյանը ազատվում էր իր զբաղեցրած պաշտոնից: Վարչապետի կայացրած որոշումը ներկայացվում էր ԱՀՀ նախագահի հաստատմանը:

Խմբակային աշխատանքի այլ հետեւանքներ:

ԱՀՎ Կառավարության վարչապետի եւ ԱՀՀ նախագահի համաձայնությամբ ԱՀՀ աշխատանքներին Արամ Մկրտչյանի հանձնարարականով միացած Բակուր Կարապետյանը իրավունք ստացավ բացելու «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության լրատվական վերլուծական պաշտոնական կայք», որի անվանման մեջ «պաշտոնական» բառ-եզրը մնում էր վիճարկելի, որովհետեւ ԱՀՎ Կառավարությունն իրականում ուներ եւ ունի պաշտոնական կայք հետեւյալ հասցեով՝ http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm:

Հասկանալի բոլոր զիջումները արվում էին իրավիճակի էլ ավելի թեժացում ու սրում թույլ չտալու համար: Սակայն այդ սպասումներն էլ չարդարացան եւ պատճառը կրկին խմբակային աշխատաոճն էր, որը բացառում էր պետական համակարգային միասնական ռազմավարություն եւ միասնական աշխատանք, ավելին՝ ենթադրում է խմբակային ուղղորդված աշխատանք:

Այդ պահից սկսած նյութերը, որոնք տեղադրվում էին «Ավետիս» կայքում չէին ներկայացնում ԱՀՎ Կառավարության տեսակետները, ինչը նշանակում էր, թե մենք կրկին հարկադրված էինք կադրային փոփոխությունների վերաբերյալ որոշում ընդունելու, ըստ որի՝ Բակուր Կարապետյանը այլեւս չէր ղեկավարում ԱՀՎ Կառավարության Լրատվական բաժինը: Որն իր հերթին նշանակում էր, թե որքան էլ «Ավետիս» կայքի վրա պահպանվեր «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության լրատվական վերլուծական պաշտոնական կայք» հղումը, դա իրականում կեղծարարության շարքային ձեռագրի արտահայտություններից մեկն էր ընդամենը, որովհետեւ եւ Բակուր Կարապետյանը, եւ «Ավետիս» կայքը Արեմտյան Հայաստանի պետական համակարգից դուրս էին դրված այլեւս:

Տեսանելի է, որ վերոնշյալ խմբակային աշխատանքը այնուհանդերձ շարունակվում է, բայց շարունակվում է Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի շրջանակներից դուրս եւ աղմուկի ու բամբասանքի դաշտում, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի շրջանակներից ներս տեղի է ունենում համակարգային – համակարգված – միասնական – ներդաշնակ աշխատանք:

Հ.Գ.

Շարադրվածից հետեւում է, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների միասնական իրավական քաղաքական փաթեթի շրջանակներում վերականգնելու համար 2011-2013 թթ. միասնական ներդաշնակ աշխատանքի ոճն ու բովանդակությունը, առաջին հերթին, խնդիր կար վերականգնելու միասնական ներդաշնակ աշխատանքի այն հարթակը, որի դերը երկար ժամանակ կատարում էր Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովը:

Այժմ այդ դերը, համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի մասին 2004 թվականից ընդունված եւ 2014-ին ամբողջացած՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Արեւմտյան Հայաստանի Օրենքի (07.03.2014թ.), կատարում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահական Խորհուրդը:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ

 

26.08.2014 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)