«Իսրայելը պաշտպանում է պետականության ձեռքբերման քրդերի օրինական ջանքերը». Նաթանյահու

Իսրայելը պաշտպանում է պետականության ձեռքբերման քուրդ ժողովրդի օրինական ջանքերը: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

 

«Իսրայելը, որը հանդես է գալիս ահաբեկչության ցանկացած դրսեւորման դեմ, պաշտպանում է սեփական պետականության ձեռքբերման քուրդ ժողովրդի օրինական ջանքերը»,-ասել է հրեական պետության կառավարության ղեկավարը: Վարչապետի հայտարարությունը տարածել է նրա դիվանատունը:

 

Մինչդեռ Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի 25-ին:

 

Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին հայտարարել է, որ քվեարկության արդյունքները հաստատում են Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը: Նրա խոսքով՝ խորհրդարանի այս որոշումը «վարչապետին պարտավորեցնում է բոլոր միջոցները ձեռնարկել Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ Բաղդադի ու այս տարածաշրջանի փոխհարաբերությունների հարցերը կարգավորելու նպատակով լուրջ երկխոսություն սկսելու համար»:

 

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների այդ քայլը քննադատել են Բաղդադը, ինչպես նաեւ Թեհրանը եւ Վաշինգտոնը: Հաղորդվել է, որ Թուրքիան եւ Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող է լարվածության աճ հրահրել, եւ կոչ են արել հրաժարվել այդ նախաձեռնությունից:

 

Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)