04 ՄԱՅԻՍ 2017 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՄՇԱԿՈՅԹ:
Շինուհայրում գտնվող Կուսանց անապատ (1670թ.) եւ Սբ. Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցիների (1676թ.) հատակը, խորանը, ներքնախորշն ամբողջությամբ քանդված են: Եկեղեցիներում ավերածություններ գործել են գանձագողերը, ենթադրաբար՝ երկու տարի առաջ: Գանձեր գտնելու ակնկալիքով նրանք Կուսանց անապատի պատից պոկել են նաեւ խաչքարը: Ուշ միջնադարյան այս եկեղեցին եղել է գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել եւ պատկերազարդվել են մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը գտնվում են Մատենադարանում:
Շինուհայրում գտնվող Կուսանց անապատ (1670թ.) եւ Սբ. Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցիների (1676թ.) հատակը, խորանը, ներքնախորշն ամբողջությամբ քանդված են: Եկեղեցիներում ավերածություններ գործել են գանձագողերը, ենթադրաբար՝ երկու տարի առաջ: Գանձեր գտնելու ակնկալիքով նրանք Կուսանց անապատի պատից պոկել են նաեւ խաչքարը: Ուշ միջնադարյան այս եկեղեցին եղել է գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել եւ պատկերազարդվել են մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը գտնվում են Մատենադարանում:
Գանձագողերն ավերածություններ են գործել նաեւ Սիսիանի տարածաշրջանում գտնվող Որոտնավանք (11-րդ դար) վանական համալիրում: Օժանդակ շինություններից մեկի երդիկն ու պատը 1 քմ տարածքով քանդել են եւ մուտք գործել եկեղեցի՝ հավանաբար վանքում թաղված Սյունյաց Շահանդուխտ թագուհու եւ իշխան Սեւադայի «գանձերը» գտնելու ակնկալիքով:
Մեղրի քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցու (17-րդ դար) խորանը, մկրտության ավազանը, ներքնախորշը նույնպես ամբողջովին քանդել են: Եկեղեցին ներկայումս վերականգնվում է, վերականգնելուց առաջ շրջակայքում պեղումներ են իրականացրել: «Եկեղեցու աղոթարանի տակից բացառիկ բան գտանք, որը կարող էր պատմություն փոխել, բայց մինչ այդ գանձագողերն ամբողջովին ավերել էին դամբարանը ոսկի գտնելու ակնկալիքով»,- ասում է պեղումներն իրականացրած հնագետ Արման Նալբանդյանը:
Նշված բոլոր եկեղեցիները հաշվառված են Հայաստանի պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Դրանց պահպանությունն իրականացնում է մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Կնիք
Նշված եկեղեցիներում կատարված ավերածությունների մասին ՊՈԱԿ-ը հաղորդագրություններ չի տարածել, բացառությամբ Որոտնավանքի:
Որոտնավանքը գանձագողերի թիրախ էր դարձել նաեւ 2014թ., հենց նույն տեղում քանդվել ու փոս էր փորվել, սակայն հետո պատի քանդված քարերը վերաշարվել էին: Քրեական գործը երկու ամիս հետո կասեցվել էր` մեղադրյալի անձը հայտնի չլինելու հիմքով: 2016թ. մարտի 10-ին կատարված ավերածության փաստի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Գանձագողերի ավերածության թիրախ են դառնում պատմության եւ մշակույթի բոլոր տեսակի անշարժ հուշարձանները՝ ամրոցներ, գյուղատեղիներ, միջնադարյան գերեզմանոցներ, ջրաղացներ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր։ Թե ինչ ավար են ձեռք գցում նրանք թվարկված եկեղեցիներն ու մնացած հուշարձաններն ավերելով՝ պատկերացում կարող ենք կազմել միայն վաճառելու նպատակով շրջանառվող կամ արդեն վաճառված պատմամշակութային արժեքներին ծանոթանալով: Ստորեւ ներկայացված լուսանկարներում հայտնաբերված եւ գնորդ գտնելու ակնկալիքով սոցիալական ցանցերում, հնագետների ու արվեստագետների շրջանում, հյուրանոցներում, Վերնիսաժում շրջանառվող առարկաներն են:
Շատ արժեքավոր բաներ են գտնում, տեսնես` կխենթանաս, ես Սյունիքից բերված թրեր, նետ ու նիզակներ եմ տեսել, որոնց նմանը մեր թանգարաններում չկա: Դրանք 700 դոլարով վաճառեցին»,- պատմում է վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:
Պրն Նալբանդյանը ներկայումս վերականգնում է Մեղրի քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցին: «Մեզնից առաջ հնագետը մտնում է, որ տարածքը մաքրի, որից հետո մենք աշխատենք: Պարզվում է, որ ավելի շատ բաներ են տարել, քան սպասում էինք, մենք բազմիցս ենք հանդիպել նման դեպքերի: Գանձագողության վնասն այն է, որ երբ գանձը գտնում ես, մշակույթ ու պատմություն ես ոչնչացնում: Հնագետն աշխատում է վրձնով, պատմական բոլոր շերտերն ուսումնասիրելով, իսկ նրանք գործում են տրակտորներով, պայթեցումներով, միայն թե միջից իրենց ուզածը գտնեն»,- ասում է Ստեփան Նալբանդյանը:
Ոսկե մատանի
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը 2005թ.-ից աշխատում է Սյունիքում: «Գանձախուզության մոլուցքը Սյունիքում սարսափելի է, եւ եթե այդպես շարունակվի, չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց տեղի պատմական հուշարձաններն ամբողջովին կործանվեն»,- ասում է նա:
Սյունիքը պատմամշակութային հուշարձաններով Հայաստանի ամենահարուստ վայրերից մեկն է: Գտնվելով Իրանից Հյուսիսային Կովկաս տանող ճանապարհների հանգուցակետում` շատ կարեւոր դերակատարում է ունեցել միջտարածաշրջանային տարանցիկ առեւտրի ոլորտում: Աշխարհագրական դիրքից բացի, դրան նպաստել է նաեւ տարատեսակ բնական հումքի (ոսկի, պղինձ, երկաթ, օբսիդիան եւ այլն) առատությունը: Սակայն, այստեղ հնագիտական ուսումնասիրություններ քիչ են կատարվել՝ ֆինանսների բացակայության եւ մասնագետների պակասի պատճառով:
Մկրտիչ Զարդարյանի ղեկավարած արշավախումբը Սյունիքում ուսումնասիրել է առնվազն 35 հուշարձան՝ բնակավայրեր, դամբարանադաշտեր եւ այլն: Ասում է, որ դրանց ճնշող մեծամասնության վիճակը ողորմելի է: Ավերվում են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում, տարբեր հանքավայրերի, հատկապես քարհանքերի շահագործման արդյունքում, նպատակային գանձախույզների ջանքերով: «Պատմամշակութային արժեքներից բացի, Սյունիքն աչքի է ընկնում սեփական հուշարձանների հանդեպ սյունեցիների մի մասի ոչ բարեխիղճ վերաբերմունքով: Ես չեմ տեսել Հայաստանում այդպիսի մի շրջան, որտեղ այդպես «նպատակային» քանդեն պատմական հուշարձանները»,- նշում է Մ· Զարդարյանը:
Սյունիքում մեզ հետ հանդիպած մարդիկ հավաստիացնում են, որ գանձագողերի խմբին հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նրանք չեն ցանկանում հրապարակել իրենց անունները` համոզված լինելով, որ նախկին մարզպետը կարող է վնասել իրենց։
Հնագետները հեգնում են՝ Սյունիքում փնտրում են Շապուհի գանձերը, Անդոկ իշխանի հարստությունը:
Ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2016թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի տարածքում գրանցվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու (ՀՀ քր. օր. 264 հոդված) 9 դեպք, 2015թ. ընթացքում՝ 2 դեպք: Իրականում դրանց թիվը շատ ավելին է։
Ք. Ա. 3-2 հազարամյակ
Քննչական կոմիտեից մեր հարցմանը պատասխանել են, որ նշված 11-ից 7-ի դեպքում քրեական գործի վարույթը կասեցվել է «հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ» հիմնավորմամբ: Քրեական գործի վարույթը 2 գործով կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 2-ով նախաքննությունը շարունակվում է:
Կարճման երկու որոշումներն էլ վերաբերում են Սյունիքի մարզի հնավայրերին: Կարճված գործերից մեկն անցնող տարում մեծ աղմուկ հանած Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղի հարեւանությամբ գտնվող «Շինատեղ» գյուղատեղի տարածքից Կապանի բնակիչ Սեւակ Սաֆարյանի հայտնաբերած իրերին է վերաբերում՝ 265 կտոր:
«Զարմանալի հայտնագործություն է կատարվել: Առ այսօր ողջ ուրարտական կայսրության տարածքում մենք դեռեւս չունեինք այդպիսի գանձեր, մետաղե այդպիսի բազմազան առարկաների հավաքածու»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը:
Նա նշեց, որ որոշ գտածոներ եզակի են, ինչպես զինվորի արձանիկը: «Մինչ այժմ մեր մշակույթում այսպիսի երեւույթ հայտնի չէր»,- ասաց Հ. Սիմոնյանը: Հնագետի ասելով` եթե նա չգտներ այս գանձերը, հնարավոր է, որ 100-ավոր արիներ այդ տարածքով մարդիկ անցնեին ու չիմանային, թե ինչ է թաքնված հողի շերտերի տակ:
Սա այն բացառիկ դեպքերից է, երբ գանձախույզը բացահայտվել էր վաճառելիս: Ս. Սաֆարյանը մեծաքանակ գտածոները վաճառելու համար լուսանկարներ էր ուղարկել տարբեր անձանց, այդ թվում` նաեւ հնագետների, ինչի արդյունքում էլ բռնվել էր: Պարզվել էր, որ գտածոներից որոշ բաներ հասցրել է վաճառել արտասահմանցիների: Մի կոլեկցիոներ խոստացել էր նրանից գնածը վերադարձնել Կապանի թանգարանին:
Սեւակը հնագետներին ցույց էր տվել հազարամյակների պատմություն ունեցող նմուշները հայտնաբերելու վայրը եւ հայտնել էր, թե դրանք բոլորը եղել են կավե ամանի մեջ: Մասնագետները նրա խոսքին հավատ չեն ընծայում` բացատրելով, որ բրոնզի եւ երկաթե իրերի մեծ հավաքածուն՝ ձիու արձանիկներ, երախակալ, կրծքազարդեր, բազկակալներ, եռոտանի կախազարդեր, աշխատանքային սեպեր, դաշույններ եւ այլն, չէր կարող տեղավորվել այդ փոքր ամանի մեջ եւ դուրս բերվել այդ փոքր անցքից:
«Բրոնզե իրերի հետ հանձնված կավանոթների բեկորների վերականգնումը բացահայտեց, որ թերի վիճակում գտնվող այս կավանոթների մեջ նման քանակի բրոնզե իրեր չէին կարող տեղավորվել»,- հաստատել է նախաքննությունը:
Սեւակ Սաֆարյանը ցուցմունք է տվել, որ 2008թ.-ից մետաղորսիչ սարքով շրջել է Կապանի եւ Կովսականի տարածաշրջանի գյուղերում՝ նպատակ ունենալով գտնել հնություններ, քանի որ տեղյակ է, որ պետությունը հնությունների արժեքը մասնակի փոխհատուցում է: Մետաղորսիչը հուշել է, որ հայտնաբերել է կարաս, որի մեջ եղել են իր ներկայացրած արձանիկները: Այնուհետեւ իրերը լուսանկարել է ու գնացել Երեւան, բայց Վերնիսաժում հրաժարվել են նրանից վերցնել դրանք: Պարզվել է, որ այդ տարածքը հաշվառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում:
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության որոշումով Սեւակ Սաֆարյանի եւ նրա գործընկեր Սամվել Պապյանի՝ առանձնակի արժեք ունեցող առարկաների հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
«Հնագիտական գտածոները, որոնք ձեռք են բերվել ապօրինի գործունեության արդյունքում, ժողովրդի սեփականությունն են եւ պետք է անհատույց հանձնվեն թանգարանին: Առգրավված 265 կտոր առարկաները հանձնվել են ՀՀ մշակույթի նախարարին՝ ի տնօրինություն»,- ասվում է որոշման մեջ:
Մեզ հետ զրուցած հնագետներին զարմացրեց Սեւակ Սաֆարյանի նկատմամբ իրավապահների դրսեւորած մեղմ վերաբերմունքը, առավել եւս հնագետ Հակոբ Սիմոնյանի` նրա անձին տրված դրական բնութագրումները:
«Ուրիշ նկարներ էլ կան ինձ մոտ, ասել են, որ դրանք Կապանից են, ես տեսնում եմ, որ դա նրա (նկատի ունի Սեւակ Սաֆարյանին-հեղ.) հավաքածուի մի մասն է: Նա ակնհայտորեն գանձագող է»,- ասաց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Անգեղակոթ համայնքի վարչական տարածքում գտնվող հանրապետական նշանակության «Պոլիգոն» հնավայրի մշակութային շերտը վնասելու դեպքի առթիվ 26.10.2015թ. Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը կարճվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Այստեղ էին գտնվում Ք·ա· 6-4 հազարամյակի բնակատեղի եւ բրոնզեդարյան ու միջնադարյան բարձրաքանդակ նշաններ, որոնք արդեն չկան: Հնագետները նշում են, որ օլիգարխները հողեր կամ հանքավայրեր են ձեռք բերում մշակույթի նախարարության գործուն աջակցությամբ: Այդ տարածքները որպես հնավայր հաշվառված են Կառավարության համապատասխան որոշումով, հուշարձանների ցանկը կազմվել է դեռեւս 1920-ական թվականներին: Ամեն անգամ, երբ նորահայտ հուշարձաններին կարգավիճակ տալու համար Կառավարությունը որոշում է թարմացնել այդ ցուցակը, հնագիտության ինստիտուտից թաքուն, մեկ այլ որոշումով տարածքը հանվում է պատմամշակութային հուշարձանների ցանկից եւ օտարվում: Այդպիսով՝ մշակութային տարածքը դառնում է հանքավայրի տարածք, որին մշակույթի նախարարությունը դեմ չի լինում, հուշարձանը մնում է հանքավայրի տակ, եւ թալանվելուց հետո ոչնչացվում է:
«Մենք մի քանի անգամ այդպես տանուլ ենք տվել. Ուջան եւ Աղավնատուն գյուղերի տարածքում գտնվող հրաշալի հնավայրը վերածեցին քարհանքի, չարամտորեն քերեցին իշայծամի յուրօրինակ ժայռապատկերը: Կամարիս գյուղի ավազի հանքավայրի տարածքում բացառիկ հուշարձան կար, 4-5 տարի առաջ այն այլեւս չկար»,- պատմում է պրն Ավետիսյանը:
Շարունակելի
օպերատոր` Հակոբ Պողոսյան
մոնտաժը` Դավիթ Բանուչյանի
hetq.am/arm/news/78371/gandzagoxery-ochnchacnum-en-hayastani-mshakuytn-u-patmutyuny.html#.WYNwOGfATHR.facebook