Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու կասկածանքով Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել

04:01 • 03.08.17

Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցներն Իրաքի սահմանին ձերբակալել են Ֆրանսիայի քաղաքացի Լոպեր Ժան Ռենե Բյուրոյին, որը կասկածվում է Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու համար: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիացին ձերբակալվել է հուլիսի 26-ին՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շիրնակ նահանգի տարածքում «Հաբուր» սահմանային անցակետը հատելու փորձի ժամանակ:

Անձնական զննման արդյունքում տղամարդու մոտ հայտնաբերվել են լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք վկայում են Դեմոկրատական միություն կուսակցության հետ կապերի մասին: Անկարան վերջինս համարում է Քրդական բանվորական կուսակցության հետ կապված ահաբեկչական խմբավորում:

Նշվում է, որ Ֆրանսիայի քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Շիրնակ նահանգի ահաբեկչության դեմ պայքարի բաժին, որտեղ ուսումնասիրվել են առգրավված նյութերը:

Վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ կասկածյալը ֆոտոսեսիա է նախապատրաստել ՔԲԿ-ի մասին և մի շարք հարցազրույցներ արել, որոնք քարոզում են դրա գործունեությունը տարածաշրջանում:

Նշվում է, որ դատարանի որոշմամբ ֆրանսիացին կալանավորվել է:

http://www.tert.am/am/news/2017/08/03/turkey-incident/2448190

error

Enjoy this blog? Please spread the word :)