Հայտարարություն. Ալմա-Աթայի հռչակագրում որևէ հիշատակում չկա ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունների մասին, 30.10.2023

Փորձագետների խումբը հայտարարություն է տարածել «Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին։

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը և անօրինական հրամանագիր ստորագրել 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։

Սա դարձավ 2020թ. Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հրադադարի պայմանների իրականացման եռամյա գործընթացների գլխավոր արդյունքներից մեկը։

Այս հրամանագրին նախորդած Ադրբեջանի գործողությունները՝ 2020թ. 44-օրյա պատերազմը, ԼՂՀ-ն արտաքին աշխարհին կապող բոլոր տրանսպորտային   հաղորդակցությունների 280-օրյա շրջափակումը, 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան, որոնք ուղեկցվել են բռնություններով, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների և տարեցների սպանություններով, վանդալիզմի գործողություններով, վկայում են այն կանխամտածված արարքների մասին, որոնց նպատակը հազարամյակներ շարունակ իրենց հայրենի հողում ապրող հայերին վտարելն ու ցեղասպանությունն էր։ Այսօր ԼՂՀ-ն լքել է ողջ մնացած գրեթե ամբողջ բնակչությունը։

Տեղի ունեցածը բնութագրում է նաև բանակցային գործընթացների արդյունքները, որոնք տեղի են ունեցել հակամարտող կողմերի միջև մոսկովյան, վաշինգտոնյան և բրյուսելյան  հարթակներում և ուղեկցվել են ղարաբաղահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության լավատեսական հայտարարություններով ու կոչերով: Ադրբեջանի հանցավոր արարքների դեմ և Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելու համար չեն կիրառվել ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պարտավորություններով նախատեսված միջոցներ: ՄԱԿ անվտանգության խորհուրդը, արտահերթ նիստում քննարկելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հարցը, սահմանափակվել է զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչերով, որոնք ուղղված են և՛ ագրեսորին, և՛ դրա զոհին:

Նման անգործությունը «արդարացնելու» համար աղավաղվում են միջազգային փաստաթղթերում պարունակվող առանցքային հասկացությունների տեքստերն ու իմաստը, որոնց հղում են կատարել պետությունների և դրանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Որպես իրավական «հիմնավորում» նրանք դիմում են ԽՍՀՄ լուծարման արդյունքում ձևավորված  նորանկախ պետությունների 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին։ Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր այդ հռչակագիրը ստորագրած հանրապետությունները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, միմյանց ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և, հետևաբար, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ալմա-Աթայի հռչակագրին նմանատիպ հղումներ ժամանակին ներկայացրել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և այլք:

Սակայն Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումն ու հարգանքը դրանում կապված է փաստաթղթի ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության հետ, այլ ոչ թե նախկին ԽՍՀՄ  հանրապետությունների վարչական սահմանների, որոնց մասին հռչակագրում ընդհանրապես որևէ հիշատակում չկա: Կարևոր է նշել, որ նախկին միութենական հանրապետությունների վարչական սահմանների մասին հիշատակման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ այս հռչակագրի ստորագրման պահին ԽՍՀՄ փլուզման հետևանքով արդեն անկախացած որոշ պետությունների սահմանները ոչ դե ֆակտո, ոչ էլ դե յուրե չէին համընկնում միութենական հանրապետությունների վարչական սահմանների հետ: Հռչակագրի տեքստում չկան թվեր, որոնք սահմանում են այդ փաստաթղթերը ստորագրած պետությունների տարածքը։ Ոչ մի տող չկա այն մասին, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս էր գալիս գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով՝ մերժելով Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությունը՝ դե ֆակտո և դե յուրե առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի: Սա իրավունք տվեց ԼՂԻՄ-ին ԽՍՀՄ օրենքներին և միջազգային իրավունքի դրույթներին համաձայն ինքնուրույն տնօրինելու իր հետագա ճակատագիրը՝ ստեղծելով անկախ պետական կազմավորում։

Ալմա-Աթայի հռչակագրին դիմելիս լիովին անտեսվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու, տնտեսական և ցանկացած այլ ճնշման մեթոդների, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման, պարտավորությունների բարեխղճորեն կատարման և միջազգային իրավունքի այլ համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի վերաբերյալ դրա դրույթները, որոնք Ադրբեջանը կոպտորեն խախտել է:

Հռչակագրի առանցքային հասկացությունների խեղաթյուրումներն ու կամայական մեկնաբանություններն և դրանց հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված Հայաստանի, Եվրոպական միության և որոշ երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունները տեղի են ունենում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու ֆոնին: Հարյուրավոր անմեղ մարդիկ համարվում են անհետ կորած, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանի բանտերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են ենթարկվում անհայտ թվով մարդիկ: Առևանգվել և ապօրինի դատավարությունների են մատնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները: Մի կողմից ազգային ազատագրական շարժումներին մասնակցող, ինքնորոշման համար պայքարող ժողովուրդներին ահաբեկչական կազմավորումներին հավասարեցնելու սպառնացող նախադեպ է ստեղծվում, մյուս կողմից՝ խրախուսվում տարածքային ամբողջականության կեղծ քողի տակ հանցավոր արարքների՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը։

Նման խեղաթյուրումների ևս մեկ հետևանք էր Հայաստանի տարածքային  ամբողջականությանն ուղիղ սպառնալիքը։ Ժամանակակից Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չունեցող պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ դրանք անվանելով «անկլավներ»։ Եթե հավատարիմ մնանք Ալմա-Աթայի հռչակագրին, ապա ոչ այսպես կոչված “անկլավները”, ոչ էլ ԼՂՀ տարածքը, ըստ հռչակագրի, չեն գտնվել այդ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի Հանրապետության “գոյություն ունեցող սահմաններում”։ Ալիևը սպառնում է ուժով բացել էքստերիտորիալ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարավային Սյունիքի մարզով՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Այս բոլոր հակաիրավական պահանջներն ուղեկցվում են ուժի ուղղակի կիրառմամբ, 2021-2022թթ. Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմամբ, սահմանային դիրքերի և գյուղերի պարբերական գնդակոծություններով, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան:

Ադրբեջանի հանցավոր գործողություններն իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության համար:

Մենք դիմում ենք երկրների ղեկավարներին, Եվրոպական միության ղեկավարներին, դրանց համապատասխան կառույցներին, խորհրդարանականներին պահանջով՝ տալ համարժեք գնահատական Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենի հողում ինքնորոշման իրավական հիմքերին և դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները:

Անհրաժեշտ է վճռական միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն ԼՂՀ հայերի, պատժամիջոցներ կիրառել ժողովրդին ագրեսիայի և ցեղասպանության ենթարկած պետության նկատմամբ։

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքական, իրավական ինստիտուտներին և կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագիտական հանրությանը ձայն բարձրացնել քաղաքական մանիպուլյացիաների դեմ, որոնք պետք է անհապաղ բացահայտվեն բոլոր մակարդակներում և կանխվեն՝ իրավական կամայականությունները և դրանց կործանարար հետևանքները թույլ չտալու նպատակով:

Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն

Միհրան Շահզադեյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի վարչության նախագահ

Արամ Սարգսյան, «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

Ալեքսանդր Մանասյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ

Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար

Ատոմ Մխիթարյան, գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան

Տեսսա Հոֆման, ցեղասպանության ուսումնասիրության մասնագետ, գիտությունների թեկնածու, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող

Հարութ Սասունյան, միջազգային հարաբերությունների մագիստրոս,  California Courier Հրատարակիչ, ԱՄՆ

Վահան Բաբախանյան, «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների ՀԿ նախագահ, Ռուսաստան

Ուինֆրիդ Դալման, գիտությունների դոկտոր, դոցենտ, Նորվեգիա

Սարգիս Մեսրոպյան, գիտությունների դոկտոր, Արտակարգ իրավիճակների համահայկական ազգային կոմիտեի նախագահ, ԱՄՆ

Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստան

Ժիրայր Քոչարյան, մարդու իրավունքների պաշտպան, Գերմանիա

Սվեն Էրիկ Ռայզ, մագիստրոս, Նորվեգիա

error

Enjoy this blog? Please spread the word :)