123 թուրք մտավորական հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին ու կոչ անելով միջազգային հանրությանը դիտորդի դերում լինելու փոխարեն գործի անցնել ու կանխել մարդկային նոր ողբերգությունը։
Թուրք մտավորականների կողմից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ նրանք մասնավորապես արձանագրել են, թե ինչպես սեպտեմբերի 19-ին Բաքվի ռեժիմը, որն ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղը, ռազմական գործողություններ սկսեց ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի հերթական նստաշրջանի ընթացքում։
«Ադրբեջանն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ, իսկ ողջ աշխարհը լուռ հետևում էր տեղի ունեցողին։ Կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ»,- նշել են թուրք մտավորականները՝ ընդգծելով, որ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումները հատ առ հատ իրականություն են դառնում։
Թուրք գործիչները հիշեցրել են, որ թեպետ ամիսներ շարունակ տարբեր միջազգային կառույցներ ու երկրներ կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայերի շրջափակումը, սակայն այդ երկիրն ականջալուր չէր լինում նրանց։ Եվ հիմա անիմաստ է ակնկալել, որ Բաքվի ռեժիմը կենթարկվի Արցախում կրակը դադարեցնելու կոչերին։
«Նրանց նպատակն է Լեռնային Ղարաբաղը՝ Արցախն ամբողջությամբ վերցնել վերահսկողության տակ և հայերին բնաջնջել այն տարածքներից, որտեղ դարեր շարունակ ապրել են, իսկ եթե դիմադրեն, պարզապես վերջ տալ նրանց կյանքերին։ Ադրբեջանի բռնապետության միակ նպատակն է՝ բռնությամբ վերջ տալ ուժի միջոցով գծած սահմանների ներսում հայերի գոյությանը»,- նշել են մտավորականները՝ ընդգծելով, որ ինչպես Ջուղայի հայկական գերեզմանոցում ադրբեջանցիները քարը քարի վրա չթողեցին, նույն կերպ հայերից ու հայկական հետքից մաքրելու են Արցախը։
Նրանք իրենց խորը մտահոգությունն են հայտնել զարգացումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը բավարար չափով զգայունություն չի ցուցաբերում այս հարցում։ «Նորից կրկնում ենք․ ցեղասպանությունները կանխարգելելը չի ենթադրում սպասել, որ դրանք տեղի ունենան և հետո միջամտել։ Ցեղասպանությունը կանխարգելելը նախ և առաջ ակտիվ գործողությունների անցնելն է։
Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավորությամբ՝ բոլոր միջազգային կառույցներին ու հանրությանը՝ ակտիվ դիրքորոշում ստանձնել»,- նշել են թուրք մտավորականները՝ կոչ անելով տարածաշրջանում գերի մնացած քաղաքացիական անձանց տարհանել անվտանգ վայրեր ու մարդասիրական օգնություն ցուցաբերել։ «Պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը՝ ազատորեն իրացնելու ցանկացած երկրի քաղաքացի լինելու իրենց իրավունքը»,- նշել են նրանք։
Նամակը ստորագրած 123 թուրք մտավորականների շարքում են թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը, Բասքըն Օրանը, Սաիթ Չեթինօղլուն, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, լրագրող Արիս Նալջըն, իրավապաշտպան Էրեն Քեսքինը և այլոք։