Մյունխենյան 1938 թվականի գործարք ագրեսորի հետ ՄԱԿ-ում․ Ազգային զորաշարժ, Արամ Ա, 10:19 22.09.2023

Ցնծում է Մոսկվան, ցնծում է Անկարան, ցնծում է դրանց ագենտ Նիկոլը։ Պահն է սթափվելու՝ գալիք ջարդի դեմն առնելու համար։ Տանք Սյունիք, հետո Գեղարքունիք, հետո մնացածը «պետականության եւ ներքին կայունության ապահովության համար»։ Այս կոչի առայժմ արցախյան ընդգրկումով հանդես եկավ ՄԱԿ ԱԽ-ն

Արցախի իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ հատուկ նիստը անցավ նիկոլական «իրավունքներ եւ անվտանգություն» ցեղասպան կարգախոսի եւ «Արցախը ազերբայդժան է» համատեքստում․ ՌԴ-ն եւ Թուրքիան այդ մասին հայտարարեցին ուղիղ, մյուսները՝ մարդասիրության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության փաթեթավորմամբ։

ՄԱԿ ԱԽ-ում մերժվեց Արցախի բնիկ մեծամասնության՝ հազարամյակների ազգային-պետական ավանդույթը չընդհատելու իրավունքը։ Միայն Ֆրանսիան պնդեց «պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը»։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ԱԽ նիստի նախօրեին, ըստ տեղեկությունների, Ֆրանսիային հորդորել է հետ կանգնել խնդրի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումից, հայտնելով, որ չի աջակցելու դրան։

ՄԱԿ ԱԽ նիստի օրը պատահական չէր նշանակված․ նախօրեին կատարվեց Երեւան-Մոսկվա-Բաքու ցեղասպան եռյակի հերթական ոճիրը՝ Արցախի դեմ լայնածավալ գրոհով եւ Մոսկվայում գրված Արցախի, իրականում Հայաստանի կապիտուլյացիայի թղթով։ Մոսկվան հայտարարեց, որ Արցախի խնդիրը փակված է, դա Բաքվի ներքին խնդիր է, այսինքն՝ ագրեսիան օրինական է, էթնիկ զտումներ չկան։

Արցախի ոչնչացման արտաքին կոնսենսուսի մասնակիցներին «Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես ազերբայդժանի մաս» համաներում մատուցելով, Փաշինյանը ՄԱԿ ԱԽ նիստի նախօրեին շինծու պատրվակ ստեղծեց նաեւ իր համար․ Հայաստանը չի պաշտպանելու Արցախը Բաքվի լայնածավալ հարձակման դեպքում, քանի որ ագրեսիան հրահրվել է Հայաստանին ներքաշելու եւ ՀՀ ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը հարվածելու համար։

Պատահական չէ, որ ՄԱԿ ԱԽ-ում առաջատար երկրների ներկայացուցիչներն իրենց ելույթներում «իրավունքներ եւ անվտանգություն» թեզին զուգահեռ կիրառում էին նաեւ Փաշինյանի այս պատրվակը։ Արցախի խնդիրը պետք է փակվի, որպեսզի ՀՀ տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարությանը վտանգ չսպառնա՝ ով կհրաժարվեր միանգամից մի քանի գլխացավանքներից ազատվելու նման շնորհից։

Այլ կերպ ասած՝ «տանք Արցախը հոշոտման, որ հոշոտողը չուտի մնացած Հայաստանը»։ Անկարայում եւ Մոսկվայում մշակված լավ ծանոթ թեզի մահաբեր բովանդակությունը գոնե մեզ համար պիտի պարզ լինի։

Էթնիկ զտում, ցեղասպանություն, Բերձորի միջանցքի ռեժիմի վերականգնում քաղաքական ձեւակերպումները փոխարինվեցին հարկադրված արտագաղթ, մարդասիրական բեռների հասանելիություն եւ նման այլ ձեւակերպումներով․ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, ցապարների ԱԳ նախարարի բերանը լեզու դնելով, որ 1․ Հայաստանը զորք է ունեցել Արցախում, այսինքն օրինականացրեց Բաքվի ագրեսիան ոչ միայն Արցախում, այլեւ առաջիկայում ՀՀ սահմանագծի ողջ երկայնքով, 2․ ԼՂ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։

Այսպիսով․ միջազգային բարձրագույն ատյանում կատարվեց մեծագույն ոճրի օրինականացման փորձ՝ Նիկոլի եւ Նիկոլ դրածների հանցավոր գործարքով։

Նիկոլական դիվանագիտությունը հսկայական ջանքեր է գործադրում Արցախից եւ ողջ Հայաստանից ձերբազատվելու համար։ Նիկոլի փափագած ՄԱԿ ԱԽ դիրքորոշումը Բաքվի առջեւ կանաչ լույս է վառում Արցախում հայերին ծնկի բերելու եւ Երեւանի դեմ նոր ագրեսիա ծավալելու առումով։ Այս որոշումը ոչ այլ ինչ է, քան Մյունխենյան 1938 թվականի գործարք ագրեսորի հետ, որը ճամփա հարթեց համաշխարհային պատերազմի համար։ Մեզ մնում է օր առաջ ազատվել պատերազմի հրձիգ Փաշինյանից, մշակել մեր արտաքին քաղաքական ռազմավարական նպատակները (տեսՊավել Դալլաքյանի հարցազրույցը) եւ բանակ կառուցել։ Բարդ, բայց կենսապես անհրաժեշտ խնդիրներ են։

 

error

Enjoy this blog? Please spread the word :)