ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է 1988-1992 թթ., ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելով բռնագաղթած հայ փախստականների իրավական կարգավիճակին, վերադարձի իրավունքին առնչվող հարցեր։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:
Հանդիպման նպատակն էր լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից ներկայացված` փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրները, որոնց առերեսվում են ներկայումս։ Քննարկվել են փախստականների իրավական կարգավիճակին, բնակարանային ապահովությանը, փոխհատուցումներին, սոցիալական երաշխիքներին, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաև իրենց կարգավիճակի լուծման ուղղությամբ տարվող գործընթացների վերաբերյալ մտահոգություններով
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են համապարփակ տեղեկություններ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատների, այլ միջազգային իրավական գործընթացների, դրանց բովանդակության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը:
ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցված առաջարկները հավաքագրվել են` առկա խնդիրներին Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ տալու նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը գնահատել են տվյալ քննարկման արդյունավետությունը, ձեռք բերել պայմանավորվածություն՝ նման բնույթի հանդիպումների շարունակական լինելու և փախստականների իրավական պահանջներին հետամուտ լինելու անհրաժեշտության վերաբերյալ:
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը, Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչներ Դիանա Քարազյանը, Արամ Արամյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը: