Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իրավական փաթեթավորմամբ իրականացնել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը, նա չի կարող ուղղակի դրա մասին հայտարարել եւ անցնել առաջ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Ինքը պետք է փաստաթուղթ ներկայացնի դրա մասին, եւ Ազգային ժողովը պարտավոր է մասնակցել դրա վավերացման հարցին բաց քվերակությամբ: Այդ ժամանակ մենք մեր «հերոսներին» կճանաչենք, եւ պատմությունը երբեք չի մոռանա նրանց անունները: Պետք է իմանանք բոլորին անուն առ անուն, միայն այս դեպքում մենք կարող ենք վերջակետ դնել Հայաստանի կարծիքի վերաբերյալ:»,- ասաց Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ պաշտոնական Երեւանի արձագանքը ստանալուց հետո անհրաժեշտ կլինի հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի հասարակությունը:
«Գուցե, իրոք, հասարակությունը մտածում է, որ Արցախը պետք է թողնել Ադրբեջանի կազմում: Թող հայ ժողովուրդը իր կարծիքն ասի, եւ այդ ժամանակ հայ ժողովուրդը, Հայաստանը կդադարի գոյություն ունենալ: Եվ պետք չէ մտածել, որ Արցախը մենակ կմնա, այդ ժամանակ մենակ կմնա Հայաստանը՝ Աստծու պատժի առջեւ: Եթե հայերն ուզում են հրաժարվել, թող ասեն, որ հետո տարիներ անց չասեն, թե Արցախն է մեղավոր իրենց ճակատագրում»,- ընդգծեց նա:
Բաբայանի խոսքով՝ եթե հանրաքվեն ցույց տվեց, որ հասարակությունը դեմ է, առ ոչինչ կդառնա ցանկացած փաստաթուղթ:
«Եթե անգամ հանրաքվե չլինի, հայ ժողովրդի կարծիքը կարող է արտացոլվել ընտրություններում, օրինակ՝ Երեւան քաղաքի: Ուղղակի մի ժողովուրդ, որն այսքան հերոս է տվել, չպետք է թույլ տա, որ իրեն նվաստացնեն: Ի՞նչ է՝ նման հարցը մեկ մարդու որոշելու խնդիրն է: Բոլորս հավասար ենք, Փաշինյանը պե՞տք է որոշի իմ երեխայի ապագան: Ինքը կարող է տեսակետ հայտնել, բայց չի կարող միանձնյա որոշում կայացնել»,- նշեց Բաբայանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ուղիղ տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:
«Այո, Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել եւ մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն այո, ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքը»,- ասել էր նա: