(խմբագրի խոսքը)
Հայ ժողովուրդն աշխարհին հայտնի է ոչ միայն իր գիտական-մշակութային պատկառելի ժառանգությամբ, այլեւ, ցավոք, ցեղասպանության ենթարկված լինելու հանգամանքով։ Այս վերջինն, անշուշտ, անչափ ցավալի է, սակայն պակաս ցավալի չէ եւ այն, որ որպես այդպիսին համաշխարհային հանրությանը հայտնի դարձավ տակավին վերջին երկու-երեք տասնամյակներին, այն դեպքում, երբ մարդկության դեմ երբեւէ սանձազերծված ամենազարհուրելի եւ մասսայական ոճրագործություններից մեկը՝ Հայոց եղեռնը շուտով կբոլորի 100-րդ տարելիցը։ Իսկ հայտնի դարձավ շնորհիվ…
Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի բեմականացման 20-րդ տարեդարձի առթիվ Գ. Սանդուկյանի անվան թատրոնում, ՀՀ մշակույթի նախարարության անունից ողջունելիս, խոսքս սկսեցի, թե ավարտեցի հետեւյալ մտքով. «Սեզ՝ հայերիս համար մեծագույն բարեբախտության էր, որ Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանում կամ այլուր, այլ Եվրոպայի կենտրոնում՝ Բեռլինում։ Այլապես աշխարհը չէր իմանա ոգեցունց պատմության մասին»։Այս միտքը իմ մեջ վերստին նորոգվեց, երբ հնարավորություն ունեցա ձեռք բերելու եւ մի շնչով ընթերցելու Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) չորս քաջորդիների կողմից 1981 թ. սեպտեմբերին Փարիզի թուրքական հյուպատոսարանում իրականացված «Վան» գործողության դատավարության արձանագրությունները, որոնք թարգմանել, մշակել եւ հրատարակության է պատրաստել Հայ դատի պաշտպանության անխոնջ նվիրյալ Գրիգոր Ջանիկյանը։
Սողոմոն Թեհլիրյանի եւ նրա սերնդակից մյուս վրիժառուների (Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան, Միսաք Թռռլաքյան, Պետրոս Տեր-Պետրոսյան, Արտաշես Գեւորզյան, Ստեփան Ծաղիկյան եւ այլն) 1920-22 թթ. իրականացրած պատժիչ գործողություններից մինչեւ 1970-ական թվականների սկիզբը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով կարելի է բնորոշել որպես լռության ու անտարբերության ժամանակաշրջան։ Չգրանցվեց որեւէ լուրջ ձեռքբերում, որքան էլ որ աշխարհի տարբեր երկրներում բնավորվող հայության բեկորները կենցաղավարման նոր պայմանների դժվարությունները հաղթահարելուն եւ համայնքներ ձեւավորելուն զուգահեռ իրենց դատը պաշտպանելու համար դիմում էին հնարավոր բոլոր խաղաղ միջոցներին, կազմակերպում էին բողոքի երթեր ու ցույցեր, խնդրագրերով հեղեղում Ազգերի լիգայի (հետագայում՝ Միացյալ ազգերի կազմակերպության) գզրոցները, դիմում խոշոր տերությունների ղեկավարներին, հրապարակում թուրքական վայրագությունները փաստող գրքեր, հոդվածներ, լուսանկարներ եւ այլն։ Աշխարհն այս ամենին նայում էր սառն անտարբերությամբ։ Օտարազգի հատուկենտ անվանի մտավորականների, գրականության եւ արվեստի գործիչների բարոյական աջակցությունը եւս չէր կարող եղանակ ստեղծել։ Իսկ Խորհրդային Հայաստանում նման թեմայի արծարծումը, հասկանալի պատճառներով օրակարգից դուրս էր, ավելին՝ հղի էր կանխատեսելի վտանգներով։
Այս ամենի արդյունքում մեր ժողովրդի երբեմնի հպարտ հոգեկերտվածքում պատվաստվեց մի նոր, արհեստածին որակ՝ զոհի հոգեբանությունը։ Ընդ որում, հայ ժողովուրդը, որ ցեղասպանության զոհ էր, հիմա դառնում էր անտարբերության զոհ, որի հետեւանքները նվազ սարսափելի չեն։ Հայությունը ներփակվեց իր համայնքային հոգսերի մեջ, դարձավ ինքնամփոփ՝ շարունակ վերապրելով եւ իր զավակներին ու թոռներին փոխանցելով ազգային ողբերգության մորմոքը։
Ահա՛, պայքարի քաղաքակիրթ մեթոդների այս անարդյունավետության պատճառով էլ 1975 թվականին կազմավորվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ նպատակ ունենալով Թուրքիայի դիվանագետների նկատմամբ իրականացվելիք հրապարակային զինված գործողությունների միջոցով միջազգային հանրության եւ պատկան ատյանների ուշադրությունը այլեւս ոչ թե հրավիրել, այլ սեւեռել Հայ դատի հիմնախնդիրների վրա։ Իսկ ԱՍԱԼԱ-ի ստեղծման ազդակը նորագույն ժամանակների հայ առաջին վրիժառուի՝ Գուրգեն Յանիկյանի իրականացրած գործողությունն էր (1973 թ. հունվարի 27)։
Ցավոք, այս բացառիկ անհատականության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ հայաստանաբնակ հայությանը։ Գուրգեն Յանիկյանը մեզ ներկայացվել է որպես սոսկ կույր վրիժառությամբ առաջնորդված մի ծերունի, ինչն անարդարացիորեն ստվերում է նրա բովանդակալից կենսագրության արտասովոր ոդիսականը, որի ամեն օրն ու ժամը նվիրված է եղել իր ժողովրդի ողբերգության արդար հատուցման գործին։ Կորովի այս հայի մեջ մեկտեղված էին իր ժողովրդին բնորոշ գրեթե բոլոր շնորհները՝ ցանկացած երկրում ու ցանկացած իրավիճակում արագ հարստանալու հնարամտություն, կազմակերպելու, ղեկավարելու, ծրագրեր կազմելու եւ մեծագույն արդյունավետությամբ դրանք իրականացնելու ձիրքեր, գրականության, պատմության եւ արվեստի մի շարք ասպարեզներում ստեղծագործելու եւ մնայուն արժեքներ ստեղծելու տաղանդ, նաեւ գիտնական-գյուտարարի օժտվածություն։ Թվարկած ասպարեզներում նրա ունեցած նշանակալի ձեռքբերումները ընդամենը միջոց էին, որոնք բոլորն էլ հեղինակը անխոնջ ջանադրությամբ փորձում էր ծառայեցնել Հայոց ցեղասպանության դատապարտման գործին։ Այստեղ հարկ եմ համարում երկու խոսքով անդրադառնալ Յանիկյանի կենսագրության մի քանի հատկանշական կողմերին, մանավանդ որ այն թույլ կտա առավել հավաստի պատճառաբանել ԱՍԱԼԱ-ի ստեղծման նախադրյալները։
Ծնվել է 1895-ին, Կարինում։ Ութ-ինը տարեկան էր, երբ իր աչքի առաջ թուրքերը կտրում են ավագ եղբոր գլուխը։ Հետագայում, Առաջին աշխարհամարտի սկզբին, Դրոյի գնդի կազմում մասնակցելով մարտական գործողություններին՝ ականատես է լինում ցեղասպանության բազմաթիվ ահազարհուր հետեւանքների, մանուկ տարիներին ապրած հոգեկան ցնցումը նորոգվում է հազարավոր նոր տեսարաններով եւ այդ օրերից հոգին լցվում է վրեժխնդրության հաստատակամությամբ, ինչը եւ դարձնում է իր կյանքի իմաստն ու նպատակը՝ մինչեւ խորը ծերություն։
Սովորել է Նոր Նախիջեւանի հայկական վարժարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ժնեւի ֆրանսիական վարժարանում, Մոսկվայի եւ Շվեյցարիայի համալսարաններում։ Մտերիմ ընկերն է եղել Վահրամ Փափազյանի, խաղացել նրա թատերախմբում, դերասանական վարպետության շնորհիվ արժանացել Աբելյանի, Արմենյանի, Զարիֆյանի, Հասմիկի, Գուլակյանի եւ հայ բեմի այլ վարպետների բարձր գնահատականին, որոնք համոզում էին նրան մնալ թատրոնում՝ գուշակել փայլուն ապագա։ Սակայն Արեւմտյան Հայաստանից ստացվող տխուր լուրերը նրան տանում են ռազմաճակատ։
Մարտական գործողությունների ժամանակ աչքի է ընկնում խիզախությամբ։ Հայտնաբերում եւ պայթեցնում է թուրքական քանակի խոշոր զինապահեստներից մեկը, ինչի համար արժանանում է Ա. Գեորգիի շքանշանի։
Մինչ կոլեկտիվացման տարիները Խորհրդային Միությունում էր եւ պատասխանատու դիրքեր էր զբաղեցնում տնտեսության բնագավառում։ Անձամբ ճանաչել է Ստալինին, Տրոցկուն, Սիկոյանին, Կալինինին եւ խորհրդային այլ ղեկավարների։ Երբ երկրի բազմամիլիոն բնակչությանը կանգնած էր սովահարության անխոաափելի վտանգի առաջ՝ նրան է վստահվում Կովկասից մինչեւ Դոն ձգվող տարածքների 40 մլն բնակչությանը ժամանակին սերմացուով ապահովելու գործը, ինչը իրականացնում է մեծագույն պատասխանատվությամբ՝ վտանգելով առողջությունը։ Այս անգնահատելի ծառայության շնորհիվ առավել է ամրապնդվում նրա նկատմամբ վստահությանը։ Սակայն Յանիկյանն արդեն համոզվել էր, որ բոլշեւիկյան ղեկավարներից Հայոց դատի համար նպաստավոր ոչինչ չի կարող ակնկալել, ուստի իր ծառայությունների դիմաց խնդրում է կնոջ հետ Պարսկաստան անցնելու թույլտվություն, ինչը, որքան էլ անհավատալի է, բավարարվում է՝ վավերացվելով Ստալինի եւ Կալինինի կողմից։
Շահական Պարսկաստանում մի քանի տարի անց, շնորհիվ իր ձեռնարկատիրական տաղանդի, արդեն միլիոնատեր էր։ Կառուցում է երկրի առաջին խոշոր ստորերկրյա զինագործարանը, ինչպես նաեւ երկաթուղագծեր, կամուրջներ, ճանապարհներ, մայրաքաղաք Թեհրանն ապահովում է էլեկտրական լուսավորությամբ։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին իր տնօրինած տարածքներից մեկը անվճար տրամադրում է ԱՍՆ-ի նախագահ Թրումենի ներկայացուցիչներին՝ ամերիկյան բանակատեղի կառուցելու համար, ինչպես նաեւ անհավատալիորեն սեղմ ժամկետում կառուցում է մինչեւ ԽՍՀՄ-ի սահմանը ձգվող ճանապարհը։ Սա անգնահատելի աջակցություն էր դաշնակից տերությունների համար, քանզի ծովային ճանապարհով ԽՍՀՄ ուղարկվռղ ռազմամթերքը գրեթե ամբողջովին ոչնչացվում էր գերմանական սուզանավերի կողմից։ Այս ամենը Յանիկյանն անում էր՝ առաջին իսկ նպաստավոր պահին իր՝ ցեղասպանության ենթարկված ա հայրենազրկված ժողովրդի համար հատուցում պահանջելու հեռահար նպատակով։ Ամերիկյան կառավարությունը Յանիկյանին արժանացնում է շքանշանի, առաջարկում հաստատվել ԱՍՆ-ում։
Հեղինակ է յոթ գրքի, բազմաթիվ լրագրային ուսումնասիրությունների՝ գրեթե բոլորն էլ նվիրված իր ժողովրդի ողբերգության լուսաբանմանը եւ միջազգային ճանաչմանը։ Գրքերը թարգմանվել են եվրոպական մի քանի լեզուներով, արժանացել գրական հեղինակավոր մրցանակների։ Ընտրվել է շվեյցարական գրական միջազգային ինստիտուտի պատվավոր անդամ (երկրորդ հայը՝ Վիլյամ Սարոյանի կողքին)։
Հայտնագործել է մի զարմանահրաշ սարք, որով հնարավոր էր որոշակի խորության ու լայնության վրա պեղել երկրի ընդերքը։ Իր նվիրական նպատակին սեւեռված՝ ցանկանում էր սարքն օգտագործել Դեյր Էզ – Զորի անապատներում ցրված ազգակիցների ոսկորները հավաքելու եւ դրանցով մարդկության խիղճը խարազանող տպավորիչ հուշարձան կանգնեցնելու համար, սակայն ԱՍՆ-ի իշխանությունները խոչընդոտում են՝ զգուշանալով Թուրքիայի հետ տարեցտարի ամրապնդվող «բարեկամությունը» վտանգել։ Յանիկյանը չէր հուսահատվում, դեռ հավատում էր, որ գիտության, արվեստի, քարոզչության, ձեռներեցության ա այլ խաղաղ միջոցներով հնարավոր է հասնել իր ժողովրդի դատի արդար լուծմանը։
Գրական տաղանդը, հզոր ինտելեկտը, պատմական-քաղաքական հիմնավոր գիտելիքները, կյանքի հարուստ փորձը մեկտեղելով՝ երկար տարիներ ծածուկ աշխատում էր մի կարեւորագույն ծրագրի վրա։ Իր սցենարով, իր ծախսով ֆիլմ էր նկարահանելու, որտեղ պիտի արվեստի ամենազոր ուժով ներկայացվեին թե՛ եղեռնի սարսափները, թե՛ այն ծնող պատճառները եւ թե աշխարհի հզորների լիրբ անտարբերությունն ու հանցավոր համաձայնությունը ջարդարարների հետ։ Նույնիսկ մի ամբողջ գյուղ էր գնել՝ ֆիլմի հիմնական տեսաբանների նկարահանմանը ծառայեցնելու համար։ Ծրագրել էր, թե ինչպես պիտի այդ ֆիլմը ցուցադրվեր աշխարհի խոշոր քաղաքներում, բորբոքեր մարդկության ցասումը եւ առիթ դառնար մի նոր նյուրնբերգյան դատավարության, որտեղ պիտի լուծվեր հայության դատը։ «Ես ուզում էի այնպիսի աղմուկ բարձրացնել որ ոչ միայն Ամերիկան, այլեւ ամբողջ մարդկությունը չկարողանար անուշադիր թողնել մեր ցեղի արդար պահանջները։ Ուզում էի ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքը լինելու էր հայկական Նյուրնբերգը։ Ես ուզում էի այս անել՝ որպես իմ կյանքի վերջնական նպատակը, եւ կատարել պարտականությունս դեպի իմ ընտանիքի զոհերը, դեպի իմ ցեղի զոհերը եւ սթափեցնել Ամերիկան… Համոզված եմ, որ եթե հայերի ցեղասպանության հարցը չստանա իր արժանի լուծումը, մարդկությունը պիտի անհետանա այս երկրագնդի երեսից։ Հայ ցեղը անօգնական, անտեր ժողովուրդ չէ այսօր, ինչպես էր այդ ցեղասպանության ժամանակ։ Հայը կարող է սպասել եւ հավատալ։ Բայց ներել այն կազմակերպված ջարդը, որ տեղի է ունեցել Տաճկաստանում, երբ 2 միլիոն (60%-ը ամբողջ ցեղի եւ 80%-ը Տաճկաստանոմ ապրողների) հայ ոչնչացվեց, երբե՛ք, երբեք հնարավոր չէ»,– գրում էր Յանիկյանը Սան Լուիս Օբիսպոյի բանտում։
Այդ նպատակով տարիների ընթացքում նկարել էր մոտ 20 ժամ տեւողությամբ կադրեր՝ ներգրավելով նաեւ մի շարք օտարազգիների, որոնց նախնիները եւս զոհ էին գնացել թուրքական գազանություններին։ Ֆիլմի համար սյուժե էր հյուսում՝ այդ ժամանակ թերեւս չգիտակցելով, որ ամենաազդեցիկ ու պերճախոս սյուժեն իր իսկ կենսագրությունն է, որի հուսահատ վերջաբանով նոր արշալույսների հեռանկարներ պիտի ուրվագծվեին հայության համար։
Ցավոք, ֆիլմի ծրագիրը եւս փշրվեց՝ բախվելով թուրք-ամերիկյան հաստաբեստ տանդեմին։ ԱՍՆ-ի իշխանությունները ճիշտ այս կերպ ժամանակին սաստել էին իրենց խոշոր կինոընկերություններից մեկին, որը ձեռք էր բերել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակային իրավունքը եւ պատրաստվում էր էկրանավորել։ Անդադրում հայը գիտեր դրա մասին, բայց հույս ուներ, որ իր ֆիլմը չի արժանանա նույն ճակատագրին…
Գուրգեն Յանիկյանն արդեն 78 տարեկան էր, իր որդեգրած պայքարի միջոցների արդյունավետությանը կասկածի տակ առնող մտքերը ավելի ու ավելի հաճախ էին այցելում իրեն։ Իսկ մանուկ օրերից անբաժան մի լուսանկարից սիրելի եղբոր պատկերը մեծանամ, հատուցում էր պահանջում՝ մղձավանջով լցնելով իր գիշերները։ Եվ այդպիսի մի գիշեր էլ որոշում կայացրեց…
Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսի եւ փոխհյուպատոսի հետ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելն ամենեւին էլ հեշտ գործ չէր։ Մանավանդ՝ Յանիկյանն ուզում էր, որ այդ հանդիպումը տեղի ունենար ոչ թե հյուպատոսարանում, այլ դրսում՝ առանձին մի վայրում, որպեսզի կարողանար լիարժեք իրագործել իր ծրագիրը եւ որ ամենակարեւորն է, ոչ մի չնախատեսված հանգամանք վտանգ չսպառնա իր կյանքին։ Նրա համար կարեւոր էր ոչ այնքան վրիժառական գործողությունը, որքան հետեւանքը։ Իսկ ողջ մնալ պետք էր, որպեսզի դատարանում ի լուր աշխարհի բարձրաձայներ ցեղասպանության եւ Հայոց պահանջատիրության մասին. «Եվ ամեն միջոց պիտի ձեռք առնեմ, որ ձերբակալվեմ եւ ողջ մնամ, որ կարողանամ դատարանի առաջ գոռալ մարդկության երեսին սրտիս տենչանքը ու պահանջել արդարության թե՛ իմ ազգի եւ թե մեզ պես ազգերի համար» (Գ. Յանիկյան, «Նպատակ եւ ճշմարտության»)։
Լոս Անջելեսում նա թուրք հյուպատոսներին ներկայանում է որպես պարսիկ մեծահարուստ՝ Յանի խան անունով եւ շահագրգռելով նրանց Թուրքիայի կառավարության համար մեծ արժեք ներկայացնող նվերներով (ժամանակին սուլթան Աբդուլ Համիդի ննջարանը զարդարած իտալացի վարպետի մի կտավ եւ հին թուրքական մի թղթադրամ, որի վրա տասնամյակներ առաջ հավաքել էր արեւելյան երկրների տարբեր ղեկավարների շուրջ 25 ստորագրության)՝ ձեռք է բերում պայմանավորվածության հանդիպման ժամկետի եւ վայրի մասին։
… 1973 թ. հունվարի 27, Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոց։ Բայց մինչ այդ էլի պարտք ուներ կատարելու։ Հասցնում է այցելել Երեւան եւ իր անձնական հավաքածուից Հայրենիքին նվիրաբերել մի քանի բացառիկ մշակութային արժեքներ, այդ թվում՝ Հայոց արքաներից մեկի մատանին եւ Մարտիրոս Սարյանի «Արեւելյան սենյակ» հայտնի կտավը, որը ժամանակին Գալուստ Գյուլբենկյանը ցանկանում էր գնել իր լիսաբոնյան թանգարանի համար, սակայն Յանիկյանը ոչ մի գնով չբաժանվեց նրանից։ ։
Անչափ տպավորիչ է հանդիպման ընթացքը։ Հյուրանոցի սենյակում հյուպատոսները ագահաբար տնտղում են խոստացված թղթադրամը, իսկ Յանիկյանը հանգիստ հայտնում է, որ ինքը հայ է՝ ծնված էրզրումում։ Թուրքերը փորձում են թաքցնել իրենց շփոթմունքը՝ ինչ-որ բաներ բարբաջելով բարեկամության եւ ներողամտության մասին։ Յանիկյանն ավելի է առաջ գնում՝ հայտնելով, որ ինքը այն հայտնի ՆԵԳՐՈԻԳ-ն է, («Գուրգեն» անվան հակառակ ընթերցանությունը), որի ծանրակշիռ հրապարակումները ցեղասպանության մասին երկար տարիներ գլխացավանք էին պատճառում թուրքական իշխանություններին։ Խոսում է նաեւ այն մասին, որ Թուրքիան որքան էլ կոծկի ու խեղաթյուրի ճշմարտությանը ՝ վաղ թե ուշ հատուցելու է կատարվածի համար։ Եվ մինչ մոլեգնած հյուպատոսները փորձում են աթոռով հաշվեհարդար տեսնել ծերունու հետ՝ նա գրքի մեջ թաքցրած ատրճանակով սառնասրտորեն գնդակահարում է երկուսին։ Դեռեւս նախորդ երեկոյան փոստով հարյուրավոր գրություններ էր ուղարկել տարբեր լրատվամիջոցներին՝ հայ երիտասարդությանը կոչ անելով տեր կանգնել համաժողովրդական դատին։
Գուրգեն Յանիկյանի բռնարարքի լուրը կայծակի արագությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Սփյուռքի ամբողջ հայությանը կամենում էր ամեն կերպ սատար կանգնել իր անվեհեր հայրենակցին, ստեղծվեց Յանիկյանի պաշտպանության կոմիտե, վարձվեցին փաստաբաններ, բացվեց հիմնադրամ, որի հաշվին մուտքեր էին արվում աշխարհասփյուռ հայության կողմից։ Սակայն ծերունի վրիժառուին դեռ սպասում էր ամենամեծ դառնությանը, որը մատուցեցին որոշ վայ հայրենակիցներ։ Շատով նա պարզեց, որ իր շուրջը վխտացող կոմիտեականներից շատերը նորօրյա խաչագողեր են ընդամենը, որոնք հավաքվել են դրամի եւ իր բռնարարքի շնորհիվ համբավ ձեռք բերելու համար։ Հիասթափված ծերունին հրաժարվեց բպորից՝ դատարանում մեն-մենակ ներկայացնելով հայության դատը։ Իսկ ամերիկյան դատարանը, տեղի տալով Թուրքիայի ճնշումներին, ամեն ինչ արեց ծերունի վրիժառուին խելահեղ ոճրագործ ներկայացնելու համար եւ կայացրեց ցմահ ազատազրկման դատավճիռ։
Ազգային խայտառակության նման մանրամասներին հարկադրաբար եմ անդրադառնում, քանի որ այն ուսանելի նախադեպ հանդիսացավ ֆրանսահայ համայնքի համար՝ «Վան» գործողությունն իրականացրած տղաների դատավարությանը Փարիզում պատշաճ եւ ըստ ամենայնի պատրաստվելու գործում։ Եվ որքան զայրույթ ու հիասթափության է հարուցում Գուրգեն Յանիկյանին խարխուլ մակույկով թուրք-ամերիկյան դաշինքի հորձանուտին հանձնելու հանգամանքը, այնքան հպարտության ես ապրում՝ թերթելով «Վան» գործողության դատավարության արձանագրությունները, որոնք այս գրքով ներկայացվում են ընթերցողին։
Գուրգեն Յանիկյանի գործողությունն ու եղած կոչերը թունդ հանեցին հայ երիտասարդության հոգիները եւ մեծագույն խթան հանդիսացան Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծման համար։ Պատահական չէ, որ կազմակերպությունը սկզբնական շրջանում կոչվում էր «Գերի Գուրգեն Յանիկյանի խումբ»։
Տարբեր երկրների հայկական համայնքներից տասնյակ երիտասարդներ շտապեցին համալրել ԱՍԱԼԱ-ի շարքերը։ Ձեւավորվեցին մի շարք մարտախմբեր, որոնց պարբերական գործողությունները եւ դրանց հաջորդած հայտարարությունները վերարթնացրեցին կորուսյալ Հայրենիքը երբեւէ ետ ստանալու հայության հույսերը, սրբեցին մոռացության ու անտարբերության փոշին Հայոց ցեղասպանության վրայից, մարդկությանը մտորելու առիթ տվեցին։ Աշխարհի բպոր ծագերում միլիոնավոր մարդիկ առաջին անգամ իրենց համար բացահայտեցին, որ եղել է Հայոց ցեղասպանություն, իսկ շատերը սկսեցին լրջորեն ուսումնասիրել այդ ողբերգությունը, ծնող պատճառներն ա հետեւանքները։ Ցեղասպանության թեման դարձավ լրատվամիջոցների ամենօրյա քննարկման նյութ, մուտք գործեց միջազգային պատկան ատյանների եւ տասնյակ պետությունների օրենսդիր մարմինների օրակարգը։ Իսկ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկների անընդմեջ գործողությունները մշտապես խնդիրը պահում էին առաջին պլանում։ Հայկական հարցի տարածմանը մեծապես նպաստեց նաեւ Թուրքիայում ծայր առած խուճապը։ Ցեղասպանության փաստը կոծկելու եւ խեղաթյուրելու հիստերիկ ջանքերը, միլիոնավոր դոլարների գնով կազմակերպված կեղծ ու պատիր քարոզչությունը, Թուրքիայում ապրող հայության հասցեին հնչող սպառնալիքները, այլ պետություններում հակահայ տրամադրություններ ստեղծելուն միտված համառ ա լկտի սադրանքները տվեցին հակառակ արդյունքը՝ առավել բորբոքելով ցեղասպանության ճանաչմանը հետամուտ միջազգային շրջանակների վրդովմունքը։
«Վան» գործողությունը ԱՍԱԼԱ-ի իրականացրած մարտական ձեռնարկների շարքում առավել արդյունավետներից է։ 1981 թ. սեպտեմբերի 24-ին, «Եղիա Քեշիշյան» անվանումը կրող չորս հոգանոց մարտախումբը (Վազգեն Սիսլյան, Գեւորգ Գյուզելյան, Արամ Բասմաջյան, Հակոբ Ջուլֆայան) գրավում է Փարիզի թուրքական հյուպատոսարանը։ Գրոհի սկզբում Վազգեն Սիսլյանն ա Հակոբ Ջուլֆայանը ծանր վիրավորվում են, սակայն մարտախումբը համախմբվում, կարողանում է իրադրությունն իր ձեռքը պահել այնքան ժամանակ, մինչեւ հյուպատոսարանը պաշարած ֆրանսիական ոստիկանությունը կառավարության անունից խոստանամ է կատարել նրանց պահանջը։ Իսկ տղաները ֆրանսիական իշխանություններից պահանջում էին քաղաքական ապաստան եւ, որ ամենակարեւորն է, իրենց հանդեպ քաղաքական դատավարության։ Սակայն երբ նրանք հանձնվեցին՝ Ֆրանսիայի ներքին գործոց նախարարը հայտարարեց, որ իրավիճակից հարկադրված է այդ կեղծ խոստումը տվել։ Ավելին, անձնատուր եղած մարտիկները որակվեցին քրեական հանցագործներ եւ ենթարկվեցին բանտային մեկուսացման։ Այստեղ հարկ է նշել, որ հյուպատոսարանում եղած ողջ ժամանակամիջոցում մարտախմբի անդամներն իրենց պահել էին ասպետավայել, պատանդներին բացատրել իրենց գործողության նպատակը, հոգացել, որ նրանց դրսից սնունդ եւ դեղորայք հասցվի։
Ֆրանսիական իշխանությունների նման կեցվածքը բողոքի ցույցերի մղեց ֆրանսահայությանը, ԱՍԱԼԱ-ն սկսեց սաստկացնել իր գործողությունները։ Ֆրանսիան չէր ցանկանում թուրքերի հետ գլխացավանք ունենալ, այդ պատճառով ԱՍԱԼԱ-ի ղեկավարությունից պահանջում էր շրջանցել իր երկրի տարածքը՝ փոխարենը խոստանալով «Վան» գործողության չորս մասնակիցներին առանց դատի ազատ արձակել։ Սակայն ԱՍԱԼԱ-ն անդրդվելի էր. գործողության նպատակը քաղաքական դատավարությունն էր, որը եւ կայացավ։
Ֆրանսահայ համայնքը ապացուցեց, որ հաստատակամ եւ հետեւողական է Հայոց դատը մինչեւ վերջ պաշտպանելու գործում։ Վարձվեցին երկրի լավագույն փաստաբանները, դատավարության ընթացքում ապահովվեց ցեղասպանությունից մազապուրծ մի քանի հայերի ՝ դատարանում վկայությամբ հանդես գալու հնարավորությունը, որոնք իրենց սրտաճմլիկ հիշողություններով կարողացան ի լուր աշխարհի հնչեցնել հայության ցավն ու բողոքը։ Դատավարության նպատակային ընթացքին իրենց նպաստը բերեցին Շառլ Ազնավուրը, Անրի Վեռնոյը, Սիսաք Մանուշյանի այրին՝ Մելինե Մանուշյանը, այլ անվանի ֆրանսահայեր։ Ակնհայտ էր նաեւ դատարանի նախագահի բարեհաճ վերաբերմունքը, ով դատավարության ողջ ընթացքում ներկաներին կոչ էր անում ձեռնպահ մնալ գործողությանը «ահաբեկչության», իսկ մեղադրյալներին «ահաբեկիչ» անվանելուց։
Թուրքիան եւս հանգամանորեն նախապատրաստվել էր այս դատավարությանը։ Երդվյալների ատյանին հղած պաշտոնական կոշտ դիմումներից բացի դատարան էր գործուղել իր «պատմաբանին», որի կեղծ ու երկարաշունչ ճամարտակությունն արժանացավ ներկաների անթաքույց ծաղրին։
Երիտասարդ մահապարտները (գործողությանն իրականացնելիս նրանցից ամենաավագը 24 տարեկան էր) ցուցաբերեցին գաղափարական-քաղաքական ապշեցուցիչ հասունություն, ապացուցեցին, որ մարտական պատրաստվածությունն իրենց կազմակերպության համար ընդամենը միջոց է, ԱՍԱԼԱ-ի յուրաքանչյուր անդամ ի վիճակի է իր ժողովրդի դատը պատվով ու մեծագույն հաջողությամբ պաշտպանել նաեւ դատական ատյանում։ Դատավարության ամենատպավորիչ ակորդը թերեւս Գեւորգ Գյուզելյանի պաշտպան Լըքլերի ճառն Էր, որի հիմնավորվածությունն ու փաստարկվածությունը՝ ներդաշնակված հուզականությամբ ու պաթոսով, հպարտության են ներշնչում յուրաքանչյուր հայի։
«Եղիա Քեշիշյան» մարտախմբի անդամները դատապարտվեցին 7-ական տարվա ազատազրկության, ինչը նշանակում է, որ դատարանն ամենեւին էլ նրանց չդիտարկեց որպես ահաբեկիչների։
ԱՍԱԼԱ-ի մարտախմբերի հանդուգն գործողությունների լուրերը հասնում էին Կալիֆոռնիայի բանտում մեկուսացված Գուրգեն Յանիկյանին, հպարտությամբ լցնում նրա վիրավորված հոգին։ Ծերանի վրիժառուն ընտրյալ մարտիկների մեջ տեսնում էր իրեն, իր ցանած սերմերի արդյունքը եւ մարգարեանում. «Ոչինչ չի կարող ազատել ձեզ, տաճիկներ, վայրենի արյունարբու ժողովուրդ, ստանալու այն պատիժը, որին դուք արժանի եք ձեր արարքների համար։ Դա դեռ միայն սկիզբն Է։ Շատ բաներ դեռ տեսնելու եք։ Դուք դեռ զգալու եք, թե ի՛նչ Է նշանակում հայ անհատի՝ ձեր դեմ հայտարարած պատերազմը։ Ամերիկյան զենքերով զինված ձեր բանակներն անգամ չեն կարող ձեզ պաշտպանել հայ անհատից, որ արդեն հրապարակ է եկել իր կամքով ու ցանկությամբ՝ վերջապես ստանալու համար ձեզանից ձեր պարտքը հայ ժողովրդին։
Ձեր վայրենի միջոցները, որ կրկին սկսել եք գործածել ձեր երկրում իմ ցեղակիցների հանդեպ, ձեզ բացի վնասից, ոչինչ չեն տալու. 1-ի դեմ 10-ը կստանաք։
…Ֆիզիկապես ես դատապարտված եմ բանտի, բայց իմ հոգին սավառնում Է ամենուրեք…» (Գ. Յանիկյան, «Նպատակ եւ ճշմարտության»)։
Յանիկյանի հոգին ցնծում էր նորօրյա ազատամարտիկներով այնպես, ինչպես 1973-ին նրա արձակած պատմական կրակոցներից հուսավառվել ու ոգեւորվել էր այն ժամանակ արդեն 90-ամյա Շահան Նաթալին՝ 1920-ականների հայ վրիժառուների (այդ թվամ՝ Սողոմոն Թեհլիրյանի) կնքահայրը, ով իր «Նեմեսիս» ծրագրով պատուհասել էր ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից ու իրականացնողներից շատերին։
Ահաբեկչությանը մարդկության առաջ ծառացած խոշորագույն չարիքներից է, իսկ մեր օրերում՝ թերեւս թիվ մեկ չարիքը։ Աշխարհը լի է տարբեր նպատակներ հետապնդող ահաբեկչական խմբավորումներով, որոնք ամեն տարի մարդկությանը կանգնեցնում են մեծամեծ արհավիրքների առաջ։ Եվ թուրքական քարոզչամեքենան կաշվից դարս է եկել ԱՍԱԼԱ-ն աշխարհին որպես դրանցից մեկը ներկայացնելու համար։ Թուրքիայի իշխանությունները շատ լավ էին հիշում անցյալ դարասկզբի ֆիդայական խմբերը, որոնք աներեւակայելի մարտունակությամբ ահուսարսափի մեջ էին պահում ցեղասպան զորաբանակներին։ Նրանք շատ լավ հասկանում էին, որ սահմանափակ թիվ կազմող ասալայականները՝ վերածնված Անդրանիկները, Սերոբներն ու Գեւորգներն են, սակայն չէին ուզում հավատալ ու խոստովանել, որ այդ մի բուռ քաջորդիները ցնցեցին աշխարհը, ստիպեցին հաշվի նստել իրենց հետ, իրենց ժողովրդի դատի հետ։ Իր անասնական խուճապի մեջ թուրքական քարոզչությանն այն աստիճանի լրբացավ, որ ԱՍԱԼԱ-ի համար մոգոնեց ամենաանհավանական հովանավորների՝ էլ ԱՄՆ ու ԽՍՀՄ, է՚լ Պաղեստին ու Իսրայել, չգիտեմ ինչ զահրումար… Երանի Անդոկի փեշերին ժողովի հավաքվող մեր ֆիդայիներն այս երեւակայությանն ունենային… Նման հովանավորներ էին վերագրվում այն կազմակերպությանը, որին նույնիսկ մեր ավանդական կուսակցությունները խուսափեցին աջակցել։
Իր մարտախմբերի յուրաքանչյուր գործողությունից հետո ԱՍԱԼԱ-ն, որպես կանոն, ստանձնում էր պատասխանատվությունը եւ հանդես գալիս հերթական հայտարարությամբ՝ համաշխարհային հանրությանը հիշեցնելով ու վերհիշեցնելով իր նպատակը, այն է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, Թուրքիայի կողմից զավթված տարածքների վերադարձ իրենց իրավական տերերին։ ԱՍԱԼԱ-ն իր մարտիկներին ընտրում էր ամենայն բծախնդրաթյամբ։ Նրանք ոչ միայն ֆիզիկական, մարտական, այլ նաեւ գաղափարական հիմնավոր պատրաստության էին անցնում, որպեսզի գործողությունից հետո ողջ մնալու եւ դատարանի առաջ կանգնելու պարագայում կարողանային ըստ ամենայնի ներկայացնել Հայ դատը։ Ահա մի հատված Գեւորգ Գյուզելյանի ինքնապաշտպանական խոսքից. «Ինչ դատավճիռ էլ որ դուք կայացնեք, մեր գործողությունն ինքնին հաղթանակ է հայ ժողովրդի համար։ Առաջին անգամ գաղափարական տարբեր հակումներ ունեցող հայերը միավորվել են, որպեսզի իրենց դատը պաշտպանեն։ Հենց այդ պատճառով մենք նախընտրեցինք ավարտել մեր գործողության մարտական փուլը եւ գիտակցելով հանդերձ, թե ինչ փորձության ենք ենթարկվում, որոշեցինք հանձնվել ֆրանսիական իշխանություններին, պայքարը շարունակել քաղաքական միջոցներով, որը մեզ համար ավելի կարեւոր է։
Այս դատավարությամբ մենք երկրորդ անգամ պայքարի ելանք այնպիսի մի ատյանում, որտեղ զենքերը ո՛չ մի ուժ չունեն, եւ ստիպեցինք Թուրքիային արտահայտվել ցեղասպանության մասին, իր պատմաբանի միջոցով ձեր առջեւ ստել։
Հայտարարում ենք ձեզ, որ մեր կյանքը ոչ մի կարեւորության չունի, մեր պայքարը չի՛ ավարտվել։ Մեր բանտարգելությանը կամ ազատ արձակումը հայերին չի խանգարի պայքարել իրենց օրինական իրավունքների համար։ Մենք ուզում ենք, նախ եւ առաջ, որ մեր ժողովրդին՝ վերադարձվի արդարությունը։ Ձեր դատավճռով դուք կարող եք նպաստել դրան»։
Գաղափարական այսօրինակ հասունությունը հատակ էր բոլոր ասալայականներին, ովքեր իրենց գործով ու խոսքով ապացուցեցին, որ ԱՍԱԼԱ-ն կապ չունի որեւէ ահաբեկչական կազմակերպության հետ, որ այն զուտ հայկական-ազգային երեւույթ է, նրա ստեղծման նախադրյալները պետք է որոնել միայն ու միայն հայ իրականության հոլովույթներում։ ԱՍԱԼԱ-ն անհատների շարժում էր, հար եւ նման ֆիդայական շարժմանը, որն այդպես էլ մնաց որպես ընտրյալների պայքար եւ չվերաճեց համընդհանուր ընդվզման։
ԱՍԱԼԱ-ի եւ մասնավորապես «Վան» գործողության պատմական նախադեպը, իմ խորին համոզմամբ, Առաքելոց վանքի հռչակավոր կռիվն է (1901թ., նոյեմբեր), երբ Անդրանիկն իր չորս տասնյակից էլ պակաս քաջերով կամովին մտավ Առաքելոց վանք եւ պաշարվեց թուրքական վեցհազարանոց կանոնավոր բանակով։ Շատերը ֆիդայապետի այդ քայլը խելահեղ արկածախնդրության համարեցին եւ նույնիսկ մեղադրեցին նրան՝ հայության վերջին հույսը հանդիսացող ընտրյալ ֆիդայիներին անխուսափելի մահվան տանելու համար։ Սակայն Անդրանիկը գիտեր ի՛նչ է անում եւ ինչո՛ւ։
Տիգրանակերտից մինչեւ պարսից սահմանը ձգվող հայկական տարածքներում վխտացող շուրջ 150.000 ասկյարներ եւ քրդական զինված ցեղախմբեր անարգել ասպատակում էին Հայոց շեները եւ ամենօրյա վայրագություններով հուսահատության մատնում հայ բնակչությանը։ Անդրանիկը գիտակցում էր, որ ֆիդայական սակավամարդ խմբերով անհնար է դիմակայել թշնամու ահագնացող գազանություններին եւ երկար ժամանակ ծրագրում էր այնպիսի մի ցնցող ու աղմկահարույց գործողություն իրականացնել, որը կոգեւորեր հուսալքված ժողովրդին, Պոլսում եվրոպական դեսպանների ուշադրությունը կհրավիրեր հայության վիճակի վրա։ Անհրաժեշտ էր կազմակերպել մի նշանակալի ռազմական գործողության եւ հնարավորինս երկարաձգել այն՝ ապահովելու համար լայն արձագանքներ։ Սակայն լսենք իրեն՝ անպարտելի ֆիդայապետին. «Պէտք էր գործի սկսիլ, պէտք էր ուժեղ գործ մը կատարել ցնցելու համար թուրք բարձրագույն մարմինները եւ օտար դեսպանները, բարենորոգում մը եւ դարման մը ձեռք բերելու այս տառապած ու հարստահարված խաղաղիկ ժողովուրդին համար։ Պէտք էր ցոյց տալ Թուրք եւ Քիւրտ ժողովուրդին, թէ Հայ բազուկը գիտէ հրացան բռնել, Հայ սիրտը գիտէ կռուիլ եւ պաշտպան կանգնիլ իր իրավունքներուն։ Այս ամէնն պէտք է ի յայտ բերէին «ափ մը ճան ֆէտայիներ» որոնք ուխտած էին զոհուիլ Ազգին ազատութեան սիրոյն, արդարացնելով այն մեծ հաւատքն ու յոյսը, որ ժողովուրդը կեդրոնացուցած էր իրենց վրայ» (Անդրանիկ, «Առաքելոց վանքին կռիվը»)։
Եթե անդրադառնանք ԱՍԱԼԱ-ի հրապարակած հռչակագիր – հայտարարություններին, կտեսնենք, որ բոլորն էլ համահունչ են Զորավարի այս տողերին եւ բխում են զրանցից։
…Եվ սկսվեց ռազմագիտության պատմության մեջ նմանը չունեցող մի խելահեղորեն անհավասար ճակատամարտ՝ 38-ը ընդդեմ վեց հազարի, որը տեւեց 21 օր. այնքան, որքան բավականացրեցին ֆիդայիների ռազմամթերքի եւ սննդի պաշարները։ Անդրանիկը չտվեց եւ ոչ մի զոհ, այնինչ թուրքերը ամեն գիշեր տասնյակ դիակներ էին հավաքում ա պարտակում՝ իրենց խայտառակությունը կոծկելու համար։ Հաշվարկը հանճարեղ էր։ Հայությանը սկսեց հավատալ, որ իր էպոսի հերոսները վերադարձել են դարավոր թշնաման պատուհասելու, Պոլսի եվրոպական դեսպանները մեղադրեցին օսմանյան կառավարությանը՝ քրիստոնեական մշակութային ժառանգության նշանակալի արժեքը՝ Առաքելոց վանքը անխնա գնդակոծելու համար, ճակատամարտին անդրադարձավ եվրոպական եւ ռուսական մամուլը։
Երբ ռազմամթերքը հատնելու վրա էր ՝ Անդրանիկը հղացավ երկրորդ հանդուգն ծրագիրը։ Անհրաժեշտ էր ինչ-որ հրաշքով ճեղքել վանքի շրջակայքի ամեն սանտիմետրը հսկող ասկյարների շարքերը եւ հեռանալ՝ թշնամուն վերջնական խայտառակության մատնելու համար։ Դարձյալ լսենք Զորավարին. «Պէտք էր զգոյշ ըլլալ, պէտք էր զգաստ եւ արթուն ըլալ մեր ծրագիրը հաջողութեամբ յառաջ տանելու եւ թշնամին ամօթի, զարմացումի եւ անակնկալի մատնելու համար։ Պէտք էր հայ հանճարը, հայ միտքը, իր ճարտար մտայնութեամբ եւ հզօր սրտով ծիծաղէր եւ արհամարեր յանդգնօրէն թուրք կառավարութիւնը, իր պաշտօնեաները եւ զինուորը, վերջը ուժեղ հարուած մըն ալ տալով։ Պէտք էր մեր յաղթանակով ցեխէ ցեխ թաղուէր թուրք գահը եւ թուրք զինուորականը աշխարհի առջեւ ծաղր ա ծանակ ըլլար։ Պէտք էր ափ մը ճան ֆէտայիներու կորովը եւ յանդուգն սիրտը կտրէր անցնէր վեց հազար թուրք կանոնաւոր զինուորներու շղթան, յոյս, հաւատք եւ կորով ներշնչելու հայ սրտերուն, որոնք տառապած էին, անիրաւուած եւ զրկուած էին» (նույն տեղում)։
21-րդ օրը Անդրանիկը սպիտակ սավաններից կարված շապիկներ հագցրեց իր մարտիկներին, բացատրեց ծրագրի մանրամասները, տվեց կարգապահական անհրաժեշտ հրահանգներ եւ ուշ գիշերը, սաստկացող ձյունամրրիկից օգտվելով՝ դուրս բերեց շրջափակումից։ Հաջորդ օրը, երբ խայտառակված թշնամին կատաղությունից ատամներն էր կրճտացնում՝ Անդրանիկը Սասնա սարերում իր հաղթանակն էր տոնում։
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկները 7-8 տասնամյակ անց զինվորագրվեցին Անդրանիկի խմբին, եւ քանի որ ժամանակներն այլ էին, իսկ գործողությունների վայրը աշխարհի խոշոր քաղաքները՝ արդյունքը եղավ հազարապատիկ ավելի։
Որ ասալայականները Անդրանիկի հոգեզավակներն էին՝ վկայվում է նաեւ Օռլիի գործողության պատասխանատվությունը ստանձնած Վարուժան Կարապետյանի օրինակով, ով բանտարգելության երկար ա ձիգ տարիները մաշկին փորձում էր ինքնուրույն յուրացնել կերպարվեստի գաղտնիքները եւ Զորավար Անդրանիկին էր պատկերում՝ իր սպիտակ ձիով թշնամու դեմ խոյանալիս։ ։
Երբ վերանկախացած Հայաստանի Հանրապետությունը 1990-ական թվականներին պետականորեն սկսեց տեր կանգնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ աշխարհն արդեն հոգեբանորեն պատրաստ էր դրան, ստեղծված էին պայքարը դիվանագիտական ճանապարհով վերջնական հաղթանակի հասցնելու բոլոր նախադրյալները։ Այդ գործում, հավատանք, թե չհավատանք, վճռորոշ ու անուրանալի է ԱՍԱԼԱ-ի մի քանի տասնյակ մահապարտ քաջորդիների դերը։
Որպես այս աոաջաբանի վերջաբան հարկ է նշել, որ «Եղիա Քեշիշյան» մարտախմբի անդամներին քիչ փորձություններ չէին վիճակված ֆրանսիական բանտում։ Իրենց պատժաժամկետը կրող քրեական հանցագործների խառնամբոխը արտաքին ազդակների ուղղորդությամբ բազմիցս փորձեց ընկճել տղաների ոգին, կոտրել նրանց հաստատակամությունը, սակայն հայորդիների քառյակը մի այնպիսի փառահեղ ծեծուջարդի ենթարկեց բազմագույն քրեականներին, որ դրանից հետո դեռ երկար ժամանակ թե՛ բանտապահները եւ թե կալանավորները միայն հարգանքով էին արտասանում «հայ» բառը։
Անչափ ցավալի է, որ պատժաժամկետի վերջին տարում տղաներից Արամ Բասմաջյանը ինքնասպանությամբ վերջ տվեց կյանքին։ Մյուս երեքը այսօր էլ շարունակում են իրենց պայքարը՝ գաղափարական-քաղաքական ճակատում։
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկների սխրանքներն ու հայրենաշունչ պատգամները պիտի ոգեշնչեն մեր սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ հայի ճակատին ու հոգում չի հարթվել այնպիսի մի կնճիռ, որի անունն է Հայոց ցեղասպանության։
Կարո Վարդանյան
Գրականագետ
(Հայերի դատը Փարիզում, Հրապարակումը՝ Գրիգոր Ջանիկյանի, ՎՄՎ-ՊՐԻՆՏ, Երեւան, 2010)