Հայտարարություն — Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 3-րդ նստաշրջանի
Եթե կարգավորվեր Հայկական Հարցը, եւ եթե Մեծ Մերձավոր Արեւելքում հաստատվեր Հայաստան պետությունը՝ այնպես, ինչպես նախատեսված էր Փարիզի խաղաղության վեհաժողովի որոշումների եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով, ապա նշյալ տարածաշրջանում իրադրությունը բոլորովին այլ էր լինելու։
Փոխարենը ի՞նչ ունենք այսօր։ Ունենք ահաբեկչական պետություն՝ Թուրքիայի Հանրապետությունը, եւ պետական ահաբեկչության երկարամյա մի շրջան, որն սկսվել է դեռեւս Սուլթան Համիդի օրոք՝ 1894-1896 թթ․, շարունակվել երիտթուրքերի կառավարման տարիներին՝ 1908-1918 թթ․, շարունակվել քեմալականնների օրոք՝ 1918-1924 թթ․, շարունակվող մինչեւ այսօր։
Փաստորեն, սկզբում՝ Օսմանյան Թուրքիան սուլթանների օրոք, ապա երիտթուրքերի ու քեմալականների, ապա Թուրքիայի Հանրապետությունը դարձել են պատերազմելու միջնորդավորված (պրոքսի) գործիք եվրոպական որոշ պետությունների համար, նայած որ պետության, ըստ պատմական իրադրության եւ նպատակահարմարության։
Ավելին, այդպիսի մի պատերազմական միջնորադավորված (պրոքսի) գործիքի է վերածվել նաեւ Ադրբեջանի Հանրապետությունը։ Ընդ որում, երկու պետությունները՝ եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը որդեգրել են պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի ագրեսիվ ու մարդատյաց տեսությունը։ Տեսություն, որն ուղղված է մի կողմից հայերի, հույների, ասորիների, քրդերի եւ այլ ոչ թուրք ժողովուրդների դեմ` Թուրքիայում, եւ հայերի, ռուսների, թալիշների, լեզգիների եւ այլ ոչ թուրք ժողովուրդների դեմ՝ Ադրբեջանում։
«Արեւելյան Հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի երկրները՝ Ռուսաստանը, Ավստրիան, Պրուսիան, Ֆրանսիան եւ այլ․․․, 1822 թ․ Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արեւելյան հարցի պատմությունն ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ Օսմանյան կայսրությունը պարտվեց եւ կործանվեց։
Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է «Հայկական Հարց» հասկացությունը եւ դարձել Արեւելյան հարցի բաղկացուցիչ մասը։ Եվ եթե Օսմանյան կայսրության կործանումով համարվում է, որ ավարտվեց Արեւելյան հարցը, ապա Հայկական Հարցը վերջնականապես կարգավորվելու էր Փարիզի խաղաղության վեհաժողովում կայացված որոշումների համաձայն։
Ամփոփ նշենք այդ որոշումները․
- Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը 19 հունվար 1920 թ. դե ֆակտո (de facto) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը։
- Փարիզի խաղաղության վեհաժողովի Հատուկ հանձնաժողովը 1920 թ․ փետրվարի 24-ին ընդունեց Զեկույց – առաջարկ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման վերաբերյալ։
- Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը 11 մայիս 1920 թ. դե յուրե (de jure) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը,
- Սեւրի խաղաղության պայմանագիրը կնքվեց 10 օգոստոս 1920 թ. մի կողմից հաղթող պետությունների եւ Հայաստան պետության, մյուս կողմից՝ Օսմանյան կայսրության միջեւ։
- ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը Թուրքիայի եւ Հայաստան պետության միջեւ սահմանի վերաբերյալ Իրավարար վճիռը կայացրեց 22 նոյեմբեր 1920 թ.։
Ինչը խանգարեց այս որոշումների կյանքի կոչմանը։ Մի կողմ թողնենք պատմաբանների բացատրությունները տարածաշրջանում պետությունների քաղաքական ու տնտեսական շահերի վերաբերյալ։ Դիտարկենք այն պայմանագրերը, որոնք կնքվեցին 1921 թ․-ին։
Մեծ Բրիտանիան դրժեց իր մասնակցությամբ Փարիզի խաղաղության վեհաժողովում ընդունված որոշումները եւ 1921 թ․ մարտի 16-ին պայմանագիր կնքեց բոլշեւիկների հետ, որով նրանց հանձնեց կովկասյան հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը։ Ի՞նչ շահեց Մեծ Բրիտանիան այդ պայմանագրով, որ նրան չէին կարող տալ կովկասյան երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։
Բոլշեւիկները սկզբում Բրեստում, ապա Մոսկվայի պայմանագրով՝ նույն 1921 թ․ մարտի 16-ին, քեմալականներին հանձնեցին Արեւմտյան Հայաստանը, Հայաստանի Հանրապետությանը մաս կազմող Կարսի, Արդահանի նահանգները, Սուրմալուն, Ադրբեջանին՝ Նախիջեւանն ու Արցախը, Վրաստանին՝ Ջավախքը։ Ի՞նչ շահեցին բոլշեւիկներն այդ պայմանագրով։ Թվում է դրանով հնարավություն ստացան վերցնել կովկասյան երեք հանրապետությունները։ Սակայն պարզվեց, որ պատմական հեռանկարում, Ռուսաստանի հարավում, նրանք օգնեցին ձեւավորելու երկու թշնամական ու ագրեսիվ պետություններ, Թուրքիա եւ Ադրբեջան։
Ֆրանսիան դրժեց Կիլիկիայի հայերի հետ ունեցած իր պայմանավորվածությունները, 1921 թ․ հոկտեմբերի 20-ին պայմանագիր կնքեց քեմալականների հետ եւ Կիլիկիան հանձնեց քեմալականներին։ Սակայն մինչ օրս հասկանալի չէ, թե այն ինչ ստացավ Ֆրանսիան Թուրքիայից, մի՞թե չէին կարող նրան տալ Կիլիկիայի հայերը։ Ուրեմն ֆրանսիայի համար խնդիրը այն տնտեսական շահերը չէին, որոնք նա ապահովեց այդ պայմանագրով, 100 տարվա համար։
Թվարկված բոլոր երեք պայմանագրերը նպաստեցին, որ տարածաշրջանում ձեւավորվեն ագրեսիվ ուժեր, պետություններ, որոնք ունակ են միջնորդավորված (պրոքսի) պատերազմներ վարելու։ Դա փաստվեց 2020 թ․ սեպտեմբերի 27-ի Արցախի դեմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Մերձավոր Արեւելքի ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կոալիցիայի սանձազերծած ագրեսիայով, որին աջակցում էին Իսրայելն ու Մեծ Բրիտանիան։ Փաստորեն 2020 թ․ սեպտեմբերի 27-ին գրեթե նույն ձեռագրով կրկնվեց 1920 թ․ սեպտեմբերի 22-ի քեմալականների ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։
Ակնհայտ է, որ բոլոր այս իրադարձությունները հիմնականում երկու նպատակ են հետապնդում։ Մի կողմից տապալել Հայկական Հարցի կարգավորումը եւ Փարիզի խաղաղության վեհաժողովում կայացված որոշումների իրականացումը, Հայաստանի Հանրապետությանը դնելով այնպիսի մի ծանր վիճակի մեջ, որ նա չկարողանա բարձրացնել հայերին տրված իրավունքների հարցը։ Մյուս կողմից՝ շարունակել օժանդակել իրենց իսկ կողմից ձեւավորված ահաբեկչական պետություններին, ապագային նորանոր ագրեսիվ միջնորդավորված (պրոքսի) պատերազմներ վարելու համար։
Պատահական չէ, որ Ադրբեջանի Հանրապետությանը վերաբերող 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթներն ամբողջությամբ կամ մասնակիորեն Հայաստանի Հանրապետության կողմից կատարվել են, սակայն ագրեսորի եւ նրա հովանավորների կողմից նորանոր պահանջներ են ներկայացվում Հայաստանի Հանրապետությանը՝ ներառյալ պետական սահմանի բռնի ու անարդար սահմանազատում եւ սահմանագծում, որոշ ռազմավարական տարածքների օտարում, ՀՀ ինքնիշխան տարածքով այսպես կոչված «տրանսպորտային միջանցքների» տրամադրում, ինչը նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի փաստացի խլում եւ ագրեսիայի շարունակություն:
Ուստի, հաշվի առնելով անցյալի ու ներկայի փորձը։
Հաշվի առնելով, որ ինչպես 1920 թ․ աշնանը եւ 1921 թ․ գարնանը Հայաստանի Հանրապետությունը աքցանի մեջ վերցնելով տապալեցին Հայկական Հարցի կարգավորման գործը, այնպես էլ այսօր, նույն կերպ փորձում են տապալել հայ ժողովրդին տրված իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու ժամանակակից ջանքերը․․․
Հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին պարտադրված ագրեսիվ իրողությունները,
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտարարում է, որ
- Անընդունելի է եւ իրավաչափ չէ Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը պարտադրված ցանկացած պայմանագիր։
- Անընդունելի է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման ու սահմանազատման ցանկացած փորձ, որը հաշվի չի առնելու այս հարցում Փարիզի խաղաղության վեհաժողովի Հատուկ հանձնաժողովի 1920 թ․ փետրվարի 24-ի Զեկույց – առաջարկը Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման վերաբերյալ։
- Անընդունելի է Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման ցանկացած փորձ, որը հաշվի չի առնելու Թուրքիայի Հանրապետության պարտավորությունները Հայաստանի հանդեպ, այդ թվում եւ Հայաստանի ու Թուրքիայի սահմանի վերաբերյալ։
- Անընդունելի է միջազգային ընկերակցության կողմից հակամարտող կողմերի նկատմամբ կիրառվող գործելաոճը՝ այն է, հանցագործին ու զոհին, ագրեսորին ու ագրեսիայի ենթարկվածին շարունակաբար նույն նժարի վրա պահելու փորձերը եւ մարդկայնության դեմ իրականացված շուրջ 100-ամյա հանցագործությունները անտեսելու ջանքները։
- Անընդունելի է այն փաստը, որ մինչեւ այսօր միջազգային ընկերակցության կողմից չի դատապարտվել պանթուրքիզմի ու պանթուրանիզմի տեսությունը, որպես մարդատյաց տեսություն։
Միանգամայն արդիական է ու ըմբռնելի, որ այժմ ողջ հայ ժողովուրդն է քաղաքական սուբյեկտ։
Ուստի կոչ է անում
- Հայերին եւ նրա դաշնակիցներին թույլ չտալ վերոնշյալ կոալիցիայի ու նրա աջակիցների մարդատյաց ծրագրերի իրականացումը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության նկատմամբ։
- Ամենուր կազմակերպվել ու ինքնակազմակերպվել, ամենուր պատրաստ լինելու համար պաշտպանության եւ իրավունքների պաշտպանության։
- Խորապես ուսումնասիրել եւ ճանաչել հայ ժողովրդին տրված իրավունքները ու դրանք պաշտպանել մշտապես եւ բոլոր միջոցներով։
- Հիշել, որ ազգային պետականության ամուր եւ անսասան հիմքերի հաստատումով միայն հնարավոր է ապահովել հայ ժողովրդի կյանքի, արժանապատվության, ժառանգության պահպանումը, զարգացումը, ապագա ունենալու իրավունքը։
- Հիշել, որ ներկայի պարտադրված իրավիճակը Հայ ազատագրական պայքարի եւ Արցախյան ազատամարտի վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբը, որում պարտավոր ենք հաղթել, ապահովելու համար հայ ժողովրդի գոյությունը այս աշխարհում, այս արեւի տակ։
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)
18-ը հունիսի, 2022 թ․