Շարունակուող կեղծիքնէր Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի հայերի իրաւունքների պաշտպանութեան ոլորտում
Ասում են դժուարը մէկ անգամ ստելն ու կեղծելն է, յետոյ այն կեղծարարի համար ընդունելի ձեռագիր է դառնում այն աստիճանի, որ կարծում է, թէ դրան բոլորն են սկսել հաւատալ:
Ինչպէս արդէն նշել ենք եւ հրապարակումներում, եւ հարցազրոյցներում, վերջին երկու տարիներին` 2015 թ. կէսերից սկսած մինչեւ 2017 թ. մայիս-յունիս, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգը գործել է ճգնաժամի պայմաններում: Դրա պատճառներից մէկը ԱՀՀ նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանի ձգտումն էր ԱՀՀ պետական ողջ համակարգը ամէն գնով ենթարկել իր միանձնեայ իշխանութեանը, իսկ որպէս լծակ այդ նպատակի իրագործման` անօրինականութիւնների ու ապօրինութիւնների միջոցով համակարգին պարտադրել սահմանադրութեան ինքնաստեղծ օրինակ:
Այդ թւում, ռազմաքաղաքական նշանակութեան միջազգային պայմանագրերի եւ պետական սահմանի փոփոխութեան վաւերացման իրաւունքի վերապահումն էր միայն ԱՀՀ նախագահի իրաւասութեանը` մոռանալով, որ նոյն իր ինքնաստեղծ սահմանադրութեան օրինակի 3-րդ յօդուածում յստակ ձեւակերպուած է, թէ «Իշխանութեան իւրացումը որեւէ կազմակերպութեան կամ անհատի կողմից յանցագործութիւն է»:
Այդ ձգտումներն առաւել անզուսպ եւ ցայտուն են արտայայտուել 2017 թ. մայիսի 31-ին, երբ ԱՀՀ նախագահ (այժմ արդէն նախկին նախագահ) Արմէնակ Աբրահամեանը ստորագրել է ապօրինի հրամանագրեր, հիմնուած ապօրինի — ինքնաստեղծ սահմանադրութեան օրինակի վրայ (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 — 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառոյթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 — 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին), կոպտօրէն խախտելով գործող «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրէնքի յօդուածների պահանջները (11.06.2014):
Այդ հրամանագրերն ազդարարում էին մի քանի ապօրինի գործողութիւնների մասին.
ա/ ԱՀՀ օրինական կերպով հաստատուած ու հրամանագրուած վարչապետի եւ ԱՀՀ օրինական կառավարութեան գործունէութեան ապօրինի դադարեցման,
բ/ ԱՀՀ մի նոր վարչապետի ապօրինի նշանակման, ԱՀՀ մի նոր կառավարութեան ապօրինի ստեղծման:
Անօրինական այդ գործողութիւնների վերջակէտը դրեց ու դրանք կասեցրեց 2017 թ. յունիսի 11-ին գումարուած Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանը, որը որոշեց 2017 թ. յունիսի 11-ից դադարեցնել ԱՀՀ նախագահ Արմէնակ Աբրահամեանի լիազօրութիւնները` ԱՀՀ պետական օրէնքների կոպիտ խախտումների եւ իշխանութեան իւրացման փորձի մեղադրանքներով:
Շատ ժամանակ չի անցել այդ պատմական նստաշրջանից եւ որոշումից, որոնք միտուած էին պաշտպանելու` հայութեան իրաւունքների հետապնդման գործընթացը, նրա շարունակելիութիւնը, ԱՀՀ պետական համակարգը եւ քաղաքացիներին, նրանց ազատութիւնն ու անկախութիւնը, ԱՀՀ պետական համակարգի պաշտօնեաներին, պատգամաւորներին, քաղաքացիներին` ապօրինի հրամանագրերից ու ոտնձգութիւններից:
Սակայն քայլ առ քայլ կրկին շրջանառութեան մէջ են դրւում նոր ապօրինի ու կեղծ ստորագրութիւններ, ինչպէս օրինակ` «ԱՀՀ նախագահ Արմէնակ Աբրահամեան», «ԱՀՀ վարչապետ Գառնիկ Սարգիսեան» եւ այլ…
ԱՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգիսեանը ժամանակին խիստ նկատողութիւն էր ստացել, երբ թոյլ է տուել հրապարակային սադրիչ արտայայտութիւններ հայ աւանդական կուսակցութեան հիմնադիրների վերաբերեալ, ԱՀՀ պետական կառոյցի ազգային-պետական ռազմավարութեան հիմնարար դրոյթների պահանջների հակառակ` այդ կերպ փորձելով լարուածութիւն ստեղծել ԱՀՀ պետական համակարգի եւ հայ հասարակական-քաղաքական ուժերի միջեւ: Ընդ որում, ԱՀՀ նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանն ու ԱՀՀ նախկին արտգործնախարար Գառնիկ Սարգիսեանը շարունակում են իրենց անօրինական ու սադրիչ գործունէութիւնը, որի մասին կը տեղեկացուի լրացուցիչ:
Մեր քաղաքացիներին ու հայրենակիցներին յիշեցնենք, որ եթէ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարան) նստաշրջանը դադարեցրել է ԱՀՀ նախագահ Արմէնակ Աբրամեանի լիազօրութիւնները, ապա այդ անունով ԱՀՀ նախագահ այլեւս չի կարող լինել, ինչպէս նաեւ Գառնիկ Սարգիսեան անունով ԱՀՀ վարչապետ, այն պարզ պատճառով, որ այդ նշանակումը ապօրինի հրամանագրի արդիւնք է, հիմնուած ապօրինի ու ինքնաստեղծ սահմանադրութեան օրինակի վրայ, սահմանադրութեան օրինակ՝ որն ընդունուած չէ Արեւմտեան Հայաստանի հայերի ու քաղաքացիների կողմից, այլ ընդամէնը «ստորագրուած է» ԱՀՀ նախկին նախագահի կողմից, ինչպէս բազմիցս յայտարարել է նա:
Ապօրինութիւններին ու ոչ իրաւաչափ գործընթացին ձգտում են «օրինականութեան» ու «իրաւաչափութեան» շունչ հաղորդել կրկնութիւնների միջոցով, առ այն, որ սուտն ու կեղծիքը, եթէ շարունակ կրկնես, իրականութեան տեղ կ’անցնի: Անշուշտ չի անցնի:
Տեղեկացնենք նաեւ, որ բազմաչարչար Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան ոլորտը միակը չէ, որ ենթարկւում է ապօրինութիւնների ու կեղծիքների: Այժմ էլ հերթը կարծես հասել է Կիլիկիայի հայերի իրաւունքներին, որտեղ տեղեկացւում է Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդի միջոցառման մասին, իսկ որպէս բանախօսներ նշւում են` ԱՀՀ վարչապետ Գառնիկ Սարգիսեան եւ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդի պաշտօնական խօսնակ Վազգէն Սիսլեան:
Արդէն նշեցինք, որ Գառնիկ Սարգիսեան անունով վարչապետ գոյութիւն չունի:
Ինչ վերաբերում Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդին ու Վազգէն Սիսլեանին, ապա նշենք, որ այստեղ գործ ունենք ազնիւ անուններն ինտրիգների մէջ ներքաշելու գործընթացի հետ, որովհետեւ եթէ Վազգէն Սիսլեանը տեղեակ լինէր երեք փաստից.
ա/ այն ապօրինութիւններից ու անօրինականութիւններից, որի պատճառով դադարեցուել է Արմէնակ Աբրահամեանի լիազօրութիւնները, որպէս ԱՀՀ նախագահ,
բ/ որ լիազօրութիւնները դադարեցուած նախագահի հրամանագրերը ապօրինի են ու, ըստ այդմ, այդ անունով ԱՀՀ վարչապետ չի կարող լինել,
գ/ եւ որ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդը 2017 թ. յունիսի 21-ին արդէն իսկ հիմնադրուել է, որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան /Հայաստան/ պետական կառոյցի լիարժէք բաղկացուցիչ մաս, հրապարակուել է հիմնադիր ժողովի որոշումն ու Կիլիկիայի հայերի իրաւունքների մասին հռչակագիրը,
ապա նա այդ ինտրիգների եւ ապօրինի գործունէութեան մէջ չէր ներքաշուի, դրա բացասական բոլոր հետեւանքները նկատի ունենալով հանդերձ:
Ինչպէս Վազգէն Սիսլեանի, այնպէս էլ բոլոր հայրենանուէր անձանց ու կառոյցների համար բաց են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան /Հայաստան/ պետական համակարգի եւ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի դռները` եւ մասնակցութեան, եւ համագործակցութեան համար: Պարզապէս պէտք է հեռու մնալ այն ոչ իրաւաչափ ու ապօրինի ձեւաչափերից ու գործընթացներից, որոնք լինելով հէնց այդպիսին, այսինքն` ոչ իրաւաչափ եւ ոչ օրինական, չեն կարող ապահովել անձի ու կառոյցների անշահախնդիր նուիրումը` յանուն ազգի ու հայրենիքի:
Զգուշացումը նրա համար է, որ մեր ազնիւ ու անշահախնդիր հայրենակիցներն ու քաղաքացիների ներուժը ի զուր եւ անօգուտ չվատնուի, որովհետեւ ստի, կեղծիքի ու անօրինականութեան ճանապարհը իրաւունքների պաշտպանութեան արդիւնաւէտ ճանապարհ չէ, այլ ճիշտ հակառակը:
Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան /Հայաստան/ Վարչապետ
02.07.2017 թ.