Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ «մեր տպավորություններով՝ Հայաստանը ունի նման ցանկություն»։
Մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով դիմել է իրեն՝ հանդիպելու առաջարկով։ Հետո ենթադրություններ եղան, որ գործընթացին նպաստելու է ԱՄՆ-ը, իսկ փորձագետները նույնիսկ ակնարկեցին, որ կարող է խոսք լինել Հայաստանին դեպի ծով ելք ապահովելու մասին։
Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ «հայ-թուրքական գործընթացը տապալելու է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները»։ Քալընը հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում։ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ ներդրում կունենա դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ և Ռուսաստանի խնամակալության տակ գտնվող Հայաստանի համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով», ասել է Քալընը։
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում, Հայաստանի ցանկությամբ, ասում է Չավուշօղլուն։ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ այդ գործընթացները տեղի ունենան իր վերահսկողությունից դուրս։ Առավել ևս, որ ԱՄՆ-ը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ՝ հիշեցնելով, թե ինչ իրավական հիմքով պետք է ճանաչվի հայ-թուրքական սահմանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ իր ուղերձում հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1920 թվականի ապրիլի 23-ին, երբ ԱՄՆ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին դիվանագիտական նոտա է փոխանցել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Բաստրմաջյանին՝ տեղեկացնելով Հայաստանի անկախությունը ճանաչելու նախագահ Վուդրո Վիլսոնի որոշման մասի։ Գրառման մեջ ասվում էր, որ այս ճանաչումը «ոչ մի կերպ չի կանխորոշում տարածքային սահմանները, որոնք … ենթակա են հետագա սահմանազատման»։
ԱՄՆ Դեսպանատան կայքում տեղադրված է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ «այն տարածքը, որը պետք է կազմեր անկախ Հայկական Հանրապետությունը, նախկինում գտնվել է Օսմանյան և Ռուսական կայսրությունների ինքնիշխանության ներքո։ Փարիզի խաղաղության կոնֆերանսի խնդրանքով նախագահ Վիլսոնը միջնորդեց Հայաստանի և Թուրքիայի սահմանի որոշման հարցում և 1920 թվականի նոյեմբերի 22-ին իր առաջարկները ներկայացրեց Գերագույն խորհրդին։ Սակայն մինչ Վիլսոնի որոշումները, տարածքը, որը պետք է կազմեր Հայկական Հանրապետությունը, օկուպացված էր թուրքական և բոլշևիկյան զորքերի կողմից։ 1920 թվականի վերջին Հայկական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես անկախ պետություն, և նրա տարածքը մտավ Թուրքիայի կազմի մեջ, իսկ դրա մյուս մասի վրա ստեղծվեց Հայկական Խորհրդային Հանրապետությունը, որը հետագայում միացավ Խորհրդային Միությանը»:
ԱՄՆ-ը հիշեցնում է, որ Վիլսոնի արբիտրաժից հետո Ռուսաստանը և Թուրքիան օկուպացրել են Հայաստանը. ԱՄՆ դեսպանատան կայքում չեն նշվում 1921 թվականի ռուս-թուրքական օկուպացիոն պայմանագրերը։ Այս առումով հասկանալի է, թե ինչու է առաջին հանդիպումը կայանալու Մոսկվայում։