Այս վերջին պատերազմը հավաստեց, որ հայ ժողովրդի պատմական, երկկողմանի և ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակից Ռուսաստանը բոլոր առումով, մեղմ ասած՝ հուսալի չէ: Աշխարհի քարտեզի վրա իր փոքրությամբ աննշմար Հայաստանի տեղն արդեն իսկ դատավճիռ է, շրջապատված՝ թշնամի և ոչ բարյացկամ հարևաններով, սակայն այն գլոբալ առումով ճանաչելի է, որպես միջազգային համարում ունեցող ազգի հայրենիք: Այս պատերազմից հետո առավել սրությամբ դրվեց հուսալի դաշնակից ունենալու հրատապությունը Հայաստանի համար, հարց, որի փնտրտուքի մեջ պետք է նախ՝ ամրապնդել հարաբերությունները այն միակ անդավաճան դաշնակցի հետ, որ կոչվում է՝ Հայոց սփյուռք: Եթե ընդունենք, որ աշխարհի մոտ 100 երկրներում Հայկական սփյուռքի հավաքական թվաքանակը ավել կամ պակաս՝ երկու անգամ մեծ է Հայաստանի ներկա բնակչությունից, ապա գործ ունենք մոտ 7 միլիոն բնակչություն ունեցող վիրտուալ “մի երկրի” հետ, որի հետ Հայաստանի դաշնակցային կապերը պետք է լինեն առաջնային կարևորության ու դրվեն ինտեգրման ամենաբարձր մակարդակի վրա:
HyeID, կամ Հայ ինքնության քարտի գաղափարը կոչված է մեկ մարմին դարձնելու բարդ, ցաք ու ցրիվ, կուսակցահատված և եկեղեցահատված Սփյուռքը: Գործ, որը ենթադրում է գերդժվար առաքելություն՝ հայի ու հայի միջև համակարծության, փոխվստահության, կազմակերպ մթնոլորտ ձևավորելու առումով: Սա է պատճառը, որ գործընթացը դանդաղ տեմպ ունի:
Հայ ինքնության քարտի գաղափարն անցել է մոտ տաս տարիների քննարկումների բովով ու այդպես էլ դուրս չի եկել կաբինետային տիրույթից: Նախկին իշխանությունների օրոք գաղափարը տապալվեց, պատճառաբանությամբ թե՝ Սփյուռքը կարող է ազդել Հայաստանում ընտրությունների վրա: Մտահղացումը սակայն, մեծ աջակցություն գտավ սփյուռքահայ մտավորական և գործարար խավի շրջանում, բովանդակելով այն Հայկական սփյուռքի խորհրդարան ստեղծելու գաղափարի համատեքստում: Երկու նախագծերը փոխառնչելու նպատակով Լոս Անջելեսում տարիներ շարունակ նախաձեռնող խմբի անդամներ՝ Հարութ Սասունյանը (Կալիֆոռնիա Կուրիեր), Տիգրան Հարությունյանը (Նոյյան Տապան Մեդիա հոլդինգ), Հակոբ Նազարյանը (գործարար, բարերար) և այլք, ծավալել են այս բարդ միջոցառման մեխանիզմը կյանքի կոչելու մանրակրկիտ աշխատանքներ:
Պատերազմից հետո, նախաձեռնությունը հառնեց իր ողջ կարևորությամբ: Այդուհանդերձ, Հայ ինքնության քարտ ունեցողների թիվը, ցավոք, դեռ հեռու է բավարար լինելուց, հիմնականում՝ ակտիվ իրազեկման աշխատանքի բացակայության պատճառով: Կարևոր է նշել, որ HyeID-ին վերկուսակցական կառույց է: Քարտատեր լինելու համար պետք է այցելել բազմալեզու www.hyeid.org կայք և կատարել անդամակցությանն առնչվող բոլոր պայմանները: HyeID պլաստիկ քարտը նախատեսված է Հայաստանի և Սփյուռքի բնակչության համար, որի անդամները կարող են օգտվել միջազգային ճանաչված առևտրային ծառայությունների կողմից սահմանված՝ 10% զեղչից: Այս տաս տոկոսն, ըստ նախաձեռնող խմբի, պետք է ուղղվի քարտատիրոջ՝ (5%), Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման՝ (2.5%) և Սփյուռքի հայկական խորհրդարանի աշխատանքների ֆինանսավորմանը՝ (2.5%): Խրթին թվացող այս հաշվապահությունը հասկանալու համար հարկ է, որ անխափան աշխատի երկուստեք հետադարձ կապի գործելաոճը HyeID-ի համար դիմողի և նախաձեռնող խմբի միջև:
Հաջորդ քայլով՝ Հայ ինքնության քարտ ունեցողների թվային ռեսուրսի հիման վրա պետք է կազմավորվի Հայկական սփյուռքի խորհրդարանի ընտրազանգվածը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի HyeID քարտ ձեռքբերողների թիվը հասնի մինչև՝ 50 հազարի: Արդեն ապագա կերտվելիք Սփյուռքի խորհրդարանի մասնաճյուղեր են բացվել Լոս-Անջելեսի՝ Գլենդեյլ և Կալիֆոռնիայի հայաշատ այլ քաղաքներում: Մասնաճյուղերը պետք է ստեղծվեն ըստ համայնքում ապրող հայերի խտության թվի, յուրաքանչյուրը՝ 300 HyeID քարտատիրոջ հաշվարկով: Հայ Սփյուռքի խորհրդարանը բացառապես Հայրենիքից դուրս՝ արտերկրում ապրող սփյուռքահայերի մասնակցություն է ենթադրում, ընդ որում, կարևոր չէ, թե արտերկրում ապրող հայը օրինական կացության ինչպիսի կարգավիճակ ունի իր ապրած երկրում: Սփյուռքի ապագա խորհրդարանն ունենալու է իր Սահմանադրությունը, ընտրության մասին օրենքը և կանոնակարգային այլ գործառույթներ: Խորհրդարանի աշխատանքները և որոշումները պայմանավորվելու են բացառապես Հայաստանում տիրող քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակով: Սփյուռքի խորհրդարանի կայանալու դեպքում, ինչը մեծավ պայմանավորված է ՀՀ Սահմանադրության մեջ ակնկալվելիք երկքաղաքացիության մասին օրենքի փոփոխությամբ, այն կարող է օժտվել ՀՀ Ազգային Ժողովի վերին պալատի օրենսդիր մարմնի կարգավիճակով:
Թե ինչպե՞ս է հնարավոր ընդգրկել հայոց աշխարհասփյուռ անընդգրկելին որպես խորհրդարան, կապված է այս պատմական անագորույն պահին կայացվող յուրաքանչյուրիս որոշումից: HyeID-ին միավորման առաջարկ է անում: Վառենք այդ մոմը՝ խավարը հավերժ անիծելու փոխարեն:
Սառա Գասպարյան, Նյու Յորք