Խաղաղապահների տեղակայումից հետո ադրբեջանցիներն անցել են գիծը․ Հակոբ Չաքրյան

16.01.2021

Մեր զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Օրերս Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՌԴ նախագահը մանրամասներ է ներկայացրել հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասինՆորմա՞լ եք գնահատումոր Պուտինը հաշվետվություն է ներկայացնում Թուրքիայի նախագահին:

Իհարկե, աննորմալ երևույթ է, բայց ինչպես երևում է՝ մեր բոլոր դաշնակիցները մի տեսակ աննորմալ են, ավելի շուտ թշնամի են հիշեցնում, քան դաշնակից: Դե պատկերացրեք, որ Պուտինը Էրդողանին իր լավագույն ընկերն է համարում և դեռ ավելացնում, թե նա խոսքի տեր մարդ է: Սա այն դեպքում, երբ Էրդողանը հայերին կրկնակի ցեղասպանության ենթարկելու մտադրություն հայտնեց ու դա բացեիբաց հայտարարեց: Ինչ վերաբերում է այդ հեռախոսազրույցին, դա եղել է Պուտինի նախաձեռնությամբ, որտեղ նա տեղյակ է պահել Էրդողանին, որովհետև դեռ պատերազմից առաջ հուլիսից Պուտինը սերտորեն համագործակցել էր Էրդողանի հետ, հենց այդ ժամանակվանից էր Թուրքիան սկսել հավաքագրել Սիրիայում տեղակայված ահաբեկիչ-վարձկաններին: Պատերազմի ընթացքում նույնպես համագործակցեց, նաև այդ եռակողմ խայտառակ հայտարարությունից առաջ չեմ կասկածում, որ համագործակցել է, հիմա էլ շարունակում է համագործակցությունը: Ինչ որ աշխարհաքաղաքական խնդիրներ է ուզում լուծել Պուտինը: Այդ մասին չի խոսվում, բայց մոտավորապես պարզ է, որ այս պատերազմի իրական հեղինակը Ալիևը չի, Պուտինն է: Պուտինն այս պատերազմով փաստի առջև կանգնեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, որ կարողանա նրանց դուրս մղել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացից: Այսինքն ինքը որևէ եռակողմ հայտարարություն ընդունելու իրավունք չուներ, որովհետև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հարցի կարգավորումը հանձնարարել էր Մինսկի խմբի եռանախագահող երկրներին միասին: Ռուսաստանը խաղաղապահներ տեղակայելու իրավունք չունի, որովհետև Մինսկի խմբի փաստաթղթում գրած է, որ միջազգային խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեն: Ինչպես գիտեք, ԱՄՆ-ը փորձեց մի նախաձեռնություն հանդես բերել՝ սկանդինավյան խաղաղապահների մասին խոսք եղավ, որ պետք է տեղակայվեին Արցախում, և դա լավ կլիներ, որովհետև ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ադրբեջանցիներն անցել են պաշտպանական գիծը, ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքում պատանդներ են վերցրել ու տարել: Այսինքն՝ սա խաղաղապահ ուժ չի, այլ պատժիչ ջոկատ Հայաստանի դեմ: Մի քանի օր առաջ Շուշիից կրակել ու Արցախի քաղաքացիներից մեկին էին վիրավորել, իսկ ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչն ասում է՝ մենք տեղյակ չենք: Արցախի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է եղել, իսկ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը, ինչ-որ մի գնդապետ ասում է, թե իրենք տեղյակ չեն: Բա ինչի՞ց եք տեղյակ, ինչի՞ եք եկել այնտեղ: Եկել են, որ ադրբեջանցիներին հնարավորություններ տան ներթափանցելու խաղաղապահ ուժերի թիկունք և հայ սպանելո՞ւ, հայ առևանգելու կամ կողոպտելո՞ւ:

Ես հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից հետո լսեցի թե Ալիևին, թե Պուտինին, թե Փաշինյանին ու չհասկացա, թե այդ հանդիպումն ինչի համար էր: Պուտինը կարծես հայ ժողովրդին լկտիաբար ծաղրի առանց ամաչելու: Այն, որ Ալիևը բաց չի թողնում պատանդներին ու գերիներին, համոզված եմ՝ Պուտինի հանձնարարությամբ է կատարում: Այլապես այդ խաղաղապահ ուժերը չէին թողնի ադրբեջանցի հրոսակներին ներթափանցել իրենց  վերահսկողության տակ գտնվող տարածքներ և մարդկանց առևանգել: Եվ Պուտինն այդ մասին ոչ մի բան չի ասում: Ինչու եմ ես ենթադրում, որ Ալիևը Պուտինի հրահանգով չի տալիս գերիներին, որովհետև հայ գերիների վիզն են կտրում, Պուտինից ոչ մի ծպտուն չի լսվում, չի դատապարտում: Ռուսական խաղաղապահների դիրքերը ճեղքում, պատանդներ են առևանգում տանում Ադրբեջան, էլի ոչ մի ծպտուն: Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանը 7 հարակից շրջանից զատ ստանում է Շուշին, Հադրութը, 50-100 այլ բնակավայրեր, որոնք հրադադարի հաստատման պահից չեն գտռնվել ռազմական գոտում, իսկ մենք չենք կարողանում մեր գերիներին հետ ստանալ: Մինչդեռ մի հեռախոսազանգով այս հարցը կարելի էր լուծել, անգամ պարտադիր չի, որ Պուտինը զանգի: Կարող էր իր օգնականներից մեկը զանգել, և Ալիևը կտար գերիներին: Ընդհակառակը, ինձ թվում է, որ Պուտինը իր օգնականների միջոցով զգուշացնում է, որ հանկարծ հայ գերիներին չհանձնեք, որպեսզի շարունակի կաթվածահար վիճակում պահել Հայաստանի իշխանություններին, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին: Տեսեք, ռուսական լրատվամիջոցները քննադատում են, ավելի ճիշտ հայհոյում են Նիկոլ Փաշինյանին: Ասում են՝ ռուսերեն լավ չի խոսում, միջազգային հարաբերություններից շատ չի հասկանում: Այո, դա այդպես է, բայց եթե Նիկոլ Փաշինյանը անգամ շատ ընտիր հասկանար միջազգային հարաբերություններից և փայլուն խոսեր ռուսերեն, եթե Պուտինն ինչ-որ բան մտադրվել է, միևնույն է, անելու է: Այսինքն Փաշինյանը նրան կասեցնել չէր կարող:

Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ջանքերին՝ արտահայտվելով Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների հետագա համակարգման օգտին: Սա նշանակում է, որ Էրդողանը շարունակում է փափագել, որ ինքն էլ մասնակից լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների՞ն:

Ոչ, այստեղ խոսքը արդյունքների մասին է: Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, Արցախի Հանրապետությունը Պուտինի ձեռքով բզկտվել է: 12 հազար քառակուսի կիլոմետրից մնացել է 2,4 հազար քառակուսի կիլոմետր: Էրդողանն այս արդյունքներից վերին աստիճանի գոհ է: Ինչ վերաբերում է  Մինսկի խմբում տեղ զբաղեցնելուն, դա նրան թույլ չեն տա Բայդենն ու Մակրոնը: Իրենք դրա իրավունքն էլ չունեն, որովհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է որոշել այդ եռանախագահական համակարգը, թե ովքեր պետք է լինեն դրանում: Էրդողանն ինչ էլ անի, Մինսկի խմբի եռանախագահող երկրների շարքում տեղ չի զբաղեցնի, և Պուտինն այդ հարցում նրան չի կարող օգնել: Պատերազմում օգնեց, ամեն ինչով օգնեց: Էրդողանը հերիք չի ներգրավվեց պատերազմում, դեռ ահաբեկիչներ բերեց, սակայն Պուտինը ոչ մի անգամ չի դատապարտել նրա ներգրավումը: Էրդողանն ուզում էր թուրքական ռազմաբազա տեղակայել Ադրբեջանում, չգիտեմ՝ տեղակայել է, թե ոչ, Պուտինն ասաց, որ Ադրբեջանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի՝ որ երկրի բազան ուզի, տեղակայելու իր տարածքում: Իսկ Հայաստանն, ըստ Պուտինի, Ռուսաստանի գաղութն է: Նա սեփական ժողովրդին վերածել է անզոր ու կամազուրկ զանգվածի, հիմա հայ ժողովրդին է ուզում վերածել այդպիսի զանգվածի: Բայց հայ ժողովուրդը ցեղասպանություն է տեսել, դուրս է եկել արյունաքամ եղած, Պուտինը չի կարող հայ ժողովրդին կամազրկել:

error

Enjoy this blog? Please spread the word :)