Պրն Նախագահ.
Գերագույն խորհրդի սույն թվականի ապրիլի 26-ի որոշմամբ ինձ փոխանցվեց պաշտոնական առաջարկ` որոշելու Թուրքիայի եւ Հայաստանի նորաստեղծ պետության միջեւ սահմանների խնդիրը: Սույն թվականի օգոստոսի 10-ին Սեւրի պայմանագիրը ստորագրող տերությունների ներկայացուցիչները համաձայնության եկան ինձ լիազորելու այս պատիվը եւ հայտնեցին իրենց պատրաստակամությունը` ընդունելու այն սահմանները, որոնք իմ կողմից կորոշվեն, ինչպես նաեւ համաձայնագրին ցանկացած այլ հավելում, որոնք ես կառաջարկեմ, որպեսզի Հայաստանը ելք ունենա դեպի ծովը, եւ ցանկացած միջոցառում` այդ կերպ որոշված սահմանի երկարությամբ թուրքական տարածքը ապառազմականացնելու:
… …
Իրավարար վճռի սահմանափակումը Հաշտության պայմանագրի Հոդվածի 89-ում նշված չորս վիլայեթներով կարծես պարտավորեցնում եւ պարտադրում է, որ հայկական պետությանը այս վիլայեթների սահմաններում տրվի հնարավորինս լայն տարածք, միեւնույն ժամանակ, նորաստեղծ պետության համար ապահովելով համարժեք բնական սահմանի եւ աշխարհագրական ու տնտեսական ամբողջականության պահանջները: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի նորաստեղծ պետությունը, որն, անշուշտ, ներառելու է նաեւ նախկին Ռուսաստանի անդրկովկասյան հայկական մարզերի մի մեծ բաժինը, սկզբից եւեթ գրեթե հավասարապես կիսված մահմեդական ու քրիստոնեական եւ տարբեր ազգային ու ցեղային պատկանելության բնակչություն կունենան:
… …
ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼՍՈՆԻ ՆԱՄԱԿԸ
Նախագահ Վիլսոնը
Դաշնակից տերությունների
Գերագույն խորհրդի նախագահին
Պրն նախագահ.
Գերագույն խորհրդի սույն թվականի ապրիլի 26-ի որոշմամբ ինձ փոխանցվեց պաշտոնական առաջարկ` որոշելու Թուրքիայի և Հայաստանի նորաստեղծ պետության միջև սահմանների խնդիրը: Սույն թվականի օգոստոսի 10-ին Սևրի պայմանագիրը ստորագրող տերությունների ներկայացուցիչները համաձայնության եկան ինձ լիազորելու այս պատիվը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը` ընդունելու այն սահմանները, որոնք իմ կողմից կորոշվեն, ինչպես նաև համաձայնագրին ցանկացած այլ հավելում, որոնք ես կառաջարկեմ, որպեսզի Հայաստանը ելք ունենա դեպի ծովը, և ցանկացած միջոցառում ` այդ կերպ որոշված սահմանի երկարությամբ թուրքական տարածքը ապառազմականացնելու: Սևրի պայմանագրի Մաս III, Բաժին 6, Հոդված 89-ի իրավարար վճռի պայմանների համաձայն` ինձ տրված միջնորդային լիազորությունը հստակորեն սահմանափակում է Թուրքիայի և Հայաստանի միջև Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում սահմանագծմամբ: Ձեր որոշմամբ ինձ վրա դրված պատասխանատվության լիակատար ըմբռնումով ես ձեռնամուխ եղա այս դժվարին գործին, պատրաստակամ ծառայելու հայ ժողովրդի, ինչպես և այս տուժած երկրում դեռևս մնացած բնակիչների շահերին` ինչ ազգության կամ ինչ կրոնական հավատքի էլ որ նրանք լինեն, ձգտելով գործադրել հնարավորինս առավելագույն արդարամտություն սահմանամերձ տարածքներում ապրող բնակչության նկատմամբ` լինի այն թուրքական, քրդական, հունական, թե հայկական:
Ձեռնամուխ լինելով այս խնդրին, արդեն իսկ պարզ էր, որ որոշում կայացնելու համար բնակչության առկա էթնիկական և կրոնական բաշխվածությունը չորս վիլայեթներում չի կարող դիտարկվել որպես ուղենիշ, ինչպես աշխարհի այլ մասերում: Էթնիկական նկատառումը այս դեպքում, երբ բնակչությունը ի սկզբանե խառն էր տեղաբաշխված, էլ ավելի մշուշոտ է դարձել հայերի և հույների կոտորածների և տեղահանության զարհուրելի հետևանքների, ինչպես և մահմեդական բնակչության նույնքան սարսափելի կորուստների` գաղթականների տեղաշարժի, տիֆի համաճարակի և այլ հիվանդությունների հետևանքով: Իրավարար վճռի սահմանափակումը Հաշտության պայմանագրի Հոդվածի 89-ում նշված չորս վիլայեթներով կարծես պարտավորեցնում և պարտադրում է, որ հայկական պետությանը այս վիլայեթների սահմաններում տրվի հնարավորինս լայն տարածք, միևնույն ժամանակ, նորաստեղծ պետության համար ապահովելով համարժեք բնական սահմանի և աշխարհագրական ու տնտեսական ամբողջականության պահանջները: Անհրաժեշտ է մտքում ունենալ, որ Հայաստանի նոր պետությունը, որն, անշուշտ, ներառելու է նաև նախկին Ռուսաստանի անդրկովկասյան հայկական մարզերի մի մեծ բաժինը, սկզբից ևեթ գրեթե հավասարապես կիսված մահմեդական ու քրիստոնեական և տարբեր ազգային ու ցեղային պատկանելության բնակչություն կունենան: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ըստ լեզվի և կրոնի կազմված կլինեն թուրքեից, քրդերից, հույներից, ղզլբաշներից, լազերից և ուրիշներից, ինչպես և հայերից: Իմ միջնորդային որոշմանը հանձնված սահմաններում հայերի, թուրքերի, քրդերի և հույների` իրար հակասող տարածքային ակնկալիքները ոչ միշտ է հնարավոր իրար հետ ներդաշնակեցնել: Նման դեպքերում, իմ համոզմամբ, որոշիչ պետք է հանդիսանա ապագա Հայաստանի պետության առողջ տնտեսական կյանքի խնդիրը: Ինչևէ, այնտեղ, ուր ճշգրիտ աշխարհագրական սահմանի պահանջները հնարավորություն են տալիս, սահմանի երկայնքով ձգվող բոլոր լեռներն ու հովիտները, որոնք առավելապես քրդական կամ թուրքական են, ավելի շուտ թողնվել են Թուրքիային, քան տրվել են Հայաստանին, եթե միայն շուկայական կապերը կոնկրետ քաղաքների հետ չեն պարտադրել դրանք տալ Հայստանի պետությանը: Բոլոր այն դեպքերում, երբ ցեղային կապերի և սեզոնային տեղաշարժերի վերաբերյալ մատչելի տեղեկատվություն կար, փորձ է արվել հարգել և պահպանել ցեղային միավորումների ամբողջականությունը և քոչվոր անասնապահների տեղաշարժը:
Կոտուր քաղաքից հարավ-արևմուտք Պարսկաստանի սահմանը Հայաստանի հետ որոշված է խիստ բարձր բնական ժայռոտ սահմանագծով, որը ձգվում է Վանա լճից հարավ և գնտվում է հայկական Բիթլիս և Մուշ քաղաքներից հարավ-արևմուտք: Այս սահմանագիծը որպես Թուրքական պետության մաս է թողնում ողջ Հաքքյարի սանջակը կամ Վանի վիլայեթի մոտավորապես կեսը, ինչպես և ողջ Սաիրթ սանջակը: Ֆիզիկա-աշխարհագրական այս հիմնավոր փաստարկը, որը կարծես արդարացնում է սույն որոշումը, ավելի է ամրապնդվում ազգագրական նկատառումներով, քանի որ Հաքքյարնու Սաիրթը` ըստ բնակչության և տնտեսական հարաբերությունների, առավելապես քրդական են: Հայկական պետության շահերից չի բխում և նրա կազմում Մեծ Զաբ գետի վերին հովիտը ընդգրկելը, որի բնակչությունը առավելապես քրդեր և նեստորական քրիստոնյաներ են, ինչպես և թուրքական Քրդստանի ու Միջազգետքի համար կենսական գործոն հանդիսացող Մեծ Տիգրիս գետի ոռոգման համակարգը: Այս ակունքներրի վերահսկողությունը, որքանով հնարավոր է, պետք է պահվի երկու շահագրգիռ պետությունների` Թուրքիայի և Միջագետքի կազմում: Նույն այս նկատառումներվ հայկական պահանջը Մեծ Զաբի վերին հովտի նկատմամբ չի կարող բավարվել:
Սահմանագիծը Բիթլիսից արևմուտք և Մուշից հյուսիս, դեպի Երզինջանի տարածաշրջանը, ընկնում է Բիթլիսի և Էրզրումի վիլայեթների մեջ: Այն անցնում է բնական աշխարհագրական սահմանագծով, որը ապահովում է Հայաստանին կատարյալ անվտանգություն և Թուրքական պետությանն է թողնում մի տարածք, որը լիովին քրդական է: Այս մասում հայկական գյուղերը և ավանները, ինչպես օրինակ` Կիղին և Թեմրանը, անհրաժեշտաբար մնում են Թուրքիային` առևտրական և կրոնական ամուր կապերի պատճառով, որոնք նրանց ավելի շատ կապում են Խարպուտի, քան Բիթլիսի և Էրզրումի վիլայեթների հայկական շուկայական կամ կրոնական որևէ կենտրոնի հետ: Այսպիսի որոշումը անխուսափելի հետևանքն է այն բանի, որ Խարպուտ քաղաքը և շրջանը, համաձայն Սևրի պայմանագրի Հոդված 27-ի II կետի (4) և Հոդված 89-ի, ընդգրկվել են Թուրքական պետության կազմի մեջ:
Դերսիմի հյուսիսային եզրագծից սահմանի որոշման բնույթը և ուղղությունը ուղղակիորեն կախված են Հայաստանի պետության մատակարաման և դրա համար դեպի ծով ելք ունենալու կենսական խնդրի հետ: Իմ դատողությամբ, այս հիմնախնդրի ճիշտ լուծումից կախված է ողջ բնակչության` թուրքական, քրդական, հունական, հայկական կամ եզդիական, ապագա տնտեսական բարգավաճումը Էրզրումի, Բիթլիսի և Վանի վիլայեթների այն մասերում, որոնք ընկնում են Հայկական պետության մեջ: Ես անտարբեր չեմ պոնտացի հույների ցանկությանը, որն ինձ փոխանցվել է հուշագրով, և որն անկասկած իր փաստարկներով և բովանդակությամբ համապատասխանում է Գերագույն խորհրդի անցած մարտ ամսի Լոնդոնի կոնֆերանսին ներկայացվածին, որ իրենցով բնակեցված Սև ծովի առափնյա տարածաշրջանը առանձնացվի, և որ միջոցներ ձեռնարկվեն ինքնավար վարչակազմ ստեղծելու Ռիգայից մինչև Սինոպից արևմուտք գտնվող կետը ձգվող տարածաշրջանում: Սևրի պայմանագրի Հոդված 89-ով ինձ տրված միջնորդային իրավասությունը չի ներառում անկախության նրանց ակնկալիքների կամ դրա անհնարինության դեպքում` ինքնավարության խնդրի որոծման կամ առաջարկության հնարավորություն իմ կողմից: Ոչ էլ այն իրավունք է տալիս գործ ունենալ անկախ Ջանիկ սանջակի կամ Կաստամունի վիլայեթի առափնյա տարածքի հետ, որի մեջ մտնում է պոնտական հույների կողմից ակնկալվող վարչական միավորի և ինքնավարության տարածաշրջանը:
Իմ առջև երեք հնարավոր ուղի կար. այնպես գծել սահմանը, որ Տրապիզոնի վիլայեթն ամբողջովին մնար Թուրքիայի կազմում, այն ամբողջովին շնորհել Հայաստանին կամ դրա մի մասը տալ Հայաստանին և մնացածը թողնել Թուրքիային: Տրապիզոնի վիլայեթի բնակչության մեծամասնությունը, անկասկած, մահմեդական է և հայկական տարրը, համաձայն նախապատերազմական բոլոր վկայությունների, անուրանալիորեն քրիստոնեական փոքրամասնություն կազմող հունական մասից էլ թվով փոքրաթիվ էր: Ազգագրական առումով այսքան ակնհայտ հիմնավորմանը հակակշռում է Հայաստանի ապագան: Ես կարող եմ հարցը դիտարկել միայն քաղաքական նոր միավորի` մահմեդական և քրիստոնեական խառը բնակչությամբ Հայաստանի կարիքների լույսի ներքո, քան թե որպես միայն հայերի ապագայի խնդիր: Դա եղել է և հիմա էլ իմ հարաճուն համոզմունք է, որ Հայաստանին դեպի ծովը ելք տրամադրելուն ուղղված քայլերը պետք է լինեն այնպիսիք, որ ամեն հնարավորություն տան այս պետության զարգացման համար` որպես ունակ վերականգնելու և իրականացնելու համաշխարհային առևտրում այն օգտակար դերակատարումը` որ նրա աշխարհագրական դիրքը, պատմական առևտրական մեծ ուղու վրա գտնվելը, տրված են եղել նրան անցյալում: Նրա խառը բնակչության քաղաքակրթվածությունը և երջանկությունը մեծապես կախված կլինեն երկաթուղիների կառուցումից և եվրոպական առևտրի ու մշակութային ազդեցությունների համար երեք վիլայեթների տարածքի հարաճուն մատչելիությունից:
Տրապիզոնի նավահանգստից դեպի արևելք` Լազիստանի ծովափի երկայնքով ոչ մի համարժեք նավահանգստային հարմարություններ հնարավոր չէ գտնել, և Պոնտական լեռների ժայռոտ բնույթը, որոնք Լազիստանի սանջակը բաժանում են Էրզրումի վիլայեթից, այնպիսին է, որ մեկուսացնում է ներքին շրջանները ծովափից այնպես, որ երկաթուղու կառուցումը գործնականում կասկածելի է: Գոյություն ունեցող քարավանային առևտրական ուղին Պարսկաստանից Բայազետի և Էրզրումի սարահարթերի վրայով, որն անցնում է Բայբուրթ և Գումուշխանա քաղաքներով և դուրս է գալիս դեպի Սև ծովը Տրապիզոնում, մեծ օգտակարության տևական պատմություն ունի:
Ահա սրանք էին այն նկատառումները, որոնք ստեպիցին ինձ վերադառնալ իմ սկզբնական որոշմանը, որ Տրապիզոն քաղաքը և նավահանգիստը պետք է Հայստանի մասը կազմեն:
Քանի որ Քարշուտ հովտով անցնող ուղին, որն ավարտվում է Տիրբեոլի քաղաքում ու առավել նպատակահարմար է երկաթուղի կառուցելու և գործարկելու առումով, ես անհրաժեշտ համարեցի նաև այս հովիտը ներառել Հայստանի մեջ, դրանից արևմուտք ընկած բավարար տարածքով հանդերձ, դրա անհրաժեշտ պաշտպանությունը երաշխավորելու համար: Ես անտեղյակ չեմ, որ հայկական պատվիրակությունների ղեկավարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել հրաժարվելու Տրապիզոնի վիլայեթի այն մասի նկատմամբ պահանջից, որն ընկնում է Սուրմենայից դեպի արևմուտք: Գնահատելով նրանց ցանկությունը` հրաժարվելու այդ առավելապես մահմեդական տարածքի նկատմամբ իշխանությունից, ես վստահ եմ, որ ընդառաջելով նրանց պատրաստակամությանը` արդարամիտ լինելու թուրքերի և հույների պահանջի նկատմամբ Տրապիզոնում, ես անուղղելի սխալ արած կլինեի Հայստան երկրի ապագայի և նրա ողջ բնակչության նկատմամբ, որոնք դրա մասն են կազմելու:
Ահա այս հիմնավորմամբ է, պրն. Նախագահ, որ սահմանները գծված են այնպես, որ հետևեն լեռնաշղթային Երզինջան քաղաքից դեպի արևմուտք` դեպի Պոնտական լեռները, ապա այստեղից դեպի Սև ծովը այնպես, որպեսզի Զեֆիո Բեյ կոչվող ծովածոցը ընդգրկվի Հայստանի մեջ: Տրապիզոնի սանջակի նավահանստային քաղաքներ Կերասունտը և Օրդուն Թուրքիային թողնելու որոշումը թելադրված էր այն փաստով, որ այս շրջանի բնակչությունը հիմնականում մահմեդակն և թուրք է, և որ այս քաղաքները թուրքական Սիվաս վիլայեթի արևելյան ելքն են հանդիսանում: Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների այն մասերը, որոնք այս սահմանագծման արդյունքում մնում են թուրքական, քան թե տրվում են տրվում Հայստանին, կազմում են մոտավորապես 12,120 քառակուսի կիլոմետր:
Հայաստանի սահմանին հարող թուրքական տարածքի ապառազմականցման կապակցությամբ, ինչը վերևում ընդարձակ ներկայացվեց, ապառազմականացված գոտի ստեղծելը թվում է երկուստեք ոչ գործնական և ոչ անհրաժեշտ, քանի որ կպահանջի հրահանգներ մշակել և դրանց իրականացման համար ամբողջական գործակալություններ ստեղծել: Բարեբախտաբար, Սևրի պայմանագրի հոդված 177-ը ամրագրում է Թուրքիայի գոյություն ունեցող բոլոր ամրոցների զինաթափում: Հոդվածներ 159-ը և 196-200-ը պարտադրում են (ստեղծել) հանձնաժողովներ, որոնք լիովին համապատասխանում են անկարգության բոլոր վտանգերին դիմակայելու, որպիսիք կարող են առաջանալ սահմանի երկայնքով, ընդ որում` առաջին (հոդված)-ը պահանջում է, որ ոստիկանության սպաները համամասնորեն տրամադրվեն տարբեր դաշնակից կամ չեզոք ուժերի կողմից, իսկ հաջորդ (հոդված)ները, պահանջում են ստեղծել Հսկողության և կազմակերպչական միջ-դաշնակցային ռազմական հանձնաժողով: Այս պայմաններում միակ լրացուցիչ հանձնարարականը, որն անհրաժեշտ և օգտակար է թվում, այն է, որ Հսկողության և կազմակերպչական միջ-դաշնակցային ռազմական հանձնաժողովը պետք է (Սևրի ) պայմանագրի հոդված 200-ով իր վրա դրված իրավասություններին համապատասխան ընտրի ոստիկանության ավագ սպաների, այն սպաների թվից, որոնք (Սևրի) պայմանագրի հոդվածծի 159-ի համաձայն հատուկ կառաջադրվեն դաշնակից կամ չեզոք ուժերի կողմից, և որոնք կտեղակայվեն Թուրքիայի և Հայստանի սահմաններին հարող վիլայեթներում, և որ այդ սպաները օժտված կլինեն հատուկ պարտականությամբ` կանխարգելելու Հայստանի սահմանի դեմ ուղղված ռազմական նախապատրաստությունները Հսկողության և կազմակերպչական միջ-դաշնակցային ռազմական հանձնաժողովի ղեկավարության ներքո:
Իմ վստահ ակնկալիքն է, որ հայ փախստականները և նրանց ղեկավարները, իրենց տրամադրված տարածք վերադարձի ընթացքում, ձեռնպահ կմնան որևիցէ և ամեն տեսակ վրեժխնդրությունից` աշխարհին բարոյական մեծ քաջության օրինակ տալով, ինչը պետք է ընդհանրապես ազգային հզորության հիմք հանդիսանա: Աշխարհն ակնկալում է, որ նրանք ամեն կերպ կխրախուսեն և ուժերի ներածին չափով կօգնեն այն թուրք փախստականներին, ովքեր կցանկանան վերադառնալ իրենց նախկին տները Տրապիզոնի, Էրզրումի, Վանի և Բիթլիսի շրջաններում, հիշելով, որ այդ մարդիկ ևս մեծապես տուժել են: Իմ մյուս ակնկալիքն է, որ նրանք նույնօրինակ բարյացակամ վերաբերմունք կդրսևորեն Սև ծովի առափնյա շրջանի լազ և հույն բնակչության նկատմամբ, անհրաժեշտության դեպքում վարչական հարցերում լինելով առավել զիջողամիտ ոչ հայ ազգային և կրոնական խմբերի նկատմամբ` որոնք ներառված են ազգային փոքրամասնությունների հետ սույն թվականի օգոստոսի 10-ին իրենց կոմղից ստորագրված պայմանագրում, որպեսզի այս մարդիկ ուրախությամբ և պատրաստակամորենլիակատար ներդաշնակությամբ աշխատեն հայերի հետ` վստահորեն դնելով Հայստանի նոր Հանրապետության հիմքը:
Սույնով պատիվ ունեմ ներկայացնելու իմ որոշման տեքստը:
Ընդունեք հարգանյացս հավաստիքը (այլն).
Վուդրո Վիլսոն
Վաշինգտոն, 22 նոյեմբերի, 1920թ.