Նախաբան
2020 սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ագրեսիան ու պատերազմական հանցագործությունը՝ Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, միջազգային ահաբեկչական խմբերի եւ իսրայելա-թուրքական ԱԹՍ-ների կիրառմամբ, եւս մեկ անգամ փաստեց, որ սա բարբարոսության հերթական պատերազմն է քաղաքակրթության դեմ, եւ որ Հայկական լեռնաշխարհի՝ քաղաքակրթությունների բնօրրանի ու խաչմերուկի ազատագրումը պատմական ու կենսական անհրաժեշտություն է մարդկության ու քաղաքակրթության հետագա զարգացման գոյատեւման տեսանկյունից։ (1) (2)
Հակաահաբեկչական դաշինք ձեւավորելու եւ Ադրբեջանի Հանրապետության մեջ ահաբեկիչներին դիմագրավելու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2020 թվականի հոկտեմբերի 6-ի կոչը անպատասխան մնաց։ Դա նշանակում է, որ այս հարցով մարտահրավերների դեմ կանգնած պետությունները, այդ թվում՝ եվրոպական, առաջիկայում ստիպված են միայնակ դիմագրավել այդ սպառնալիքները։ (3)
————————-
Հայկական միացյալ պատվիրակության համանախագահների՝ Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի կողմից՝ 1919 թ. փետրվարի 12–ին, Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացվեց հուշագիր հայկական պահանջների մասին, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը, ճշտում նրա տարածքը՝ Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:
Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանը 1919 թ. ապրիլի 17-ին ընդունեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը եւ հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:
Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը, բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչներից, 1920թ. ապրիլի 26-ին դիմեց ԱՄՆ նախագահին
-
Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի,
-
դեպի ծով ելքի Հայաստանին տրամադրելու,
-
հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմական հարցերով իրավարար վճիռ կայացնելու խնդրանքով: (4)
Իրավարար վճիռ կայացնելու խնդրանքը 89-րդ հոդվածի տեսքով ներառվեց Սեւրի խաղաղության պայմանագրի մեջ եւ արդեն Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ դաշնագիրը ստորագրած մյուս պետությունների անունից հղվեց ԱՄՆ նախագահին:
Սեւրի խաղաղության պայմանագրի 89-րդ հոդվածում այդ մասին ամրագրվեց հետեւյալը․ «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»: (5)
ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը Իրավարար վճիռը կայացրեց 1920 թ. նոյեմբերի 22-ին։
Ասվածից բացի, Իրավարար վճռի վերաբերյալ, մասնավորապես, պետք է ընդգծել հետեւյալը․
-
Իրավարար վճիռը անժամանցելի է, անբեկանելի եւ կատարման համար պարտադիր։
-
Ըստ իրավարար վճռի, Հայաստանի տիտղոսն ու իրավունքները ամրագրված են նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա:
-
Իրավարար վճիռը պարտադիր է ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Սեւրի խաղաղության պայմանագիրը ստորագրած մյուս հայցվորների, ինչպես նաեւ իրավարարի՝ Միացյալ Նահանգների համար։
-
Իրավարար վճռի համաձայն, 1920 թ․ նոյեմբերի 22-ից հետո, այսինքն՝ Իրավարար վճռի կայացման պահից, հայկական սահմանին հարակից թուրքական տարածքը ապառազմականացվելու է։
Այսօր, արդեն տասնամյակներ ի վեր, Մեծ Մերձավոր Արեւելքը գտնվում է մարդասիրական ու ռազմաքաղաքական խորը ճգնաժամի մեջ, որն ըստ էության վաղուց վերաճել է քաղաքակրթական ճգնաժամի։ Նաեւ այն տարածքում, որ ընդունված է կոչել քաղաքակրթունների բնօրրան ու խաչմերուկ՝ Հայկական լեռնաշխարհ։ Պատճառն այն է, որ չեն իրականացվել 1920 թ․ ընթացքում հայերի եւ այլ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ կայացված որոշումները, այդ թվում՝ Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով։ Տարածաշրջանային այս ճգնաժամից, որն ազդում է նաեւ համաշխարհային գործընթացների վրա, դուրս գալու եւ ազատվելու այլ ելք չկա, քան կյանքի կոչելու եւ իրականացնելու այդ որոշումները, դրա միջոցով խցանումից ազատելով նաեւ քաղաքակրթությունների բնօրանն ու խաչմերուկը՝ Հայկական լեռնաշխարհը։
Մեզ մնում է հիշեցնել, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) 2018 թ․ որոշում է կայացրել եւ դիմել է ՄԱԿ եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ պետություններին մի քանի հարցերով, այդ թվում նաեւ 1920 թ․ նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու հարցով, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։ (6) (7)
Որովհետեւ հստակ է, որ հայ եւ տարածաշրջանի այլ բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության ու իրականացման միջոցով է հնարավոր Մեծ Մերձավոր Արեւելքում հաստատել այնքան սպասված ու պահանջված կայուն խաղաղություն ու համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների ու ազգերի միջեւ։ (8) (9)
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
22 նոյեմբեր 2020 թ.
—————————
VIDEO — ARM — https://youtu.be/03tvC_y6-4A
—————————
Ծանոթագրություն
-
ԼՂ-ում պատերազմի նախաձեռնողները Թուրքիան եւ բրիտանական հատուկ ծառայություններն են, 26.10.2020 —
https://www.7or.am/am/news/view/200210/?fbclid=IwAR22pJkuWvVjTpU7AWJSyPy-MTmu_EfocCUqoEWDsyeryxdGHQRn5XX8Ay8
-
ՄԱԿ ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստի հայտարարության նախագիծը տապալել է մշտական հինգ անդամ երկրներից մեկը: Ենթադրաբար, դա Մեծ Բրիտանիան էր, որի հատուկ ծառայության նոր ղեկավարն էլ Թուրքիայում դեսպան աշխատած եւ Էրդողանի ընկեր համարվող Ռիչարդ Մուրն է: ՄԱԿ ԱԽ նիստում պետք է կայանա՞ր խաղաղապահների տեղակայման մասին որոշումը, ինչը փաստորեն թույլ կտար բանը չհասցնել մինչեւ Շուշի:
Ինչն է ձախողվել պատերազմում հոկտեմբերի 19-ին, հասցնելով այն մինչեւ Շուշի, 14.11.2020 — https://www.lragir.am/2020/11/14/599377/
-
Արցախի նախագահը կոչ է անում երկրներին միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձեւավորել, 6 Հոկտեմբեր, 2020 — https://armenpress.am/arm/news/1030629.html
-
Սան Ռեմոյում Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը ապրիլի 26-ին որոշեց դիմել ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով. առաջին` ստանձնել Հայաստանի մանդատը, երկրորդ` իրավարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը:
https://www.aniarc.am/2020/04/26/bolshevik-kemalist-cooperation-part-two/
-
Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները տես, Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923 թթ., «Հայաստան» հրտ., Երեւան, 1972, էջ 672:
-
Տես, Քաղվածք № 6 Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստի արձանագրությունից, 29 մայիսի 2018 թ. — https://gov-wa.nt.am/?p=2335&lang=hy
-
ՄԱԿ-ի ուղարկված դիմումների համառոտագրված տեքստերը տես, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառավարության եւ խորհրդարանի պաշտոնական կայքերում, Դիմումներ ՄԱԿ-ին բաժնում — https://gov-wa.nt.am/ , http://parliament-wa.info/
-
Տես, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական — քաղաքական միասնական փաթեթ, ժողովածու՝ հայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներով։ Տես, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառավարության եւ խորհրդարանի պաշտոնական կայքերում, Իրավական փաթեթ բաժնում — https://gov-wa.nt.am/ , http://parliament-wa.info/
-
Տես, Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների, թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006 թ.։