Ո՞րն է Թուրքիայի Հանրապետութեան արեւելեան սահմանը հարեւանների հետ

Ահմեդ Դաւութօղլուն ՍՈՒ-24-ի կործանումը համարել է իրաւաչափ: Մասնաւորապէս «ինչպէս տեղեկացնում է gazeta.ru-ն` վկայակոչելով SkyNews-ին, Ա. Դաւութօղլուի խօսքերով` Թուրքիան պարտաւոր է եղել արձագանքել իր օդային տարածքի խախտմանը»:

Դաւութօղլուն խեղաթիւրում է փաստերը, որովհետեւ այդ իրաւունքը նրան տուել են միջազգային հանրութեան հիմնական դերակատարներից շատերը: Ահաւասիկ նրան անմիջապէս ձայնակցում է ՆԱՏՕ-ի ղեկավարը. «Russia Today-ը յայտնում է, որ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Սթոլթենբերգի յայտարարութեան համաձայն` կառոյցը գտնում է, որ ռուսաստանեան օդանաւը խախտել է Թուրքիայի օդային տարածքը»:

Սակայն պարոնայք, ո՞րն է Թուրքիայի Հանրապետութեան օդային տարածքը եւ դա արդեօ՞ք իրաւաչափ է ցամաքային տարածքին, սահմանին: Փաստերն այլ բան են ասում:

Յիշեցնենք դրանցից մի քանիսը.

-1918 թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ կնքուած Մուդրոսի զինադադարի 16-րդ յօդուածի համաձայն` Թուրքիան պարտաւորւում էր իրականացնել. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազօրների յանձնումը դաշնակցային հրամանատարութեանը…, Թուրքական զօրքերի դուրս բերումը Կիլիկիայիցէ:

-1920 թ. Նոյեմբերի 22-ից յետոյ, ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռի համաձայն` թուրքական զինուած ուժերը պարտաւոր էին դուրս գալ Արեւմտեան Հայաստանի չորս վիլայեթներից:

Այսու, հաշուի առնելով նաեւ 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկիայի անկախութեան հռչակման փաստը, ապա ստացւում է ամբողջովին հակաիրաւական եւ անօրինական մի գործընթաց, երբ Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժերը

ա) արդէն շուրջ 95 տարի է, ինչ բռնազաւթուած են պահում Արեւմտեան Հայաստանը եւ Կիլիկեան Հայաստանը,

բ) երբ այդ նոյն բռնազաւթուած տարածքներից նորանոր ագրեսիաների սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի ժողովուրդների եւ երկրների համար:

Ճիշտ այնպէս, ինչպէս դա պատահեց Քեսապի բռնազաւթման դէպքում, ինչպէս դա տեղի ունեցաւ Ռուսաստանի Դաշնութեան զինուած ուժերին պատկանող ռազմական օդանաւի հետ:

Հետեւաբար, միջազգային յարաբերութիւնների դաշտում խաղացողներին արժե՞ յիշեցնել, որ նրանց իսկ լուռ թողտուութեամբ եւ համաձայնութեամբ են տեղի ունեցել «իրաւաչափութեան խախտումներ», որոնք էլ յանգեցրել են նոր «իրաւաչափ խախտումների» այժմեան աշխարհի բոլոր տաք ու տաքացող կէտերում, այդ թւում` Բէյրութում, Սինայում, Փարիզում, Մալիում…

Եւ արժե՞ արդեօք հիմա Եւրոպառլամենտի պատգամաւորներին յիշեցնել, որ նրանք նոյնքան մեղսակցութիւն ունեն սոյն իրադարձութիւնների համատեքստում, երբ 1987 թ. յունիսի 18-ին ընդունելով «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւը այնտեղ նշում էին, թէ Եւրոպական պառլամենտը «գտնում Է, որ ողբերգական իրադարձութիւնները, որ տեղի ունեցան 1915-1917 թուականներին Օսմանեան կայսրութեան տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանութիւն, համաձայն «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնուենցիայի, ընդունուած ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի կողմից 1948 թուականի դեկտեմբերի 9-ին: Նշում է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարուել Օսմանեան կայսրութեան հայ բնակչութեան ողբերգութեան համար եւ ամենայն հաստատակամութեամբ ընդգծում է, որ պատմական այդ իրադարձութիւնների ճանաչումը, որպէս ցեղասպանութեան` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրաւական կամ նիւթական որեւէ պահանջի այսօրուայ Թուրքիայի նկատմամբ»:

Ի՞նչպէս էր անդրադառնալու այս ոչ իրաւաչափ որոշումը յետագայում… Ի՞նչպէս էր անդրադառնալու այն ոչ իրաւաչափ որոշումը, երբ Թուրքիայի Հանրապետութեանը թոյլ տրուեց բռնազաւթել Արեւմտեան Հայաստանը, ապա Կիլիկեան Հայաստանը, ապա Ալեքսանդրեթի սանջակը, ապա յետագայում անպատիժ ոչնչացնել հայկական պատմաճարտարապետական ու քաղաքակրթական հետքը Հայաստան աշխարհում եւ նրան յարակից տարածքներում… եւ անպատիժ ժխտել Հայերի ցեղասպանութեան իրողութիւնը, այդպիսով իրականացնել նոր ցեղասպանութեան քարոզչութիւն: Ի՞նչպէս էր անդրադառնալու… եթէ ոչ բումերանգի հետագծով:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետականաստեղծ կառոյցները 2012-2015 թթ. ընթացքում բազմիցս դիմել են ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդին եւ Սեւրի խաղաղութեան դաշնագիրը ստորագրած պետութիւններին Արեւմտեան Հայաստանի (ներառեալ Կիլիկիայի) տարածքը ապառազմականացնելու առաջարկով:

Առաջարկը հիմնաւորուել է նաեւ նրանով, որ 2011 թ. Մարտի 29-ին Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում է ընդունել «Արեւմտեան Հայաստանի հայերի եւ Արեւմտեան Հայաստանի Մշտական, զինուած, դրական չէզոքութեան մասին», ինչը նշանակում է, որ Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժեր չեն կարող լինել նուազագոյնը վիլսոնեան Իրաւարար վճռով Հայաստանին յատկացուած այդ տարածքներում:

Առաջարկուել է սկսել միանգամայն իրաւական եւ օրինական (եւ իրաւաչափ) մի գործընթաց, որի նպատակն է լինելու Թուրքիայի Հանրապետութեան զաւթիչ ուժերի դուրս բերումը Հայաստանի բռնազաւթուած տարածքներից, մասնաւորապէս Արեւմտեան Հայաստանից եւ Կիլիկեան Հայաստանից:

Արեւմտեան Հայաստանի հայերը` իրենց ինքնութեան, բնիկութեան, քաղաքացիութեան եւ պետականաստեղծ իրաւասութիւնների համաձայն, վճռական են պաշտպանելու իրենց իրաւական-քաղաքական բոլոր իրաւունքները Արեւմտեան Հայաստանի նկատմամբ, այդ թւում` տարածքի վերջնական ապառազմականացման` զաւթիչ ու օտար ուժերից:

Այդպէս միայն կարող են իրաւականութիւնը եւ իրաւաչափութիւնը համապատասխանել, այլապէս բոլոր ճանապարհները չէ որ տանում են դէպի խաղաղութիւն, խաղաղ համակեցութիւն եւ ազգամիջեան ու միջպետական յարաբերութիւնների բնականոն զարգացում աշխարհում:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան

Լրատուական Բաժին

 

25.11.2015 թ.

Ամբողջական յօդուածը կարող էք կարդալ այս հասցէով`

http://www.aravot.am/2015/11/25/632412/

© 1998 — 2016 Առաւօտ – Լուրեր Հայաստանից

error

Enjoy this blog? Please spread the word :)