Սեւրի խաղաղության պայմանագրի կնքման 100-ամյակի կապակցությամբ, 10․08․2020
Սեւրի խաղաղության պայմանագիրը Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի պայմանագրերից մեկն է, որոնք կնքվել են մի կողմից դաշնակից պետությունների, մյուս կողմից՝ Գերմանիայի (Վերսալ, 1919), Ավստրիայի (Սեն-Ժերմեն, 1919), Բուլղարիայի (Նյոյ, 1919), Հունգարիայի (Տրիանոն, 1920) եւ Օսմանյան կայսրության (Սեւր, 1920) միջեւ։
Սեւրի պայմանագրում մեզ հետաքրքրում է Հայաստանին (6-րդ բաժին, 88-93-րդ) եւ Քրդստանին (3-րդ բաժին, 62-64-րդ) վերաբերող հոդվածները։ (1)
Ինչպես նաեւ այն հարցը, որ Սեւրի պայմանագրում, իրականում, ամրագրված են Փարիզի խաղաղության կոնֆերանսում Հայաստանի վերաբերյալ նախապես կայացված բոլոր որոշումներն ու դրանք իրականացնելու սկզբունքները։ Այդ թվում, Հայաստանի անկախության «դե ֆակտո» ճանաչումը՝ 19 հունվար 1920 թ․ (2) եւ «դե յուրե»՝ 11 մայիս 1920 թ․ (3), Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման սկզբունքը՝ 24 փետրվար 1920 թ․ (4), Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ Իրավարար վճիռը՝ 22 նոյեմբեր 1920 թ․ (5) եւ այլ որոշումներ։
Պայմանագրի 88-րդ հոդվածը, օրինակ, վերաբերում է Հայաստանի անկախության ճանաչմանը․ «Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն»:
Հիշենք, որ Հայկական միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է հետեւյալ որոշումը եւ «դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը.
-
Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն,
-
այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը:
89-րդ հոդվածը վերաբերում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին․ «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:
ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը Իրավարար վճիռը կայացրեց 1920 թ․ նոյեմբերի 22-ին, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։
90-րդ հոդվածը վերաբերում է նախագահ Վիլսոնի Իրավարար վճռով սահմանված բուն տարածքը եւ այդ տարածքին հարակից շրջանները ապառազմականացնելու խնդրին․ «Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից եւ իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաեւ այդ տարածքի նկատմամբ»։
Հիշենք Իրավարար վճռի անվանման վերջին հատվածը՝ «․․․եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։
91-րդ հոդվածը ամրագրում եւ գործնական կիրառություն է հաղորդում Վիլսոնի Իրավարար վճռին եւ Իրավարար վճռով տեղում սահմանանշումն իրականացնելու հարցերին․ «Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը»:
92-րդ հոդվածը վերաբերում Հայաստանի սահմաններին հարեւաների հետ․ «Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»:
Հոդվածն ամրագրում է Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ին ներկայացրած զեկույց — առաջարկը, որում հստակեցված են սահմանազատման սկզբունքները. «Ինչ վերաբերում է Հայաստան պետության եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որեւէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի Միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»:
93-րդ հոդվածը, վերաբերում է Հայաստանի փոքրամասնությունների իրավունքների եւ տրանզիտի հարցերին․ «Հայաստանն ընդունում է, համաձայնվելով դրանք մտցնել Գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ, այն որոշումները, որոնք Տերություններն անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի եւ կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է Գլխավոր տերությունների հետ Պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերություններն անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը եւ այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար»:
Ահա սա է Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածների ամբողջությունը, որտեղ, ինչպես նկատեցիք, ամրագրված են 1919-1920 թթ․ ընթացքում Հայաստանի մասով կայացված բոլոր որոշումները եւ դրանց իրականացման գործնական սկզբունքները ու մեխանիզմները։
Սեւրի հաշտության պայմանագիրը Քրդստանի մասով պարունակում է երեք հոդված՝ 62, 63, 64։ Դրանք վերաբերում են Քրդստանի ինքնավարության, հետագայում, անկախության համար դիմելու հարցերին: Մանրամասն շարադրված են ինքնավարության սահմանները, որոնք հյուսիս-արեւմուտքում հասնում են մինչեւ Իրավարար վճռով նախատեսված Հայաստանի սահման։
Ներկայացված փաստերից կարող ենք եզրակացնել, որ բոլոր այն պնդումները, թե «Սեւրի պայմանագիրը չի վավերացվել, հետեւաբար գործող փաստաթուղթ չէ» եւ այլ․․․, չեն համապատասխանում իրականությանը մի քանի պատճառներով․
ա) Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի պայմանագրերի (որոնց թվում է նաեւ Սեւրի պայմանագիրը) համաձայն են գծվել Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի պետությունների ներկայի սահմանները։ Եւ եթե Սեւրի պայմանագիրը գործող չէ, ուրեմն նշյալ տարածքի պետությունների ներկայի սահմանները օրինական չեն։
բ) Սեւրի պայմանագիրը առանձին գործող փաստաթուղթ չէ, այնտեղ ամրագրված են մինչեւ նրա կնքումը կայացված բոլոր որոշումները։ Այսինքն, Սեւրի պայմանագրի հոդվածները եւ 1919-1920 թթ, ընթացքում Փարիզի խաղաղության կոնֆերանսում կայացված բոլոր որոշումները սերտորեն փոխկապակցված են եւ դա է պատճառը, որ նրանք հաճախ կրկնում են իրար։
Սեւրի պայմանագրի հոդվածները հիմնականում կյանքի են կոչվել եւ իրականացվել։
Բացառություն են կազմում Հայաստանին եւ Քրդստանին վերաբերող հոդվածները, որոնք նույնպես անհրաժեշտ է կյանքի կոչել եւ իրականացնել։
Որովհետեւ արդարացի է մեր կողմից հաճախակի հնչեցվող այն հարցապնդումը, որ Մերձավոր Արեւելքում հնարավոր չէ հաստատել արդարացի, կայուն ու երկարատեւ խաղաղություն տարածաշրջանի բոլոր ազգերի եւ պետությունների համար, առանց Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին ու Քրդստանին վերաբերող հոդվածների կյանքի կոչման եւ իրականացման։ (6)
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
10 օգոստոս 2020 թ.
—————————
Ծանոթագրություն
-
Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները տես, Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923 թթ.», «Հայաստան» հրտ., Երեւան, 1972, էջ 672:
-
-
Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից Հայաստան պետության անկախության «դե յուրե» ճանաչման 100-ամյակի կապակցությամբ (11․05․2020) – https://miaban.ru/info/wa/11-5-2020_hy/
-
Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի վերաբերյալ որոշումը կայացվել է դեռեւս 1920 թվականին, (01.2020) – http://parliament-wa.info/hy/archives/12693
-
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ (29.05.2018) – http://lousavor-avedis.org/?p=17697
-
Տես, Եկել է հայերի պարտքը վերադարձնելու ժամանակը, Նաիրա Հայրումյան, Lragir.am, 16.11.2017: