Հայերը վերադարձան, եւ էլ չեն հեռանալու, 08.05.2020

Հայաստանը, Արցախն ու հայությունը տոնում են Շուշիի եւ արցախյան պատերազմի հաղթանակի հերթական տարեդարձը: Տոնը ուղեկցվում է անխուսափելի պաթոսով, սակայն վերաբերում է ծանր եւ թանկ գնով ձեռք բերած հաղթանակին: Հաղթանակ, որը կերտողները վերադարձրին հայությանը, վերադարձրին համաշխարհային մրցակցության ասպարեզ՝ հայկական պետականությամբ:

Շուշիի հաղթանակն այդ իմաստով ռազմական օրինակելիությամբ հանդերձ, նաեւ ռազմա-քաղաքական օրինակելիություն էր, մեր իսկ պարտություններից ու անհաջողություններից կրած դաս, որ հայկական պետականության պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովված է, երբ լիարժեք արտահայտված է դա անելու հենց հայկական կամքը: Մնացյալ, անշուշտ նույնպես շատ կարեւոր, բայց հարակից գործոնները՝ աշխարհքաղաքական կենտրոնների լոյալություն, երբեմն նաեւ աջակցություն, գալիս են որպես այդ հաստատակամության արդյունք:

Չկա այդ հաստատակամությունը, չկա ոչինչ: Ըստ այդմ, Շուշին լինելով մեր պարտություններից մեր իսկ սերտած կարեւոր դասն ու դրա փառահեղ արդյունքը, նաեւ դաս է մեր ապագայի համար: Մենք մեզ վերադարձրել ենք հաղթող ժողովուրդների շարք, վերադարձրել ենք աշխարհաքաղաքականություն որպես սուբյեկտ, եւ այլեւս չենք հեռանալու:

Դրա մեկ այլ ուժգին վկայություն էր նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, իր ամբողջ հարաբերականությամբ, բայց հայկական ինքնիշխանության ռազմա-քաղաքական հաղթանակով: Դա վկայությունն էր, որ անգամ առաջին պատերազմին հաջորդած հաղթանակից հետո պետական կյանքում թույլ տրված ընդհուպ հանցավոր անարդյունավետությունը չի դարձել Շուշիի հաղթանակով վերադարձած հայկական սուբյեկտության չեզոքացման պատճառ: Թեեւ, այդ ընթացքում ձեւավորվել են շատ արտաքին շրջանակներ, որոնք գործել են չեզոքացման ուղղությամբ, այդ թվում ներքին կյանքում ներգործության միջոցով:

Այդ իմաստով, ռազմական, ռազմա-քաղաքական հաղթանակը դեռ ունի ներքաղաքական շարունակության եւ ամբողջացման անհրաժեշտություն, առաջին հերթին հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում արժեհամակարգային եւ գաղափարական առանցքի ձեւավորման առումով, որը պետք է լինի հայկական ինքնիշխանությունը եւ այդպիսով բացառի արտաքին ներգործության ներքին որեւէ ճանապարհ:

Հաղթանակը ժամանակի եւ տարածության մեջ լոկ տոն եւ ոգեւորության աղբյուր չէ, այն պետական, համահայկական խնամք եւ սպասարկում պահանջող իրողություն է, որից կախված է անվտանգության հեռանկարը ժամանակակից փոփոխվող աշխարհում: Մեծ հաշվով, հաղթանակը կերտվել է մի աշխարհակարգում, եւ ինչպես ցույց են տալիս ներկայիս աշխարհքաղաքական իրողությունները, այն պետք է պահել բոլորովին այլ աշխարհակարգի պայմաններում: Ըստ այդմ, այն ունի անընդհատ վերարժեվորման, վերագնահատման, ուսումնասիրման եւ համաշխարհային նոր իրողություններին զուգահեռ համարժեքացման անընդհատ խնդիր, մեկ քայլ իսկ հետ չմնալու համար:

error

Enjoy this blog? Please spread the word :)