Հայրիկ Մուրադյան, «Շատախի հերոսական անցյալից»

Հայրիկ Մուրադյան, «Շատախի հերոսական անցյալից», —

https://drive.google.com/file/d/1qgjCUZVHMsQbAGZQ7LlsQJbmRss-SoI_/view?fbclid=IwAR1-UaNxnnDK6ExRFYkl4bzEj9QCr7i-iEaLZAkVBPSbjOIenm6qpL0XeDc

Կենսագրություն

Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում 1905 թվականի մայիսի 3-ին։

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր էր կապում մանկան հետ․ տատը մանկան օրորոցի բարձի տակ պարան էր դրել ասելով․ «թող շալկտար դառնա, մեջքն ամուր լինի», հայրը «Նարեկ» էր դրել՝ «թող գիտուն լինի», իսկ Մուրադ պապը դրել էր իր դաշույնը եւ ասել․ «թող ֆիդայի դառնա»։ Հարեւան գյուղի ավագ քահանան, որը կրթվել եւ դաստիարակվել էր Հայրիկ Խրիմյանի բարոյական շնչի ներքո, փոքրիկին մկրտել է Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ նրան կնքելով Հայրիկ անվամբ՝ Խրիմյան Հայրիկի պատվին։

Վանում եղած տարիներին սովորել է Վանի դպրոցում։ Նրա ուսուցիչները՝ Բարունակ Կապուտիկյանը, աշխարհագրագետ Մատիր Խերանյանը, երգեցողության դասատու պարոն Սենեքերիմը եւ այլք եղել են մեծ հայրենասերներ, եւ Հայրիկը նաեւ նրանցից է սովորել հայրենի երգն ու բանահյուսությունը։

1915 թվականին, երբ Հայրիկը 10 տարեկան էր, Շատախի հայերը, այդ թվում նաեւ Մուրադյանների գերդաստանը, հարկադրաբար լքեցին իրենց տները։ Սոված ու հուսահատ՝ Մուրադյանների 54 անձից բաղկացած գերդաստանը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր կոտորածի միջով հասել է Սալմաստ (Իրան)։ Այնուհետեւ վերադարձել ՝ Վան, հետո նորից Իրան եւ, վերջապես, հասել Իրաքի անապատներ։ Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողացել ողջ մնալ այդ փորձություններից հետո։

1921 թ․ տեղափոխվել են Հայաստան եւ բնակություն հաստատում Վերին Արտաշատում։

Սկզբում պատանին աշխատել է որպես բատրակ։ Միաժամանակ ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա եւ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Համալսարանում նա շփվել է հայտնի մտավորականների՝ Հրաչյա Աճառյանի, Յուրի Ղամբարյանի, Արսեն Տերտերյանի, Գուրգեն Սեւակի, Մկրտիչ Մկրյանի եւ ուրիշներ հետ։

Հետագա տարիներին Հայրիկ Մուրադյանն ապրեց Խորհրդային Հայաստանում։ Տարիների ընթացքում Հայրիկը Հայաստանի տարբեր շրջաններում ծավալել է ղեկավար բնույթի աշխատանքներ։ Հերթական գործուղումներից մեկի ժամանակ էլ Հայրիկը հանդիպեց Աննային, սիրահարվեց ու ամուսնացավ։ Այդ ժամանակաշրջանում Հայրիկը ծանոթացել եւ շփվեց է նաեւ տարբեր գյուղերի հայ գեղջուկների հետ, որոնցից էլ սովորել եւ գրի է առել հայկական ֆոլկլորին հարազատ ազգագրական երգեր։

1937 թ. հայազգի այլ մտավորականների նման հայտնվեց բանտում։ Նրան մեղադրում էին որպես Խանջյանի դրածո։

Հայրենական պատերազմի տարիներին Հայրիկը մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը։ Պարգեւատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով» եւ երեք մարտական մեդալներով։

1965 թ. առաջին անգամ եթեր արձակվեց Հայրիկ Մուրադյանի ձայնը։

Հայրիկ Մուրադյանը մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 23-ին՝ 95 տարեկան հասակում։

Գործունեությունը

Հայրիկը մասնագիտությամբ պատմաբան էր եւ շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ։

Սակայն նա առավել հայտնի է որպես հին հայկական ավանդական երգերի կատարող։ Նա ձայնագրվել է Հայաստանի Ազգային Ռադիոյում։ Նրա ձայնն է հնչում բազմաթիվ հայկական հայտնի ֆիլմերում։

Հայրիկ Մուրադյանի եւ Մարո Մուրադյանի հուշատախտակը Երեւանի Մաշտոցի պողոտայի 6-րդ շենքի պատին։

Նրա եւ իր դուստր Մարոյի ջանքերով 1980 թ. հիմնադրվեց «Ակունք» ազգագրական համույթը (Ռադիոյի եւ հեռուստատեսության Պետական կոմիտե), որը հետագայում մեծ ճանաչում ստացավ հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս եւ «Վան» ազգագրական համույթը (Պոլիտեխնիկական ինստիտուտ)։

Հայրիկ Մուրադյանը «Ակունք» ազգագրական համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն էր, որը հետագայում գլխավորեց նրա դուստրը՝ Մարո Մուրադյանը։ Բազմաթիվ ազգագրական համույթներ (այդ թվում՝ ուսանողական, մանկական) է ստեղծել եւ գլխավորել Մուրադյանը, որոնցից ամենահայտնին «Հայրիկ Մուրադյան» ազգագրական երգի ու պարի համույթն էր՝ Հասմիկ Հարությունյանի ու Ռուդիկ Հարոյանի տնօրինությամբ։

Հայրիկ Մուրադյանի կատարած ժողովրդական երգերը հուզական յուրահատուկ գունավորում են տվել «Հայֆիլմի» նկարահանած «Երգ Հայրենի» (1972), «Պետրոս Դուրյան» (1973), «Վասպուրականի պարեր» (1973) վավերագրական ֆիլմերին։ Նրա կատարման ձայնագրություններով է ձեւավորվել Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» ներկայացումը (1971)։ Նրա երգած երգերից երկուսը տեղ են գտել Փարիզում (1971) լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի չորս ձայնասկավառակներից առաջինում՝ Հայաստան բաժնում։ Մուրադյանը ձայնագրվել է շուրջ 200 երգ՝ ՀՀ ազգային ռադիոյի ձայնադարանում, «Հայրենի երգեր» ժողովածուում (1980) եւ այլն։

Հայրիկ Մուրադյանը թողել է հոգեւոր, մշակութային եւ գրական մեծ ժառանգություն։

Միջադեպեր կյանքից

Գարնանային արեւոտ մի օր Հայրիկի մայրը գնացած է լինում Առնոս լեռան լանջ՝ կանաչի հավաքելու։ Հանկարծ երկինքը մթնում է։ Սկզբում անձրեւ է տեղում, հետո՝ կարկուտ։ Մայրը, եղանակից պաշտպանվելու համար, ծածկում է գլուխը մեծ տերեւներով, մինչեւ որ հասնում է մի քարանձավի։ Այդ ժամանակ հանկարծակի սկսվում են ծննդաբերության ցավերը ու աշխարհ է գալիս Հայրիկը։ Մայրը չկորցնելով իրեն՝ նրան փաթաթում է իր զգեստի մի կտորով։ Հայրը տեսնելով, որ եղանակը փոխվել է՝ անհանգստանում է ու գնում է Առնոս լեռ՝ օգնելու կնոջը։ Հասնելով քարանձավի մուտքի մոտ՝ նա զարմացած ու ուրախացած նայում է կնոջը եւ որդուն ու երկուսին էլ տուն է տանում։

Հետագայում Հայրիկը, իմանալով իր առասպելական ծննդի մասին, հետեւյալ տողերն է նվիրել մորը.

Խավարծիլ գափը ինձ եղավ ներքնակ,

Հայրենի լեռը՝ ինձ գթության քույր,

Ինձ ողջունեցին որոտն ու կայծակ

Եվ ես զգացի հողմերի համբույր։

Մեջբերումներ Հայրիկ Մուրադյանից

«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։ Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են։ Նրանց մեջ արտահայտված են եւ՛ աշխատասիրություն, եւ՛ անձնազոհություն, եւ՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»։

«Առաջնայինը աստվածայինն է, հոգին պետք է մաքրել ամեն տեսակ թույներից, արատներից»։

«Կուզենայի տեսնել իմ ծննդավայրը, իմ Շատախ հայրենիքը, կարոտս առնել»։

error

Enjoy this blog? Please spread the word :)