Փորձությունների մասին հիշողությունը հիմնարար նշանակություն ունի․ ՀՀ նախագահի հոդվածը Le Monde-ում
Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել։ Այս մասին նշված է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականում հրապարակված՝Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածում։ «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ստորեւ․
«Ամբողջ աշխարհն այսօր անցնում է աննախադեպ ու աներեւակայելի ճգնաժամի միջով: Դրանից դուրս գալու համար շատ ժամանակ է պետք, ճգնաժամը զբաղեցնում է թերթերի բոլոր էջերը: Ներկա փորձություններին դիմագրավելու համար շատ կարեւոր է անցյալի դժվարությունները հիշել: Մի աղետը դուրս չի մղում մյուսին. հայ ժողովուրդը լավագույնս գիտի դա:
Երիտթուրքական կառավարությունն, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած խժդժություններից, 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի եւ աներեւակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ եւ սպանություններ:
Ցեղասպանության երկու տեսակի շարժառիթները
Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետեւանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:
Երկու տեսակի շարժառիթ էր ընկած երիտթուրքական այդ ծրագրի հիմքում: Առաջինը քաղաքական էր. անկախությունը, որին հայ ժողովուրդը ձգտում էր, կայսրության մարմնից կպոկեր ստրատեգիական գերկարեւորություն ներկայացնող հատվածը, որը փակում էր թուրքերի ճանապարհը դեպի Կովկաս եւ միջինասիական երկրներ:
Մյուսը գաղափարախոսական շարժառիթն էր: Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ եւ բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան եւ մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկաս եւ Միջին Ասիա:
Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջեւ, ինչպես նաեւ Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:
Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների եւ հայերի էթնիկական զտումը թուրք ազգայնամոլների համար այլընտրանք չուներ: Այս շարժառիթներից ոչ մեկը չի անհետացել, ընդհակառակը, դրանք այսօր արտահայտվում են սիրիական հարցի կամ փախստականների, քրդերի եւ Եվրոպայում տեղի ունեցող ագրեսիվ երեւույթների տեսքով:
Այս շարժառիթներն այսօր էլ առկա են․ նախ Արցախում, որպես Թուրքիայի ինտերվենցիոն քաղաքականության դրսեւորում, այնուհետեւ՝ Անկարայի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակում:
Ուրուգվայ՝ 1965-ից
Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնքան կարեւոր է ողջ մարդկության, որքան եւ հայության համար: Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, եւ նրանց թիվը գնալով ավելանում է:
Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին
Ի պատիվ Ֆրանսիայի, տարիներ ի վեր նա այս պայքարի առաջամարտիկն է: 2019-ին Հանրապետության նախագահ Մակրոնը Ապրիլի 24-ը հայտարարեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի պաշտոնական օր: Իսկ ամերիկյան Կոնգրեսը 2019թ. պատմական երկու քվեարկությամբ գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը եւս ցեղասպանության իրողության հետ կապված որեւէ կասկած չունի։ Ուստի Թուրքիան գնալով մենակ է մնում իր ժխտման մեջ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից եւ դրա հետեւանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:
Թուրքիան պարտավոր է կատարել հիշողության այս գործը եւ վերացնել ցեղասպանության հետեւանքները: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառերեսվի սեփական պատմության ամենաողբերգական էջերի հետ եւ վերջնականորեն կշրջի դրանք:
Իրավունք եւ ազատություն
Այսօր 1915 թվականի իրադարձությունների վերհիշումն ուղղված է ապագային: Մենք պարտավոր ենք հիշել այդ ոճրագործությունները՝ նոր հանցագործություններ կանխարգելելու համար: Դրանց ժխտումը ճանապարհ է բացում մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար:
Ցավալի է, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճորագործությունները: Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին: Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը մեր բարոյական պարտքն ու մեր հիմնական պարտավորությունն են մեր անցյալի առաջ եւ հանուն մարդկության ապագայի:
Արդի առողջապահական ճգնաժամը ստիպում է ավելի խորաթափանց նայել առկա միջազգային հավասարակշռություններին: Ուժերի հավասարակշռությունը մեծապես փոխվել է: Այս անորոշ մթնոլորտում մեզ չեն պարտադրվում դաշնակիցներ, մենք նրանց ընտրում ենք: Իսկ համատեղ արժեքներն այս ընտրության մեջ պետք է իրենց տեղն ունենան:
1915թ. հայերի ձգտումները հանուն ազատության եւ իրավունքի պատճառ դարձան բռնությունների եւ ոճիրների: Այսօր եւ, մասնավորապես 2018թ. հեղափոխությունից հետո, Հայաստանը մարմնավորում է այս արժեքները: Հենց դրա համար Հայաստանին պետք է ցուցաբերել քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական աջակցություն: Ուժեղ Հայաստանը հաղթաթուղթ է տարածաշրջանի կայունության համար, Եվրոպայի եւ Ֆրանսիայի համար: Հայաստանը կարող է կամուրջ լինել տարբեր աշխարհների միջեւ, այնքանով, որ երաշխավորվի նրա խաղաղությունն ու անվտանգությունը: