Ցեղասպանության ժխտողականությունը հանցագործություն է (Խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 1 (23), հունվար, 2012, էջ 1-3)
«Սպանությանը վաղեմիության ժամկետ չի կպչում». Պարույր Սեւակ («Եռաձայն պատարագ», 1965 թ., փետրվար, Երեւան)
Նախաբան խոսք
Հոդված 1-ին. Ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ չի կիրառվում հետեւյալ հանցագործությունների նկատմամբ.
a) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք ձեւակերպված են Նյուրենբերգի միջազգային ռազմական ատյանի կանոնադրության մեջ` 8-ը օգոստոսի, 1945 թ. եւ
b) մարդկայնության դեմ հանցագործությունների, …այդ թվում` ցեղասպանության հանցագործությունների, որոնք ձեւակերպված են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի մեջ, 9-ը դեկտեմբերի 1948 թ.:
(«Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիա, 26-ը նոյեմբերի 1968 թ.)
1894-96, 1909, 1915-23 թթ. գործադրվեց մարդկայնության դեմ երբեւէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկը` Հայերի ցեղասպանությունը: Ցեղասպանության հետեւանքով հայությունը զրկվեց ոչ միայն իր բնօրրանի` հայրենիքի հիմնական տարածքներից, այլեւ սփռվելով աշխարհով մեկ` զրկվեց որպես ազգ գոյություն ունենալու, զարգացման ու առաջընթացի բնական իրավունքից:
Այնուհետեւ մոռացումի, որը նույնն է թե` ժխտողականության ժամանակաշրջան է, ինչի դեմ հայությունը ընդվզել է բազմիցս` 1965-1968, 1973, 1975-85 եւ 1988-1990, 2004-2011 թթ.:
1965 թ. ապրիլի 24-ին հայությունը Երեւանում բողոքի ցույցի դուրս եկավ` «Մեր հողերը…» կարգախոսով: 1973-ին` Գուրգեն Յանիկյանը ազդարարեց բռնության եւ ճնշման դեմ մի նոր ընդվզումի սկիզբը: 1975-ին` կազմավորվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, որն էլ սկզբնավորեց Հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարը: 1988-ին` սկիզբ առավ Արցախյան հաղթական ազատամարտը: 2004-2011 թթ. ձեւավորվեց Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական — քաղաքական նոր գործընթացը:
Միայն երեւանյան ցույցերից, Գուրգեն Յանիկյանի գործողությունից եւ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի գործունեությունից հետո, Հայերի ցեղասպանության եւ Հայկական hարցի շուրջ իրավական — քաղաքական իրավիճակը փոխվեց. մի կողմից փլուզվեց լռության ու ժխտողականության պատնեշը, մյուս կողմից` մարդկության առաջադեմ հատվածը հնարավորություն ստացավ հանդես գալու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը դատապարտելու հայտարարություններով եւ օրինագծերով:
1973 թ. սեպտեմբերի 16-ին` Ժնեւում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների հանդեպ կիրառվող խտրականության կանխման եւ պաշտպանության ենթահանձնաժողովի 28-րդ նստաշրջանը որոշում ընդունեց, որտեղ արձանագրված է. «Անցնելով արդի փուլին, կարելի է հիշել բավականին առատ վկայությունների գոյությունը, որոնք ապացուցում են հայերի կոտորածը, որը հանդիսանում Է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:
1983 թ. օգոստոսին Կանադայում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ճանաչեց 1915 թ. հայերի ցեղասպանությունը եւ դիմեց ՄԱԿ-ին՝ կոչ անելով ընդունել այդ փաստը:
1984 թ. ապրիլի 16-ին Փարիզում տեղի ունեցավ Ժողովուրդների մշտական դատական ատյանի հայերի ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջան, եւ ընդունվեց 6 կետից բաղկացած հատուկ որոշում, որի 3-րդ եւ 4-րդ կետերում ասված է.
Կետ 3. Երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է այդ ցեղասպանության համար, նկատի ունենալով 1915-ից 1917 թթ. ընթացքում կատարվածը:
Կետ 4. Հայերի ցեղասպանությունը նաեւ «միջազգային հանցագործություն է», որի համար պետք է պատասխանատվություն կրի Թուրքական պետությունը, առանց պատրվակելու այն հանգամանքը, թե նախկին ու ներկա պետությունների միջեւ հաջորդականություն չկա` պատասխանատվությունից խուսափելու համար:
1987 թ. հունիսի 18-ին Եվրոպական պառլամենտը բանաձեւ ընդունեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին», որտեղ նշված է.
Զ. Նկատի ունենալով, որ պատմականորեն ապացուցված հայերի ցեղասպանությունը մինչեւ այժմ ո’չ ենթարկվել է քաղաքական դատապարտման եւ ո’չ էլ ստացել է համապատասխան հատուցում.
Թ. Նկատի ունենալով, որ բոլոր իրարահաջորդ թուրքական կառավարությունների անհաշտ դիրքորոշումը Հայկական Հարցի նկատմամբ ոչ մի կերպ չի նպաստել լարվածության թուլացմանը.
Գտնում է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:
Այդ ընթացքում 20-ից ավելի երկրներ ճանաչեցին ու դատապարտեցին հայերի ցեղասպանության իրողությունը, որոնց մեջ նաեւ Մեծ ութնյակի հինգ երկրներ` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանն ու Կանադան: Դա չեն արել Մեծ ութնյակի անդամ մյուս երեք երկրները` Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն: «Հոլոքոստ ապրած ժողովրդի պետությունը` Իսրայելը, հայերի ցեղասպանության դատապարտումից խուսափելու համար պատրվակում է այն, որ Իսրայելը Ֆրանսիա չէ, որը վարվում է, ինչպես ցանկանում է»: Այդ մասին News.am-ի թղթակցին ասաց IzRus.co.il-ի փոխխմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը` մեկնաբանելով այն իրարանցումը, որն ի հայտ եկավ իսրայելական մամուլում` Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ասել է. «Ահա ֆրանսիացիները վերցրեցին եւ արեցին այն, ինչ ցանկանում էին: Իսկ մենք չենք կարող, չափազանց մեծ է ճնշումը բոլոր կողմերից: Ֆրանսիան Իսրայել չէ, որի վրա ով չի ալարում, տակառ է գլորում»: /News.am, 23.12.2011/
Այսօր Հայերի ցեղասպանության դատապարտման եւ Հայկական Հարցի լուծման համար պայքարը թեւակոխում է նոր փուլ, որը կարելի է բնորոշել, որպես հայության իրավական – քաղաքական իրավունքների պաշտպանության եւ հաստատման պայքարի փուլ:
Բոլոր դեպքերում տարածաշրջանում ապրող հայությունը նահանջելու այլ տեղ չունի, բացի իր Հայրենիքից…
Ցեղասպանության ժխտողականությունը հանցագործություն է:
Հոդված 3. Պատժելի են հետեւյալ արարքները` c) ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը: («Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիա, 9-ը դեկտեմբերի 1948 թ.)
Այն ամենը, ինչով հիմա զբաղված է թուրքական քաղաքական վերնախավը, այսինքն, այն քաղաքական դիմակայությունը, որը նրանք հանդես են բերում Ֆրանսիայի Սենատի Հայերի եւ հրեաների ցեղասպանության ժխտողականության դեմ պատիժ սահմանող օրինագծի նկատմամբ, հանցագործություն է:
Այնպես որ, Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը, նախագահ Աբդուլլահ Գյուլը, Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը, ինչպես նաեւ Ե Վ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն, Ադրբեջանի ներկայի քաղաքական վերնախավը, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն ինչքան էլ խոսեն հարցը պատմաբաններին թողնելու եւ կամ խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու հարցերի շուրջ, այնուհանդերձ ողջ այդ դյուրագրգիռ հռետորաբանությունը անտեղի է եւ ավելորդ, որովհետեւ հայերին ցեղասպանության ենթարկելուց ու հայրենիքից զրկելուց հետո այդ հայերին են փորձել զրկել նաեւ սեփական պատմությունը ճշգրիտ ու ստույգ ներկայացնելու եւ սեփական իրավունքները առաջադրելու ազատ խոսքի իրավունքից ու հնարավորությունից:
Ավելին` դա հարցի մեկ կողմն է միայն, մյուս կողմից, որեւէ ցեղասպանության ժխտողականություն` հանցագործություն է, որովհետեւ միտում ունի հինը արդարացնելու միջոցով կատարելու նոր ցեղասպանության քարոզչություն, որովհետեւ հանցագործություն է նաեւ ցեղասպանության հրահրումը, այն է` ցեղասպանության քարոզչությունը:
Ժխտողականությունը մերժելու տեսակետից շատ հետաքրքիր է թուրքական հետեւյալ կազմակերպությունների արձագանքը.
Թուրքիայի մարդու իրավունքերի միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ կոչ է արվում հանգիստ թողնել Ֆրանսիայի ազգային ժողովի օրակարգում ներառված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը եւ Թուրքիայի ներսում իրենց ձայնը բարձրացնել ժխտողականության եւ մերժման դեմ: Թուրքիայի մարդու իրավունքերի միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք պնդում են, թե մարդկության դեմ իրականցված հանցանք համարվող ցեղասպանության ժխտումը չի կարող համարվել խոսքի եւ մտքի ազատություն: /News.am, 22.12.2011/
Թուրքիայի «Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական» (DSIP) կուսակցության առաջնորդ Դողան Թարքանը հայտարարել է. «Մերժողականությունը ցեղասպանության վերջին էջն է: Կոչ ենք անում պայքարել Թուրքիայում ռասիզմի, խտրականության եւ ցեղասպանությունը ժխտողների դեմ: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ պետք է ներողություն խնդրի»: /News.am, 27.12.2011/
Մարդկության` ազգերի եւ պետությունների զարգացման ուղին մեկն է: Արդարադատությունը կարող է ուշանալ, բայց չի կարող մահանալ, անշուշտ, եթե խոսքը չի գնում ինքնասպանության եւ ինքնաոչնչացման ակտի մասին, որը նույնպես անընդունելի է, քանի որ մարդկային քաղաքակրթությունը այսքան երկար ճանապարհ նրա համար չի անցել, որ դա հենց այնպես թույլ տա:
Սենատի օրինագիծը եւ թուրքական սպառնալիքները:
«Հավաքական ժխտողականությունը շատ ավելի վտանգավոր է եւ շատ ավելի անընդունելի է, քան ժխտողականությունն անհատական մակարդակում». Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզի /Tert.am, 06.10.2011/
Հետաքրքիր ժամանակաշրջան է արձանագրելու բոլոր այն անհատների եւ կազմակերպությունների անունները, որոնք դեմ են Ֆրանսիայի Սենատի օրինագծին, այսինքն դեմ են, որ մարդկության զարգացման պատմությունը ընթանա նոր ճանապարհով՝ բռնություններից ու ցեղասպանություններից ձերբազատման, խաղաղության ու խաղաղ համակեցության, առաջընթացի ու զարգացման ճանապարհով:
Ֆրանսիայի նախագահի եւ Ֆրանսիայի Սենատի նախաձեռնությունը համամարդկային նշանակության նախաձեռնություն է, եւ այդ իմաստով օրինագիծն ավելի կարեւոր է, քան միայն որպես հայկական օրինագիծ:
Բոլոր ժամանակաշրջաններում թուրքական քաղաքական հռետորաբանության մեջ մշտապես կարեւոր տեղ են զբաղեցրել սպառնալիքներն ու ահաբեկումները: Դրանք նախկինում ուղղված էին հայերի դեմ, հույների դեմ, հետագայում քրդերի եւ այդպես շարունակ: Այսօր դրանք ուղղված են Ֆրանսիային, Ֆրանսիայի իշխանություններին, Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին եւ օրինագծի հեղինակ` պատգամավոր Վալերի Բուայեին:
Պատահական չէ, որ դրանք վրդովվեցրել են Ֆրանսիայի քաղաքական շրջանակներին:
Բուշ Դյու Ռոնից պատգամավոր Վալերի Բուայեն ոստիկանությունում նշել է. «Ես այլեւս այդպես չեմ կարող: Այդ գրոհները խղճուկ են… Այն, ինչ ես ապրում եմ այս վերջին օրերին, Ֆրանսիայի ծագումով հայ քաղաքացիներն արդեն ապրում են մի քանի տարի»:
Արմատական ձախ կուսակցության (PRG) նախագահ Ժան Միշել Բելեն ասել է. «Ես չեմ կիսում տիկին Բուայեի քաղաքական համոզմունքները, սակայն դատապարտում եմ սպառնալիքներն ու ահաբեկումը»: /News.am, 28.12.2011/
Ֆրանսիայի նախկին նախարար եւ «Միություն հանուն ժողովրդական շարժման» նախագահական կուսակցության անդամ, պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը դեկտեմբերի 27-ին France Inter ռադիոկայանի եթերում` հիշատակելով Իսրայելին, Կիպրոսին, Հունաստանին նկատել է. «Ես հաշվել եմ, որ Թուրքիան մեկ տարուց էլ պակաս ժամկետում սպառնացել է ավելի քան 7 երկրների»: /News.am, 27.12.2011/
Սակայն, ամբողջովին անընդունելի են թուրքական սպառնալիքներն ու ահաբեկումները, դրանց ժամանակները վաղուց անցել են եւ դա, առաջին հերթին, պետք է գիտակցեին ներկայի թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները:
Անհերքելի իրողություն է, որ Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն ոչ միայն հայերի, այլեւ ողջ առաջադեմ մարդկության, կազմակերպությունների եւ պետությունների պաշտպանությունն ունի, որովհետեւ նրա դավանած գաղափարները, համամարդկային գաղափարներ ու արժեքներ են եւ հենց դրանցով էլ անգնահատելի են ու արժեքավոր:
Ջեմիլ Չիչեքը, ԱՍԱԼԱ-ն ու ՔԲԿ-ն:
«Քանզի անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ»: (ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիր, 10-ը դեկտեմբերի 1948 թ.)
Ժողովրդական առածը զգուշացնում է «Զայրույթը վատ խորհրդատու է»: Թուրքական քաղաքական վերնախավը, սակայն, անհաղորդ է այդ ճշմարտությանը եւ սպառնալիքներով ու ահաբեկումներով է փորձում դիմակայել ճշմարտության ու արդարության բռնկումներին: Առաջին հայացքից քաղաքականության ասպարեզում դա կարող է վարկանիշային եւ շահեկան թվալ, բայց արդարադատության ոլորտում միանգամայն անհեռանկար եւ անարդյունավետ է լինելու:
Նվազագույնը, որ կարող են անել մարդկության ապագայով մտահոգ անհատներն եւ կազմակերպությունները, դա եվրոկցորդ թուրք պաշտոնյաների հրաժարականները պահանջելն է, միաժամանակ ցեղասպանության ժխտողականության եւ ցեղասպանության քարոզչության համար նրանց դեմ համապատասխան դատական հայցեր ներկայացնելու գործընթաց սկսելը:
«TV8 հեռուստաընկերության եթերում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ, հայտնի հայատյաց Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ ASALA-ն ու PKK-ն կապեր ունեն: Թուրքիան մոռացել է: ASALA-ի սկսած գործը շարունակում է PKK-ն: Այս երկուսի միջեւ կա մերձավոր կապ…»: /HayNews.am, 28.12.2011/
Մեջբերումը բավարար է հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունի ներկայի թուրքական քաղաքական վերնախավը Հայոց ցեղասպանության, Հայկական հարցի, Քրդական հարցի խնդիրների վերաբերյալ: Դա հիմնախնդիրները շրջանցելու, պատմական փաստերն ու իրողությունները ժխտելու դիրքորոշում է:
Անհասկանալի է, թե ինչի վրա են իրենց հույսը դրել թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում` Թուրքիայի Եվրոմիության անդամակցության քաղաքական կցորդները, երբ թե’ ցեղասպանության հանցագործությունը եւ թե’ ցեղասպանության ժխտողականությունը, որպես հանցագործություն դատապարտվում է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների համաձայն:
Այդ ամենը վաղուց ամրագրված է, ավելին` ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ չի կիրառվում մարդկայնության դեմ իրականացված հանցագործությունների, այդ թվում` ցեղասպանության հանցագործության նկատմամբ: Անշուշտ, այլ հարց է, որ մինչեւ այսօր տարբեր պատճառներով ու պատճառաբանություններով` Հայերի ցեղասպանության դատապարտման գործընթացը չի սկսվել, բայց դա չի նշանակում, թե դրա ժամանակը չի եկել:
Տարածաշրջանային հակամարտություններից տուժել են եւ դեռ տուժելու են հենց տարածաշրջանի ժողովուրդներն ու պետությունները: Շահելու է երրորդ կողմը, ինչպես արդեն անցյալում եղել է:
Ինչպես երեւում է կրկին ու կրկին հարկ կա հիշեցնելու, որ Սեւրի դաշնագրի ստորագրումից հետո, որով հաստատվեցին Միջին Արեւելքի պետությունների ներկայի սահմանները, չկարգավորված են մնացել երկու խնդիր. Հայկական հարցը եւ Քրդական հարցը: Առանց այդ խնդիրների հիմնավոր եւ վերջնական կարգավորման տարածաշրջանում վերջնական խաղաղություն չի լինելու, իսկ այդ հարցերը հնարավոր չի լինելու լուծել նոր ցեղասպանություններ իրականացնելու ճանապարհով: Անբարոյականություն եւ վախկոտություն է այդ հիմնախնդիրների լուծումը գալիք սերունդների ուսերին թողնելու եւ այդպես սեփական պատասխանատվությունից խուսափելու փորձը:
Լուծումը այնտեղ է, որտեղ փորձում են մերժողականության դիրքերից հանդես գալ թուրքական քաղաքական վերնախավի ներկայի պատասխանատուները եւ, ի դեպ, իրենց դաշնակիցները: Դա քաղաքակրթական պատասխանատվությունից խուսափել է նշանակում, որը հղի է միանգամայն իրական քաղաքակրթական անկասելի հետեւանքներով:
Նկատենք, որ Սարկոզիի խոսքը բացառիկ ճշգրիտ է ձեւակերպված միջազգային իրավական դաշտի սկզբունքների ու նորմերի տեսանկյունից: Դա հայերի ցեղասպանությունը դատապարտող այն շարքային խոսքերից չէ, որ սիրում են կրկնել տարբեր պետությունների առաջնորդներն ու ղեկավարները:
Սարկոզիի խոսքը, առաջին հերթին, կարեւոր է հենց Ֆրանսիայի քաղաքակրթական — ուղենշային տեսլականի իմաստով: Կարելի է ասել Ֆրանսիան պատմական որոշում կայացրեց, ապահովելով` երկրի քաղաքակրթական զարգացման ու առաջընթացի անվրեպ ուղին եւ հուսալի ապագան:
Ձեռնոցը նետված է, օրինակը տրված է: Ո՞վ է լինելու արժանապատիվ հաջորդը:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
Հունվար, 2012 թ.
***
Արմէն Տեր-Սարգսեան
Radik
Սաիդա Օհանեան
Երեւան-Լոս Անջելես հեռուստակամուրջի հյուրն է Արեւմտյան Հայաստանի վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը
Юлия Гюлоян: «Присвоение культурного наследия армян в контексте и неоосманской политики Турции»