Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր Հայրենիքից… (Խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 2 (24), հունիս-հուլիս, 2012 թ., էջ 5)

 

Հայաստանն ու հայությունը, այսօր արդեն, անմիջականորեն, դեմ առ դեմ կանգնած են այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնց մասին վերջին տարիներին գրում էինք «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագրականներում 2005 թվականից սկսած: Գրում էինք, զգուշացնում եւ փորձում մշակել ու առաջարկել դրանց հաղթահարման ուղիներ ու ծրագրեր:

Նախ ամփոփ կերպով վերհիշենք այդ սպառնալիքներն ու մարտահրավերները.

-Ռազմաքաղաքական իրադարձությունների սպառնալից ու սրընթաց զարգացումները Միջին Արեւելքում, մասնավորապես, Սիրիայի ու Իրանի շուրջ: Դրանց համապատասխան սպառնալիքները ուղղված Սիրիայի, Իրանի հայությանը:

-Իրանի տարածքը միջուկային կամ ընդերք թափանցող ռումբերով հարվածելու հետեւանքում հնարավոր էկոլոգիական եւ հումանիտար աղետների հավանականությունը (1):

-Մեծամորի ատոմակայանի նկատմամբ բնական, տեխնածին կամ ահաբեկչական ակտի միջոցով հնարավոր սադրանքները եւ դրանց հետեւանքները, ինչի մասին խոսվում էր «Արմենիա-2010» Հայաստանում ՆԱՏՕ-ի վարժանքների ծրագրում (2):

-Կովկասյան եռակողմ (քառակողմ` քրդերի մասնակցությամբ) պատերազմի հրահրման սպառնալիքը (3):

-ՀՀ շրջափակման խստացումը նոր միջոցներով, այդ թվում պարենային եւ էներգետիկ:

-ՀՀ զինաթափման պարտադրանքը եւ խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում (4): Թվարկված այս եւ այլ սպառնալիքների հետեւանքում ՀՀ անկախության, ինքնիշխանության կորուստն ու ՀՀ պետության ոչնչացումը:

Իբրեւ պատասխան սպառնալիքներին մենք առաջարկում էինք ձեռնարկել հայության եւ Հայաստանի համապարփակ ինքնապաշտպանության գործը, որի անմիջական ուղիներից մեկն էլ ՀՀ-ի Մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականության որդեգրումն էր: Ինչեւէ, այդ մասին որոշում կայացրել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, ինչը հնարավորություն է ընձեռում որակապես շատ բարձր մակարդակով կազմակերպելու Միջին Արեւելքի հայության ինքնապաշտպանությունը:

Այստեղ, որպես ամփոփում, նշենք միայն, որ բոլոր դեպքերում տարածաշրջանում ապրող հայությունը նահանջելու տեղ չունի այլեւս, բացի իր հայրենիքից` Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից:

Այստեղ որպես ամփոփում` հավելենք, որ եթե տարածաշրջանի հայությանը պարտադրվելու է նոր բռնագաղթի ու «գաղթի քարավաններ» կազմել, ապա այդ «քարավանները» այլ ուղղություն չունեն բռնելու այլեւս, բացի Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից, որը իրենց իրավունքն է, եւ որը, ի դեպ, պարտավոր է պաշտպանել Միջազային ընկերակցությունը` քավելու համար շուրջ 90 տարի առաջ թույլ տված քաղաքակրթական խոշոր բացթողման մեղքը: Դրա իրավունքը ունի տարածաշրջանում ապրող հայությունը, որովհետեւ ինքն այս վիճակում է հայտնվել ցեղասպանության եւ հայրենքից բռնագաղթվելու հետեւանքով:

Թերեւս արժե մեկ անգամ եւս հիշեցնել նաեւ, որ առանց հայկական եւ քրդական հարցերի ամբողջական

կարգավորման հնարավոր չէ տարածաշրջանում հաստատել երկարատեւ ու կայուն խաղաղություն եւ ակնկալել իրական զարգացում ու առաջընթաց:

Տիգրան Փաշաբեզյան

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

09.02. 2012 թ.

 

——————————

Ծանոթագրություն

  1. Տես, Մանե Հակոբյան, «Տարածաշրջանային, հնարավոր գլոբալ, էկոլոգիական աղետ թափանցող ռումբերով Իրանի տարածքի ռմբահարման դեպքում», «Ուխտ Արարատի», թիվ 2 (20), նոյեմբեր — դեկտեմբեր, 2010 թ., էջ 16-17:

  2. Տես, «ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը եւ հայերի տարհանումը Վրաստանով» եւ այլ նյութեր, «Ուխտ Արարատի», թիվ 2 (20), նոյեմբեր — դեկտեմբեր, 2010 թ., էջ 14-15:

  3. Տես, Րաֆֆի, «Քրդական միություն» — 1880 թ., «Ուխտ Արարատի», թիվ 1 (17), մարտ — ապրիլ, 2009 թ., էջ 12-21: Տես, «Քրդերի բնակեցում Ադրբեջանում…», նույն տեղը` էջ 27: Տես, Ստեֆան Բլանկ, «Քրդական հարցը եւ Լեռնային Ղարաբաղը», նույն տեղում` էջ 30-31:

  4. Տես, նյութին կից հավելվածները` ՄԱԿ-ի «Հազարամյակի մարտահրավեր» Հռչակագրի եւ «ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համապատասխան հոդվածները: Տես, «Ուխտ Արարատի», թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 5:

error

Enjoy this blog? Please spread the word :)