Բոլորս ենք հասկանում, որ Արցախի հարցի նպաստավոր լուծումից է կախված մեր ազգի ու երկրի հետագա ընթացքը՝ կհզորանանք ու տեր կկանգնենք մեր իրավունքներին, թե <<կփակենք մեր պատմության վերջին էջը>>: Հասկանալու համար ներկայիս իրավիճակը, ճիշտ կազմակերպելու համար ապագան, հարկավոր է նայել անցյալին, վեր հանել պատմական փաստերն ու փաստաթղթերը, որոնք կնպաստեն հարցի հայանպաստ լուծմանը: Չի կարելի պարտվել բանակցային գործընթացում, եթե զորականդ արդեն հաղթել է պատերազմում: Արդեն երեսուն տարի է պայքարում ենք Արցախի հարցի լուծման համար, բայց ցավոք ի սկզբանե, բանակցությունները դրված են եղել սխալ հիմքերի վրա: Այդ հիմքերով են ստեղծվել Բիշքեկյան համաձայնությունը, Մադրիդյան սկզբունքներն ու Կազանյան համաձայնագիրը: Եվ զարմանալի է, երբ այժմ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք բանակցել են այս սկզբունքներով, այսօր մեղադրում են ներկայիս իշխանություններին Արցախի հարցում պարտվողական քաղաքականություն վարելու մեղադրանքով: Իհարկե, անհասկանալի է նաև, թե այսօրվա իշխանությունները ինչ համաձայնությունների շուրջ են վարում բանակցությունները: Միջազգային կազմակերպությունները և օտարազգի դիվանագետները կարող են չիմանալ մեր պատմությունը և իրավական հիմքերը, դրանք մենք պետք է ներկայացնենք իրենց: Եվ եթե մենք էլ չենք ներկայացնում, չենք պաշտպանում մեր իրավունքները, հանդես ենք հալիս մեղավորի ու պաշտպանվողի դիրքերից, մեղադրելու և պահանջելու փոխարեն, ով պետք է կամ ում է պետք պաշտպանելու մեր Դատը: Այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձ կկատարեմ պատմական և իրավական հիմքերին, որոնք կարող են փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը:
Այժմ մի կարճ հայացք նետենք պատմությանը: Սա այսօրվա մեր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի 42000քկմ տարածքն է մեր պատմական հայրենիքի քարտեզի ֆոնին: Ընդ որում, սա միայն Մեծ Հայքն է, մինչդեռ կա նաև Փոքր Հայք, Հայկական Միջագետք և Կիլիկիա:
Մեր 5000 ամյա պատմության հենց սկզբից Արցախը եղել է պատմական Հայաստանի մաս: Սա Վանի Արարատյան թագավորությունն է, որի կազմի մեջ էին նաև Արցախը և Ուտիքը, որպես Ուրտեխե նահանգ:
Սա Հայաստանն է ըստ Աշխարհացույցի, որտեղ Մեծ Հայքի 15 նահանգներից են Արցախը և Ուտիքը: Ի դեպ Արցախի հարցի մասին խոսելիս, բոլորը կարծես մոռացել են Ուտիքի և Փայտակարանի մասին, որոնք եղել են պատմական Հայաստանի մաս և այսօր գտնվում են Ադրբեջանի կազմում: Ուտիքը ձգվել է մինչև Կուր գետ, որը հանդիսացել է սահման դաշնակից Աղվանք պետության հետ:
1045թ-ին Բագրատունյաց թագավորության անկումից հետո Հայկական լեռնաշխարհում այլևս միասնական թագավորություն չունեցանք, եղել են Զաքարյանների իշխանապետությունը, Կիլիկիան Հայաստանը, սակայն հայկական միասնական թագավորություն չունեինք: Պետության անկումից հետո Հայաստանը և բյուզանդական Փոքր Ասիան գրավվեցին սելջուկ-թուրքերի կողմից, որոնք եկել էին Միջին Ասիայից: Թուրքերն այստեղ ստեղծեցին առաջին թուրքական պետությունը՝ Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը 1086թ-ին, որով էլ հիմնվեցին մեր տարածաշրջանում:
Հետագայում նրանք կործանեցին նաև բյուզանդական կայսրությունը, սկսեցին տեղահանել, կոտորել ու ձուլել տեղի բնակչությանը:
16-րդ դարի սկզբից Հայաստանի տարածքների համար կռվում էին Օսմանյան Թուրքիան և Սեֆյան Պարսկաստանը, որոնք 200 տարուց ավել կռվեցին և երկու անգամ բաժանեցին Հայաստանը միմյանց միջև:
Արևելյան Հայաստանում Արցախը, Սյունիքը և Սոտքը միշտ պահպանել են իրենց ներքին ինքնուրույնությունը, քանի որ սղնախներ կազմած, սեփական զինված զորաջոկատներով պայքար էին մղում հանուն իրենց անկախության: Արցախում ստեղծվել էին 5 մելիքություններ, իսկ Սյունիքում 18-րդ դարի սկզբում ազատագրական պայքարը ղեկավարում էին Դավիթ Բեկը և Մխիթար սպարապետը:
18-րդ դարում արդեն հզորացած Ռուսաստանը իր հայացքը հառեց Կովկասին: Նրան հետաքրքրում էին Սևծովյան նեղուցները, Կովկասի հարուստ ընդերքը: Նա Կովկասը դիտում էր, որպես դարպաս դեպի Մերձավոր Արևելք ծավալվելու համար: 19-րդ դարում Ռուսաստանը պատերազմեց Պարսկաստանի և Թուրքիայի դեմ: Թուրքիայի դեմ պատերազմները առանձնապես չփոխեցին մեր տարածաշրջանի քարտեզը, որովհետև Ռուսաստանին առավել հետաքրքրում էին Բալկանյան թերակզու տարածքները, իսկ Պարսկաստանի դեմ պատերազմները պսակվում էին ռուսների հաղթանակով: 1813թ. կնքված Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանը Պարսկաստանից վերցրեց Շիրակը, Լոռին, Սյունիքը, Արցախը, Արևելյան Անդրկովկասը, Դաղստանը և այլն: Ի դեպ, բոլոր ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներին հայերը մեծ մասնակցություն էին ունենում ռուսների կողմից, որովհետև միամտաբար կարծում էին, թե քրիստոնյա ռուսը եկել է իրեն ազատելու մուսուլման թուրքից ու պարսիկից: Բայց բոլորովին մեղադրելու չի, որ ռուսն ուներ իր շահը և հայերին օգտագործում էր, հիմնականում հայկական զրաջոկատների վրա թողնելով ճակատամարտերի դժվարությունը:
1826-1828թթ. ընթացած ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում Ռուսաստանը գրավեց նաև Երևանի, Նախիջևանի և Օրդուբադի շրջանները, և դրանով Արևելյան Հայաստանի հյուսիսային հատվածը, մինչև Արաքս գետ, անցավ ռուսական տիրապետության տակ, իսկ Արաքսից հարավ մնաց Պարսկաստանին:
Կովկասը գրավելուց հետո Ռուսաստանը կատարեց վարչական բաժանում, հաշվի չառնելով տարածքի էթնիկ սփռվածությունը: Հայկական տարածքները հանձնված էին մի մասը Թիֆլիսի /Լոռի, Ուտիքի հատված/, մյուս մասը՝ /Սյունիք, Արցախ, Ուտիքի արևելյան հատված/ Շամախիի նահանգին, որը հետո վերանվանվեց Բաքվի նահանգ:
Հենց այս՝ ռուսական վարչական բաժանումները առիթ հանդիսացան, որ հետագայում մեր հարևանները սկսեցին իրենցը համարել այդ տարածքները: Վրացական պատմության դասագրքերում մինչև Սևանի ավազան վրացիները իրենցն են համարում: Բայց զավեշտալին այն է, որ միայն 1918թ մայիսին ստեղծված Ադրբեջան պետությունն էլ է իրեն թույլ տալիս իրենը համարել մեր հայկական պատմական տարածքները: Վարչական փոփոխությունները շարունակվում էին և Երևանի նահանգը գնալով փոքրանում էր:
Ռուսաստանը Կովկասում վարում էր և է գաղութային և ռուսացման քաղաքականություն՝ հարվածում էր եկեղեցու ինքնուրույնությանը, փակում էր հայկական դպրոցները, դպրոցներում արգելում էր հայերենը, պատմությունն ու աշխարհագրությունը:
Բայց ամենաահավորը եղավ այն, որ 1905-1906թթ Ռուսաստանը Կովկասում հրահրեց հայ-թաթարական բախումներ՝ զենքը տվեց թաթարներին և քշեց հայերի վրա: Իսկ ինչու՞ էր Ռուսաստանը փորձում կոտրել հատկապես հայի մեջքը… որովհետև 5000ամյա ինքնություն ունեցող հայը արդեն կազմակերպված էր որպես ազգ և հային հեշտ չէր ռուսացնել, ի տարբերություն արևելյան Անդրկովկասի խառնամբոխի՝ կովկասյան թաթար կոչվածների:
Մինչ Արևելյան Հայաստանը ենթարկված էր ռուսական գաղութատիրությանը, Արևմտյան Հայաստանը Թուրքիայի տիրապետության տակ ենթարկվում էր ցեղասպանության՝ 1890-ական թթ. տեղի ունեցան Համիդյան ջարդերը, իսկ 1914-23թթ. երիտթուրքերի կազմակերպած Մեծ Եղեռնը: Հայաթափվեց Արևմտյան Հայաստանը: Եվ այս ամենի նպատակը թուրքերի երազած Մեծ Թուրանի գաղափարն էր, ըստ որի թուրքերը ուզում էին և են միավորել բոլոր թուրքական ցեղերը մեկ միասնական պետության մեջ՝ իրենց նախահայրենիք Միջին Ասիայից մինչև Փոքր Ասիա, ներառելով Կովկասը, Հայկական լեռնաշխարհը, Չինաստանի հյուսիսը, Պարսկաստանի հյուսիսը… Այս երազանքը մնում է մինչ այժմ և այդ նպատակին էին ուղղված թե Ադրբեջանի ստեղծումը Կովկասում, և թե այժման պայքարը Հայաստանի դեմ: Արցախյան պայքարը պայքար չի լոկ Արցախի համար, թուրքերը ձգտում են ասպարեզից հեռացնել Հայաստանը և ստեղծել Թուրանը:
1918թ սկզբից թուրքերը արշավեցին նվաճելու նաև Արևելյան Հայաստանը, և եթե մենք չհաղթեինք մայիսյան հերոսամարտերում՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում, ապա կվերանայինք պատմության ասպարեզից: Հաղթանակների շնորհիվ ծնվեց Հայաստանի 1-ին Հանրապետությունը, ճիշտ է՝ սկզբում միայն 12000 քկմ-ի վրա՝ Երևանից մինչև Սևան, Շիրակից մինչև Վայոց Ձոր: Սակայն օգտվելով առաջին աշխարհամարտի արդյունքից, երբ Թուրքիան դուրս եկավ, որպես պարտվող կողմ, Հայաստանի առաջին Հանրապետությունը կարողացավ ընդլայնել իր տարածքները և 1919թ գարնանը արդեն ուներ 71330քկմ տարածք:
Առաջին աշխարհամարտում հաղթող և պարտված պետությունների միջև ընթանում էին բանակցություններ: Այդ բանակցությունների շրջանակներում հաղթող պետությունները պարտված Թուրքիայի հետ կնքեցին Սևրի պայմանագիրը, ըստ որի Թուրքիայի տարածքները բաժանվում էին հաղթող պետությունների միջև, Թուրքիային մնում էր Ստամբուլը իր հարակից շրջաններով, իսկ Հայաստանի առաջին Հանրապետությանը տրվում էր 90000քկմ տարածք՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Տրապիզոնի նահանգները և ՀՀ-ի 71330քկմ-ի հետ կազմելու էր 161330 քկմ տարածք: Հետագայում՝ 1920թ նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակեց իրավարար վճիռ, որով Սևրի պայմանագրով որոշված տարածքները հայտարարվում էին ՀՀ-ի անբաժանելի մաս: ԱՄՆ սահմանադրությամբ իրավարար վճիռները անբեկանելի են և անժամանցելի, այսինքն Վիլսոնի վճիռը այսօր էլ գործող փաստաթուղթ է և հանդիսանում է մեր պահանջատիրության կարևորագույն հիմքերից մեկը:
Սակայն Սևրի պայմանագիրը չհասցրեց իրականություն դառնալ, քանի որ Ռուսաստանը և Թուրքիան կնքեցին դաշինք, ռուսները զենք և գումար տվեցին թուրքերին Հայաստանի վրա արշավելու համար: 1920թ սեպտեմբերին Թուրքիան հարձակվեց ՀՀ-ի վրա և դեկտեմբերի 2-ին ՀՀ-ն անկում ապրեց: Ռուսաստանը կործանեց Հայաստանի առաջին Հանրապետությունը թուրքերի միջոցով և երկու պետությունները կիսեցին Հայաստանի տարածքները: 1921թ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական ապօրինի պայմանագրով Կարսը և Սուրմալուն տրվեց Թուրքիային, իսկ Նախիջևանը՝ Ադրբեջանին: Պայմանագիրը ապօրինի էր, որովհետև նախ՝ երկու պետությունները առանց Հայաստանի մասնակցության և համաձայնության կիսում էին Հայաստանի տարածքները, և երկրորդ՝ որովհետև և Լենինը, և Քեմալը իշխանության էին հասել հեղափոխությամբ և լեգիտիմ ղեկավարներ չէին: Նույն 1921թ-ին Ջավախքը և Խրամի շրջանը տրվեց Վրաստանին:
Այժմ արդեն Արցախի մասին՝ 1921թ-ի հունիսի 12-ին և հուլիսի 4-ին որոշում կայացվեց, որ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս, քանի որ բնակչության 95%ը հայեր էին, սակայն Ադրբեջանի ղեկավար Նարիմանովի ջանքերով հուլիսի 5-ին ՌԿբԿ Կովկասյան բյուրոյի նիստում Ստալինի որոշմամբ Արցախը տրվեց Ադրբեջանին: Ի՞նչ էր ՌԿբԿ-ն՝ Ռուսաստանի կոմունիստական բանվորական կուսակցություն, այսինքն ընդամենը կուսակցական մարմին, որը տարածքային վեճեր լուծելու իրավասություն չուներ: Իսկ Ստալինը այդ ժամանակ պետության ղեկավար չէր: Ուստի ամեն առումով Արցախը Ադրբեջանին հանձնելը ապօրինի էր, սակայն այդ որոշումը պատճառ դարձավ Արցախի մինչ օրս շարունակող կոնֆլիկտի:
Առավել զավեշտալի է այն հանգամանքը, որ բանակցություններ վարողները մոռացել են մի կարևոր փաստ՝ 1920թ փետրվարի 24-ին Ազգերի Լիգան կազմել էր հանձնաժողով, որը պետք է որոշեր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանները: Եվ հանձնաժողովը որոշել էր սահմանների հարցը լուծել ըստ բնակչության ազգային սփռվածության, այսինքն և Արցախը, և Գարդմանքը տրվում էին Հայաստանին: ՌԿբԿ կուսակցական մարմնի որոշումով Արցախը Ադրբեջանին հանձնելուց երկու տարի անց 1923թ հուլիսի 7-ին, Ադրբեջանը <<տեղի տալով>> հայերի բողոքներին, հիմնեց ԼՂԻՄ-ը, բայց ընդամենը 4400քկմ-ի վրա, կտրելով Խորհրդային Հայաստանից և կղզյակի նման թողնելով իր կազմի մեջ: Այսօր, երբ Ադրբեջանը պահանջում է իրեն հանձնել մեր ազատագրած տարածքները, անհայտ է ի՞նչ հիմնավորումով է պահանջում, քանի որ այդ տարածքները հայտնվել են իր կազմի մեջ 1923թ-ի որոշման հիման վրա, երբ հսկայական Արցախից միայն 4400 քկմ-ի վրա հիմնեց ԼՂԻՄ-ը: Բայց առավել զարմանալի է, որ մերոնք են բանակցում այդ անտրամաբանական օրակարգով, ապօրինի որոշումները հաշվի չառնելով:
Եվս մեկ նկատառում՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտած հանրապետությունները սուվերեն պետություններ չեն եղել, եղել են ընդամենը ԽՍՀՄ վարչական միավորներ, հետևաբար Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի մաս երբևէ չի եղել, եղել է ԽՍՀՄ վարչական միավոր:
Արցախյան շարժումը սկսվեց 1988թ-ին, երբ արցախահայությունը ոտքի ելավ պահանջելով դուրս գալ Ադրբեջանի կազմից և միանալ մայր Հայաստանին: Նայենք պաստառների գրություններին՝ <<Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է>>, <<Ղարաբաղցիների երազանքը մայր Հայաստանի հետ վերամիավորումն է>>: Հայերի խաղաղ պահանջին ադրբեջանցին, 70 տարի <<եղբայր>> հորջորջված ադրբեջանցին, յոթ օր անց իրագործեց Սումգայիթի ոճիրը, որին հաջորդեցին Ադրբեջանի բոլոր հայաբնակ բնակավայրերի ջարդերը: Խաղաղ պայքարը վերաճեց պատերազմի: Քանի դեռ ռուսները օգնում էին ադրբեջանցիներին, հաջողությունը հիմանականւոմ նրանց կողմն էր, իսկ 1992թ-ի սկզբից սկսվեցին մերոնց հաղթանակները, ազատագրեցինք ԼՂԻՄ-ի հարակից տարածքները:
Պատերազմին զուգահեռ ընթանում էին քաղաքական պրոցեսներ: 1989թ դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ը և ԼՂ Ազգային Խորհուրդը որոշում կայացրին ՀԽՍՀ-ի և ԼՂ-ի վերամիավորման մասին, որով Խորհրդային Հայաստանի գերագույն Խորհուրդը ճանաչում էր ԼՂԻՄ-ի ինքնորոշման փաստը: Այդ որոշմամբ ԼՂՀ բնակչության վրա տարածվեց ՀՀ քաղաքացիության իրավունքները, իրականացվեց տնտեսական համակարգերի միաձուլում: Այս որոշումը ընդգրկվել է մեր պետականության հիմնարար փաստաթղթում՝ 1990թ օգոստոսի 23-ի <<Անկախության մասին հռչակագրում>> և Հռչակագրի միջոցով անուղղակիորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրության նախաբանում:
1990-1991թթ. ընթացքում փլուզվեց ԽՍՀՄ-ը և հանրապետությունները հերթով անկախացան: 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց անկախություն և որոշում կայացրեց լուծարել ԼՂԻՄ-ը: Ի դեպ, Ադրբեջանը հռչակում էր, որ վերականգնում է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի անկախությունը: Նկատենք, որ այդ ժամանակ Արցախը որևէ ձևով Ադրբեջանին չի պատկանել: Ադրբեջանի որոշմանը ընդդիմանալով, 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի մարզխորհուրդը և Շահումյանի շրջանային խորհուրդը հռչակեցին ԼՂ-ի անկախությունը: ԼՂԻՄ-ը հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հայկական Հանրապետություն, դուրս գալով ԽՍՀՄ կազմից ըստ ԽՍՀՄ սահմանադրության:
1994թ. մայիսի 12-ին կնքվեց զինադադար ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև: Հետագայում պատմությունը կգնահատի այդ զինադադարը, թե ինչու՞ հայկական հաղթանակած բանակը, որ մեկ ժամ հետո կարող էր հասնել Կուր-Արաքսյան խառնարան, որ հայկական բանակի դեմ կռվող չկար, ազերիների բնակավայրերը դատարկված էին, Ադրբեջանը ամիսներ շարունակ զինադադար էր խնդրում, և այդ պայմաններում փոխանակ մինչև վերջ ծնկի բերելու թշնամուն, փոխանակ վերջնական լուծելու Արցախյան հարցը, փոխանակ հասնելու Կուր-Արաքսյան խառնարան … հանկարծ կնքում ենք զինադադար և թշնամուն հնարավորություն տալիս ոտքի կանգնելու և նոր պատերազմով հոխորտալու: Զինադադարը քիչ էր, դեռ հետո էլ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնություն է տալիս ՙվերադարձնելու՚ հանձնելու ազատագրված տարածքները Ադրբեջանին: Ռոբերտ Քոչարյանը բանակցում է Մադրիդյան սկզբունքների շուրջ, իսկ Սերժ Սարգսյանը համաձայնության է տալիս Կազանյան փաստաթղթին: Երեքում էլ խոսվում է ՙգրավյալ՚ տարածքների ՙվերադարձի՚ մասին: Այժմ բանակցային սեղանին մի փաստաթուղթ է, որում առկա են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ՝ 1. Վեճերի խաղաղ կարգավորման, 2. Ազգերի ինքնորոշման իրավունքի, 3. Պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը: Իսկ 6 կետերը հետևյալն են՝ 1. նախկին ԼՂԻՄ-ին շրջապատող ազատագրված տարածքների հանձնում Ադրբեջանին, 2. ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի տրամադրում, 3. ՀՀ-ն ԼՂ-ին կապող միջանցք, 4. ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում հանրաքվեի միջոցով, 5. Ներքին տեղահանվածների և փախստականների իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունք, 6. Խաղաղապահների տեղակայում:
Առաջին հայացքից գուցե շատերիդ թվա նորմալ խաղաղ կարգավորման սկզբունքներ են, բայց՝ … եթե մենք հանձնում ենք ազատագրած տարածքները և Արցախը թողնում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով կղզյակի պես Ադրբեջանի կազմում, սահմանները մոտենում են բնակավայրերին, հերիք է լինելու մի քանի կրակոց գյուղերի ուղղությամբ, որ մարդիկ վերցնեն իրենց ընտանիքները ու հեռանան սահմանամերձ գյուղերից: Սյունիքը նույնպես դառնում է շրջապատված Նախիջևանի և Ադրբեջանի միջև; Հայաթափվելով, մենք կկորցնենք և Արցախը և Սյունիքը, դրանով կհայտնվենք թուրանական ակցանի մեջ, կկորցնենք Իրանի հետ սահմանը, և Հայաստանի միայն գլուխը կմնա: Հայաստանը պատերզմով կործանելու կարիք անգամ չի լինի՝ ընկած լինելով Թուրանի թակարդը, Հայաստանը կկորցնի իր կենսունակությունը … և մենք կփակենք մեր պատմության վերջին էջը: Հերթը չի հասնելու Մադրիդյան սկզբունքի հաջորդ կետերին՝ 2. Միջանկյալ կարգավիճակ՝ Ադրբեջանն է ու չի տալիս, կամ ինչ է միջանկյալ կարգավիճակը ու երբ պետք է տրվի, ոչինչ հստակ գրված չի:, 3. Լաչինի միջանցք՝ այդ նեղ միջանցքը
երկու կողմից փակելը մեկ ժամվա հարց է լինելու Ադրբեջանի համար,4. փախստականների վերադարձ՝ մերոնք Բաքու և Կիրովաբադ չեն գնա, իսկ Արցախի գյուղերը նրանք կլցնեն իրենց անտուններով, 5. հանրաքվե՝ եթե հերթը դրան հասնի էլ կհաղթեն ազերիները, քանի որ լցված ու բազմացած կլինեն, 6. խաղաղապահների տեղակայում՝ Ռուսաստանի երազանքն է իր զորքը մտցնի Արցախ ու տիրանա Արցախին, Հայաստանին արդեն գաղութացրել է, իսկ Ադրբեջանին իր ձեռքի տակ կքաշի Արցախը նվեր կամ զոհ տալով Ադրբեջանին, ինչպես անում էր 1990-ականներին: Միջազգային խաղաղապահ ուժերն էլ են անընդունելի՝ չգիտես ինչ ազգի և ինչ նկրտումների բանակ կտեղակայեն: Բացի այդ կյանքը ցույց է տվել որ խաղաղապահները խաղաղություն չեն ապահովվում, միայն խանգարողի դերում են:
Հետևաբար, ո՞րը պետք է լինի մեր ուղին: Որպես Հայաստանի նոր իշխանությունների, ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած ղեկավարության, պետք է վերանայել նախկին բանակցային գործընթացը, առաջ քաշել Արցախի հարցի առավել լուրջ փաստարկները՝ 1920թ. Ազգերի լիգայի որոշումը, տալ իրավական գնահատական ՌԿԲԿ-ի և Ստալինի ապօրինի որոշումներին, 1923թ.-ին ԼՂԻՄ-ի հիմնմանը Արցախի որոշակի տարածքի վրա: Եվ… եթե փոխզիջումներ, ուրեմն փոխում ենք դե յուրե ՀՀ-ի մաս կազմող, սակայն Ադրբեջանի կողմից վաղուց օկուպացված Ուտիքի և Գարդմանքի շրջանները մեր ազատագրած տարածքների հետ, … և նույնիսկ հարց ենք բարձրացնում Նախիջևանը Ադրբեջանին հանձնելու օրինականության վերաբերյալ և նախադրյալներ ստեղծում ապագայի համար: Հաջորդ քայլը՝ Ադրբեջանը չի՞ ընդունում Արցախը որպես բանակցային կողմ, Հայաստանի՞ հետ է բանակցում, ուրեմն ընդունում է Արցախի Հայաստանի մաս կազմելը: Այս հանգամանքներից օգտվել է պետք: Արցախյան հարցը լուծված է նաև պատերազմի օրենքով, հաղթողը մենք ենք եղել: Հաղթածը զիջման չի գնում: Մեր իրավունքները պաշտպանելուց պետք չի վախենալ, միևնույն է Ադրբեջանը պատերազմ սկսելու եղավ կսկսի, սկսելու չեղավ՝ չի սկսի: Ալիևին ձեռք չի տալիս պատերազմը՝ կարող է պարտվել, կարող է հաղթել, բայց կորցնել իշխանությունը և հարստությունը: Նա լայնածավալ պատերազմի չի գնա: Ժամանակ առ ժամանակ մեկ հայ զինվոր խփելով , նա արդեն խրախուսում է արտագաղթը: Խրախուսում է, բայց արտագաղթի պատճառը մեր սահմանը չի, Հայաստանի բազմաթիվ չլուծված խնդիրներն են, ուրեմն արագ հարկավոր է ոտքի հանել երկիրը այս ահավոր վիճակից ու պինդ կանգնել տեղում: Սա է մեր այժմյան հայրենիքը, մեր պատմական հայրենիքի մեկ տասներորդ մասն է, և այլևս ոչ մի քայլ ետ գնալու տեղ չունենք: Միայն առաջ:
Սիրելի հայրենակից, եթե ուշադրություն դարձրիք, ես երբեք չօգտագործեցի Ղարաբաղ տերմինը, բացի այն դեպքերից, երբ այն եղել է տարածքի պաշտոնական անունը: Կարծում եմ բոլորս պետք է աշխատենք Արցախ կոչել մեր հայրենիքի արևելյան մասը կազմած Արցախ աշխարհը:: Ես չօգտագործեցի <<գրավյալ տարածքների վերադարձ>> տերմինը, քանզի այդ տարածքը մեր հայրենիքն է և մենք այն ազատագրել ենք, վերադարձնում են ուրիշի ունեցվածքը, ուստի այն Ադրբեջանին հանձնելը՝ հանձնում է, և ոչ վերադարձ: Մեր հայրենիքը մենք մեզ ենք վերադարձրել: Մեր լրատվամիջոցները և քաղաքական գործիչները հաճախ են օգտագործում սխալ տերմիններ, որոնք ազդում են լսողի մտածելակերպի վրա, օրինակ <<Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ>>, սա լինում է նույն պետության մեջ հակամարտ ուժերի ռազմական շփման դեպքում: Իսկ թշնամի Ադրբեջանի հետ մենք ունենք ՀՀ և Արցախի պետական սահման: Պարտավոր ենք ուշադրություն դարձնել մեր խոսքին: Շնորհակալություն ուշադրության համար: