Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ նախաստորագրված Արձանագրությունների ի հայտ գալուց ի վեր, որոնք, ի դեպ, սխալմամբ կոչում են հայ — թուրքական արձանագրություններ, եւ դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո մենք կարծիք հայտնեցինք, որ դրանք ամենեւին էլ Հայաստան — Շվեյցարիա — Թուրքիա բանակցությունների հետեւանք չեն, այլ` ինչ որ այլ վայրում պատրաստված եւ կողմերին պարտադրված փաստաթղթեր: Չէինք կարծում, թե այդքան արագ կունենանք մեր կարծիքը հաստատող ապացույց: Պարզվեց, որ Արձանագրությունների նախահիմքը դա Եվրոպական պառլամենտի 1987-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւն է:
Ինչպես կհամոզվեք հետագայում, «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւը իրականում եվրո-քաղաքական ծրագիր է, որի նպատակը Հայկական հարցի իրական լուծումը շրջափակելը, խոչընդոտելը, շրջանցելն է…
Արձանագրությունների դրույթները կամ ամբողջովին կրկնում են Եվրոպական պառլամենտի Բանաձեւի դրույթները, կամ շատ դեպքերում, ինչպես օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հետքայլ են կատարում: Այստեղ կներկայացնենք երկու փաստաթղթերի մի շարք կետերի համեմատական վերլուծությունները, իսկ հոդվածին կից` Բանաձեւի եւ Արձանագրությունների ամբողջական տեքստերը:
Նախ` խոսենք փաստաթղթերի պատվիրատուի մասին:
1.
Երկու փաստաթղթերի` եւ Բանաձեւի, եւ Արձանագրությունների պատվիրատուն Եվրոպան է, 1987-ին` Եվրոպական պառլամենտը, 2009-ին` Եվրոպական միությունը:
Բանաձեւում դա այսպես է ձեւակերպված. «Եվրոպական պառլամենտը`
1. Այն կարծիքն Է հայտնում, որ Հայկական հարցը, ինչպես նաեւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցը պետք Է քննարկվեն Թուրքիայի եւ Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում, ընդգծում Է, որ դեմոկրատիան կարող Է արմատապես հաստատվել մի երկրում այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի եւ հարստացնի իր պատմությունը իր Էթնիկական եւ մշակութային այլազանությամբ»:
Արձանագրություններում գրված է այսպես.
«վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները»:
2.
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
Բանաձեւը`
«3. Պահանջում է (Եվրոպական) Խորհրդից ճնշում գործադրել ներկայիս թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917 թվականների հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը եւ այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի եւ հայերի լիազոր պատվիրակների միջեւ»:
Արձանագրություններում «Հայաստանն ու Թուրքիան`
Արձանագրությունները`
«2. համաձայնում են`
երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ կանոնավոր կերպով անցկացնել քաղաքական խորհրդակցություններ, իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն` առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար»:
Այսինքն` Բանաձեւի համեմատ, որը պահանջում էր ճնշում գործադրել Թուրքիայի վրա` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, Արձանագրություններում հետքայլ է կատարվել, եւ հարցը տեղափոխվել է քննարկումների եւ երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսության ոլորտ:
3.
Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում,
Բանաձեւը`
«2. Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:
Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»:
Արձանագրությունները նշում են`
«հաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»:
Այստեղ Եվրոպական պառլամենտը ավելի հեռուն է գնացել եւ, ակնհայտորեն չափազանցելով իր իրավասություններն ու միջազգային դատարանի գործառույթ ստանձնելով, Բանաձեւի 2-րդ կետում նշել է.
«ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»:
Արձանագրությունների վերոհիշյալ կետով ՀՀ-ն հրաժարվելու է տարածքային պահանջներից, որը Բանաձեւի պահանջներից մեկն է` հրաժարումը «նյութական որեւէ պահանջից այսօրվա Թուրքիայի նկատմամբ»:
4.
Հայության իրավունքների հարցում
Բանաձեւը`
«5. Նկատի ունենալով տեղի ունեցած (հայ ժողովրդի) ողբերգությունը, միանում է ազգային ինքնատիպությունը զարգացնելու նրա ցանկությանը, երաշխավորելու իր իրավունքները որպես փոքրամասնություն եւ անարգել օգտվելու մարդու եւ քաղաքացիների իրավունքներից, ինչպես որ դրանք սահմանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթներում ու նրա համապատասխան արձանագրություններում»:
Այս կերպ` Բանաձեւը մեկ հարվածով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները հավասարեցնում է Թուրքիայում ապրող փոքրամասնության իրավունքներին.
5.
Հայոց ազգային ազատագրական պայքարի հարցում
Բանաձեւը`
«12. Վճռականորեն դատապարտում է այն բոլոր բռնի գործողություններն ու ահաբեկչության ձեւերը, որոնք ի գործ են դրվում առանձին կազմակերպությունների կողմից, եւ հատկանշական չեն հայ ժողովրդի համար, եւ հաշտության կոչ է անում հայերին ու թուրքերին»:
Արձանագրությունները`
«դատապարտելով ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր ձեւերը` անկախ դրանց պատճառներից, խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց եւ համագործակցել դրանց դեմ պայքարում»:
Այստեղ ավելի հեռուն է գնացել Արձանագրությունների կետը, որը կրկնելով ահաբեկչությունը դատապարտելու Բանաձեւի կետը, ինչը իրականում հայության ազգային ազատագրական պայքարի ելնելու կամ ինքնապաշտպանության դիմելու իրավունքի մերժումն է` հավելում է, որ դատապարտելի են բռնության ու ծայրահեղականության բոլոր ձեւերը անկախ դրանց պատճառներից:
Փաստաթղթերի հեղինակները ասես 1890-ական կամ 1918-1920 թթ. ապրելիս լինեն, երբ հայոց իրավունքների պաշտպանության համար պայքարի ելած հայ ֆիդայիները ներկայացվում էին իբրեւ ահաբեկիչներ, իսկ Զորավար Անդրանիկի Առաջին հարվածող զորամասը եւ այլ հայդուկային խմբեր` «զինված բանդաներ»: (Տես, Բաթումի պայմանագրի 5-րդ հոդվածը, Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ հոդվածը, Կարսի պայմանագրի 10-րդ հոդվածը, Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածը: Այս թեմայով տես, ինչպես «Հայ ժողովրդի ինքնապաշտպանության բնական, նաեւ միջազգային իրավունքի մասին» հոդվածը, «Ուխտ Արարատի» պարբերական, Թիվ 1 (17), մարտ — ապրիլ, 2009 թ., էջ 22: Տես, «Ուխտ Արարատի» Հայրենասիրական հասարակական նախաձեռնության «Բաց նամակը Լոս Անջելըսի «Նոր օր» թերթի նախկին խմբագիր Վաչէ Սեմերճեանին», www.oukhtararati.com):
6.
Հայոց պատմամշակութային արժեքների եւ հուշարձանների հարցը,
Բանաձեւը` Եվրոպական պառլամենտը`
«8. Համարում է, որ հուշարձանների պահպանությունը, ինչպես նաեւ թուրքահայերի կրոնական — ճարտարապետական ժառանգության պահպանումն ու կոնսերվացումը պետք է դիտել, որպես Թուրքիայի տարածքում դարերի ընթացքում զարգացում ապրած բոլոր քաղաքակրթությունների` մասնավորապես կայսրության մասն կազմած քրիստոնյա փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանը ուղղված լայն քաղաքականության բաղկացուցիչ մաս»:
Արձանագրությունները հորդորում են`
«համագործակցել գիտության եւ կրթության ոլորտներում համապատասխան հաստատությունների միջեւ հարաբերությունները խրախուսելու, ինչպես նաեւ մասնագետների եւ ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով եւ աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման եւ համատեղ մշակութային ծրագրեր սկսելու նպատակով»:
Բոլորին է հայտնի, որ հայոց քաղաքակրթական հարուստ ժառանգությունը Թուրքիայում ամեն օր ոչնչացվում է: Մշակութային ցեղասպանության այդ փաստը նսեմացնելու ու չեզոքացնելու նպատակով խնդիրը հանգեցվում է թուրքահայերի կրոնական — ճարտարապետական ժառանգության պահպանման հարցին: Արձանագրություններում խոսվում է երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման մասին, որը բնավ չի համապատասխանում գոյություն ունեցող իրողություններին:
7.
Եվրոպական պառլամենտի մասնագետների, ավելի ճիշտ կլինի ասել Եվրոպական պառլամենտի եւ եվրոպական այլ հարակից կառույցների էմիսարների ու կոմիսարների մասնակցության հարցը,
Բանաձեւը`
«13. Կոչ է անում Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ երկրներին՝ հռչակելու «20-րդ դարում գործադրված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ոճրագործությունների հիշատակի օր», մասնավորապես զոհ գնացած հայերի ու հրեաների: Վավերացնում է իր պարտավորությունը իրապես նպաստելու այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բանակցությունների իրականացումը»:
Արձանագրությունները նշում են`
«Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետներ կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին»:
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են, չէ որ իրենց իսկ առաջադրած սկզբունքների ու դրույթների իրականացման գործընթացներն իրենք էլ պարտավորված են վերահսկելու…
Եզրակացություն: 1987 թվականին Եվրոպական պառլամենտի ընդունած Բանաձեւը սփյուռքահայերը ընդունեցին որպես ձեռքբերում, որպես հաղթանակ: Անհրաժեշտ է հաշվի առնել այն իրողությունը, որ տասնամյակներ շարունակ Հայկական հարցը եւ Հայոց ցեղասպանության խնդիրը փակուղի էր մտցվել եւ բնական էր, որ Բանաձեւի 2-րդ կետի 1-ին պարբերությունը, որտեղ նշված էր, թե`
«Եվրոպական պառլամենտը` Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին»`
համարվեր նվաճում:
Նույն 2-րդ կետի 2-րդ պարբերության ձեւակերպումը, այն է`
«Եվրոպական պառլամենտը` Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»
հաղթահարելի էր թվում, մանավանդ, եթե իրականացվում էր Հայոց ցեղասպանության դատապարտման խնդիրը:
Մնացած կետերի կարեւորությունը խամրում էր սրանց առաջ եւ բնական էր, որ սփյուռքահայությունը այսքան ժամանակ փորձ չէր անում վերադառնալու Բանաձեւի դրույթների քննարկմանը:
Սակայն, այսօր ոչ միայն սփյուռքահայությունը, այլեւ եւ գերազանցապես ՀՀ-ի, ԼՂՀ-ի ու Ջավախքի հայությունը պարտավոր է դա անելու հատկապես այն պատճառով, որ դրանք դարձել են Հայաստան — Թուրքիա Արձանագրությունների դրույթներ ու կետեր եւ հավակնում են իրենց տրամաբանությամբ «ուղղորդել», առանց չափազանցության, համայն հայության եւ հայոց պետականության ներկան եւ ապագան:
Այսքան լուրջ է խնդիրը: Նախկինում Եվրոպական պառլամենտի Բանաձեւը, ներկայիս` Հայաստան — Թուրքիա Արձանագրությունների վավերացումը վերաբերում են ոչ միայն Թուրքիայի Հանրապետությունը մասնատելու եւ Արեւմտյան Հայաստանն ու հայոց բռնազավթված այլ տարածքները, օրինակ, քրդերին նվիրաբերելու ծրագրերին, այլեւ հայոց անժամանցելի հիմնարար իրավունքների չեզոքացմանը, մասնավորապես, Հայոց ցեղասպանության դատապարտման եւ վնասների հատուցման եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռին Հայաստան — Թուրքիա սահմանի վերաբերյալ:
Արձանագրությունների վավերացման ճակատագիրը չի կարող կապված լինել Թուրքիայի Միլլի մեջլիսում այն վավերացնել — չվավերացնելու հարցին: Իսկ եթե պարզվի, որ Թուրքիայի այսօրվա քաղաքական վերնախավին` Էրդողան — Գյուլ — Դավութօղլուին չի հուզում Թուրքիան մասնատելու սպառնալիքն ու ծրագիրը, ինչպես նախկինում Թալեաթ — Էնվեր — Ջեմալ քաղաքական վերնախավին չհուզեց Օսմանյան կայսրության փլուզման սպառնալիքն ու ծրագիրը…
Արձանագրությունների ճակատագիրը մեր քաղաքական վերնախավը պետք է վճռի, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովը` հիշելով, թե որքա՛ն թանկ նստեց 1908-ի քաղաքական սխալը ոչ միայն հայության, այլեւ թուրքական պառլամենտի հայ պատգամավորների եւ Օսմանյան կայսրության հայ քաղաքական վերնախավի վրա…
Պատմությունը կրկնվում է միայն նրանց համար, ովքեր պատմությունից դասեր չեն քաղում:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
3 Մարտ 2010 թ.