Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փարիզի Խաղաղության վեհաժողովում՝ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը, մշակվեցին պայմանագրեր, որոնք հետագայում կնքեցին պատերազմում հաղթող պետությունները պարտված պետությունների հետ։
Պայմանագրերի այդ համակարգը կոչվեց Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ։
Պայմանագրերի Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի հիմքում ընկած էին Վերսալի, Սեն-Ժերմենի, Նյոյի, Տրիանոնի, Սեւրի պայմանագրերը եւ Վաշինգտոնի համաժողովը, այնտեղ կնքված պայմանագրերը, որոնք վերաբերում էին Հեռավոր Արեւելքի տարածաշրջանին։
Վերսալի խաղաղության պայմանագիրը կնքվեց 1919 թվականի հունիսի 28-ին մի կողմից Գերմանիայի, մյուս կողմից՝ հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Կուբայի, Բոլիվիայի, Էկվադորի, Հունաստանի, Գվատեմալայի, Հայիթիի, Հիջազի, Հոնդուրասի, Լիբերիայի, Պանամայի, Պերուի, Նիկարագուայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Խորվաթիայի ու Սլովենիայի թագավորության, Սիամի, Չեխոսլովակիայի եւ Ուրուգվայի միջեւ։
Սեն-Ժերմենի խաղաղության պայմանագիրը կնքվեց 1919 թ. սեպտեմբերի 10-ին մի կողմից Ավստրիայի, մյուս կողմից՝ հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների միջեւ։
Նյոյի պայմանագիրը կնքվեց 1919 թ. նոյեմբերի 27-ին մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների միջեւ։
Տրիանոնի պայմանագիր կնքվեց 1920 թ. հունիսի 4-ին մի կողմից Հունգարիայի, մյուս կողմից՝ հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների միջեւ։
Սեւրի խաղաղության պայմանագրի 6-րդ բաժինը՝ Հայաստան, 89-93-րդ հոդվածներ, ամրագրում էր 1919-1920 թթ․ ընթացքում հայ ժողովրդի իրավունքների մասով կայացված որոշումները, դրանց հիմնարար սկզբունքները։