20.07.2017
Մոտ մեկ ամիս առաջ Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովում (Խորհրդարանում) որոշում է կայացվել ստեղծել Շախմատային ֆեդերացիա: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՀՀ նախագահ Ռադիկ Խամոյանը՝ շնորհավորելով համայն հայությանը Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ:
Ըստ նրա՝ շախմատի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը հայ ժողովրդի գենի մեջ է:
«Ինչպես բոլոր պետությունները, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պետությունը պետք է ունենա սպորտային կառույցներ, համապատասխան ֆեդերացիներ, որոնցից առաջիներից մեկն է Շախմատային ֆեդերացիան»,- նշեց Ռ. Խամոյանը՝ հավելելով, որ ֆեդերացիայի ստեղծման նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի ԱՀՀ-ն ևս հնարավորություն ունենա միանալ աշխարհի շախմատասերների մեծ բազմությանը:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի պատասխանատու Վահան Բաբախանյանի տեղեկացմամբ՝ դեռևս երեք տարի առաջ Շախմատի միջազգային ֆեդերացիան հնարավորություն է ստեղծել աշխարհի բոլոր շախմատասերներին մասնակցել շախմատի առցանց մրցաշարերին կայքի միջոցով:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից` Վ. Բաբախանյանը դիմել է ԱՀՀ-ին, որպեսզի համատեղ կազմակերպեն համացանցում շախմատի բաց առաջնություն՝ աշխարհասփյուռ հայերի մասնակցությամբ:
ԱՀՀ Շախմատային ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ երեք ոչ մեծ փորձնական մրցաշարեր անցկացնելուց հետո, հուլիսի 15-16-ն իրականացրել են առցանց շախմատի մրցաշար՝ աշխարհի տարբեր երկրներից շուրջ 40 շախմատիստների մասնակցությամբ:
«Ամենակրտսեր մասնակիցը Երևանից 12 տարեկան Հրանտն է, ով երկրորդ տեղն է զբաղեցրել, իսկ ամենատարեց մասնակիցը Մոսկվայից 76-ամյա Ալբերտ Հակոբյանն է, ով դարձավ մրցաշարի հաղթող»,- ընդգծեց Վ. Բաբախանյանը՝ հավելելով, որ ԱՀՀ Շախմատային ֆեդերացիան առայժմ նմանատիպ առցանց մրցաշարերի միջոցով փորձում է մեկտեղել աշխարհասփյուռ հայության ներուժն այս ոլորտում, որպեսզի հետագայում նույն մրցաշարերի շրջանակներում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերը կարողանան մրցել նաև օտարազգիների հետ:
Նրա համոզմամբ՝ հայկական բրենդը ոչ թե կոնյակն է, այլ շախմատը. «Կոնյակով աշխարհում մեզ չեն ընդունում, իսկ շախմատով ընդունում են»:
Բանախոսները հույս ունեն, որ առաջիկայում ԱՀՀ-ն կունենա շախամատի իր չեմպիոները:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
20.07.2017
***