21.10.2016
Հայաստան – Արցախ – Սփյուռք` 25-ամյա համագործակցությանհանրագումարները եւ հետագա անելիքները՝ Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում
Հայաստան – Արցախ – Սփյուռք` 25-ամյա համագործակցությունը բավական լուրջ հաջողություններ է արձանագրել ՀՀ պետականության ամրապնդման, Արցախի հայության ազատ ապրելու եւ ինքնորոշման իրավունքի պաշտպանության, Արցախի ու ՀՀ-ի անվտանգության ու պաշտպանության բաղադրիչի բարձրացման, ՀՀ-ի ու Արցախի տնտեսության, կրթության, առոզջապահության, մշակույթի ոլորտներում կատարված կարեւոր ներդրումների եւ աջակցության, ՀՀ-ի ու Արցախի ենթակառուցվածնքների վերականգման ու զարգացման, ներքին սոցիալական ճնշման թուլացման եւ այլ ոլորտներում, որոնք նույնիսկ այս պահին դժվար է ամբողջությամբ թվարկել: Անհրաժեշտ է միայն շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ջանք թափած ու հաջողություններ արձանագրած անհատներին, աջակիցներին, հովանավորներին, խմբերին եւ ազգային-պետական կառույցներին:
Վստահ ենք, որ Հայաստան – Արցախ – Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարի արդյունքների վերաբերյալ ուշադրության արժանի դեռ շատ ելույթներ կհնչեն այս համաժողովի ընթացքում, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք հանդես գալ հետեւյալ առաջարկությամբ:
Առաջարկում ենք նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւեքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնությանը գումարել Մերձավոր Արեւելքի հայության կենսագործունեության նոր իրականությունը եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայերի գործոնը:
Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում Մերձավոր Արեւելքի հայ համայնքների կենսագործունեությունն այժմ էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կյանքի ու գործունեության բնականոն ընթացքից եւ ստանում է բոլորովին նոր սպառնալից իրողություն եւ հնչեղություն:
Մեզ՝ հայերիս համար իրավիճակը նոր չէ այն իմաստով որ մերձավորարեւելյան մարտահրավերները մեզ համար սկսվել են դեռեւս 1975 թ. Լիբանանյան քաղաքացիական պատերազմի սկզբնավորումից ի վեր, ինչի արդյունքում Լիբանանի երբեմնի բարգավաճ 300 հազարանոց հայ համայնքը այսօր նվազել է մինչեւ 60 հազարի, դրա բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ: Վերջին տասնամյակներին Իրաքի 20 հազարանոց հայ համայնքը նվազել է մինչեւ չնչին ցուցանիշների, եթե այդպիսի ցուցանիշ դեռ կա: Սիրիայի 120 հազարանոց բարգավաճ համայնքը նվազել է մինչեւ մի քանի տասնյակ հազարի: Իրադարձությունների նման զարգացման եւ մարտահրավերների այսպիսի բարձր մակարդակի պահպանման պայմաններում հայտնի չէ, թե ինչ ճակատագրի են արժանանալու ոչ միայն Մերձավոր Արեւելքի մյուս հայ համայնքները նույնպես, այլեւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայերը:
Ուստի՝
- նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւեքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները,
- նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է,
- նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունք ունի այն պայմաններով, ինչպես դրանք նշված են 1918-1920 թթ. կայացված մի շարք որոշումներում, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետում «Տաճկահայաստանի մասին», Սեւրի խաղաղության պայմանագրում, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ եւ այլ որոշումներում ու փաստաթղթերում,
- նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությունը ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով ու նորմերով,
առաջարկում ենք,
Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը դիտել, որպես Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ:
Այդ իմաստով ավելորդ չենք համարում ուշադրություն հրավիրել այդ ուղղությամբ կատարված հետեւյալ աշխատանքների վրա, որոնք ձեռնարկել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2004-2006 թթ.-ին, մասնավորապես, ՄԱԿ-ի Բնիկ Ժողովուրդների Փորձագիտական մեխանիզմի շրջանակներում, ինչպես նաեւ 2011-2014 թթ.-ին Արեւմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների՝ կառավարության, խորհրդարանի, նախագահական համակարգի ձեւավորման գործընթացում:
Այս ոլորտում համապատասխան ուսումնասիրությունների ու ճանաչողության եւ դրանց հիմա վրա մշակված ծրագրերի ու համագործակցության իրականացումն ու գործարկումը կարող են դառնալ մեր համատեղ պատասխանը հայության ու Հայաստանի առջեւ այսօր ծառացած առկա բոլոր մարտահրավերների:
Տիգրան Փաշաբեզյան`
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ
21.11.2016 թ.