![](https://gov-wa.nt.am/wp-content/uploads/2020/03/default-1-300x220.jpg)
Հունաստանը վետո է կիրառել Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիային աջակցող ՆԱՏՕ-ի հայտարարության վրա, հաղորդում է To Vima թերթը՝ հղում անելով աղբյուրների էքսկլյուզիվ տեղեկությանը:
«Հունաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ երեկոյան վետո է կիրառել Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության վրա: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչին համապատասխան հրահանգ է տվել, երբ մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով նիստի ժամանակ համաձայնեցվել է համատեղ հայտարարություն, որում տեղ չի գտել հունական կողմի՝ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ներգաղթյալների եւ փախստականների հարցով 2016-ի մարտին ստորագրված բանաձեւին հղում անելու առաջարկը»,- նշել է թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հունաստանի պահանջը ուժգին դիմադրության է արժանացել այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ եւ Ֆրանսիա:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն պահանջել է Վաշինգտոնյան համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված քաղաքական խորհրդատվությունների գործընթաց սկսել, որը անդամ երկրին հնարավորություն է տալիս խնդրել այդ մասին, եթե այդ պետությունը համարում է, որ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը վտանգի տակ են:
Նիստին Թուրքիան նաեւ խնդրել է աջակցել հակաօդային պաշտպանության, հետախույզների տրամադրման հարցերում, սակայն այդ թեմաների շուրջ դաշնակիցները տվյալ փուլում կարծես թե համաձայնության չեն եկել՝ նշում է թերթը:
12:43, 29.02.2020
Լուրեր Հայաստանից — NEWS.am
https://news.am/arm/news/563097.html