ԱՄՆ Սենատի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ամբողջական տեքստը — 12.12.2019
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պաշտոնական ճանաչման միջոցով եւ մերժել այն ջանքերը, որոնք ուղղված են այն բանին, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ասոցացվի Հայոց ցեղասպանության հերքման հետ։
Բանաձեւի ամբողջական տեքստը․
Բանաձեւ
Հաստատելով Սենատի դիրքորոշումն առ այն, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման եւ հիշողության միջոցով ոգեկոչելն է։
Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները հպարտանում է Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ․ 1.5 միլիոն հայերի սպանության ճանաչման եւ դատապարտման ու հայերի դեմ ցեղասպանական գործողություններից տուժած հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիտների եւ մյուս քրիստոնյաների օգնության իր պատմությամբ,
Հաշվի առնելով, որ Օսմանյան կայսրությունում 1913-1916թթ․ ԱՄՆ դեսպան հարգարժան Հենրի Մորգենթաու-ավագը կազմակերպել եւ շատ երկրների պաշտոնատար անձանց կողմից բողոքներ է ներկայացրել այն բանի դեմ, ինչը նա անվանել է «ռասայի ոչնչացման գործողություններ», եւ 1915թ․ հուլիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգը նշել է, որ «քարտուղարությունը հավանություն է տալիս հայերի հետապնդումը դադարեցնելու ձեր նախաձեռնությանը»,
Հաշվի առնելով, որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է Կոնգրեսի օրենքով ստեղծված Մերձավորարեւելյան օգնության հիմնադրամի ստեղծումը, որը 1915-1930թթ․ ներգրավել է մոտ 116.000 000 ԱՄՆ դոլար (ավելի քան 2.500 000 000 ԱՄՆ դոլար՝ 2019-ի փոխարժեքով), իսկ Սենատն ընդունել է զանգվածային սպանությունները դատապարտող օրենք,
Հաշվի առնելով, որ Ռաֆայել Լամկինը, որը 1944թ․ ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը եւ ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի նախատեսման ՄԱԿ բանաձեւի առաջին կողմնակիցն էր եւ հիմնվում էր Հայաստանի դեպքի վրա՝ որպես 20-րդ դարում ցեղասպանության օրինակ,
Հաշվի առնելով, որ ինչպես ներկայացված է Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանում, Ադոլֆ Հիտլերը, 1939թ․ հրամայելով իր զինվորական հրամանատարներին հարձակվել Լեհաստանի վրա, առարկությունները մերժել է՝ ասելով․ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին», եւ հող է նախապատրաստել Հոլոքոստի համար,
Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը,
1) 1951թ․ մայիսի 28-ին Միացյալ Նահանգների կառավարության գրավոր հայտարարությամբ Միջազգային դատարանին՝ ցեղասպանության կանխման եւ դրա համար պատժելու № 4838 բանաձեւի առնչությամբ, որը 1981թ․ ապրիլի 22-ին հրապարակել է նախագահ Ռոնալդ Ռեյգանը, ինչպես նաեւ
2) 1975թ․ ապրիլի 8-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 94-րդ գումարման համատեղ բանաձեւով եւ 1984թ․ սեպտեմբերի 10-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 98-րդ գումարման համատեղ բանաձեւով, ինչպես նաեւ
Հաշվի առնելով, որ Ցեղասպանության եւ ոճրագործությունների կանխման մասին 2018թ․ Էլի Վիզելի օրենքը նախատեսում է, որ ոճրագործությունների կանխումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից, եւ հաստատում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն այն է, որ կառավարությունն ընդունել է ոճրագործությունների վտանգի բացահայտման, կանխման եւ արձագանքման ռազմավարություն՝ «դիվանագիտական արձագանքի ամրապնդման եւ անցումային արդարադատության համապատասխան միջոցառումներին աջակցելու արտաքին օգնության արդյունավետ օգտագործման, անցյալի ոճրագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելու» ուղիով։
Որոշվում է՝
1) հարգել Հայոց ցեղասպանության հիշատակը պաշտոնական ճանաչման եւ հիշելու միջոցով,
2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը Հայոց ցեղասպանության կամ ցանկացած այլ ցեղասպանության հետ ասոցացնելու ջանքերը
3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի մասին տեղեկացվածությունն ու հասարակական ըմբռնումը, այդ թվում՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու ջանքերում Միացյալ Նահանգների դերը, ինչպես նաեւ մարդկության դեմ ներկայի հանցագործությունների կանխման համար Հայոց ցեղասպանության օրինակի արդիականության ընկալումը։